«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Վահրամ Թոքմաջյան

Սերիալային ենթամշակույթը Հայաստանում.
վիճակն ու ազդեցությունները

Հայաստանի անկախության շրջանից ի վեր հեռուստատեսության զարգացումը կարելի է դիտարկել՝ հիմք վերցնելով հեռուստաընկերությունների աննախադեպ աճը: Հեռուստատեսային «մշակույթը» Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ իր ամբողջության մեջ առանձնապես գլուխգործոցներ չի ստեղծում (դա ունի իր պատճառները), այնուամենայնիվ ունի ուղղություններ, որոնց հարկ է անդրադառնալ:

Սույն հոդվածի շրջանակում անդրադարձ կկատարվի մասսայական հեռուստատեսային մշակույթի համատեքստում առկա մի իրողության, որը պայմանականորեն կանվանենք «սերիալային ենթամշակույթ»: Թեման խիստ արդիական է հատկապես վերջին շրջանում՝ կապված սերիալների թվի աննախադեպ աճի հետ:

Հարկ է արձանագրել, որ այս ենթամշակույթի դիտարկումը, չնայած առաջին հայացքից պարզունակ լինելուն, բարդ է և պահանջում է որոշ նախնական հարցադրումներ:

Խնդիրները, որոնք պետք է դիտարկվեն, բազմաթիվ են, սակայն հետազոտության շրջանակում անդրադարձ կկատարվի հետևյալ խնդիրներին. ե՞րբ ձևավորվեց և շրջանառության մեջ դրվեց «սերիալը»՝ ոչ թե որպես անհատական, այլ խմբային երևույթ, այսինքն՝ ե՞րբ այն կայացավ որպես առանձին ենթամշակույթ:

Երկրորդ խնդիրը վերաբերում է ենթամշակույթի բովանդակային հիմքերին՝ ինչո՞ւ հնարավոր դարձավ սերիալային ենթամշակույթի կայացումը, կար արդյո՞ք հասարակական պահանջարկ: Եթե այո, ապա ինչո՞ւ: Եթե չկար հասարակական պահանջարկը, ինչո՞ւ հեռուստաընկերությունների մի հիմնական մասը գնաց սերիալների  պարտադրման ճանապարհով, ի՞նչ խնդիրներ լուծելու նպատակով:

Եվ վերջապես, հարկ է անդրադառնալ սերիալների բովանդակային կողմին՝ ինչո՞ւ է ներկայացվում կրիմինալը, ինչո՞ւ են պարզունակացվում հասարակական, ներընտանեկան ու միջանձնային հարաբերությունները:

Խնդիրների շրջանակը կարելի է անվերջ ընդլայնել, սակայն, կարծում ենք, որ վերը բերվածը բավարար է վերլուծություն սկսելու համար: 

Չնայած լատինաամերիկյան սերիալները դեռևս վերջնականպես իրենց դիրքերը չեն զիջել (որոշ ալիքներ՝ «Շանթ», «Արմենիա», շարունակում են ցուցադրել), այնուամենայնիվ, եթերում գերակա են դառնում հայկական սերիալները:

Ընդհանրապես «սերիալային ենթամշակույթը» տարբեր մշակույթներում ունի տարատեսակ գործառույթներ, արժեքային հիմք և կիրառումներ: Արևմուտքում այն դիտվում է որպես թոշակառուների և տնային տնտեսուհիների ժամանցի բաղկացուցիչ մաս:

Հայկական մշակութային համակարգում այն էապես փոխել է իր կիրառական գործառույթները՝ թոշակառուների ժամանցից վերածվելով համազգային զբաղմունքի: Բնակչության մի մասն Հայաստանում այսօր չունի կայուն զբաղվածություն: Գործազրկության բարձր մակարդակն ստիպում է ոչ միայն թոշակառուներին իրենց ժամանցը կազմակերպել սերիալների օգնությամբ, այլև երիտասարդ տարիքային խմբերի մի զգալի մասին օրվա մեծ մասն անցկացնել հեռուստացույցի առջև: Փաստորեն, հեռուստատեսությունն այսօր չի լուծում միայն եթեր լցնելու և եթերային շուկայում (գովազդ և այլն) գումար վաստակելու խնդիր:

Մշակութային, տվյալ դեպքում հեռուստատեսային ինդուստրիան հանդես է գալիս ցածրակարգ առաջարկով, քանզի հասարակական պահանջարկը լայն առումով ուղիղ համեմատական է դրան: Հասարակության ստվար զանգվածի ժամանցն ապահովում են սերիալները (մայրաքաղաքում տարբեր սեռի, տարիքի, կրթական մակարդակի հարցվածներից 60 տոկոսը դիտում են տարբեր տեսակի սերիալներ): 

Այս փաստի պատճառները մշակութային հենքի խեղվածությունը, հասարակական-քաղաքական պրոցեսների անառողջ լինելու հանգամանքներն են:

Մշակութային համակարգը սերտորեն փոխկապակցված է քաղաքական և տնտեսական համակարգերի հետ, ուստի դրանցից որևէ մեկի փոփոխությունը հանգեցնում է փոփոխությունների նաև մյուսներում: Այս  վիճակը մեզանում,  ավելի վառ արտահայտում գտավ անկախացումից հետո: Եթե մինչ այդ առկա էր «խորհրդային» կոչված մշակույթն իր տարբեր դրսևորումներով և պարտադրանքներով, որի համատեքստում թերևս ինչ-որ չափով առկա էին ազգայինի տարրեր, ապա անկախացումից հետո հայկական մշակույթը վերածվեց մի տարասեռ զանգվածի, որում չկա որևէ տարանջատում: Մշակութային արժեքային հենքի խեղվածությունը, եթե առաջին դեպքում պատճառ էր, ապա երկրորդ դեպքում դառնում է հետևանք: Հասարակությունն ունի արժեքային զարգացման խնդիր, որի համար անհրաժեշտ են արժեքների ձևավորման գործառութային խմբեր՝ այսպես կոչված «հասարակության տարաֆունկցիոնալ էլիտա»: Տվյալ դեպքում հարկ է նշվածի համապատասխանությունն իրականին: Սակայն մեզանում, 1991 թվականից ցայսօր, այդ «էլիտայի» ձևավորումը տեղի է ունենում «խմբային» և «կլանային» տարբերակով, իսկ սրանց արտադրականությունը կրում է հակահասարակական բնույթ, որն էլ ընդհանուր առմամբ հանգեցնում է ոչ ռացիոնալ արժեքների ստեղծմանը: Եթե օրինակը տարածենք քննարկվող թեմայի վրա, ապա պարզ կդառնա, որ հենց ոչ ռացիոնալ արժեքներ տարածող խմբերին է անհրաժեշտ հասարակության մեծ մասի կենտրոնացումը ցածրակարգ առաջարկի վրա: Երբ խոսում են այս կամ այն հեռուստատեսային հաղորդման բարձր ռեյտինգի մասին, երբ պնդում են, թե լսարանը սիրում է այս կամ այն հաղորդաշարը կամ «պրոյեկտը» կամ սերիալը, ապա չեն նկատում կամ մոռանում են, որ այդ լսարանը հենց նմանատիպ հաղորդումներով ստեղծված լսարան է, որ, ինչպես պնդում են Ադոռնոն և Հորքհայմերը, հեռարձակվող բովանդակությունը արդեն ստեղծել է իր լսարանը:

Սերիալային առաջարկը, վերը նշվածից զատ, այլ հիմնավորումներ չունի: Իսկ պահանջարկի արժեքային հիմնավորումը, տվյալ պարագայում ուղղակիորեն կախված է առաջարկի արժեքային հիմնավորումից: Սերիալների խմբային պահանջարկ Հայաստանում առկա չի եղել մինչ այն պահը, երբ սերիալային արտադրանքը ամենատարբեր միջոցներով պարտադրվեց հայ հասարակությանը: Սրանց կարելի է գումարել նաև մի շարք ուղղակի ներգործություն ունեցող հանգամանքներ: Ինչպես վերը նշվեց, արևմտյան թոշակառուների դերում մեզանում ներկայանում է թոշակառուների և գործազուրկների հսկայական բանակը, որի ժամանցի կազմակերպումն իրականացվում է հենց այս տարբերակով: Հեռուստատեսային տարատեսակ հաղորդաշարերը (մասնավորապես լրատվական) չեն կարողանում կատարել իրենց վերապահված գործառույթները և հեռուստադիտողները «ստիպված» նախընտրում են սերիալները: Հայկական հեռուստաեթերներում դժվար է հանդիպել անհատի գիտական, կրթական, մշակութային և էսթետիկական պահանջները բավարարող լուրջ նախագծերի (եթե կան, սակավ են):

Շուրջ հինգ տարի առաջ հայկական հեռուստատեսային շուկայում «Շանթն» ի հայտ բերեց սերիալային առաջնեկին՝ «Վերվարածներին»: Մի քանի տարբերակներ փորձարկելուց հետո, կազմակերպիչները կանգ առան «Վերվարածներն ընտանիքում» շարքի վրա, որը քիչ թե շատ հաջողվածներից է իր տեսակի մեջ և այդպիսին է մնում առ այսօր: Սակայն վերջին երկու տարում դեպի հայկական եթեր սկսվեց սերիալների մի աննախընթաց հեղեղ: Դրանք բոլորը կարծես թե սկսվում են ինչ-որ ռոմանտիկ պատմություններով՝ տղամարդու և կնոջ, մայրական, եղբայրական կամ որևէ մեկ այլ սիրո մասին, բայց աստիճանաբար վերածվում են կրիմինալ պատմության:

Տիրապետող գաղափարաբանության և առօրյա ողջախոհության կապը լավ երևում է, երբ խորհրդային արմատներ ունեցող քաղաքային բանահյուսությունը՝ իր հերոսներով, հոգեբանական ստերեոտիպերով, ժարգոնային լեզվով մտնում է հեռուստատեսություն: Այստեղ նորից առաջ Է գալիս արժեքային հենքի խեղվածության խնդիրը: Օրինակ՝ «Որոգայթ», «Կյանքի գին», «Դժբախտ երջանկություն» և նմանատիպ այլ սերիալներում տարբեր մեթոդներով արծարծվում են «փող», «իշխանություն», «ուժ», «հեղինակություն» և այլ արժեքներ: Եթե սա տարածենք հասարակության արժեքային գործընթացների վրա, ապա մոտավորապես կստանանք հետևյալ պատկերը՝ մինչ այս տիրապետող արժեքները փոխարինվել են վերոնշյալներով: Եվ այս ամենը չի կարող իր ուղղակի ազդեցությունը չունենալ հասարակության ներսում ընթացող գործընթացների վրա: Գլոբալիզացիոն գործընթացների ազդեցության տարածման ճանապարհին, արևմուտքը՝ արևմտյան քաղաքակրթությունը, Հայաստանում պետք է լուծեր հիմնականում երեք ինստիտուտի հետ կապված խնդիրներ՝ ընտանիք, եկեղեցի և լայն առումով՝ հասարակություն: Առաջին դեպքում վիճակը հուսադրող չէ: Երկրորդի պարագայում նույնպես: Հասարակության դեպքում խնդիրն այլ է: Հայ հասարակությունն այսօր ենթարկվում է լուրջ ձևաչափական փոփոխությունների՝  գրեթե բոլոր առումներով: Եվ այդ փոփոխությունների վրա ներազդող ինստիտուտների ու երևույթների շարքից չի կարելի բացառել «սերիալային ենթամշակույթի» ազդեցությունը: Վերը նշված տիրապետող արժեքների փոխարինման ճանապարհներից մեկն էլ «սերիալն» է՝ իր բոլոր հատկանիշներով: Սերիալների շնորհիվ է, որ դեռևս տասը տարի առաջ տիրապետող «հերոս կերպարներին», փոքր և միջին տարիքային խմբերի համար իդեալներ համարվող պատմական դեմքերին փոխարինելու եկան գևորիկներ, պաշերը, մարիանաները և այլն: Օլիգարխները, հանցագործները, կլանային համակարգի ներակայացուցիչները դպրոցականների մի ստվար զանգվածի համար արդեն իդեալ են:  Այս ամենից զատ սերիալը լուծում է նաև քաղաքական խնդիր: Դրա արտացոլումը թերևս «Որբերը» հեռուստասերիալն է: Հայաստանի նման երկրներում իշխող վարչակարգին անհրաժեշտ է կառավարելի հասարակություն: Մեզանում այն մասնակիորեն կայացել է: Զանգվածային ապաքաղաքականացման, անտարբերության  պայմաններում հասարակության մի մասին հուզում է այս կամ այն սերիալի սյուժետային լուծումը, այլ ոչ թե պետության համար կարևորագույն խնդիրները:

Չնայած նշված բացասական իրողություններին ու ազդեցություններին, այլևս հնարավոր չէ խուսափել «սերիալային ենթամշակույթի» տարածումից: Այն արդեն հեռուստատեսային ինդուստրիայի բաղկացուցիչն է:

Ուղղակի հարկավոր է արձանագրել, որ պետք է հեռարձակվեն այնպիսի սյուժեներով և կերպարային լուծումներով սերիալներ, որոնք կպարունակեն դրական տարրեր, քանզի հասարակությունը սովորում է դրանցից: «Սերիալ» երևույթը չի կարելի դիտարկել որպես օրվա խնդիր լուծող իրողություն: Դրանց ներկայիս մատուցումները, հետագայում անչափ բարդ, եթե ոչ անհնարին կլինի ուղղել:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.