Խոսքը, բառը սանի իրական խաղալիքներն են

Հեղինակ: 

Մարիա Մոնտեսորին պնդում էր, որ…

  • Եթե երեխային հաճախ են քննադատում, ապա նա սովորում է կշտամբել և պախարակել: 
  • Երբ երեխային հաճախ են գովում, ապա նա սովորում է գնահատել: 

Դաստիարակի աշխատանքը պատասխանատու աշխատանք է, քանի որ գործ ունի երեխայի հետ, որը իր կյանքն է ապրում քեզ հետ:  Դու օգնում ես նրան, խրախուսում, պայմաններ ստեղծում, դիտում-դիտարկում ես, գտնում նրա կարիքները, նրան մղում դրանք բավարարելու: 5-6 տարեկանում ավելի ակտիվ է դառնում սանի խոսքը: Խոսք, որի կարևոր միավորը բառն է:

Բառ

Առավոտյան ծեսի անբաժանելի մասն է բառը` բառախաղը: Ամեն օր նոր բառեր ենք ստանում` բառ+բառ=նոր բառ: Պատմեմ, թե ինչպես ենք նոր բառեր ստանում: Բառախաղի ժամանակ սաներից յուրաքանչյուրը բառ է ասում, հետո երկու բառ միացնում ենք իրար և նոր բառեր ստանում: Ծեսի ժամանակ սաներից մեկը ասաց սեղան, մյուսը` ականջ և ստացանք սեղանաականջ, ականջասեղան բառերը: Ստացված նոր բառերը փորձում են բացատրել: Սեղանաականջ` ականջ, որը նման է սեղանի (Վարսանյան Աստղիկ), ականջասեղան` սեղան, որի վրա դրված են շատ ականջներ (Գիրագոսյան Լիլի): 

5-6 տարեկանի լսողությունն արդեն զարգացած է, ականջը` սրված, ուշադիր լսում է, հարցնում անծանոթ բառերի իմաստը, ուղղում է ընկերոջ սխալ արտասանած բառը, ուշադիր է յուրաքանչյուր բառի նկատմամբ:

Մի քանի օր առաջ, երբ բակում խաղում էինք Ռոդարիի հնարքներով` ինչ կլինի եթե… սաներից մեկը խոսքի մեջ ասաց` մարդիկները, երկու վայրկյան անց նրան ընկերն ուղղեց և ասաց՝ մարդիկ, ոչ թե մարդիկները: Այստեղ երևում է սաների ուշադրությունը խոսողի նկատմամբ, ինքնուրույնությունը, որ կարող է ընկերոջ սխալն ուղղել: Նաև վառ արտահայտված են սաների հետաքրքրությունները (խոտերի մեջ զատիկ տեսան և միանգամից սկսեցին խոսել զատիկի մասին), ազատությունը, քանի որ գնացին իրենց հետաքրքրության հետևից:

Նույն օրը պատմում էի Ալիսա գլդորիկի մասին և սկսեցինք պատկերացնել, թե ով որտեղ կցանկանար մտնել, խառնշտել, քանդել` տեսնելով, թե մեջն ինչ կա, կամ ինչպես է այն աշխատում: Երեխաներն ինձ զարմացրին իրենց անհավանական, ստեղծական մտքերով: Ինձ բավարարված եմ զգում, երբ սաներն անում են անսպասելին, բառը բառին են միացնում, խոսքը խաղալիք են դարձնում, ու արդեն մտովի այն վայրում ես, ուր քեզ տանում են: Այդ ժամանակ ես էլ եմ դառնում իրենց խոսքերի խաղալիքը, և մի լավ զվարճանում ենք:

Տեսախցիկը միացնում եմ, ու սաներն սկսում են խոսել. ոչ մի նախապատրաստություն, ոչ մի ուղղորդում, միայն ազատություն: Հասկացել եմ, որ օրն անցնում է սահուն, երբ դու գոհ ես, բավարարված ես քո աշխատանքից, երբ մի լավ ծիծաղել ես սաների հետ:

Սանի խոսքը կարելի է զարգացնել, երբ խոսում ես իրեն համապատասխան թեմայով, որտեղ ինքը չի կաշկանդվի, կմիանա խոսակցությանը, կպատմի իր փորձը, անգամ իր խոսքի մեջ ակտիվություն, ոգևորություն կնկատես, քանի որ խոսում ես իր աշխարհից, իր առօրյայից: Այսպես կապը սանի հետ ավելի բնական է ստացվում:

Սրա հիմքում այն է, որ կրթահամալիրում իրականացվում է կրթություն` կյանքով, կյանքի համար: 5-6 տարեկաների ուսուցման ծրագիրը այդպիսի կրթության վառ օրինակն է: Խոսքը ամենուր է` բակում խաղալիս, ստեղծագործելիս, զրուցելիս, փորձեր կատարելիս, ճամփորդելիս… բառով խաղում ենք ամեն օր:

Խոսքը, բառը, շարժումը, շրխկոցը համադրել ենք իրար, խոսքը դառնում է սանի իրական խաղալիքը, բարձր կամ ցածր կասի, երանգավորված, շրխկոցով, ցույց տալով կասի, մի լավ կխաղա, խաղ կդարձնի: Բառերով այնքան ենք խաղում, որ մեկը մյուսի հետևից հետաքրքիր լիմերիկներ են ասում. լիմերիկ հորինելը բավականի բարդ է, սանը մի լավ պետք է երևակայի, որ կարողանա բառերով խաղալ, բայց ամենօրյա խաղը սաներին ասիճանաբար հմտացնում է:

Հիմա փորձում ենք բառ-այբբենարաններ ստեղծել: 

Փորձեցինք բառը և նախադասությունը կապել իրար. ամեն մեկն ասում է մի բառ, սկզբում ասած բառը վանկատում էին, բայց հենց սկսեցինք բառերը հաշվել, հասկացան խաղի իմաստը: Սանը պետք է հիշի և իր ասած բառը կապի նախորդ բառերի հետ: Այսպես գնացինք մտքի ետևից, և ստացվեց մի մեծ, բառերով հարուստ նախադասություն` տասնինը բառ: Այս բառախաղը զարգացնում է հիշողությունը, կենտրոնացում Է պահանջում, փորձում են հաշվել բոլոր բառերը:

Ամենօրյա բառախաղը ոչ միայն հարստացնում է բառապաշարը, այլև սանը ձեռք է բերում բառազգացողություն:

Ազատ խոսք, ինքնավստահություն

Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:Մարիա Մոնտեսորի

Սանին խոսքի նկատմամբ վստահություն պետք է ներշնչել, նրան ազատ հաղորդակցվելու, արտահայտվելու հնարավորություն տալ, խրախուսել ազատ խոսքը: Շատ հաճախ գործունեության ժամանակ, սանը կարող է մոտենալ և պատմել նախորդ օրվա մասին մի փոքրիկ հատված, որը կապված չէ իրականացվող աշխատանքի հետ, բայց այդ պահին նրա համար կարևոր է պատմելը, կիսվելը, և դու պետք է հարգանքով, ուշադիր լսես նրա պատմությունը, քանի որ իր համար քո ուշադրություն շատ կարևոր է, դա իրեն վստահություն է ներշնչում: Եթե դիտողություն անես, հարգալից չլինես, այստեղ, իհարկը, կտուժի խոսքը: Ցանկացած միջամտություն կաշկանդում է սանին:

Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը: Մարիա Մոնտեսորի

Սանը ամեն ինչ շատ լավ տեսնում, զգում է և հաճախ նրա խոսքը զարմացնում է, կարող են այնպիսի բառեր օգտագործել, որ զարմանաս:

Խմբում մենք դիտարկող ենք, ոչ թե մանկավարժ-դաստիարակ: Շատ իրավիճակներում խոսում ենք սաների հետ որպես ընկերներ:

Խոսքի զարգացման ամենաարդյունավետ ձևը բնական հաղորդակցումն է: Պետք է կարողանաս սանի հետ հաղորդակցման եզրեր գտնել, խոսել իրեն հետաքրքրող թեմաներով: Ինձ հետաքրքիր էր, թե ով ինչպես է արթնանում, ես ասացի իմ օրինակը, որ ես արթնանում եմ, երբ զարթուցիչն է զնգում, իսկ սաները պատմեցիք իրենց արթնանալու ընթացքը:  Մեկը արթնանում է, երբ շոկոլադ են տալիս, մյուսը` եղբոր ճվոցից, երրորդը` մեքենայի ազդակից…կարևորը հաղորդակցման եզրեր գտնելն է:

Բառախաղ. բառը՝ իրական-ֆիզիկական

Ինչ անել, որ սանը տառերով ու բառերով խաղա, ինչպես խաղալիքի հետ կխաղար, անընդհատ խաղա և չհոգնի: Մտածեցի բառախաղ անել, կենդանի բառախաղ, բառերից դոմինո պատրաստեցինք, յուրաքանչյուրը ստանում է երեքական քարտ և մեկը դնում կենտոնում, երկու կողմերում միավանկ բառեր են գրված (շուն, մուկ) սաները պետք է կարդան բառերը, հետո ուշադիր նայեն իրենց քարտերի վրա գրված բառերին, եթե ունեն (շուն կամ մուկ) պետք է ճիշտ բառը համապատասխան բառին մոտեցնեն: Սկզբում սխալվում էին, ճիշտ բառը մոտեցնում էին սխալ բառին, սակայն այս ընթացքը` սխալվելու ընթացը, նույնպես հետաքրքիր էր, ավելի արագ կողմնորոշվող, կարդացող սաները իրար օգնում էին, հուշում և բառախաղը դառնում էր իրական, կենդանի: Քանի որ խմբում կա քսաներկու սան, բաժանեցի խմբերի, որ աշխատանքը արդյունավետ լինի, մյուս խմբի համար պատրաստեցի բաժակներով բառախաղ: Թափանցիկ բաժակների վրա կպցրեցինք տառերը, սաները, տառերը իրար կողքի դնելով, պետք է  հավաքեին բառեր: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ խանդավառությամբ էին խաղում, այ սա իսկական խմբային աշխատանք է, իրար օգնելով, մեկը մի տառն էր գտնում, մյուսը հաջորդ տառն էր փոխանցում, երրորդ էլ արդեն տառերով ճիտ բառն էր հավաքում ու կարդում էին: 

Բաժակատառը և բառերով դոմինոն սաների իրական խաղալիքներն են:

Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը: Մարիա Մոնտեսորի

Ինչ էլ անես չես կարողանա երեխային շեղել իր հետաքրքրություններից, եթե երեխան սիրում է թատրոնը, սիրում է սեղծագործել, երևակայել, հորինում է այնպիսի պատմություններ, որոնք հոգեհարազատ են իրեն, պետք է աջակցել նրան, խրախուսել:

Իմ աղջիկը` Անի Հարությունյանը, իմ խմբի սանն է: Սկզբում մտահոգվում էի, որ միգուցե սխալ եմ գործում` երեխային ինձ մոտ պահելով, բայց այն, թե ինչպես է նա աշխատում, ինքնուրույն գործում, դա ինձ ապշեցնում է: Մի օր մտա խոհանոց, լույսը անջատած էր, բայց ձայներ էին գալիս, մոտեցա տեսնեմ, վերցրել է հեռախոսը, լույսը գցել պատի վրա, ստացել է ստվերային թատրոն, երկու ձեռքով կենդանիներ է ցույց տալիս և զուգահեռ հեքիաթ պատմում, իր հեքիաթը, խաղացնում է ձեռքերը ու պատմում, ի˜նչ ստվերային թատրոն էր: Ակնհայտ երևում է միջավայրի ազդեցությունը, ինքնուրույնությունը, սերը դեպի թատրոնը, խաղը… 

Ու հիմա էլ, երբ աշխատում ենք պլաստիլինով, խմորով, կավով, ասում է` հետո հեքիաթ ենք չէ՞ պատմելու, իրեն գրավել է խոսքը, խոսքով խաղալը, սիրում է խոսել, պատմել:

Հեքիաթ հորինելը սաների ամենասիրած գործունեություններից է, սիրում են հորինել, բայց անընդհատ ստեղծագործելը հեշտ աշխատանք չէ, հատկապես, երբ պետք է շարունակել ընկերոջ կիսատ թողած խոսքը (միտքը): Նման աշխատանքներ շատ ենք արել`աղանկարչությունը, որի ընթացքում սեղանների վրա մատիկով նկարում են և պատմում մեկը մյուսի կիսատ թողած հեքիաթը, ամենաերկար հեքիաթը, որտեղ կրկին շարունակում են ընկերոջ կիսատ թողած միտքը, բայց այս անգամ արդեն ավելանում է գիրը:

Այստեղ սաների խոսքի զարգացմանը նպաստում է դաստիարակի օգնական` Տաթև Հարությունյանը: Դա ճիշտ համագործակցության կապն է երկու դաստիարակների միջև, որը նպատակաուղղված է ազդում խմբի զարգացման վրա:

Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
Մարիա Մոնտեսորի

Շատ հաճախ, երբ միացնում եմ արդեն նկարահանված նյութը, երեխաները իրենք են գտնում իրենց և ըկերների սխալ արտասանած բառերը, այ հենց այդ ժամանակ էլ շտկվում է խոսքը:

Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով: Մարիա Մոնտեսորի

Երեխաների աշխարհը շատ ավելի գունեղ է, քան մենք կարծում կամ տեսնում ենք, խոսքն էլ այդպիսին լինելու անհրաժեշտությունն ունի: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский