«Ազգային ավանդական խաղեր» նախագծից

«Խաղերի ու խաղալիքների պատմությունը» թեման անցնելիս VI դասարաններում բացահայտեցի մի ուշագրավ ու տագնապալի փաստ. մեր երեխաները տեղյակ չեն մեր ազգային ավանդական խաղերից: Այն խաղերը, որ իմ սերնդի երեխաների համար առօրյայի մաս էին կազմում, այս սերնդի համար էկզոտիկայի նման մի բան են: Այս ամենից զարմացած` մի փոքրիկ հարցախույզ կազմակերպեցի բոլոր չորս դասարաններում: Արդյունքները խիստ մտահոգիչ են:

  • Ոչ մի սովորող չգիտեր ավանդական խաղերից ճղլախտի (լախտի), չան (կոճի, վեգ), չլիկ – դաստա (կտի - կտափետ), բիզ (դանակ տնկոցի), Քարկտիկ (Մոլլաբրի) և այլն: Մինչդեռ այս ավանդական խաղերը մեր մանկական կյանքի անբաժանելի մասն էին կազմում:
  •  Սովորողների կեսն էր տեղյակ պահմտոցի, բռնոցի, ռեզին, կլաս, դրոշակ փախցնոցի խաղերին, բայց նշեցին, որ խաղացել են արձակուրդներին գյուղում, տատիկ – պապիկների կամ այլ հարազատների մոտ:
  • Սովորողների քառորդ մասը բակային խաղեր չի խաղում:
  • Սովորողների կեսից ավելին (տղաները) բակային խաղերից խաղում են միայն ֆուտբոլ, այն էլ անկազմակերպ, տարերայնորեն:
  • Համակարգչային խաղեր խաղում են բոլորը: Տեղյակ են համակարգչային բոլոր տիպի խաղերին, նույնիսկ շատ ժամանակ ու հիշողություն պահանջող բարդ խաղերին:
  • Օրական միջին հաշվով 4–6 ժամ նստում են համակարգիչի մոտ: Հարցվածների հինգերերդ մասը խոստովանց, որ համակարգչային խաղ խաղում են նույնիսկ դաս պատրաստելու պատրվակով:
  • Ծնողների մոտ կեսը չի արգելում համակարգչից օգտվել` որքան ուզում են:
  • Համարյա նույնքան ծնողներ չեն հետևում, թե ինչով է զբաղված երեխան համակարգչի մոտ:
  • Սպորտով զբաղվում է սովորողների ընդամենը երրորդ մասը: Սրանց մի մասն էլ կամ հաճախակի փոխում է սպորտաձևը, կամ էլ պարապմունքներին հաճախում է ոչ պարբերաբար:

Ահա այսպիսին է մեր սովորողների «երջանիկ մանկության» պատկերը: Արդեն չեմ զարմանում, որ երեխաների մեջ շատացել են «գիրուկները», «մամայի բալիկները», հենաշարժողական խնդիրներ և այլ հիվանդություններ ունեցողները: Իմ հեռավոր մանկությունից, իմ մանկության ընկերներից ես չեմ հիշում նման երեխաների: Ծնողները զրկում են երեխաներին նրանց բնական միջավայրից՝ բակից, գետից, անտառից, անձրևի տակ, ցեխի մեջ խաղալուց, ձյան ու սառույցի վրա սահելուց, ձի նստելուց, խնձոր գողանալուց, մթից ու ցրտից սրթսրթալուց, կտրում բնական, բակային խաղերից: Մինչդեռ ֆիզիկական խաղը կենսական անհրաժեշտություն է երեխայի համար: Խաղը, գործունեություն է, որ կատարվում է հաճույքի համար, իսկ երբեմն էլ օգտագործվում որպես ուսուցողական գործիք։ Խաղը ոչ աշխատանք է, ոչ էլ արվեստ։ Սակայն խաղի և աշխատանքի միջև սահմանը հստակ չէ, և որոշ խաղեր համարվում են աշխատանք (օրինակ վիդեոխաղերի որոշ տեսակներ), ինչպես շախմատըֆուտբոլըշաշկինբասկետբոլը և այլն։ Խաղերը գոյություն են ունեցել մարդկությունից առաջ: Բարձրակարգ կաթնասունների վարքի մեջ միշտ առկա է եղել խաղը: Ինձ միշտ հրճվանք է պատճառել կատվի խաղը կծիկի կամ գնդակի հետ: Կենդանիները խաղն օգտագործում են որպես ձագերի ուսուցման մեթոդ, միջոց: Համացանցում, հեռուստատեսությունում հազարավոր տեսանյութեր կան, որ ցուցադրում են, թե գիշատիչներն ինչպես են խաղի միջոցով սովորեցնում ձագերին փորսող շարժվել, թաքնվել, հարձակվել դարանից և այլն: Կապիկներն ունեն խմբային խաղեր, ինչպես մարդիկ: Սա արդեն սոցիալական կազմակերպության օրինակ է:

Մենք մոռացել ենք մեր ավանդական խաղերը, չենք փոխանցում այն մեր նոր սերնդին. մինչդեռ կրթության գլխավոր նպատակներից մեկը դա պիտի լիներ: Խաղը ոչ միայն կազմակերպում է մարդուն որպես անհատ, այլև դաստիարակում է նրա մեջ մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, փոխօգնության պատրաստակամություն, ճարպկություն, հմտություն և այլն: Խաղը մարդու կենսագործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում։ Հատկապես մանկության տարիներին մադու անձի ձևավորումը մեծապես կապված է խաղային գործունեության հետ, որովհետև երեխան խաղալու միջոցով ճանչում է արտաքին աշխարհը ու իր վրա փորձում է տարբեր սոցիալական դերեր։ Սակայն չեմ ուզում այս գրառումը վերածել տարիքային հոգեբանության ձանձրալի դասախոսության։ Փոխարենը մեծերին հիշեցնեմ` ինչ խաղեր էինք մենք խաղում, երբ երեխա էինք։ Ահա մեր մանկության խաղերի ոչ լրիվ ցանկը.

Աղջիկների խաղերը.

  • Ռեզին
  • Բադմինտոն
  • Գործնագործ
  • Քարկտիկ
  • Աչք փակոցի:

Կամա, թե ակամա շարժունակ բակային խաղերից զրկելով մեր երեխաներին` ի՞նչ ենք տվել դրանց փոխարեն: Տվել ենք համակարգչային գունագեղ, հմայիչ տարաբնույթ ու տարատեսակ խաղեր, ընդունակ գերելու-տանելու մատաղ միտքն ու ուշադրությունը: Քավ լիցի, ես դեմ չեմ գիտա-տեխնիկական առաջընթացին, ինձ հայտնի է համակարգչային խաղերի դրական դերը երեխաների դաստիարակման գործում, ինքս էլ երբեմն մեղանչում եմ` տարվելով որևէ խաղով, բայց կարողանում եմ ժամանակին ընդհատել, հետ քաշվել, ինչը շատ դժվար է 10–13 տարեկան երեխայի համար: Մենք պիտի կարողանանք համադրել այս երկուսը երեխայի կյանքում, այլ ոչ թե մեկը փոխարինենք մյուսով: Առիթ է նշելու, որ համակարգչային խաղերն ունեն ոչ միայն դրական, այլև բացասական կողմեր: Նրանցից շատերը քարոզում են արյուն ու բռնություն, իրենց հերոսին օժտում մի քանի կյանքով, և երեխան կորցնում է իրական ու վերտուալ (երևակայական) կյանքի սահմանը: Համացանցում հանդիպել եմ դեպքերի, երբ երեխան, կորցնելով իրականության զգացումը, ցած է նետվել բարձրությունից` նմանվելով վերտուալ հերոսին կամ սպանել է ընկերոջը և զարմացել, որ նա ընդամենը մի կյանք ունի: Քանի որ ես մեղմ ասած՝ անտեղյակ եմ համակարգչային խաղերից, երեխաները օգնեցին կազմելու այն հանրահայտ խաղերի ցուցակը, որոնց մեջ առկա է ագրեսիա և բռնություն: Ահա այն մի քանիսը, որ «պեղեցինք» վեցերորդցի տղաների հետ միասին.

Նման խաղերը կործանարար ազդեցություն են ունենում դեռահասի հոգեկան աշխարհի վրա: Վերջերս լրատվամիջոցները պատմեցին մի ռուս տղայի մասին, որ սպանել էր ծնողներին միայն նրա համար, որ զրկել էին համակարգչային խաղից: Նման մի քանի օրինակ էլ կարող եք գտնել այս հղումներով՝

Դեռահասների համար վտանգավոր է նաև համակարգչային կախվածությունը: Սա ախտահարում է նրանց, ովքեր չափից ավելի տարվում են համակարգչային խաղերով կամ օրեր են անցկացնում սոցիալական ցանցերում (Համակարգչային կախվածության խնդիրը):

Ես մեծացել ու դաստիարակվել եմ մեր հայկական ավանդական խաղերով: Ասեմ ձեզ, որ ի տարբերություն համակարգչայինի նրանք ոչ մի կողմնակի ազդեցություն չունեն: Նրանց ազդեցությունը երեխայի հոգեկանի ու ֆիզիկականի վրա միայն դրական է:

Հայաստանում խաղերը եղել են ժողովրդական, սերնդեսերունդ ավանդաբար հաղորդվող հասարակական ժամանցի ձևեր։ Այլաբանորեն արտահայտել են հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, կենցաղային, ծիսական, սովորութային և այլ երեույթներ, մարդու գործունեությունը պատկերելով զանազան ձևերով ու հնարքներով։ Եղել են թատերա - կրկեսային, սպորտային, ռազմական, ծիսական, կենցաղային, մտավոր և այլ բնույթի խաղեր։ Խաղերի ժամանակԼայնորեն օգտագործվել են նաև երգերը, պարերըկատակները, ծաղր ու ծանակը։ Ուղեկցվել են ասմունքով, երգերով ու պարերով։ Նույն խաղը Հայաստանի տարբեր գավառներում տարբեր կանոններ են ունեցել, տարբերվել են ինչպես տարազներն ու բարբառները:

Խաղերը ակտիվացել են հատկապես ժողովրդական տոների (զատիկ, համբարձում, բարեկենդան և այլն) ժամանակ: Ես հիշում եմ, վեգ (ճան, կոճի) խաղում էինք Նոր տարուց առաջ և հետո: Հաղթողի պարգևը կա´մ պարտվողի վեգն էր, կա´մ էլ նրա «արժեքին» համպատասխան քանակության ընկույզ:

Խաղերի ու խաղալիքների պատմության թեման խիստ ոգևորեց սովորողներին: Նրանց հատկապես դուր եկավ կռափայտ (կտի - կտափետ) խաղը: Իրենց ուժերով պատրաստեցին խաղափայտերը և նոյեմբերի 6–ին միջդասարանական անդրանիկ մրցությունը կայացավ VI դասարանցիների միջև, իսկ նոյեմբերի 18–ին կրթահամալիրի «Սեբաստացու օրեր» տոնախմբության շրջանակներում կայացավ երկրորդ մրցությունը: Մասնակիցներին ողջունեց և խրախուսանքի խոսքեր ուղղեց կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը: Խաղը ոգևորեց ոչ միայն մասնակիցներին, այլև թիմերի մի քանի տասնյակ երկրպագուների: Այս անգամ հաղթեցին 6–2 թիմի տղաները. որոշել ենք շարունակել այն:

Օգտագործված գրականություն
Աթոյան Կ., «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հնագույն ակունքները Հայաստանում», Երևան, 1985:
Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, Երևան, 1963-1980:
Абгарян Л., Первобытный праздник и мифология, Ереван, 1983:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский