Կրթության պատը. ընթերցանություն

Երկար ժամանակ մտածում էի, թե Աշնանային 10-րդ ամենամյա հավաքին ի՞նչ հոդվածով ներկայանամ` խոսեմ լրացուցիչ կրթությա՞ն մասին, թե՞ ընթերցանության կամ կարդալու մասին, որպես կրթության կարևորագույն գործիք: Հաղթեց երկրորդը` կարդալը:

Այսպես, մինչ բուն թեմային անցնելը փաստեմ, որ Հայաստանը չի մտնում ամենաշատ կարդացող երկրների լավագույն տասնյակ, քսանյակում ևս չկանք: Ինչի՞ց է սա: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խորհրդային տարբեր տարիների Հայաստանն առաջատար էր բարձրագույն կրթություն ունեցող իր քաղաքացիներով, ավելին, վիճակագրությունն ասում էր, որ դպրոցական տարիքից սկսած քաղաքացիների 97 տոկոսը տառաճանաչ է, ապա փոքր-ինչ տարօրինակ է, որ գրագիտության նման աստիճան ունեցող երկրում այսօր չեն կարդում:  Փորձենք դիմել վիճակագրությանը, սովորողների շրջանում առկա իրավիճակին և վերլուծենք իրողությունները:

Խորհրդային տարիներին Հայաստանը ԽՍՀՄ-ի ամենաընթերցող հասարակություն ունեցող հանրապետություններից էր. ընթերցանությունը խրախուսվում էր պետության և ողջունվում հասարակության կողմից. գիրք սիրելը, գիրք գնելն ու ընթերցելը առավել տարածված էին, քան ետխորհրդային տասնամյակներում (հանուն արդարության պետք է նշել, որ խորհրդային տարիների գիրք գնելու սովորույթը պայմանավորված էր նաև նրանով, որ գրքերը տպագրվում էին պետպատվերով, մեծ տպաքանակով, դրա շնորհիվ առավել մատչելի էին, նպաստավոր գործոն էր նաև այն, որ զուգահեռաբար բարձր էր բնակչության վճարունակությունը): XX դարի 90-ականների տնտեսական և էներգետիկ ճգնաժամը պատճառ դարձավ, որ գիրքը մի տեսակ անտեսվեց կենցաղի ստվերում: Այդ տարիներին, կապիտալիստական դարձող մեր հասարակության մեջ ձևավորվեց որոշակի արհամարհական վերաբերմունք գրքի նկատմամբ: Գրքի «անկման»-ը նպաստեց նաև մտավորականների զգալի արտագաղթը:

Այնուամենայնիվ, այսօր գրքի կամ կարդալու նկատմամբ հասարակական վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է. մարդիկ կարդում են, որովհետև ընթերցելը հետաքրքիր և արդյունավետ ժամանց են համարում:  

Եթե փորձենք ընթերցանությունը դիտարկել համաշխարհային կյանքում, կնկատենք, որ ամբողջ աշխարհում գլոբալ խնդիր է առաջացել. մի կողմից` խիստ աճում է ինֆորմացիայի քանակը, և հասարակությունն արագ տեղեկացվում է, մյուս կողմից` շատերը չեն հասցնում յուրացնել տեղեկույթը:

XXI դարում  «գրագիտություն»  արտահայտությունն  ավելի լայն իմաստ է ստացել: Նոր ինֆորմացիոն հասարակարգի ձևավորման ընթացքում մարդու նկատմամբ պահանջները սկսել են աճել, իսկ պահանջների առանցքը շարունակում է մնալ ընթերցանությունը:

Աշխարհի բազմաթիվ երկրներում բնակչությանը ընթերցանության մեջ ներգրավելու միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ձևավորվի ինքնակրթության, սովորելու, մտավոր կարողություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու անընդհատ համակարգ: Ընթերցանության խնդիրը, որը պայմանականորեն ընդունված է անվանել «ընթերցանության ճգնաժամ», շուրջ 4 տասնամյակ հետազոտվում է արտասահմանյան երկրներում. մշակվում է ընթերցանության ոլորտի ռազմավարություն, որի շրջանակում իրականացվում են միջոցառումներ ընթերցանության պաշտպանության, թերապիայի և խթանման ուղղություններով: Ակնհայտ է, որ նման լայնածավալ ծրագրերի նպատակը պետք է լինի դպրոցականների ընթերցողական հմտությունները զարգացնելը, հասարակության բոլոր անդամների մեջ ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու միջոցով ընթերցանության շրջանակներն ընդլայնելը, կազմակերպել հրատարակչությունների, գրադարանների, դպրոցների համագործակցություն՝ ի նպաստ ընթերցանության սովորույթի առաջացման և զարգացման: 

2013 թվականին անցկացված սոցհարցմամբ, որում ներառված էին երեք խումբ` դպրոցականներ, 18-34 տարեկաններ, 34-58 տարեկաններ, պարզվեց, որ դպրոցականների 80 տոկոսն ընթերցանությամբ զբաղվում է դպրոցի պարտադրանքով, իսկ ահա վերջին երկու խմբերի մոտ պատկերը հետևյալն էր` հարցվողների շուրջ 37%-ը ընդհանրապես չի կարդում, 43%-ը՝ համեմատաբար քիչ է կարդում, և միայն 20%-ը դրական վերաբերմունք ունի ընթերցանության նկատմամբ, որից 6%-ը չի փոխել կարդալու դինամիկան, և միայն 14%-ն է վերջին տարիների համեմատ ավելի շատ կարդում:

Այստեղ շատ կարևոր է տարբերել այն հանգամանքը, թե ինչ ենք կարդում ընդհանրապես, կամ ինչ է ասել ընթերցանություն: Ընթերցանություն ասելով` սույն հոդվածում դիտարկում ենք որոշակի նյութեր, որոնք միտված են անհատին ինֆորմացիա, նորույթ և այլ իրողություններ հաղորդելու (դրանք կարող են վերաբերվել բուն կրթական ձևերին և ընդհանրապես այն միջավայրին, որտեղ ապրում է անհատը):

Ելնելով հարցումներից և ձեռքի տակ եղած վիճակագրական տվյալներից` կարող էինք անդրադառնալ կարդացողների և չկարդացողների տարիքային առանձնահատկություններին, սեռերին, դրանցում առկա տարբերություններին, վեպեր, վիպակներ, թե ինչ են կարդում մարդիկ ընդհանրապես, բայց տեքստը չծանրաբեռնելու համար կխուսափենք այս ամենից:

Գանք սեփական փորձին և դիտարկենք ընթերցանությունը սովորողների միջավայրում: Խոսքը միջին և ավագ դպրոցները ներառող տարիքային խմբերի մասին է: XXI դարում իրողությունները փոխվել են, և գրքին հիմնականում փոխարինելու են գալիս համակարգիչը կամ մեդիադաշտը: Սեփական ժամանցը կամ հետաքրքրությունները բավարարող ընթերցանությամբ զբաղվելու պարագայում սովորողները նախընտրում են համակարգիչը, բայց ահա զուտ դասապրոցեսային առումով, սովորողների կեսից ավելին դեռևս նախընտրում է ֆիզիկական գիրքը, չնայած, որ կան դասագրքերի թվային տարբերակները: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ի տարբերություն դպրոցականների, 18-24 տարեկան տարիքային խմբում ավելի շատ նախընտրում են հենց էլեկտրոնային գրքեր:

Էլեկտրոնային և տպագիր գրքերի նկատմամբ վերաբերմունքը դիտարկելիս հանգում ենք ընդունված տեսակետին, որ ֆունկցիոնալ տեսանկյունից երիտասարդության շրջանում էլեկտրոնային նյութերը տպագիր տարբերակներից նախընտրելի են: Պարզվում է, որ երիտասարդների համար տպագիր գրքերը, հատկապես մասնագիտական, մեծապես զիջում են էլեկտրոնային գրքերին մի շարք պատճառներով՝

  • համացանցով հնարավոր է ավելի արագ գտնել անհրաժեշտ գիրքը և միանգամից կարդալ,
  • հնարավոր է միաժամանակ կարդալ և սոցիալական ցանցեր այցելել,
  • համակարգչով ընթերցելը թույլ է տալիս զուգահեռ նշումներ կատարել,
  • տպագիր գիրքը գումար արժե, մինչդեռ համացանցում հնարավոր է գտնել գրքի անվճար էլեկտրոնային տարբերակը,
  • տպագիր գիրքը հարմար չէ տեղափոխել, իսկ էլեկտրոնային տարբերակը առավել հասանելի է:

Իսկ մեծահասակների համար նախընտրելի են տպագիր գրքերը. որպես պատճառ՝ նշում են էկրանից երկար կարդալիս աչքերը հոգնելու հանգամանքը:

Ներկայիս դպրոցականները ստանում են բազմապատիկ ավելի ինֆորմացիա, քան 10 տարի առաջ էր, երբ համացանցն այսքան տարածված չէր: Այստեղ է, որ առաջանում է խնդիր: Նրանք օրվա ընթացքում կարդում և գրում (հավաքում) են շատ ավելի շատ, քան մենք իննսունականներին, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչ են նրանք կարդում: Հայաստանում, համակարգիչ ունեցող յուրաքանչյուր դեռահաս, ըստ վիճակագրության, օրվա շուրջ չորս ժամն անցկացնում է սոց. կայքերում, որտեղից էլ ստանում է իր ինֆորմացիայի շուրջ 80 տոկոսը (անձնական, հասարակական, քաղաքական, սպորտ, նորաձևություն և այլն): Դպրոցում, ընտանիքում, թաղում նա ստանում է մնացած 20 տոկոսը: Իսկ անընդհատ ինֆորմացիայի հոսքը վիրտուալ տիրույթում սովորողներին զրկում է ինքնուրույն դատելու կամ վերլուծելու հատկությունից: Այստեղ խնդիրը շատ ակնառու է: Եթե համեմատենք 2002 թվականի միջին վիճակագրական 10-րդ դասարանը և 2015 թվականի միջին վիճակագրական 12-րդ դասարանը (համեմատությունը պատահական չէ), ապա կստանանք հետևյալ պատկերը: 2002 թվականի 30 սովորող ունեցող դասարանի սովորողներից 20-ը ունեն սեփական մոտեցումները, կարծիքները, դատողությունները և տեսակետները հասարակական խնդիրների վերաբերյալ, իսկ 2015 թվականի նույնաքանակ դասարանից միայն հինգը ունի սեփական մոտեցումներ, մնացածի մոտ գերիշխում են այն կարծիքները, որոնք հրամցրել են նրանց լրատվական կայքերը:

Երկրորդ գրավչությունը, որը կիրառում են համաշխարհային սարդոստայնի «հրեշները», փոքր տեքստերն են: Ներկայիս մարդը չի սիրում կարդալ երկար տեքստեր (չենք քննարկում` լավ է, թե վատ), նախընտրում է կարճ, դինամիկ, հակիրճ բովանդակություն ունեցող տեքստեր: Իհարկե, կան բազմաթիվ մոտեցումներ և ձևավորման եղանակներ, որոնք ստիպում են սովորողին նախընտրել այս տեքստը, այլ ոչ թե մյուսը:

Դեռահասների շրջանում համացանցն առանց այլընտրանք ինֆորմացիայի աղբյուր դարձնելու մյուս մեթոդը Էրոտիզմն է, որը գրավում է այդ տարիքի սովորողներին: Նրանք գնալով գովազդի հետևից` ավելի ու ավելի են խճճվում ցանցի մեջ: Արդյունքում կարդում են շատ, վերլուծում քիչ: Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչ կարդա, և այդ կարդացածը որքանով է իրեն օգտակար: Բայց այստեղ է, որ հանդիպում ենք «քարդաշյանների բաղնիքի լուսանկարների պատին». արդյո՞ք դա ավելի կարևոր է, թե հանրակրթությունը: Պատը փակում է ընթերցանության ճանապարհը` հանրակրթությունը կամ ընդհանրապես կրթությունը դարձնում երկրորդական` ձեռքի հետ իրականացվող մի բան կամ պարտադրանք:

Սա ակնհայտ է նաև սովորողների գրած տեքստերից, որոնց գերակշիռ մասում ինքնուրույն միտքն իսպառ բացակայում է: 

21-րդ դարի հանրակրթության գերագույն խնդիրն ըստ իս թվային միջոցները և համացանցը համակարգված ներառելն է կրթության մեջ, որպեսզի այն միայն ժամանցից կամ մասնակի ժամանցից դառնա նաև արդյունավետ գործիք կրթական գործընթացում, ինչը ցավոք դեռ չենք հաջողել: Իսկ քանզի աշնանային ամենամյա հավաքը նաև ուսումնական տարվա ընթացքում իրագործվելիք նախագծերի հրապարակման տիրույթ է, ապա ցանկալի է, որ յուրաքանչյուրս այս ուղղությամբ իրագործենք թեկուզ վատ ստացված մեկ նախագիծ:  

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский