Ռադիո. ուսումնական աշխատանք և ինքնարտահայտման միջոց

Որպես մայրենիի ուսուցիչ՝ իմ խնդիրը սովորողի խոսքի մշակման և ինքաարտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելն է: Խոսքի մշակումը և ինքնաարտահայտումը փոխկապակցված են: Սովորողը պետք է կարողանա արտահայտվել, ասել իր մտածածը, բանավիճել, քննարկել, խոսել, պատմել տարբեր երևույթների մասին և այլն: Բոլոր սովորողները չէ, որ կարողանում են այս ամենն անել, բայց սա ամենևին չի նշանակում, որ նրանք չեն կարող կամ ընդունակ չեն: Պետք է սովորողին ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու հնարավորություն տալ: Ահա նման մի հնարավորություն է ուսումնական ռադիոն:

2014-2015 ուսումնական տարվա ընթացքում համակարգել և ղեկավարել եմ «Հիմնական» ռադիոն: Բնականաբար, ռադիոթողարկումներն ինձ համար նոր չէին, բայց սովորողներն էին ուրիշ: Իսկ նոր աշխատանք սկսելիս կարևոր է ճանաչել սովորողներին, հասկանալ նրանց հետաքրքրությունները, որպեսզի համագործակցությունն ավելի հեշտ ստացվի: Այս պարագայում ինձ իսկապես օգնության եկավ ռադիոն և դարձավ մեր հետաքրքրությունների գլխավոր առարկան:

Ինչպե՞ս է ռադիոն օգնում սովորողի խոսքի զարգացմանը կամ ինքնարտահայտմանը: Պետք է ասեմ, որ ռադիոն ոչ միայն օգնում, այլ հստակ տեսանելի է դարձնում խոսքի զարգացումը: Երբ սկսեցինք առաջին թողարկման ձայնագրություններն անել, կարելի է ասել՝ մի լավ «տանջվեցինք»: Նախ պետք էր հստակ պատկերացնել, թե ի՞նչ աշխատանքով ենք զբաղվում, ի՞նչ է իր մեջ ներառում այդ աշխատանքը, ի՞նչ հերթականությամբ պետք է անել և այլն: Դասաժամի առաջին քսան րոպեներին կատարեցինք աշխատանքի բաժանում, յուրաքանչյուր սովորող ունեցավ ընդհանուր աշխատանքում իր բաժինը, և սկսեցինք ձայնագրումը: Կարճ տեքստը ստիպված էինք լինում մի քանի անգամ ձայնագրել, երբեմն սովորողը հուզվում էր, երբեմն արտաքին աղմուկն էր խանգարում, երբեմն ուղղակի չէր ստացվում: Ձայնագրիչը հնարավորություն է տալիս ձայնագրել խոսքը և լսել. թվում է՝ փոքր բան է, բայց հսկայական է ազդեցությունը: Ձայնագրության ավարտից և վերջնական նյութը ենթակայքում հրապարակելուց հետո կազմակերպեցինք քննարկում, լսեցինք ձայնագրությունը, փորձեցինք հասկանալ, թե որ հատվածում ենք սխալվել, ինչպես անենք, որ ավելի հետաքրքիր և ավելի լավ ստացվի: Սովորողներն արտահայտեցին իրենց մտքերը, սկսեցինք աշխատել քննարկման արդյունքում որոշված ծրագրով: Այնուամենայնիվ, չեմ կարող ասել, որ հաջորդ մի քանի աշխատանքները որակապես տարբերվում էին առաջին թողարկումից: Գերազանց արդյունքը մի փոքր երկար ժամանակ է պահանջում:

Արդեն ասածիս հիման վրա փորձեմ առանձնացնել, թե ռադիոն ինչ խնդիրներ է լուծում.

  • բանավոր խոսքն ավելի մշակված և ավելի գրագետ է դառնում. սկսում են կարևորել հարցը, դրա ձևակերպումը.
  • զրուցակցին լսելը և դրան համապատասխան արձագանքելը դառնում է անհրաժեշտություն.
  • սովորողը վերլուծում է, պատմում, կարծիք հայտնում.
  • մշակվում է լրագրողական կրթահամալիրային էթիկա. պայմանավորվում են՝ ով ինչի մասին խոսի, սկսում են մտածել՝ ինչի մասին ինչպես պետք է խոսել...
  • զարգանում են մեդիահմտությունները, սովորում են նոր մոնտաժային ծրագրեր.
  • ինքնարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն է տալիս:

Ռադիոյի առաջին նպատակը օպերատիվ տեղեկատվության փոխանցումն է, ավելի հստակ՝ կրթահամալիրային իրադարձությունների լուսաբանումը, անդրադարձը ստուգատեսներին, տարաբնույթ միջոցառումներին, ցուցադրություններին, նորամուտներին, և ներդպրոցական (մեր դեպքում՝ Հիմնական դպրոցին վերաբերող) լուրերի հաղորդումը: Բացի այս աշխատանքից սկսեցինք թողարկել մինի-ռադիոներ: Սա սովորողների նախաձեռնությունն էր: Սովորողները բաժանվեցին փոքր խմբերի՝ երկու կամ երեք հոգուց կազմված, ընտրեցին իրենց հետաքրքրող թեման և սկսեցին աշխատել: Ինչպե՞ս էր արվում այս աշխատանքը. տանը կամ դպրոցում, իրար հետ համագործակցելով, սովորողները համացանցից ընտրում էին որևէ նյութ, փորձում նյութն ավելի հետաքրքիր ներկայացնել, երբեմն իրենց տեսակետն էլ էին արտահայտում, այնուհետև դպրոցում ձայնագրվում էին և սկսում կատարել մոնտաժային աշխատանքները: Ավարտելուց հետո իրենց էջից տեղադրում էին ենթակայքում: Մինի-ռադիոները հետևյալ անվանումներով էին՝ Մարզական ակումբ, Արվեստ, Աշխարհով մեկ, Հետաքրքիր է իմանալ:

Հարցազրույց: Ռադիոն առանց հարցազրույց չի լինում: Միշտ էլ հետաքրքիր է այս կամ այն հարցի մասին իմանալ մյուսների տեսակետը կամ լսել նրանց տպավորությունները: Դա էլ հենց արվում է հարց ու պատասխանի կամ զրույցի միջոցով: Ընդ որում, երկրորդն ավելի մտերմիկ հարցազրույց է ենթադրում: Հարցազրույց վերցնելուց առաջ ընտրում ենք թեման, այնուհետև կազմում հարցեր, բայց սա չի նշանակում, որ զրույցի ընթացքում չեն կարող նոր հարցեր առաջանալ: Տարվա սկզբին, երբ նոր էինք սկսում ռադիոյի աշխատաքները, հարցեր կազմելիս մշտապես օգնում էի, ուղղորդում, իսկ այժմ ես միայն արված աշխատանքի դիտորդն եմ ու իրենց հետ արդյունքը քննարկողը: Հիմա արդեն սովորողներն իրենք են թեմա առաջարկում, կազմում հարցեր, որոշում, թե ումից են ուզում լսել պատասխանը:  Այստեղ պետք է նորից անդրադառնամ խոսքի մշակմանը: Հարցազրույցը մեծապես օգնում է խոսքի զարգացմանը և մշակմանը, հարցազրույց վերցնող սովորողը պետք է ուշադիր լինի իր խոսքին, գրագետ և հասկանալի խոսի: Մեծանում է պատասխանատվությունը, որովհետև հաճախ հարցազրույց ենք վերցնում դպրոց եկած հյուրերից և այդպիսով նաև ներկայացնում մեզ, մեր դպրոցը, կրթահամալիրը:

Ռադիոնյութի հաջողությունը մեծապես կախված է մոնտաժային աշխատանքից, ճիշտ երաժշտության ընտրությունից: Տարվա ընթացքում մեր ռադիոնյութերը գործընկերներիս, ծնողների գնահատմամբ ավելի գրագետ են դարձել: Եթե սկզբում դժվարանում էինք, և լավ ձայնագրություններ չէին լինում, ապա հիմա ավելի արագ ենք աշխատում, ավելի հեշտ ենք ընտրում թեման, սովորողները խոսում են առանց սխալների, և մոնտաժելիս երկար աշխատանք չի պահանջվում: Երբեմն ավելի շատ ժամանակ ենք ծախսել երաժշտության ընտրության համար, դժվար է լինում նյութին համապատասխան ընտրություն կատարելը, բայց արդեն ունենք երաժշտության որոշակի հավաքածու (հավաքվել է տարվա ընթցաքում արված ռադիոնյութերից), որը դեռ համալրվում է: Համեմատության համար կարող եք լսել առաջին ձայնագրությունը և վերջին ձայնագրություններից որևէ մեկը:

Կրթահամալիրի ռադիոպատմության մեջ կարևոր առաջընթաց էր միասնական, համակարգված« Սեբաստացի» ռադիո ստեղծումը, որը թողարկվում է հստակ ժամին, և կարծում եմ ունի ռադիոունկնդիրների հստակ ցուցակ: Նշեմ, որ «Հիմնական ռադիոն» արդեն քսան անգամ եղել է կրթահամալիրային ռադիոյի համակարգողը: 

Ռադիոն շարունակական աշխատանք է, և պարտադիր չէ այն մի խմբի հետ անել, աշխատանք է, որին հաճույքով մասնակցում են բոլոր սովորողները: Այսպես Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ որոշեցինք թողարկել «Արևիկներ» ռադիոն: Սա արդեն դասարանական ռադիո է, որին մասնակցում են միայն այդ դասարանի սովորողները: Ռադիոն սկսեցինք թողարկել, որպեսզի ներկայացնենք Դիջիթեք 2015-ին: Ճիշտ է, մրցանակ չստացանք, բայց այդ հանգամանքը չխանգարեց, որ հետո էլ շարունակենք թողարկումները: Սկզբում ներկայացնում էինք դասարանական նորությունները, հետո քիչ-քիչ սկսեցինք կենտրոնանալ մայրենիի վրա, պատմել, թե ինչ ենք կարդում, ինչ խորհուրդ կտայինք կարդալ և այլն: Արդեն ունենք 3 թողարկում՝  1, 2, 3:

Ավելացնեմ, որ ռադիոյի ստեղծման աշխատանքը չի սահմանափակվում ուսումնական պարապմունքով, դպրոցի տարածքով. այն շարունակական աշխատանք է, որ արվում է ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ: 

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский