«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Լեո

Ղազարոս Աղայան
(պատմական-գրական ուսումնասիրություն)

1902 թվականին Ղազարոս Աղայանը տոնում էր իր գրական գործունեության քառասնամյակը: Ես «Մշակի» մեջ մի ընդարձակ հոդված նվիրեցի նրան և գրում էի այդ հոդվածի մեջ. «Ամեն անգամ, հանդիպելով Աղայանին, ես կարծում եմ, թե մեր ծաղկավետ հանդերից է գալիս, միշտ ձեռքում ունի մի նոր փունջ»:

Այնուհետև ես շատ մոտեցա Աղայանին, վայելեցի նրա սքանչելի սերը, նրա հայրական գուրգուրանքները: Եվ այդքան մոտիկ տարածության վրա էլ, մտերմական անձուկ, ընտանի շրջանի մեջ էլ, այդ պարթևակազմ, վայելչահասակ ծերունին, որ իր ամբողջ էության մեջ կրում էր մի ինչ-որ բիբլիական վեհ ու նվիրական տեսիլ, շարունակում էր մնալ ինձ համար միևնույնը փնջաբեր մեր հայրենի ծաղկավետ հանդերից:

Ամենից առաջ Աղայանի մեջ դյութում էր մարդը, հոգեկան ձուլվածքը, որ հազվագյուտ ներդաշնակություն էր կազմում նրա արտաքինի հետ: Ժողովուրդը, այն էլ գյուղական ժողովուրդը - ահա ինչ մեծ գաղափար էր կրում Աղայանը իր հսկայական ուսերի վրա:

Հայ գյուղը իր ծոցի մեջ տաշել, հղկել էր մի գրանիտյա կոթող: Իր արատներից նա ոչինչ չէր տվել այդ կոթողին: Դրել էր նրա մեջ իր սիրտը, իր զգացմունքը, իր վիշտն ու կարիքը և ուղարկել էր նրան քաղաք:

Հիսուն տարի նա ապրեց քաղաքում: Բայց նրան ծռել չկարողացավ քաղաքը: Նրա կեցվածքը մնաց անաղարտ, նրա գծերը չավեվեցին, թեև քաղաքային կյանքի ամենակուլ ծովը շարունակ հարվածում էր նրան իր ալիքներով, թեև ամեն ինչ կար, ար այդ մարդն էլ իր նման հարյուրների ճանապարհով գնա, այսինքն քաղքենանա, կորցնի իր ինքնատիպ դեմքը, լուծվի և ձուլվի:

Նա միայն էր այդ դիրքում, անմատչելի` կլանող, ջնջող ազդեցություններին: Եվ անհողդողդ, չկքված, չռացած` միշտ գլուխը բարձր ու կուրծքը ուղիղ: Քայլը անշեղ, հաստատուն, գնաց նա մինչև այն կետը, ուր մահը կայծակի մի հարվածով տապալեց նրանքաղաքի փողոցում, մայթի վրա: Իբրև անեղծ կոթող էլ նա ձեռքերի վրա տարվեց իր տունը, և այժմ էլ իբրև ժողովրդական գրանիտյա ձուլվածք պառկած է դագաղում:

Ամենից առաջ Աղայանը մեր կուլտուրական կյանքի մեջ խոշոր դեմք է հենց իբրև այսպիսի մի եզակի երևույթ, գյուղի ստեղծագործություն մինչև վերջին շունչը. . .

Հզոր և մեծախորհուրդ է հայրենի հանդերի, ժողովրդի ստեղծագործական կարողությունը: Այդ վիթխարի գործոնը պարզ տեսնելու և շոշափելու համար մենք ունենք մի սքանչելի վավերագիր` Աղայանի կյանքը:

Մեր խոշոր, երախտավոր գործիչներից շատերը չեն, որ ունեն վերին աստիճանի ուսանելի կենսագրություն: Աղայանի կյանքը երջանիկ բացառություններից մեկն է: Եթե սերունդները կարոտ են իրանց նախորդների մեծագործությունները տեսնելու, նրանցից խրատ քաղելու, նրանցով ներշնչվելու և հրահանգվելու համար, մենք պարծանքով կարող ենք ասել, որ մեր նոր աճող սերունդներին տալիք մի սքանչելի օրինակ ունենք տալու այսուհետև`Աղայանի կյանքը:

Այդ կյանքը կբացատրե մեզ, թե ինչպես է ժողովուրդը մտցնում իր հզոր ստեղծագործությունը ազգի պատմության մեջ, ինչ ճանապարհով է նա ազդում և ինչպես է նա կուլտուրական շարժիչ հանդիսանում:

Մտերիմ բարեկամի, սիրված ընկերի զգացմունքը չէ ինձ թելադրում այս տողերը: Որքան և մեծ լինի վիշտը, որքան և դառն լինի կորուստը այդ բարեկամի, ընկերի համար, բայց այս տխուր ժամերին էլ, երբ ինձ է վիճակվում դնել մեր մեծ կորստի պատկերը հասարակության առջև, ես պիտի խոսեմ դոկումենտների լեզվով, փաստերի վերլուծումով, պիտի նկարեմ մեր հայրենի հանդերի փնջաբերին:

Առատ փաստեր, հարուստ նյութեր է տվել ինքը Աղայանը: Մեր գործիչներից որ ոք չէ թողել այնքան ինքնակենսագրական թանկագին նյութեր, ինչպես Աղայանը: 1904 թվին նա հրապարակեց «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» ու այդտեղից իմացանք, որ նրա առաջին վեպն էլ`«Արություն և Մանվել», նույնպես ինքնակենսագրական է, որ Արությունը ինքը Աղայանն է: Այնուհետև մանավանդ այդ գրվածքները պիտի շառայեն իբրև թանկագին նյութեր մեր նոր ժամանակների պատմության համար:

Նրանք Աղայանի ամբողջ կյանքը չեն ամփոփում իրանց մեջ: Եվ հարկավոր էլ չէ, որ նրանք այդ լինեն: Ամենգլխավորը կա նրանց մեջ, լիուլի մանրամասնություններով պատկերացած: Դա այն է, թե ինչպես կազմակերպվեց և ամրապնդվեց ձուլվածքը, ինչպես տաշվեց ու հղկվեց գրանիտյա կոթողը:

Ամենից առաջ ես այդ մեծ պրոցեսը կներկայացնեմ` հիմնվելով հավերժացածի թողած վավերաթղթերի վրա, ապա կանցնեմ նրա գործին:

Գլուխ առաջին
I

Հայրենիքը

Շուշուց խճուղու առաջին փոստային իջևանը Խոջալուն է, Կառկառ գետի հովտում, Ասկարան պատնական բերդի մոտ:
Խճուղին պատռում անցնում է այդ փոքրիկ բերդը, որ շինված է Խաչենի լեռների մի ճյուղավորության ստորոտում, այնտեղ, ուր կազմվում է մի փոքրիկ կիրճ, որի միջով գետը Ղարաբաղի լեռնաշխարհից դուրս է գալիս Աղդամի ընդարձակ դաշտը (հին Գարգարացվոց դաշտը):

Մինչև բերդին հասնելը, խճուղուց  բաժանվող մի ճանապարհ տանում է դեպի արևմուտք, միշտ սարն ի վեր: Դա լեռնային Խաչենի Ճանապարհն է:

Առաջին գյուղը, որ հանդիպում է ուղիղ այդ ճանապարհին, Սեյդի-շենն է: Մի փոքրիկ գյուղ, ինչպես առհասարակ փոքրիկ են լեռնաշխարհի գյուղերը, 30-25 տուն. նա գրավում է բարձր դիրք և շատ գեղեցիկ մի անկյուն բնության ծոցում: Լեռնաստանը իսկապես այստեղից է սկսվում: Թանձրախիտ անտառներով ծածկված մի լեռնաստան է Խաչենը, որ նշանավոր դեր ունի կատարած պատմության մեջ: Լեռների գծագրությունները թեև դեռ մեղմ են, բայց դեպի արևմուտք գնացողը շուտ է մտնում այն խոժոռ և ահավոր տեսարանների մեջ, որոնք հատուկ են Ղարաբաղի բնությանը:

Աղայանը այցելել է Սեյդի-շեն գյուղը և տեսել, որ ժողովրդի մեջ դեռ ապրում են իրանց տոհմի հին-հին հիշատակները: Տեսել է «Աղանց աղբյուրը, Աղանց ձորն ու բակը և Աղանց ճղպրեն (ընկուզենին)` արդեն չորացած մի ծառ» (1):

Դա է հայրենիքը, թեև Աղայանը այնտեղ չի ծնվել:

Կարևոր եմ համարում, որ իմ ընթերցողը փոքր-ինչ մոտիկից ծանոթանա այդ հայրենիքին, քանի որ դա այն միջավայրը, որ բնավորություններ է մշակում:

Ընդհանրապես շատ աղքատ է լեռնային Խաչենի ժողովուրդը: Եվ չէ կարող աղքատ չլինել: Այդպես է կարգադրել նրա բնությունը:

Դա երկրագործության աշխարհ չէ: Անտառը, վայրենի, թանձրախիտ անտառն է բռնացած ամեն տեղ` մի ծայրից մինչև մյուս ծայրը: Նա ծածկում է ամեն ինչ` և´ սար, և´ ձոր, և´ դաշտ: Բաց տարածություններ թողնել իր թագավորության մեջ նա չէ սիրում:

Կարող եք այդ երկրում ճանապարհ կտրել ամբողջ օրերով, և միշտ ծառերի տակ, միշտ մի նեղ շրջանակով պատված: Շատ,շատ` մի որևէ տեղ, դիքի շնորհիվ, անտառների թագավորությունը մի փոքրիկ հորիզոն բաց կանե ձեր առջև, ցույց կտա մի կտոր շրջապատող ահեղատեսիլ և գեղեցիկ բնությունից, մի կտոր երկինք, արևի մի շերտ, եթե երկինքը, հակառակ սովորականի, մթագնած ու ամպամած չէ, եթե նա այդ օրը, այդ ժամին զիջել է պարզ ու ժպտուն երես շնորհել լեռնաստանին:

Մարդը պետք է մաքառե, մշտապես մաքառե ծառերի թագավորության հետ` իրան հարկավոր մի ափ վարելահողը, իր բնակության տեղը նրանից խլելու համար: Անտիրական տարածությունը նորից շտապում է իր հրամանի տակ առնել անտառը: Նրա անլույս ու անարև խորքերում շրջողը հաճախ կանգ է առնում տեսնելու համար հանկարծակի իր առջև բացված մի հին աշխարհ` գյուղի, ավանի տեղեր, եկեղեցիներ, վանքեր, ոմանք կանգուն, ոմանք փլված, գերեզմանատներ: Եվ այս բոլորը ծառերի տակ, մամուռով ծածկված: Հազվադեպ չէ տեսնել մի հին եկեղեցու դարերի վրա գոյացած մի ամբողջ անտառ:

Եվ երևակայեցեք գոյության կռիվը այսպիսի պայմանների մեջ:
Նա հսկայական է, բայց առանց մեծ արդյունքների: Նա ամփոփում է իր մեջ մի դրություն միայն` գլուխ պահել, այսինքն անել այնքան, որ ապրես:

Եվ դրա համար որքա´ն ուժ, որքա´ն պողպատ պետք է ամբարե իր մեջ ամեն մի կազմվածք, որ չէ ուզում ոչնչանալ անհյուրասեր, բայց վիթխարի, արհավիրքներով գեղեցիկ բնության ձեռքին:

Պետք է տեսնել լեռնցու փոքրիկ արտը անտառների միապաղաղ տարածության մեջ, պետք է տեսնել, թե ինչ տեսակ ճանապարհներով  է նա հաղորդակցություն կատարում լույսին ու մութին, դաժան ձմռան և կարճատև ամռան, արև և բուք օրերը, ցեխի ու չորության ժամանակ, պետք է տեսնել հետո նրա խրճիթը, նրա ընտանիքը, նրա ամբողջ տկլորությունը, և այնուհետև միայն կարող եք հասկանալ, թե ինչքան շատ է վատնում մարդը իր կազմվածքի մեջ դարերի ընթացքում կուտակված պաղպատից և ինչքան քիչ է վարձատրվում:

Սակավապետ, երբեք չհուսահատվող, խոժոռ ու կոպիտ, ամբողջովին մրցության երկաթե անհրաժեշտոթյամբ տարված - այսպես կարող է լինել լեռնային անտառների մռայլ թագավորության մեջ:
Եվ այսպես է խաչենցին:

Բայց խաչենցին միայն այդքանը չէ. Խաչենը պատմական հարուստ կյանք էլ է ունեցել: Այդ լեռներում, այդ անտառներում ապրում են ավանդություններ: Այդ երկրում, Սեյդի-շենից քիչ հեռու է հռչակավոր Ցեխ-ձորը, ավազակների, հերոսների գործերով հռչակված ձորը, ահագին անտառով ծածկված, ահավոր իր հռչակով, ահավոր իր լռին մթությամբ: Դուրս եկեք այդ ձորից, գնացեք Խաչենագետի երկարությամբ միշտ դեպի արևմուտք: Ձեր ձախ կողմին, լեռան ստորոտին, մինչև երկինք բարձրացել է մի կլոր, աշտարակաձև վիթխարի ժայռ. նրա գլխին բերդ կա, որ կոչվում է Կաչակաբերդ (Սաշնաղան-Ղալասի): Ահա Գանձասարի բարձրությունների կողքին, Խաչենագետի անտառապատ ձորերի վրա, բարձր և բարձր  գնում է  մի կապույտ, մեծ սար: Խոխանաբերդն է: Ահա Հավապսակը, ահա Դորպաները,  Կեչանը, Արջաձորը: Եվ այսպես` անթիվ ու անհամար բերդեր ու ամրություններ, ավերակներ մինչև Վերին Խաչենի հին սահմանները, այսինքն մինչև Սևանի լիճը . . .

Գիր ու պատմություն չունին այդ պատմական վայրերը: Ժողովուրդն է պատմում, թե որտեղ ինչ բան է կատարվել, նա գիտե, թե Ցեխ-ձորի որ կողմում էր, որ մելիքական շրջանի հռչակավոր հերոս Թյուլի Արզումանը շրջապատեց Իբրահիմ խանի մարդկանց: Նա ցույց կտա ձեզ և ուրիշ շատ քաջությունների տեղեր: Նա կառաջնորդե ձեզ դեպի ամեն մի խաչքար, դեպի ամեն մի հուշարձան, որ գիր ունի իր վրա: Իսկ այդպիսի հին-հին բաներով լիքն են Խաչենի սարերը:

Այո´, անթիվ են հին, անբարբառ վկաները, որոնք, այսուամենայնիվ, պատմում են ձեզ, թե մի ժամանակ այս չարքաշ ժողովուրդը եղել է կռվող, ինքն իրան պաշտպանող: Մի ժամանակ այս ժողովրդի վրա միայն բնությունը բռնացած չի եղել` անդուլ և անխնա մրցումի իր պահանջով, այլև քաղաքական կացությունը: Հացը կորզել բնության կրծքից բավական չէ եղել, այդ հացը պաշտպանել էլ էր հարկավոր:

Ղազարոս Աղայանը այս մշտնջենական մրցությունների աշխարհում չէ ծնվել: Բայց այստեղ ծնվել են նրա նախահայրերը: Սեյդի-շենի ծնունդ էր նրա պապը, Աղանց Վերդին (2):

II
Պապը

Աղանց Վերդին Ղազարոս Աղայանի ինքնակենսագրական նյութերի մեջ բավական պայծառ գույներով պատկերված մի դեմք է, ավելի ճիշտ մի ամբողջ տիպ, որի մեջ մարմնացած է նրա տոհմի բարոյական-հոգեբանական ձուլվածքը:

Այդ նախատիպը ճանաչելու համար մենք պիտի տեղափոխվենք Ղարաբաղ` այս երկրի այն միջոցին, երբ կատարվում էր մի վերին աստիճանի սուր, վճռական ճգնաժամ:

Տասնյոթերորդ դարի վերջում Իսրայել Օրին սկիզբ էր դրել Ղարաբաղում ազատագրական շարժման: Իսկ տասնութերորդի վերջում և տանիններորդի սկզբում այն մեծ շարժման վերջին գործողություններն էին կատարվում:

Շարժումը երկարատև էր: Նա նոր-նոր երևույթներ առաջացրեց հայկական կյանքի մեջ և այդ երևույթներից գլխավորն էր` կռիվ ազատության համար: Լեռնային կռիվ, որ սկզբում կենտրոնացրեց իր շուրջը ամբողջ Ղարաբաղի ռազմական կարողությունը, բայց զրկված լինելով կանոնավոր և ուժեղ կազմակերպությունից, գնալով մանրացավ, ընդունեց նեղ տեղային բնավորություն:

Մանրամասնությունները թողնենք: Ասենք այսքանը միայն, որ Օրիի ծրագրածը պատերազմ էր Պարսկաստանի դեմ, իսկ տասնութերորդ դարի իրականությունը բերեց դարձրեց այդ շարժումը` կռիվ Շուշու խանի դեմ: Ժողովրդական կռիվ, բայց ո´չ ժողովրդի համակենտրոնացած ուժերով: Առանձին-առանձին փորձեր էին դրանք, լեռնցի մարտնչողների քաջագործություններով, հերոսական դիմադրություններով և հարձակումներով զարդարված: Բայց այդ անջատ գործողությունները անկարող եղան ընդհանուր նպատակը իրագործել: Շուշու խանը ճարպկությամբ անջատում էր իր հակառակորդների ուժերը, ջարդում էր նրանց առանձին-առանձին: Վերջիվերջո նրա դեմ կանգնած մնացին հինգ մելիքներից երկուսը միայն` Զրաբերդ և Գյուլիստան: Խաչենը, որպես Զրաբերդի սահմանակից, մտնում էր պատերազմական գործողությունների շրջանի մեջ:

Տասնյակ տարիներով տևող կռիվը վերջանում էր հայության պարտությամբ: Նա ավերեց երկիրը, նա պատճառ դարձավ, որ ժողովուրդը ահագին խմբերով դուրս գաղթի: Ռուսների խոստացած օգնությունը երբեք չիրականացավ: Իսկ մելիքները քաղաքականապես այնքան տհաս էին, որ կարծում էին, թե իրանց կաջողվի սեփական երկրից դուրս էլ պահպանել իրանց իշխանությունը իրանց ժողովրդի վրա: Այդ պատճառով նրանք էին առաջնորդում իրանց ժողովուրդը դեպի օտար երկրներ:

Անաջող կռիվներին միացան բնության ահավիրքները` սով և ժանտախտ: Երկիրը սկսեց արագ դատարկվել: Տասնութերորդ դարի վերջերում մելիքներից երկուսը` Մելիք Աբով և Մելիք Ջումշուդ, ստացան երկու երկիր Վրաստանի սահմանագծի վրա` առաջինը` Բոլնիսը, Թիֆլիսից ոչ հեռու, երկրորդը`Լոռին: Երկու տեղերում էլ հաստատվեցին Ղարաբաղից գաղթած հայերը:

Գաղթականները խեղճ ու դժբախտ ձրիակերներ չէին իրանց նոր հայրենիքի համար: Նրանք ամենից առաջ ռազմիկ տարր էին և պիտի պաշտպանեին Վրաստանի սահմանագլուխը:

Այս բանի մեջ մեծ անուն հանեց մանավանդ Մելիք Աբովը: Բոլնիսի գաղթականությունը տալիս էր նրան բավականաչափ մարդիկ, որպեսզի այդ հռչակված հերոսը կարողանար դառնալ իրական մի ուժ շրջակա թուրք ազգաբնակչության աչքում: Այդ ուժը գնահատում էր Գեորգի թագավորը, որի արքունիքում հայ մելիքը մեծ նշանակություն ուներ: Այդ ուժը գնահատեցին և ռուսները, երբ վերացնում էին վրաց թագավորությունը: Մելիք Աբովի բոլնիսցիները Թիֆլիսից տրված հրամաններով արշավանքների էին գնում, և Մելիք Աբովի անունը երկուղ էր ազդում նույնիսկ Ախալցխայի թուրք փաշային: Նույն բոլնիսցիներն էին, որ 1806 թվի պարսկական պատերազմի ժամանակ Փամբակի ձորում ընդհարվեցին պարսիկների հետ: Այդ ընդհարման մեջ էր, որ Մելիք Աբովի որդի Ռոստոմ բեկը ընկավ պարսիկների ձեռքը և մահվան դատապարտվեց Թավրիզում:

Ահա ինչպիսի միջավայր էր Բոլնիսը հայ գաղթականության համար:

Գաղթականները, ինչպես երևում է, Ղարաբաղի զանազան կողմերից էին եկել, բայց, գլխավորապես, իհարկե, Մելիք Աբովի հպատակներից էին, այսինքն Գյուլիստանից: Կային և սակավաթիվ խաչենցի գաղթականներ, որոնք հավաքվեցին մի տեղ, մի փոքրիկ գյուղ հիմնեցին և անունը, ի հիշատակ իրանց թողած բուն հայրենիքի, դրին Խաչեն: Չմոռացվեց և տեղի անունը` Դաղեթ: Այնպես, որ նոր Խաչենը անվանվում է և Դաղեթ-Խաչեն:

Այդտեղ, այդ գյուղում է և Աղանց Վերդին: Թե երբ է նա գաղթել և ում հետ` հայտնի չէ: Գիտենք միայն, որ նա սկզբում բնակություն հաստատեց Գորի քաղաքում, բայց շուտով տեղափոխվեց Բոլնիս:

Որոշ և մանրամասն տեղեկություններ չունինք և նրա կյանքի մասին: Ղազարոս Աղայանը նկարագրել է նրա ծերությունը միայն, երբ նա խաղաղ գյուղացի էր:

Բայց այս ծերությունն էլ ցույց է տալիս, որ Վերդին լինելով փոթորկալից ժամանակների մի լեռնցի, միևնույն ժամանակ, աչքի ընկնող մի երևույթ էր նույնիսկ պատերազմիկ, արկածալից միջվայրում:

Որ նա քաջ էր, լեռան կռած ու եփած մի արի ու անվախ մարդ` այս հասկանալի է, եթե աչքի առաջ բերենք նրա երկու հայրենիքն էլ` Ղարաբաղի Խաչենը և Բոլնիսը: Երկուսն էլ լեռնային պատերազմների թատերաբեմ, ուր հարձակումները, պաշտպանությունը մշտական երևույթներ են, ուր անձնական ուժը, քաջությունը բախտ որոշող, կյանք պաշտպանող անհրաժեշտություններ են:

Բայց Վերդին միայն սովորական քաջ սարեցի չէ:

Նա կարդացած մարդ էր: Եվ նրա ուսմունքը սովորականից չէր, այդ պատճառով էլ նա մի գլխով բարձր էր ոչ միայն իր շրջապատից, այլ, կարելի է ասել, մինչև իսկ իր ամբողջ ժամանակից:

Ղարաբաղի ազատագրական շարժումների մեջ մենք չենք նկատում ուժեղ գրական դաստիարակություն: Հայտնի է, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր գաղափարական հիմնավորումը մտավոր-գրական շարժման մեջ: Ղարաբաղը երբեք չի փայլել իր գրական նշանակությամբ, և նրա ազատագրական շարժումների մեջ էլ մեծ մաս չուներ գրական-գաղափարական դաստիարակությունը: Խոսում էր ավելի ավանդությունը, բնազդը: Խոսում էր նեղլիկ տեղայնությունը, որ շատ հեռուն չէր գնում և գնալ չէր էլ կարող, քանի որ չկար երկրի իսկական շահերի վրա հիմնված ծրագիր, գործողության եղանակ: Այդպիսի մրրկալից ժամանակներում սովորաբար ազգի անցյալն է գալիս ոչ միայն խրախուսելու, ոգևորելու, այլև չափավորելու շարժումները` որոշ կարգի հպատակեցնելու համար, շահավետությունն ու անշահավետությունը կշռելու համար:

Բայց ազգային պատմությունը այդ ժամանակ չգիտեին Հայաստանի և ոչ մի կողմում: Միայն անգլիական ազդեցության տակ փոքր-ինչ գիր ու դպրություն սովորած մի հնդկահայ ակնավաճառ` Շահամիրյանը , հասկացավ, թե ինչ ահագին նշանակություն ունի պատմությունը մի ժողովրդի համար, որ աշխատում է իր համար նոր ճակատագիր ստեղծել: Նա հրատարակեց առաջին հայոց ամբողջական պատմությունը (3), և դա, չնայած իր պակասություններին ու խեղճության, մի չտեսնված, անօրինակ երևույթ էր ամբողջ հայության մեջ:

Շահամիրյանը բացատրում էր և այդ պատմության փիլիսոփայությունը, թե ինչ էր նա ուսուցանում, ինչ էր հրահանգում: Ղարաբաղի շարժումները նրան շատ ոգևորում էին, բայց և ցույց էին տալիս իրանց անկարողությունը: Հախուռն, անգիտակից և անծրագիր, ներքին երկպառակություններ, հոգևորականության դավաճանությունները փառքի և իշխանության համար: Նա նամակ գրեց Ղարաբաղի մելիքներին, հասկացնում էր, որ այդպիսի գործողություններով բան չի դառնա, որ պետք է կանոնավոր դաստիարակություն տարածել ժողովրդի մեջ, գիտակցություն ստեղծել:

Բայց այդ խրատները ուշ էին գալիս, այն ժամանակ, երբ Ղարաբաղը անհուսալի ճգնաժամի մեջ էր:

Շահամիրյանի ազգային պատմության հետևեց Չամչյանի ընդարձակ պատմությունը: Բայց նա էլ անկարող եղավ իսկույնևեթ, միանգամից փոխել դպրոցական դաստիարակությունը, որ ամբողջապես շախաղված էր միջնադարյան սքոլաստիկայից: Անհատներն էին միայն, որոնք արժանանում էին այդ ընդհանուր սքոլաստիկ դաստիարակությունից դուրս ձեռք բերել և տեղեկություններ իրանց ազգի և հայրենիքի անցյալի մասին:
Այդպիսիններից մեկն էր և Աղանց Վերդին:

«Հայոց պատնության տեղյակ մարդ էր,- ասում է Ղազարոս Աղայանը իր պապի մասին,- նիչդեռ նրա ժամանակի հոգևորականներըպատմությունից ոչ մի տեղեկություն չունեին» (4): 
Որտեղ կամ ինչպես էր նա ձեռք բերել այդ ուսմունքը, արդյոք աշակերտելով մի որևէ անհայտ, բացառություն կազմող վարդապետի` Գանձասարի կամ ս. Հակոբի վանքերում, թե՞ մի այլ տեղ, կամ ինքնակրթությամբ, ոչինչ հայտնի չէ: Բայց որ այդ դաստիարակությունը նրա մեջ դրել է մարտնչողի գաղափարական գիտակցությունը, այդ մենք պարզ տեսնում ենք նրա ծերության օրերում:  

«Նա մեր վարդապետներին,- շարունակում է նրա թոռը,- աչքով աչք չուներ տեսնելու: Ասում էր` «մեր ազգի տունը սրանց ձեռքին է, բայց չեն շինում, քանդում են»:

Լռություն էր սիրում ծերունի Վերդին: Տարին մի անգամ էր եկեղեցի գնում, որ հաղորդվի: Մնացած ժամանակը եկեղեցու դրսումն էր կանգնում մի փռշնի ծառի տակ: Մեռնելիս կտակ արավ, որ այդ ծառի տակ էլ թաղեն իրան: Եվ կտակը կատարվեց:

Իր մասին նա խոսել չէր սիրում: Բայց նրա հասակակիցներըբազմաթիվ պատմություններ գիտեին նրա կյանքից: Եվ բոլոր պատմությունները միևնույն բանն էին վկայում- Վերդիի, այդ անանուն և անխոս հերոսի , «իգիթությունները»: Դրանք ժամանակի , հանգամանքների պահանջներն էին: Մի ժամանակի, «երբ մարդու գլուխն ու սոխի գլուխը մի գին է ունեցել: Սով, սրածություն, արհավիրք, մահ տարաժամ, փախուստ, գաղթականություն և այդ էլ շարունակ, մեկը պակասում է մեկելն է գալիս, մեկելն անցնում է մյուսն է վրա հասնում»: 

Վերջին այդ ահավոր տակնուվրայությունների մեջ կորչողներից չէր: Լեռնցին և´ զարմանալի դիմացկուն էր, և´ գիտեր անհրաժեշտության պարտքը վճարել: Ասում էին, որ նա իր կյանքում հարյուր մարդից ավելի է սպանել: Լեռնցի ասպետը չէր ժխտում, բայց կռվի մեջ, ճակատ առ ճակատ ընդհարվելիս, մարդը սպանություն չի գործում, այլ անհրաժեշտ օրենք է կատարում:

Սպանությունը այն է, երբ մարդ իր հակառակորդի վրա հարձակվում է գաղտագողի, այն ժամանակ, երբ սա կարողություն չունի պաշտպանվելու: Վերդին կռիվների մեջ արած սպանությունները չէր համարում սպանություն, որքան էլ շատ լիներ նրա հարվածներից ընկածների թիվը:

Միայն մի հատ իսկական սպանություն էր ծանրացած Վերդիի խղճի վրա: Մի անգամ նա սպանել էր մի քնած մարդու: Ահա այդ էր մեղքը, այդ էր մարդկության պատվիրանների դեմ ոճիր գործելը: Եվ Վերդին հանց դրա համար էր ապաշխարում եկեղեցու դուրսը, ապաշխարում էր մինչև կյանքի վերջը` չհամարձակվելով մտնել եկեղեցի:
Ահա, ինչ երկաթե կազմվածք, ինչ բարոյական տիպ էր ստեղծել Ղարաբաղը իր անտառապատ, մութ լեռներում, իր պատմության աղետալի և հերոսական շրջանում:  

Շարունակությունը

1) «Իմ կյանքի գլխավոր դեպքերը», եր. 4 (ծանոթ. հեղ.):
2) Վերդի Ղարաբաղի բարբառում Ալլահվերդի անվան կրճատումն է (ծանոթ. հեղ.):
3) Նկատի ունի «Նոր տետրակ, որ կոչվի յորդորակ» գիքը (Մադրաս, 1773), որի ընդարձակ գլուխներից մեկը նվիրված է հայոց պատմության իրադարձություններին` ջրհեղեղից մինչև 18-րդ դարի վերջերը: Գրքի հեղինակը Մովսես Բաղրամյանն է:
4) «Արություն և Մանվել», Թ., 1888, եր. 114 (ծանոթ. հեղ.)

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.