«Շրխկան» համույթ-լաբորատորիա

Դասվար-դաստիարակների զարգացման, վերապատրաստման, ինքնադրսևորման միջավայր
Նախակրթարանի սաների զարգացման կազմակերպման ձև

«Շրխկանը» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախադպրոցական կրթության դաստիարակներ-դասվարների մասնագիտական զարգացման երաժշտական գործունեության միջավայրն է: Կարելի է տեսական երկար-բարակ տեքստեր գրել, գիտական-մանկավարժական տեսություններ զարգացնել, կարդալ, քննարկել… ինչ կուզեք: Բայց գործը գործով է գործ դառնում, փորձով է զարգանում: «Շրխկան»-ով կարևորում ենք երկու բան՝

  • դասավանդողի վերապատրաստում-ինքնակրթություն հենց իր գործունեության միջոցով ու արդյունքում.
  • սաների ամբողջական (անառարկայական) գործունեության կազմակերպիչ դաստիարակի պատրաստում:

Դասավանդողի վերապատրաստման սեմինարը լաբորատորիա է, որտեղ ինքը՝ դասավանդողն է կատարողը, դիտող-դիտարկողը, արդյունք ստեղծողը, քննարկողը, կիրառողը, ներկայացնողը: Եղավ «Շրխկան» համույթ-լաբորատորիա: Համույթ-լաբորատորիա-փորձարան: Բացի այն, որ պարզապես սիրելի է շատերիս… Թեև սիրես-չսիրես, մեկ է, այստեղ երեխա ես դառնում, դառնում ես ազատ ու անկանխատեսելի: Սա մե՜ծ խաղ է, որ խաղում են մեծերը, հետո իրենց ներսի խաղով գնում են խումբ կամ դասարան ու շարունակում խաղը փոքրերի հետ:
Մեծ խաղը մեկն է, որ ամեն մեկն ի՛ր ձևով է խաղում, այստեղ խաղում են խմբով, խմբի հետ: Մեկ-մեկ էլ մենակ… ինչպես կուզի: Սա էլ եղավ «Շրխկան»-ը դասարանում կամ խմբում:

«Շրխկան»-ը`

  • երաժշտական համույթ է
  • դասավանդողների միջոցով, մասնակցությամբ դասավանդողների վերապատրաստման լաբորատորիա է
  • գործունեության միջավայր է, որտեղ կրթական ծրագիր է մշակվում, իրականացվում
  • … մեթոդական լաբորատորիա, որտեղ շատ բան մանկավարի է արվում:

Թե չէ ի՜նչ ծրագիր մանուկների համար:

Սեպտեմբերից մայիս «Շրխկան»-ը պատրաստել է 6 ամբողջական համար, որից մեկը Կոմիտասի մշակած 8 պարերից մեկն է: Որպես երաժշտական գործիք օգտագործում է շրխկացող, ծնգացող-ծլնգացող, չխչխկացող ցանկացած առարկա՝ փայտ, քար, երաժշտական գործիքներ, մանկական խաղալիքներ... բնաձայնություն, ծափեր, դոփեր:

Պատրաստի համարը խաղով է, երգով, խոսքով... ինչով խելքներս փչի կամ ինչը ինչի հետ կապվեց:
«Շրխկան»-ը պատրաստվում է Համբարձման ծեսին: Շա՜տ ենք ուզում, որ մերօրյա լինի, իրական, խաղերի շարան:
Հայաստանում դժվար թե գտնվի նման ոճով, ժանրով, մեթոդներով արտահայատչամիջոցներով ներկայացող համույթ՝ 2-60 տարեկան մասնակիցներով:  

Դաստիարակը մասնակից և սեմինարավար

Դասավանդողների միջոցով, մասնակցությամբ դասավանդողների վերապատրաստման լաբորատորիա է, համագործակցություն, փորձը, հմտությունը, շնորհը տալու-առնելու, փոխանցելու լաբորատորիա, ունակությունների ցուցադրման և զարգացման միջավայր: Դաստիարակները ծրագրի համատեղ մշակողներ և իրականացնողներ են:
Համագործակցող, համախոհ գործընկերների խումբ, սրանից լավ թի՞մ… Սրանից լավ համույթ–լաբորատորիա՞: Համույթ-լաբորատորիան հստակեցնում է իր գործունեության խնդիրները, ընտրում է ստեղծագործությունը կամ ստեղծագործությունները, մշակում՝ դարձնելով այն ելույթի և ուսումնական նյութ:

