«Ռադիո 5, 6 ու արդեն 7». ուսումնական նախագիծ

XXI դարը, իրավամբ, թվային տեխնոլոգիաների դարաշրջան է: Եթե ապրում ես այս դարում, անկախ քո ցանկությունից, մեդիան դառնում է  կյանքիդ մի մասն ու  ուղեկիցը: Երբեմն էլ՝ օդ ու ջրի պես անհրաժեշտ: Հենց այդ անհրաժեշտությունից  ելնելով` այն ներխուժել է դպրոց, դարձել ուսումնական առօրյայի սովորական, բայց կարևոր բաղկացուցիչ: Այո, ինչի համար են մեդիագործիքները, եթե չեն նպաստելու, որ մարդը անընդհատ սովորի, եթե չեն նպաստելու մարդու զարգացմանը, կյանքը ավելի հետաքրքիր ու գունեղ դարձնելուն: Բազմաթիվ թվային գործիքներ վաղուց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դարձել են ուսուցման կազմակերպման անբաժան տարրերից, առանց թվային գործիքների արդեն անհնար է պատկերացնել գործունեության որևէ ձև:

Մի քիչ թվային ձայնագրիչի մասին: Ձայնագրիչի միջոցով սովորողները ստեղծում են բազմաթիվ ուսումնական նյութեր՝ աուդիոհեքիաթներ, աուդիոբանաստեղծություններ, ռադիոթատրոն, պատմում են իրենց առօրյայի մասին, մասնակցում են ասուլիսներին և այլն:

Ձայնագրիչը ոչ միայն պարզապես ձայնագրում է, այլև լուծում է մի շարք խնդիրներ՝ ինքնարտահայտման (սովորողը բավարարում է իր ինքնարտահայտման պահանջմունքը), լեզվական (սովորողները երբեմն խոսելիս, կարծես, կուլ են տալիս հնչյունները, մինչև վերջ չեն արտասանում բառը կամ արտաբերում են շատ ցածր ձայնով, որը լսելի չէ զրուցակցին), հաղորդակցական (մամլո ասուլիսները նպաստում են դրան), համագործակցային (ռադիոհաղորդումներին պատրաստվելը): Հենց այստեղ է, որ ձայնագրիչը կարծես «շտապ օգնություն»  լինի: Ձայնագրում ենք, լսում ձայնագրածը ու ուղղում:

Ինչպես ծնվեց «Ռադիո 5»-ը:

2013-2014 ուստարում՝ 5 տարեկանների ուսուցման առաջին տարում զրույց-պատումը ամենօրյա գործունեության պարտադիր բաղադրիչ էր: Սովորողները պատմում էին ամեն ինչի մասին՝ իրենց, իրենց գործունեության, շրջապատող աշխարհի, կատարած դիտարկումների և այլն: Մի օր էլ զրուցեցինք ռադիոյի մասին. սաները պատմեցին, թե ինչ է ռադիոն, դրանով ինչ են անում, որից հետո սովորողների հետ միասին որոշեցինք ստեղծել մեր ռադիոն, ռադիոյին անուն դրեցինք՝ «Ռադիո 5» (որովհետև ստեղծողները 5 տարեկաններն են) ու ձայնագրեցինք առաջին ռադիոհաղորդումը: Առաջին ռադիոհաղորդումը հենց ռադիոյի մասին էր: Մեր հյուրը Նարեկ Բադալյանի մայրիկն էր, ով մասնագիտությամբ լրագրող է և սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին: Առաջին ռադիոհաղորդման ընթացքում սովորողները ձայնագրիչից օգտվելու, հարցեր տալու,  հարցազրուց վարելու առաջին փորձը ձեռք բերեցին: Սկիզբը ոգևորեց նրանց, և սկսեցինք շարունակել մեր ռադիոհաղորդումների շարքը:

Լրագորղները բոլորն են`խմբի բոլոր սաները, միշտ միասին ենք որոշում ռադիոհաղորդման թեման: Ռադիոհաղորդումները միայն զրույց-պատումներ կամ ռադիոթատրոններ չեն, փոքրիկ լրագրողները մասնակցում են նաև ասուլիսների: Նախապես իմանալով ասուլիսի թեման`ուսումնասիրում ենք, քննարկում, սաները մտածում են, ասուլիսի հարցերը:

«Ռադիո 5-ը» մասնակցել է երկու ասուլիսի `

«Ռադիո 5»-ի ստեղծած աուդիոգրքերը և ընդհանրապես բոլոր թողարկումները լսեք մեր բլոգում:

Իսկ ինչ ունի սկիզբ, ունի նաև շարունակություն: «Ռադիո 5»–ն էլ սովորողների հետ մեծացավ, դարձավ «Ռադիո 6» (արդեն 7): «Ռադիո 6»-ի լրագրողները որոշեցին իրենց «Ռադիո 5-ը» նվիրել են 5 տարեկաններին:

Այս ուսումնական տարում  շարունակում ենք նույն կերպ աշխատել. սովորողները ավելի ինքնուրույն ու ինքնավստահ  են դարձել: Հենց այդ ինքնուրույնությունն ու ինքնավստահությունն էր պատճառը, որ «Ռադիո 6»-ից ծնվեց Յանա Խաչատրյանի  «Ուրախ ռադիոն», այսինքն՝ դասարանական ռադիոյից զատ ունենք նաև անհատական ռադիո: Ռադիոն գնացել է տուն ու այնտեղից է պատմում: «Ուրախ ռադիոյի» թողարկումները լսեք մեր բլոգում: Իսկ այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես են ստեղծվում «Ուրախ ռադիոյի» հաղորդումները: Հուսամ, որ դասարանի բոլոր սովորողները կոգևորվեն, միգուցե 2015-2016 ուստարում մեր դասարանում ռադիոների շքերթ լինի…

Մի քիչ այն մասին, թե ինչպես են ստեղծվում ռադիոհաղորդումները կամ  ռադիոհաղորդման ստեղծման պատմություն: Նախ, մեզ անհրաժեշտ են աշխատանքային գործիքներ՝ թվային ձայնագրիչ, երբեմն այն փոխարինվում է բջջային հեռախոսով, համակարգիչ՝ ռադիոհաղորդումը մոնտաժելու, այն բլոգում, կայքում  տեղադրելու և տարածելու համար:

Թեմաները բազմազան են, ռադիոհաղորդումը կարող է ներառել զրույց-պատում՝ որևէ առարկայի, երևույթի մասին, հարցազրույցներ, տեղեկատվական նյութեր, ծննդյան շնորհավորանքներ, ռադիոթատրոն և այլն:

Մենք հաճախ ենք աշխատում կավով, ու սովորողների մոտ հարց առաջացավ, թե ինչ է կավը, ինչից են այն ստանում: Սկզբում սկսեցին իրենց ենթադրություններն անել, իրենց փորձով բացատրել, հետո հարցազրույց վերցրեցին ընկեր Մովսեսից, սովորողներն են որոշում, թե ինչ հարցեր պետք է տալ: Լինում են դեպքեր, որ անհրաժեշտ է լինում մեծերից, համացանցից կամ գրքերից տեղեկություններ քաղել և գործածել տվյալ ռադիոհաղորդման մեջ:

Ի՞նչ է տալիս ռադիոն սովորողներին:

Սովորողների համար ինքնադրսևորման հարթակ է, հարցեր տալու, տվյալ իրավիճակում կողմնորոշվելու հմտությունն է զարգացնում: Տեղեկություններ հավաքելու և դրանք այլոց հաղորդելու կարողությունն է զարգացնում: Զարգացնում է բանավոր խոսքը:

Ռադիո 6-ը դարձել է նաև «Սեբաստացի» ռադիոյի թղթակիցը: Ամսվա մեջ մեկ-երկու անգամ մեր լուրերը թողարկվում են նաև «Սեբաստացի» ռադիոյի եթերում:

Մայիսյան հավաքին ընդառաջ ինձ ու «Ռադիո 6»-ի լրագրողներին առաջարկ` փորձենք  ռադիոհաղորդումների միջոցով ամփոփել  ուսումնական նախագծերը: 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский