Մենք բոլորս ծագումով մանկությունից ենք

Ամեն ուսումնական տարեսկզբի ծնողների առջև խնդիր է առաջանում` ինչ լրացուցիչ պարապմունքներ ընտրել երեխայի համար, ինչով և ինչպես առաջնորդվել, որ և երեխայի նախասիրությանը համապատասխանի և առավել օգտակար լինի ուսումնառության տեսակետից: Սա ամենևին էլ հեշտ խնդիր չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Իմ օրինակով ասեմ, որ դեռ հեռավոր Խորհրդային ժամանակներում ես մեծ սիրով ու փութաջանությամբ հաճախում էի «Պիոներ պալատում» կազմակերպված ռադիոսիրողների խմբակին և արդյունքում ձեռք բերեցի մասնագիտություն, որ ինձ պետք եկավ զինվորական ծառայության ընթացքում:

Լրացուցիչ պարապմունքները երկու տեսակի են լինում՝ ըստ նախասիրությունների և ըստ դպրոցում դասավանդվող հանրակրթական առարկաների:

Նախասիրությունների հիման վրա կազմակերպվող լրացուցիչ պարապմունքները լինում են մարզական, գեղարվեստական, գեղագիտական, նախամասնագիտական և այլն: Այստեղ շատ կարևոր է, որ երեխան ընտրությունը կատարի իր ցանկությամբ, այլ ոչ թե ծնողի կամ ուսուցչի ցուցումով: Եթե լրացուցիչ ուսուցումը կազմակերպվում է ցածր դասարանների սովորողների համար, ապա ուսուցիչը (խմբի ղեկավարը) պիտի նկատի ունենա այս տարիքի երեխաների առանձնահատկությունը և աշխատանքը կազմակերպի այնպես, որ երեխաներն արագ հասնեն արդյունքի, հնարավորինս շուտ տեսնեն իրենց աշխատանքի պտուղը, քանի որ նրանք մեծ համբերություն չունեն և կարող են շուտ հիասթափվել վերջնական արդյունքին սպասելիս: Այս փոքրիկների համար շատ կարևոր է նաև խրախուսանքը՝ գովասանքը աշխատանքի համար, որևէ գործ պատվիրելը որպես «մասնագետի» և այլն: Այս տարիքի երեխաների համար կարևոր է, որ նրանք աշխատանքը կատարեն հաճույքով, այլ ոչ թե որպես պարտադրանք և չհոգնեն ու չձանձրանան պարապմունքից: Լրացուցիչ պարապմունքները չպետք է կատարվեն երեխաների հանգստի կամ խաղերի հաշվին:

Լրացուցիչ պարապմունքներն ըստ հանրակրթական առարկաների միտված են բարձրացնելու հետաքրքրությունը տվյալ առարկայի, գիտելիքների ու հմտությունների, խորացված ուսումնասիրության նկատմամբ: Ինչպես նախորդ դեպքում, այստեղ նույնպես կարևորվում է սովորողի ընտրությունն առանց դրսի (ուսուցչի, ծնողի) ցուցումների:

Երբեմն լինում են ծնողներ, որ առաջնորդվում են «որքան շատ, այնքան լավ» սկզբունքով և երեխաներին ուղարկում են մի քանի լրացուցիչ պարապմունքների: Նորմալ է, եթե երեխան հասցնում և հաճախում է առանց դժգոհության ու նվնվոցի: Երբեմն երեխաները հաճախ փոխում են լրացուցիչ պարապմունքների իրենց խմբերը: Սա նույնպես նորմալ է: Այս հարցում նրանց չպետք է խանգարել, նրանք փնտրտուքի մեջ են: Կփնտրեն, կգտնեն այն, ինչ իրենց սրտով է, և ինչը համապատասխանում է նրանց նախասիրությանն ու խառնվածքին:

Լրացուցիչ կրթության իմ փորձից

Պատմությունից լրացուցիչ պարապմունքներ կազմակերպվել են Հիմնական դպրոցում` 7-8-րդ դասարաններում (երբ այդ դպրոցն ուներ 8-10-րդ դասարաններ): Որպես լրացուցիչ պարապմունք՝ ծանոթանում էին պատմության օժանդակ առարկաներին՝ դրամագիտություն, (Numismatics) դիցաբանություն (mythology), դրոշագիտություն (Vexillology), կնիքագիտություն, (Sigillography), զինանշանագիտություն (Heraldry) տեղանունագիտություն (Toponymy) և այլն: Լրացուցիչ պարապվող այդ դասընթացների ծրագրերը դեռևս կարող եք գտնել իմ բլոգում:

Դրամագիտությունը (Numismatics) ոչ միայն լրացնում ու ամրապնդում էր պատմությունից ստացած գիտելիքները, այլև կապ էր հաստատում տնտեսագիտության հետ: Մեր ժամանակներում համարյա ամեն ընտանիք առընչվում է բանկային համակարգի հետ: Վարկ են վերցնում բանկերից, ունեցվածք են գրավադնում, ավանդ են ներդնում բանկերում, արտարժույթ են փոխանակում և այլն: Սովորողներին, որ ակամայից ընտանիքում տեղեկանում են դրամի հետ կապված գործառույթներին, խիստ հետաքրքրում է փողի պատմությունն ու զարգացման ընթացքը: Հազար հարց են տալիս դրամի շարժի ու պատմության հետ: Նրանք ավելի լավ էին յուրացնում ուսումնասիրվող երկրի սոցիալ-տնտեսական գործունեությունը, ապրանքա-դրամական ու դրամա-վարկային հարաբերությունները, բանկերի գործառույթները և այլն: Բացի այդ հին դրամների պատմությունը շատ հետաքրքիր տեղեկություններ է տալիս Հին աշխարհի մարդկանց կյանքի ու կենցաղի, երկրի քաղաքական ու տնտեսական դրության մասին: Հետաքրքրությքւնից դրդված` սովորողներից մի քանիսը սկսեցին հավաքել տարբեր երկրների հին ու նոր մետաղադրամներ ու թղթադրամներ, համակարգել այն, ստեղծել հավաքածուներ:

Դրոշագիտությունը (Vexillology), կնիքագիտությունն (Sigillography) ու զինանշանագիտությունը (Heraldry) գիտելիք են տալիս պետական ու իշխանական խորհրդանիշների մասին և լրացնում են պատմությունից ու հասարակագիտությունից սովորածը: Սովորողներն իրենց համար բացահայտում են, թե ինչ են խորհրդանշում խոյը, ցուլը, արծիվը, առյուծը, բահը, սուրը, հասկն ու մուրճը պետական ու իշխանական դրոշների, զինանշանների ու կնիքների վրա: Օրինակ՝ ինչու՞ է Վարդան Մամիկոնյանի սաղավարտի վրա խոյ պատկերված, իսկ Զաքարյանների զինանշանի վրա՝ արծիվ: Բացի այս ամենից նրանց համար հասու ու հասկանալի են դառնում եվրոպական, չինական, ճապոնական և այլ երկրների խորհրդանիշները, որոնց հետ նրանք առնչվում են գեղարվեստական ու պատմական գրականությունում, կինոնկարներում և մշակութային այլ ասպարեզներում:

Տեղանունագիտությունը (Toponymy) շատ է հետաքրքրում երեխաներին, քանի որ այն բացահայտում է հայկական տեղանունների՝ լեռների, գետերի, լճերի, գյուղերի ու քաղաքների անունների ծագումն ու պատմությունը: Այն շատ կարևոր է այն առումով, որ թուրք-ադրբեջանական պատմագրությունը հայկական մշակութային արժեքների յուրացման ու ոչնչացման հետ միասին արշավ է սկսել հայկական տեղանունների դեմ: Տիգրանակերտը դարձրել են Դիարբեքիր, Արարատը՝ Աղրի դաղ, Եփրատը՝ Մուրադ, Ստեփանակերտը՝ Խանքենդի և այսպես շարունակ: Հայկական տեղանունների ճիշտ իմացությունը սովորողներին թույլ կտա ճիշտ կողմնորոշվել ժամանակակից տարաբնույթ ու տարիմաստ մամուլի, գրականության ու քարտեզագրության լաբիրինթոսում: Սա ոչ միայն լրացնում է պատմությունից ստացած գիտելիքները, այլև հսկայական նյութ է տալիս հայրենագիտություն առարկային, և եթե միջառարկայական կապեր հաստատվեն այս դասընթացների միջև, արդյունքը կլինի զգալի և համակողմանի:

Պատմության դասընթացը հանրակրթության ընձեռած ժամաքանակի սահմաններում ի վիճակի չէ ապահովելու այս ամենի իմացությունը: Լրացուցիչ կրթությունը հնարավորություն է տալիս ուղղելու այս բացը: Խոսքն այստեղ վերաբերվում է ոչ միայն պատմությանը, այլև հանրակրթական մյուս առարկաներին նույնպես:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский