Ծնողների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում. «Ընտանեկան նախագիծ»

Ծնողների ճիշտ ներգրավվածության արդյունավետությունը սովորողների ուսման գործընթացում հատկապես մեծ է լինում կրտսեր դպրոցի պարագայում: Ես ուզեցի շեշտել «ճիշտ» բառը, որովհետև շատ ավելի հաճախ է պատահում, երբ ծնողների սխալ ներգրավվածությունը ավելի շատ խանգարում է, քան նպաստում սովորելու գործընթացին: Դիտարկենք շատերին հայտնի այս տիպի ընտանեկան դասուսուցումը.
Տառերդ տառերի նման չեն, ուղի′ղ գրի, ուղի′ղ նստի, նորի′ց կարդա, նորից պատմի, լավ չպատմեցիր դասդ... Նորից… նորից…նորից:
- Ինչու՞ ես առաջին հարցով բազմապատկում անում. բաժանումից սկսիր… այստեղ փակագիծ դի′ր, իսկ այստեղ էլ՝ հավասարման նշան:
- Վատ է, ամբողջ էջը պատռի′ ու նորից գրի′:
- Չե՞ս հասկանում, քանի անգամ նույն բանը բացատրեմ:

Շատ հնարավոր է, որ ծնողը մանկավարժական գիտելիքներ չունի, ուղղագրական կանոններ չգիտի, բավարար չափով մաթեմատիկա կամ էլ օտար լեզու չգիտի: Եթե կրտսեր դպրոցի սովորողին մի որևէ տնային առաջադրանք է տրվում, որը որոշակի գիտելիքների իմացություն և հմտությունների կարողություն է պահանջում, ապա դասավանդողի կողմից մանկավարժա-հոգեբանական կոպիտ սխալ է դա, եթե պահանջվող գիտելիքները և կարողությունները չեն յուրացվել դպրոցում: Կրտսեր դպրոցի սովորողի տնային առաջադրանքը պետք է հաճելի լինի: Հաճելիի այդ զգացողությունը առաջանում է, երբ սովորողը գիտի և կարողանում է անել այն, ինչն առաջադրված է: Այդ հաճույքն ավելի է մեծանում, եթե առաջադրանքն իր մեջ ստեղծագործական տարրեր է պարունակում:

Բավականին երկար ժամանակ, երբ պատրաստվում էի Մայիսյան հավաքի առթիվ «Ընտանեկան նախագիծ» թեմայով հոդված գրել, սկսեցի համացանցում փնտրել նմանատիպ հոդվածներ՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է այս հարցն այլ երկրներում: Ինձ հուզող թեմային ամենամոտը ավստրալիական փորձի մասին պատմող ուսումնասիրությունն էր, որի վերնագիրն է «Ընտանիք-դպրոց-համայնք համագործակցության բյուրո»: 2012 թվականին արված այս ուսումնասիրությունը հաստատել են Ավստրալիայի ծնողական խորհրդի նախագահը և Ավստրալիայի պետական հանրակրթական դպրոցների խորհրդի նախագահը: Այստեղից երևում է, որ Ավստրալիայում ծնողների ներգրավվածությանը հանրակրթության մեջ բարձր հիմքերի վրա է դրված և մեծ ուշադրություն է դարձվում կառավարության կողմից:

Ըստ վերը նշված հետազոտություն-ուսումնասիրության ծնողական ներգրավվածությունը ուսման գործընթացում դրական ազդեցություն է ունենում հետևյալ ցուցանիշների վրա.

  • Գիտելիքների և կարողությունների ստուգման թեստային ավելի բարձր գնահատականներ
  • Միջին դպրոցից ավագ դպրոց տեղափոխման ավելի բարձր տոկոսային հարաբերություն
  • Դպրոցից դուրս մնալու ավելի քիչ թվով դեպքեր
  • Վարքի բարելավում
  • Միջնակարգ կրթությունից հետո կրթությունը շարունակելու ավելի բարձր հավանականություն

Կարդալով այս տողերը` մտածեցի, որ այս ամենին հնարավոր է հասնել նաև մասնավոր դասընթացներով և ուզում էի դադարեցնել հոդվածի ընթերցումը ու հենց այդ ժամանակ հանդիպեցի ծնողների ներգրավվածության սկզբունքների հետևյալ՝ մեր կրթահամալիրի մանկավարժությանը հոգեհարազատ տողերին.

  • Դպրոցական աշխատանքը կապել ընթացիկ հանրային իրադարձությունների և այլ թեմաների հետ
  • Նպաստել ուսումնատենչությանը` ուսումը կապելով ապագա մասնագիտության, ապագա պլանների հետ
  • Ուշադրություն դարձնել այնպիսի գործունեության վրա, որը նպաստում է ինքնուրույն որոշումներ կայացնելուն, անհատականոթյան ձևավորմանը
  • Տանը ստեղծել սովորելուն նպաստող միջավայր և այնպես անել, որ հաճելի լինի տանը որևէ բան սովորելը:

Երբ ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում 2-րդ և երրորդ դասարանցիների հետ սկսեցինք «Անգլերենը մեր տանը» ընտանեկան նախագիծը, 20-ից ավելի ընտանիք մասնակցեց այդ նախագծի իրականացմանը, և ես վստահ եմ, որ հենց այս չորս սկզբունքներն են կիրառվել: Սովորողներն իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու էին տեսաֆիլմ, որտեղ սովորողը պետք է անգլերեն պատմեր իր ընտանիքի, խաղալիքների, սենյակի մասին և ցույց տար իր «բացառիկ» կարողությունները:

Սկզբում մի փոքր անհանգստություն կար իմ մեջ այն առումով, որ սովորողները կդժվարանան կամ էլ՝ ծնողների զբաղվածության պատճառով նախագիծը չի իրականանա, քանի որ գործ ունենք 2-րդ, 3-րդ  դասարանցիների հետ: Բայց ի զարմանս ինձ, երբ Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Հասմիկ Սարգսյանի ֆիլմը հայտնվեց դպրոցի կայքում, այն ինձ շատ ոգևորեց, այդ թվում նաև՝ շատ ու շատ սովորողների, և սկսվեց ամեն օր մի նոր ֆիլմի թողարկումը դպրոցական կայքում:

Ուզում եմ առանձնացնել Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորող Սաթինե Տեր-Պետրոսյանի ֆիլմը, որտեղ նա անգլերեն երգում է, իսկ իրեն կիթառով նվագակցում է իր քույրիկը, և  այդ դիջի ընտանեկան համերգը տեսախցիկով նկարում է իրենց մայրիկը:

Ահա թե անգլերեը ինչպես է հյուրընկալվել Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Հրայր Սեմիրջյանի ընտանիքում, ուղղակի տեսնել է պետք, թե ինչ ոգևորությամբ է իր քույրիկի հետ երկխոսություն վարում, կամ թե՝ ինչ հավեսով է երգում ու պարում, և այդ ամենը նկարում է իրենց մայրիկը՝ միաժամանակ մասնակցելով նրանց անգլերեն զրույցին:

Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորող Վահե Մուսաելյանն իր ֆիլմում ցույց է տալիս իր անգլերենի գիտելիքները՝ նկարագրելով իր սենյակը: Դա նկարահանել է մայրիկը, իսկ ինքն էլ AVS ծրագրով ֆիլմն է պատրաստել:

Մարմնամարզական գեղեցիկ շարժումներ է ցույց տալիս իր ֆիլմում Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորող Գևորգ Հարությունյանը և թե ինչպես է իր հայրիկի հետ շախմատ կարողանում խաղալ: Այդ ամենը տեսախցիկով  նկարում է  ապագա բալիկի սպասող մայրիկը և ինքն էլ AVS ծրագրով ֆիլմն է պատրաստել: Փաստորեն ամբողջ ընտանիքն էր ներգրավված ֆիլմի ստեղծմանը:

Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորող Մարկ Հովհաննիսյանի ֆիլմի ստեղծման գործում նույնպես մեծ աջակցություն է ունեցել իր մայրիկը: Ֆիլմը նայելիս մեծ հիացմունք և միաժամանակ զարմանք ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես են այդ փոքրիկ ձեռքերը այդքան երկար կարողանում հարվածել դհոլին ու չեն հոգնում: Ֆիլմի երաժշտությունը ընտրել է մայրիկը ու AVS ծրագրով պատրաստել ֆիլմը:

Ներկայացնում եմ մյուս սովորողների ֆիլմերը առանց մեկնաբանության, որոնց մեջ իհարկե մեծ դեր են խաղացել իրենց ընտանիքի անդամները:

Բոլոր ներկայացված աշխատանքներից երևում է, որ ծնողները մեծ ոգևորությամբ են աշխատել իրենց զավակների հետ: Տնային առաջադրանքի կամ նախագծի իրականացումն էլ հաճույք է պատճառել նրանց: Հիշենք վերը նշված սկզբունքներից վերջինը. «Տանը ստեղծել սովորելուն նպաստող միջավայր և այնպես անել, որ հաճելի լինի տանը որևէ բան սովորելը»:

2-րդ և 3-րդ դասարանի սովորողները հաջողությամբ մասնակցեցին նաև «Ձոն» ստուգատեսին, իրենց պատրաստած անգլերեն և ռուսերեն բացիկները լեզուներով նվիրեցին իրենց սիրելի մայրիկներին: Իսկ 1-ին դասարանցիները փորձում էին օրվա ռադիոհաղորդման հերոսներ լինեին՝ իրենց մայրիկներին անգլերեն բարեմաղթանքներ ասելով:

Ճիշտ է՝ «Ձոն» նախագծին ծնողները անմիջական մասնակցություն չեն ունեցել, բայց նախագծի առանցքում սովորողների մայրերն են եղել, և բացի դրանից, այն իր բնույթով համահունչ է «Դպրոցական աշխատանքը կապել ընթացիկ հանրային իրադարձությունների և այլ թեմաների հետ» սկզբունքին, որի էությունն ընտանեկան է:

Օգտագործված աղբյուրը՝ “Family-School & Community Partnerships Bureau”:

Համար: 
Բաժին: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский