«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Աշոտ Բլեյան

Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ

Իմ աշխատանքն անընդհատ է, ինչպես կյանքը: Չի ընդմիջվում` նոր տարի, նոր ուսումնական տարի, հոբելյանական տարի, արձակուրդ, զանգ, դասամիջոց, շաբաթ-կիրակի, տոնական օր, աշխատանքի սկիզբ, ավարտ: Ահա ինչու` ես վաղուց չունեմ մոտեցող նոր ուսումնական տարվա զգացում: Թույլ տվեք չկեղծեմ ու… չշնորհավորեմ: Իսկ միասին նորից լինելու ուրախության համար շնորհակալ եմ:

Իսկական կրթությունը, ինչպես կյանքը, չի կարող անընդհատ չլինել: Նոր ուսումնական տարին անընդհատ կրթության կարգավիճակ կպարգևի ավելի մեծ թվով ուսուցիչների և սովորողների: Եվ թվային միջոցները` իրենց անընտհատ նորացվող բազմազանությամբ, ուսուցման մեջ անընդհատ կրթության հարմար գործիքներ են: Ահա ինչու ես առավելագույնն եմ անում, որ յուրաքանչյուր սովորող և ուսուցիչ տանը թե դպրոցում, նաև ճամփորդելիս իր հետ ունենա իր ինտերնետը, թվային ֆոտոխցիկն ու ձայնագրիչը, նոթբուքը, դասարանում` նաև էլեկտրոնային գրատախտակը:

Մանկավարժության դասական Դիստերվեգը ժամանակին զգուշացնում էր մանկավարժությամբ զբաղվող յուրաքանչյուրիս երեք դևերի` տափակության, սահմանափակության և մեխանիկականության սպառնալիքի մասին: Ահա, ստեղծականությունը` ուսուցումը որպես սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունք և պայման, անընդհատ սովորելը և ... թափառելը`  սովորողների և ուսուցիչների համատեղ հայրենագիտական ճամփորդությունները, իմ համոզմամբ արդյունավետ միջոցներ են այս դևերի դեմ պայքարելու:  Որպես կրթական փոխանակումներ կազմակերպված բազմօրյա ճամփորդությունների արդյունքում այս ամառ ծնվեց մեր «Ջառմա» կազմակերպությունը: Օրեր առաջ, ժամանակային առումով վերջին, մեր հերթական, Երևան- Վարագավան-Լաստիվեր- Կիրանց-Բերքաբեր, ճամփորդությունը թարմ ապացույց է այն իրողության, որ միասին ու էժան թափառումն օգնում է օտարություն հաղթահարելու, կապվելու մի քանի սար ու ձոր Հայստանին, համատած կեղտից մաքրելու բնությունն ու հուշարձանները, դուրս գալ սովորականության ու չկազմակերպված կենցաղի թմբիրից, աչքը միշտ սուր պահել: Լավ առիթ է, և ես յուրաքանչյուր դպրոցի հրավիրում եմ դառնալ մեր կազմակերպության անդամ, սրանով մեր կրթական փորձը իրար փոխանցենք, մեր սովորողներին դարձնենք ընկերներ, միասին կրթական խնդիրներ լուծենք:

Մեդիագրի շրջանը, որում ապրում ենք, իր բոլոր կիսատ պռատով, չի կարող չունենալ իր դպրոցը: Այս ուսումնական տարվա առանձնահատկությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման 1-10-րդ դասարանները, որ գործում են «Մայքրոսոֆթի»  աջակցությամբ և կրթահամալիրում հետևողականորեն ձևավորում են մեդիակրթության դպրոցը: Հոկտեմբերին, ամենամյա մեր կլոր սեղանին, հետաքրքրվածները հնարավորություն կունենան այս սկզբունքորեն նոր, հայերեն լեզվով արդիական ծրագիրը իր ընթացքի մեջ տեսնելու: Ուռա՜, մեդիատպագրությունը թափ է հավաքում կրթահամալիրում, իսկ մեր mskh.am կայքը դառնում է ուսուցման մատչելի գործիք սովորողի և ուսուցչի ձեռքին: Ինձ ոգևորում է, որ ավելի ու ավելի շատ ուսուցիչներ և սովորողներ օգտվում են նոր գործիքներից, անհապաղ հրապարակում իրենց գյուտը, նորույթը, տպագիր թե էլեկտրոնային` ուսումնական նյութ դարձնում իրենց ուսումնասիրությունը: Դասագիրք կոչվածը, այն ձևով, ինչ ձևով կար երեկ ու, ցավոք, նաև այսօր, մեզանում վերանում է, ուռա՜, լայն դաշտ բացելով համատեղ ստեղծական աշխատանքի համար:

- Իմ տնօրինական գործունեության լավագույն կամ  հիշարժան տարի՞ն.- հարցնում եք: Ինչպես միշտ, ես անկեղծ եմ: Լավագույն տարին 2010 թիվն է, չնայած ես դառնում եմ 55 տարեկան, լավագույն օրը` այսօրը: Եվ օրվա հոգսը բավ է օրվա համար:

Մենք ապրում ենք, գործում ենք հանուն երեխաների, իսկ նրանցից շատերը շարունակ երախտագետ չեն մեր այս նվիրումի դիմաց: Խոստովանենք, որ մանկավարժների մեջ համատարած է այս զգացումը: Եվ լավ է, որ մեր կրթահամալիրում շատերը սկսել են այսպես չմտածել: Մենք աշխատում ենք ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.