Թարս ու շիտակ
Դե թող դաստիարակները հորինեն, խաղան, օգտագործեն իրենց փորձը, լսեն ընկերներին, ներկայացնեն իրենց արածն ու չարածը, թող խոսեն ստացվածի ու չստացվածի մասին: Կենդանի, իրական քննարկում՝ փորձով ու անփորձությամբ: Բոլորն իրար լրացնելով, առաջարկները զարգացնելով ավելի ունակ են դառնում, ավելի ազատ ու ստեղծագործ, մեթոդապես ավելի հմուտ:
Ուսումնական նյութը սովորելիս, բեմադրելիս, խաղալիս նրանք հենց տեղում, հանպատրաստից խաղ են հորինում, իմացած խաղերն են օգտագործում, անհրաժեշտության դեպքում միացնում-ձևափոխում են

Հաճախ խաղը գալիս է խմբից, սաներից: 

Լինում է, որ խոսքը, գործը կիսատ են մնում, հնարք են գտել, բայց ժամանակ չկա, որ մի լավ (մշակել բառը չի կպչում) տան ու առնեն: Փառք մեդիային: Մեկ էլ շատ ուշ ժամի Ինգան գրում է.
- Երեխեք, գտել եմ, եկեք քարկտիկ խաղանք:
Նելին էլ, թե՝
- Խաղի նկարահանումն ինձ վրա:
Երկու օր հետո քարկտիկը հայտնվում է կայքում:
Քարկտիկ էր, թե պնդուկակտիկ, կարևոր չէ, կարևորն այն է, որ սաներն էլ սկսեցին խաղալ. Մի քիչ հաջող, մի քիչ անհաջող:

Բա շուտասելուկնե՜րը... Էլի այդ աննամուս ժամանակը չհերիքեց, ու մեդիայի «զրույցներից գլխի ընկանք», որ շուտասելուկ է պետք: Ով հուշեց, ով է հիշում: Ու դպրոց-պարտեզը լցվեց շուտասելուկներով՝ հին ու նոր հորինած, դրանք էլ միացան խաղին, երգին:

Խաղալաբորատորիա... Համույթի մասնակիցները աշխատում են՝ հաշվի առնելով իրենց սաների կարողությունները, ունեցած հմտությունները, նկատի են ունենում նրանց զարգացումը, տարիքային առանձնահատկությունները, խումբ-դասարանի յուրահատկությունները. ինչ է տանելու իր հետ դպրոց-պարտեզ…
Կարող է նույնիսկ նորաստեղծ խաղ-պարն էլ հետո խումբ-դասարան չգնալ, մեկ է, դաստիարակի մեջ զարթնած մանկությունն հաստատ գնում է: Ձեռք բերած փորձն ու հմտությունը, մտածողությունը, ներքին զգացողությունները խմբում լուսավոր, ստեղծագործական, զվարճալի, հրճվալի միջավայր են դառնում:
Մարդը վարժվում է համագործակցելուն, կենտրոնում չլինելուն, խմբով աշխատելուն, խմբի անդամներից մեկը լինելուն:

Համույթը ինքնադրսևորման, ինքնաբացահայտման ձև թե՞ տարածք

Անտաղանդ մարդ չկա, չէ՞: Տաղանդներն են տարբեր: Մեկ էլ տեղ է պետք տաղանդդ ցույց տալու:
Արտիստ դաստիարակ: Ամեն մեկն իր շնորհն է դրսևորում, փնտրում-գտնում ի՛ր անելիքը: Ասվածն անկարևոր չհամարեք: Գուցե ամենակարևորն է:
Չկայացած, չդրսևորված մարդ, այն էլ՝ դաստիարակ: Պատկերացնում եք, չէ՞:
Համույթի առաջին և վերջին պարապմունքներից երևում է խմբի ակտիվության զարգացումը: Սկզբում թելադրողը, որոշողները երաժիշտներն էին: Բայց դե դաստիարակը դաստիարակ չի, եթե պասիվ կատարող է: Հայտնագործելու հրճվանք, ստեղծագործելու վայելք... մարդիկ ասելիք ու անելիք ունեն, որոնք գնալով ավելի հստակ ու սիրելի են դառնում:

Բերված օրինակներում ներառված է սաների գործունեության մի քանի ձև, որոնց նախագծերը և իրականացումը կապ ունեն համույթ-լաբորատորիայի հետ:
Էլ ինչ սովորական, ի՜նչ կրկնություն, ի՜նչ հնացած:
Խաղը դառնում է ընդհանուր ու գալիս Մարմարյա սրահ:
Շրխկո՜ց, տզզո՜ց, բզզո՜ց...
Փորձ, նոր բան հորինելու-բստրելու ունակության ձևավորում-զարգացում: Առանց սրա խումբ կամ դասարան մտնելու իրավունքը կամ անհրաժեշտությունը ո՞րն է: Թե՞ թվում է՝ ունեցածը բավական է, զարագացնելը ավելորդ:
Եթե դու չես խաղում, ո՜նց ես խաղացնելու: Եթե մեջդ ամուր քնած է մանկությունը, ինչ ես անելու մանկան հետ. ձանձրալի պարապմունք՝ սեղանի կողքի աթոռին գամված:
Խումբ-համույթը սովորում է պատուհանից մտնել:

Դպրոց-պարտեզը համույթ- լաբորատորիա
«Շրխկան»-ի ելույթներում, սաների գործունեության ժամանակ՝ միանում են խոսքը, խաղը, երաժշտությունը, շարժումը, գործիքը, մարմինը, անգամ գիրն ու նկարը. երգին հասնելու, երգի տարածման կոմիտասյան սկզբունք: Սաներն իրենց ներքին ռիթմով, զգացողությամբ մարմնի իրական շարժումով դառնում են պարող-պարի ստեղծող: Մեծական պարն հետո է գալու՝ թեթև, աննկատ: Ռիթմ- երգ- հարմոնիա: «Տանողը» սաներն են դաստիարակի հետ:
Խմբերում, դասարաններում եղած շրխկաններին ավելացել են նորերը, դարձել բազմազան, շրխկանը դարձել է առօրյա, ամենօրյա. լուրջ բաները՝ ծափ-ծլնգոցով:
Ամբողջական խաղ ... ծանոթ երգն են երգում ու խաղում, մեկ էլ … մարզանքը վերածվեց խոսքի:
Խումբը փորձում է չկրկնել արդեն եղածը, արածը, երգին ուղեկցող պարզունակ շարժումները, փորձում է երգն ու խոսքը ավելի ակտիվ, շարժուն, բազմագույն դարձնել:
Երգը երբեմն ռիթմիկ արտասանություն է դառնում, երբեմն՝ որոշ հատվածներ միայն շարժումով են ներկայացվում: 
Սա նաև ճանապարհ է դեպի ծես: Ինչ ճանապարհ. իսկական ծես է, նոր, թարմ, կենդանի՝ ծեսի ծես:
Շրխկո՜ց, տզզո՜ց, բզզո՜ց...
Էլ ինչ է պետք 2-6 տարեկանին...

Համար: 

Կարծիք

Ես լսել էի <<Շրխկան>> համույթ-լաբորատորիայի մասին,որ այն երաժշտական մեթոդ է:Այն իրականացվում է խոսքի,երգի,պարի միջոցով,ինչպես կասեր տիկին Աիդան՝ինչ խելքներիս փչի:Ինձ համար նորություն էր սա:Իմացա,որ Շրխկանը կարող ես խաղալ թե խմբով,թե մենակ:Դաստիարակը իր ներսի խաղով գնում է երեխաների մոտ և շարունակում նրանց հետ:Դասավանդողի վերապատրաստման սեմինարը լաբորատորիա է,ինձ համար դա նորություն էր,որտեղ ինքը՝ դասավանդողն է կատարողը, դիտող-դիտարկողը, արդյունք ստեղծողը, քննարկողը, կիրառողը, ներկայացնողը:

Շրխկանի կամ չարխափանի մասին առաջին անգամ տեղեկացել եմ Քոլեջում, ինչպես նաև պատրաստել ենք և՛ կուրսով և՛ Քոլեջիկների հետ:Պատրաստման պրոցեսը շատ ուրախ անցավ: Երեխաները շատ էին ոգևորված, և պատրաստակամ...հաճույքով պատրաստում էին մեզ հետ:
Շրխկանը մանուկի մոտ զարգացնում է կենտրոնացումը, տեսողությանն է օգնում և իհարկե ավելի ուշադիր է դարձնում իրենց հենց ստեղծածի նկատմամբ:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский