«Գնահատել նշանակում է ստեղծել»

2014-2015 ուսումնական տարին համերգային-երաժշտական էր:
2014-2015 ուսումնական տարին նախագծային ուսուցմամբ էր:
2014-2015 ուսումնական տարին նորարարական էր բոլոր ուղղություններով:

Իսկ միգուցե պարզապես ասել. «2014-2015 ուսումնական տարում շարունակեցինք ապրել ու հիմա էլ ապրում ենք մեր հեղինակային կրթական աշխատանքով»:

Փարիզի Գրանդ Օպերայի դահլիճը լեփլեցուն էր 1928 թվականի նոյեմբերի 22-ին: Այդ օրը Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործության պրեմիերան էր, որը հանդիսատեսին գերեց, հիպնոսացրեց 15 րոպե անընդհատ կրկնվող միևնույն մեղեդու պարզությամբ ու անմիջականությամբ և միևնույն ժամանակ՝ 20-րդ դարում գիտության ու տեխնիկայի հարաճուն ու ահագնացող թափի ազդարարմամբ: Վերջում, երբ բոլորն ուժգին ծափահարում էին ու «բրավո» բացականչում, մի կին շատ ավելի բարձր ու զիլ ձայնով բղավեց. «Նա խե′նթ է, խե′նթ է»: Այդ կանչին Մորիս Ռավելն արձագանքեց. «Որքա՛ն ճիշտ է նա հասկացել իմ երաժշտությունը»:
Որոշ երաժշտագետներ շտապեցին գրել, որ Մորիս Ռավելը երաժշտությամբ իր բողոքի ձայնն է բարձրացնում գործարաններում շարժափոկերի (կոնվեյեր) ներդրման դեմ, երբ մարդը ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում շարժափոկի առջև կանգնած ստիպված է միևնույն պարզ գործողությունը կատարել, որը ոչ մի ստեղծականություն չի պահանջում և շատ ձանձրալի է, բայց  աշխատանք է ու պետք է անել, քանի դեռ մի ավտոմատ սարք էլ իրեն չի փոխարինել: Պետք է ասել, որ Բոլերոյի այս մեկնաբանությունը շատ տրամաբանական է հնչում, բայց համոզիչ չէ հենց միայն այն պատճառով, որ ստեղծագործությունը մեկ տարվա ընթացքում գրավեց ամբողջ աշխարհի երաժշտասեր մարդկանց սրտերը և մինչև հիմա էլ շարունակում է իր հաղթարշավը: Ինչպե՞ս կարող է ձանձրույթը, տանջանքը, ատելությունը գրավել մարդկանց սրտերը: Հետագայում արդեն Մորիս Ռավելը խոստովանեց, որ այդ ստեղծագործությամբ պարզապես ցանկացել է իր սերն արտահայտել երաժշտական գործիքների և ամբողջ նվագախմբի նկատմամբ (պարզ մարդկային ցանկություն) և չի ակնկալել դրա տարածումը, ու որքան էլ որ չէր ցանկանա, Բոլերոն իր ամբողջ ստեղծագործական կյանքի այցեքարտը դարձավ: Պատճառը երաժշտական գործիքների, նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտի և միասին ամբողջ նվագախմբի ու ընդհանրապես՝ երաժշտության մոգական ազդեցության նկատմամբ սիրո արտահայտությունն էր: Նվագախմբում, ինչպես և կյանքում, յուրաքանչյուր մարդ իր տեղն է գտնում ու իր մասնակցությունն է ունենում սեփական ներուժի սահմաններում:
Նույնն է նաև մեր կրթահամալիրում:

Բոլերոն և մեր կրթահամալիրը

Առաջարկում եմ սկզբում լսել և դիտել «Բոլերոն» Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Վալերի Գերգիևի ղեկավարությամբ. տևում է ուղիղ 15 րոպե և 50 վայրկյան: Ուշադրություն դարձրեք դիրիժորի փայտիկին և աչքերին:

Տեսաերիզը դիտելուց ու լսելուց հետո նորից միացրեք այն` շարունակելով կարդալ հովածը:

Բոլերոյի սկիզբը – նախակրթարան ու կրտսեր դպրոց

Թմբուկի վրա երկու փայտիկներն այնքան թեթև ու նուրբ են հարվածում, որ կարծես չեն ուզում խախտել քար լռությունը, բայց որքան էլ որ խորհրդավոր լինի այդ լռությունը, այն պետք է խախտել, որովհետև Գերգիևը թարթեց աչքերը, ու հարկ է  սկիզբն ազդարարել: Եվ հանկարծ, այդ բազմամարդ նվագախմբի տասնյակ շողշողացող դեպի վեր ցցված ու ներքև ուղղված գործիքներից մեկը սկսում է նվագել: Թմբուկի հազիվ լսվող ձայնին միացել էր պիկկոլոն (փոքր չափսերով ֆլեյտա): Տպավորությունն այնպիսին է, որ այդ պիկկոլոն սխալվել է, որովհետև բոլորն անշարժ ու լուռ են, և միգուցե, պիկկոլոյի երաժիշտը փորձում էր իր գործիքը: Ո´չ, նա չէր սխալվել: Նա մի պարզ ու հասանելի մեղեդի սկսեց ու վերջացրեց: Ավելի ճիշտ՝ չէր էլ վերջացրել, երբ նրան միացավ սովորական ֆլեյտան, ու նորից լսվեց նույն մեղեդին: Նրանք դա արեցին Գերգիևի զուսպ հայացքի ու 5-6 սանտիմետրանոց սրածայր փայտիկի աննշան շարժումին ի պատասխան: Հաջորդ քայլին նույն մեղեդիով նրանց է միանում հոբոյը: Երաժիշտներն այնքան լուրջ են, ու անգնահատելիորեն մեծ է յուրաքանչյուր երաժիշտի սերը իր գործիքի նկատմամբ: Նրանք չեն ուզում զարմացնել իրենց վարպետությամբ: Նրանցից յուրաքանչյուրն իր գործիքի անունից է խոսում. «Ես թմբուկն…, ես պիկկոլոն եմ…, ես ֆլեյտան եմ…, իսկ ես հոբոյն եմ….դուրդ գալի՞ս է իմ ձայնը»: «Այո, դու լավն ես, մենք քեզ սիրում ենք», ի պատասխան այս հարցումի ձայնակցում են պիկկոլո կլարնետը իր ընկերոջ՝ սովորական կլարնետի հետ միասին:

Առաջին անգամ մայրիկից հեռու, մի քիչ վախվորած, հազիվ արցունքները զսպելով 2-ից 4 տարեկանների խմբին է միանում առաջին անգամ նախակրթարան ոտք դրած մանուկը, և կամաց-կամաց, խաղալով ու գրեթե չխաղալով, երբեմն լացելով իր ես-ն է ձևավորում նոր միջավայրում: Նրա ցանկությունը որևէ մեկին իր գիտելիքներով և կարողություններով զարմացնելը չէ: Նա պարզապես ուզում է, որ իրեն սիրեն այս նոր միջավայրում: Նա միայն կարող է ասել. «Ես Անին եմ.., ես Վահագն եմ…, ես Նարեկն եմ…., ես Նարեն եմ…»: Այստեղ է, որ վրա է հասնում 2-ից 4 տարեկան երեխաների զարգացման միայն սիրո վրա հիմնված ծրագիրը իր ավազաթերապիայով, տառթխիկներովխաղերով ու  ծիսական խաղիկներով,  չլմփոցներով ու շրխկաններով:

«Իմացումի հրճվանք» ծրագրով կրտսեր դպրոց հաճախելը գրավիչ է նրանով, որ շեշտը չի դրվում միայն օժտված երեխաների, նրանց սրտացավ ու գերպահանջկոտ ծնողների հետևողական աշխատանքի վրա, երբ տանը տառապանքով երեխաների հետ միասին դասեր են սերտում: Կարևորն այն է, որ երեխան սկսի սիրել սովորելը:

Հենց այսպես էլ ապրում ենք մեր հեղինակային-այլընտրանքային կրթական աշխատանքով:

Փողային գործիքներ – միջին դպրոց         

Արդեն հոգեհարազատ դարձած մեղեդին նույնությամբ կրկնում են ֆագոտները և երեք սաքսոֆոնները, տրոմբոնները և տարբեր տեսակի շեփորները: Յուրաքանչյուր գործիք կարծես ասում է. «Ես համբերությամբ լսեցի բոլորիդ, հիմա էլ թույլ տվեք ձեզ միանալ»: Նորից նույն մեղեդին, իսկ ունկնդիրը չի ձանձրանում, որովհետև զգում է Մորիս Ռավելի մեծ սերը երաժշտական գործիքների նկատմամբ՝ նրանցից ոչ մեկին նախապատվություն չտալով: Բոլոր գործիքները նույն նպատակին են ծառայում՝ երաժշտություն են ստեղծում: Բոլերոյի գրավչության երկրորդ կարևոր պատճառը, որն ասոցացվում է հասարակական կյանքին ու մարդկային փոխհարաբերություններին, յուրաքանչյուր գործիքի առանձնացված գնահատումն ու արժևորումն է:

Միջին դպրոցում արդեն մանկավարժության շեշտը դրվում է յուրաքանչյուր սովորողի ինքնադրսևորման, անհատականության բացահայտման վրա: Ուսումնական գործընթացում մեծ դեր ունի նաև ստեղծված թափանցիկ միջավայրը: Սովորողները կարողանում են ինքնարտահայտվել, ինքնադրսևորվել  Միջին դպրոցի ենթակայքում,սովորողների բլոգներում, Մարմարյա սրահում, ուսումնական նախագծերում«Ռադիո բան»-ումուսումնական ճամփորդություններում:

Հենց այսպես էլ ապրում ենք մեր հեղինակային այլընտրանքային կրթական աշխատանքով:

Միանում են լարային գործիքները, և ամբողջանում է սիմֆոնիկ նվագախումբը. Ավագ դպրոց

Բոլերոն ներկայացնելիս սիմֆոնիկ նվագախմբում ամենահամբերատարները լարային գործիքներն են՝ ջութակները, ալտերը, վիոլոնչելիները, կոնտրաբասերը և իհարկե՝ աստվածային տավիղը: Իրենց հերթին սպասելիս երաժիշտները մատներով են հպվում ջութակների լարերին, ինչպես կիթառահարներն են վարվում: Դա արդեն նվագող գործընկերներին գոհունակություն արտահայտելու, ծափահարելու յուրօրինակ արտահայտչամիջոց է: Եվ երբ գալիս է լարայինների ժամանակը, իր հանգիստ նիրհից արթնանում է նույնիսկ Վալերի Գերգիևը, և դահլիճը հոգեցնցումի հաճելի սարսուռ է ապրում՝ արդեն որերորդ անգամ ծանոթ մեղեդին այս ուժգնությամբ լսելու հնարավորություն ստանալով, երբ թմբուկի ուժգին հարվածներին հետևում է նաև ցիմբալի շաչոցը: Ոգևորված է Գերգիևը, ամբողջ նվագախմբի բոլոր գործիքները դրսևորում են իրենց ողջ ներուժը ու հանկարծ՝ լռություն…: Ի՞նչ եղավ, վերջացա՞վ… Իսկ ո՞ւր մնաց երաժշտական գրեթե բոլոր ստեղծագործությունների ավարտն ավետող ու այս առումով շատ բնորոշ վերջաբանը: Բոլերոն սրանով էլ է առանձնանում բոլոր ուրիշ երաժշտական ստեղծագործություններից: Այն չունի բնորոշ վերջաբան, այն կարծես անավարտ է և իր անավարտությամբ շարունակում է ապրել ունկնդիրների հոգիներում: Երաժշտությունը չի ավարտվել, այն միայն մի պահ ընդհատվեց ու հիմա արդեն շարունակվում է իմ հոգում:

Հանրապետության բոլոր այլ հանրակրթական ավագ դպրոցների կրթական կարևորագույն փաստացի նպատակը Պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելն է, որը որևէ կապ չունի պետական չափորոշիչների պահանջների հետ: Փաստորեն բոլոր այդ դպրոցներում երեք տարի շարունակ առարկայական շտեմարանների հարցաշարերը վերացնում են սովորողների սովորելու նկատմամբ սերը և անհատականության դրսևորման հնարավորությունները: Համահարթեցվում է ամեն ինչ՝ և′ սովորողների կարողությունները, և′ գիտելիքների պաշարը: Նրանցից պահանջվում է միայն փաստերի, տեղեկատվության, բանաձևերի կիրառման մտապահում և համապատասխան տեղերում խաչերի տեղադրում: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ: Ստացվել է այնպես, որ մեր Ավագ դպրոցում հեղինակային, այլընտրանքային մանկավարժությամբ, նախագծային և ոչ ֆորմալ ուսումնական պարապմունքների կիրառմամբ շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում պետական չափորոշիչների իրականացմանը, քան պետական ծրագրերով առաջնորդվող բոլոր այլ հանրակրթական ավագ դպրոցները: Այսուհանդերձ, մեր ավագ դպրոցում առկա է մի կարևոր բացթողում: Անհատական ուսումնական պլանները, մտրակի՝ ամենօրյա դասասերտման բացակայությունը, նախագծային ուսուցման հիմքի վրա իրականացվող կառուցողական աշակերտակենտրոն ուսումնական պարապմունքները իդեալական դրախտային պայմաններ են ստեղծել և սովորող անհատի, և չսովորող անհատի ձևավորման համար: Ինչպե՞ս անել, որ մեր մոտ սովորելու գա միայն նա, ով … Այս է մեր Ավագ դպրոցի այսօրվա խնդիրը:

Գյուղատնտեսության մեջ աշունն է բերքահավաքի շրջանը, իսկ մեր կրթահամալիրում՝ ամռան սկիզբը: Որքան զբաղված բերքահավաքի շրջան էր այս տարվա հունիսը իր ուսումնական ամառային ճամբարով, ստուգատեսներով և փառատոներով. հանդիպումներ, քննարկումներ, ստուգատեսային ու փառատոնային նյութերի դիտումներ, հյուրեր, ուսճամփորդություններ: Որքան ոգևորիչ էին Աշոտ Բլեյանի հունիսյան գրառումները: Հունիսի սկիզբն ու ընթացքն այս առումով համեմատելի է Բոլերոյի կատարման մեջ լարային գործիքների մուտքին: Դասավանդողների ամառային ճամբարի վերջին օրը նշանավորվեց անցնող ուսումնական տարվա ամենահաջողված նախագիծ-նորարարությամբ՝ համերգային մեդիաուրբաթով: Հունիսի ավարտով սկսվեց դասավանդողների ամենամյա արձակուրդային շրջանը, բայց կյանքը կրթահամալիրում շարունակվու է, ինչպես Մորիս Ռավելի անվերջաբան երաժշտությունը:

Հիմա հուլիսն է, շոգ ամառ, բայց կրթահամալիրը շարունակում է ապրել ակումբային կյանքով, ամառային ճամփորդություններովդաստիարակների ամառային դպրոցովդասվարների ճամբարովինտելեկտուալ քննարկումներովմեդիաուրբաթներով:

Նվիրվում է Գևորգ Հակոբյանի 60-ամյակին:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский