Հավաքից հավաք

Այս տարի մայիսյան հավաքին ներկայացնում եմ իմ մեկ տարվա աշխատանքի արդյուքները: Ասեմ, որ կրթահամալիրը լինելով մոբիլ և ստեղծական դպրոց և ապահովելով դրա համար անհրաժեշտ միջավայրը, ամեն տարի, որպես առաջընթաց, մի նոր ուսումնական ու հետաքրքիր նախաձեռնությամբ է առաջ գալիս:

Ինձ համար ասեմ, որ մի քանի տարի առաջ, որպես նորամուծություն ստեղծվեցին դասավանդողի ու սովորողի  ուսումնական բլոգները, այսօր դա արդեն մեր դասավանդման մեջ բաղկացուցիչ մասն է կազմում: Այս տարի արդեն իմ բլոգի առանձին բաժին են կազմում բլոգային դասագրքերը՝ 4-5-րդ դասարանցիների բնագիտություն և հայրենագիտություն: Բլոգային դասագրքերը համարում եմ իմ այս տարվա ստեղծած նյութերից կարևորագույնը, այն շատ աշխատատար է, բայց արդյունքն ավելի գոհացուցիչ՝ ժամանակի խնայողություն, անմիջապես սովորողին հետաքրքիր ու մատչելի նյութի տրամադրում և այլն: Այս մասով կփորձեմ փակագծերը մի քիչ բացել:

Արդեն 12-րդ տարի է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ բնագիտություն առարկան (2014-2015-ին` Գեղարվեստի և Նոր դպրոցի 4-5-րդ դասարաններում): Այս ոչ այնքան էլ երկար ժամանակահատվածում, ինչպես կրթահամալիրն է ամեն տարի մոբիլ ու ստեղծական ներկայացել, այնպես էլ բնագիտության առարակայի դասավանդման ընթացքն եմ փորձել համահունչ զարգացնել: Կներկայացնեմ իմ վերջին երկու տարիների փորձը, որ ընդհանրապես համեմատելի չէ կրթահամալիր մուտք գործած առաջին տարիներիի հետ, իհարկե, բացառապես լավ իմաստով: Բնագիտության ծրագրի անբաժանելի մասն են կազմում հետազոտական և ուսումնական տարբեր լաբորատոր փորձերը, այստեղ բավականին աշխատանք է արվել, ընդհուպ այն, որ սովորողները փորձեր են անում տանը՝ մեծերի հետ (փորձը կամ իրենք են ընտրում, հորինում, ստեղծում, կամ օգտվում են իմ բլոգի բնագիտական փորձեր բաժնից): Բացի այդ ինքնուրույն ու հետաքրքիր փորձեր կատարելուն նպաստում է նաև մեր ուսումնական միջավայրը` բնագիտության կահավորված լաբորատորիան:

Անցած տարի հիմնականում աշխատել ենք նախագծերով, իսկ այս ուսումնական տարում, որպես նորամուծություն (որպեսզի դասավանդումն ավելի մոբիլ լինի)  իմ բլոգում բացել եմ նոր ենթաբաժին՝ բլոգային դասագիրք․ հայրենագիտություն 4բնագիտություն 4, հայրենագիտություն 5բնագիտություն 5, նոր նյութի, առաջադրանքի հանձնարարում, քննարկումներ, առցանց դասեր և այլն, կազմակերպվել են իմ ուսումնական բլոգի միջոցով: Բլոգային դասագրքերը մի քիչ ավելի ծավալուն  աշխատանք են՝ խմբագրել, որոշակի թարգմանություններ անել, լրացնել և այլն, բայց այն նպաստում է սովորողի և դասավանդողի ժամանակի ռացիոնալ օգտագործմանը, դասավանդման նյութի ամբողջական և հետաքրքիր մատուցելուն: Ասենք, օրինակ, երբեմն-երբեմն չենք հավանում կամ չեն համաձայնում  դասագրքի նյութի հետ,  այս դեպքում կարելի է այն փոխել, խմբագրել, դարձնել ավելի մատչելի սովորողի համար, բացի այդ` պատրաստի հղումով նյութը օրացույցի միջոցով ամեն դասից հետո ուղարկվում է սովորողին: Եթե սովորողներին հետաքրքրում են այլ բնագիտական երևույթներ, անմիջապես իրենց մատչելի լեզվով փորձում ենք ստեղծել ուսումնական նյութ` առանց անընդհատ կառչելու դասագրքից: Բլոգային դասագրքերի ստեղծմանը զուգընթաց սկսել եմ թարգմանել  Ա. Դիմիտրիևի «1000 ու 1 փորձերի» բնագիտական ժողովածուն: Ի դեպ Ռուսաստանի շատ դպրոցներում հենց այս գրքից են օգտվում բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչները:

Հաջորդ իմ գործունեությունը արշավներն են: Քանի որ դուստրս փոքր է, արշավում ենք դեռ մեկ օրով: 2014-2015 թվականին 15 արշավ եմ կազմակերպել՝ Ամբերդ, Թալին, Արուճ, Խոր Վիրապ, Արտաշատ մայրաքաղաքի հնավայր, Հայրիվանք, Բջնի, Արգիշտխինիլիի ավերակներ:

Այս ուսումնական տարում ձեռքբերում եմ համարում «Ես պարտիզպան եմ» նախագծով կանոնավոր պարտիզպանություն անող 4-5-րդ դասարանցիների խմբերի գործունեությունը: Նախագծի արդյունքում սովորողները դարձան ավելի պատասխանատու և պարտաճանաչ պարտիզպաններ: Ճիշտ է, կրթահամալիրում միշտ խրախուսվել են նման աշխատանքները, միշտ կատարել ենք, բայց այս տարի այն ավելի զարգացավ ու դարձավ կենսակերպ: Սովորողների պատասխանատու վերաբերմունքը, խանդավառությունը, ուշադրությունն իրենց խնամած ծառերին, թփերին, տարածքներին, պատասխանատու հերթապահությունը․․․

Բնատեխնիկական ստուգատեսին հանդես եմ եկել «Բլոգային դասագրքեր» հոդվածով:
Էկոտուր 2015-ին ներկայացրել եմ «Ես պարտիզպան եմ», Հրազդան գետ նախագծերը:

2014-2015 ուստարում  բնագիտություն և հայրենագիտություն առարկաներից աշխատել ենք հետևյալ նախագծերով՝

Տարբեր նախագծերով և դասընթացների ծրագրով այցելել և հետաքրքիր պարապմունքներ ենք ունեցել հետևյալ թանգարաններում և երևանամերձ վայրերում՝

  • Երևան քաղաքի պատմության թանգարան
  • Էրեբունի թանգարան
  • Մատենադարան
  • Կարմիր բլուր
  • Ծիծեռնակաբերդ
  • Բնության թանգարան
  • Երկրաբանական թանգարան

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский