«Իմացումի հրճվանքն» սկսում է նոր միջավայրից

Հեղինակ: 

Որպես առաջին դասարանի դասվար` «Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունն սկսում եմ հենց միջավայրից. միգուցե դա ինձ համար ավելի տեսանելի է, որպես կերպարվեստ-տեխնոլոգիայի դասավանդող: Միջավայրի գործոնն է այն շարժիչ ուժը, որ ստիպում է սովորողին, անկախ տարիքից, ավելի ստեղծական, ինքնուրույն և ինքնակազմակերպվող դառնալ:
Միջավայրի նկարագրությունն սկսեմ «դասարան-լաբորատորիա» մոդելից, այն սենյակի թե սրահի, որտեղ սովորողներն ու իրենց ուսուցիչն անցկացնում են իրենց ժամանակի մեծ մասը:
Մենք` այսօրվա ուսուցիչներս և մեր սովորողների ծնողները, սովորել ենք այսօր դեռ շատ դպրոցներում պահպանվող սովորական դասասենյակներում, իսկ լաբորատորիաները եղել են բնագիտական, որտեղ շաբաթական մի քանի դասաժամ ենք ունեցել ավելի բարձր դասարաններում, ու վերջ:

Հեղինակային կրթական ծրագրի մշակումները, դրանից բխող` լուսավոր ու ընդարձակ տարածքներ ունենալու միտումները, թափանցիկ պատերը, ուսուցման կազմակերպման նոր մոտեցումները բերեցին ավելի նորարար, ստեղծագործ ու հարմարավետ մի միջավայր` դասարան-լաբորատորիա, որտեղ զարգանալու են բոլորիս մտածողությունն ու հմտությունները: Դասարան-լաբորատորիան, բացի վերոնշյալ բոլոր հատկանիշներից, պետք է նաև ֆունկցիոնալ լինի: Որպես առաջին դասարանի դասվար, ունենալով 144 մ2 բաց ընդարձակ ու լուսավոր տարածք` չեմ կարող չմտածել ֆունկցիոնալության մասին: Լաբորատորիայում գործունեությունը ճիշտ կազմակերպելու նպատակով տարածքը դիտում եմ որպես չորս առանձին կտորից բաղկացած ամբողջություն: 

Լաբորատորիայի այն հատվածը, որը համեմատաբար քիչ լուսավոր է, ընտրվել է էլեկտրոնային գրատախտակի համար, որի շուրջ դասավորված է սովորողների ուսումնական կահույքը՝ աթոռներ, սեղաններ: Սեղանները դասավորված են П-աձև, մեջտեղում կա չորս սեղանից բաղկացած ռոմբաձև հատված: Սեղանները ընդհանուր թվով 15 են, սեղանների նմանատիպ դասավորությունը նպաստում է ուսումնական պարապմունքի արդյունավետությանը (շարքով նստեցնելու ավանդական մեթոդից վաղուց ենք հրաժարվել): Սովորողները տեղերը մշտապես փոխում են, դա հնարավորություն է տալիս բոլոր սովորողներին ինտեգրելու, միջանձնային նոր հարաբերություններ հաստատելու hամար:

Լաբորատորիայի մյուս հատվածում սանհանգույցն է` այնքան հիգիենիկ ու ներառված միջավայրում, որ էլ ոչ մեկին չի զարմացնում դրա առկայությունը: Սանհանգույցից դուրս կա նաև երկու լվացարանակոնք` ծորակներով: Լաբորատորիայի այդ հատվածը սալիկապատ է, ունի ընդարձակ աշխատասեղան, հարմարավետ պատի պահարան, որն այդ անկյունը հարմարավետ է դարձնում ամեն տեսակ բնագիտական և տեխնոլոգիական փորձերի ու նոր գաղափարներ իրագործելու համար: Այդ հատվածում ենք պատկերացնում ունենալ մեր դասարանական ծաղկանոցը՝ «Ամեն մեկս մեր թաղարն ունենք» նշանաբանով: Նախատեսում եմ ունենալ նաև էլեկտրական վառարան, որտեղ նոր «տաք-տաք մտքեր» կեփվեն:

Հասանք երրորդ հատվածին, որը բավական լուսավոր է դեպի բակ բացվող երկու ընդարձակ պատուհանների շնորհիվ: Այս հատվածում գորգ ենք նախատեսում, որի ձեռք բերման նախաձեռնությունը ծնողական համայնքինն է, և սպունգե բարձեր. կստեղծենք ճաշակով և հարմարավետ անկյուն` հանգստանալու, հեքիաթ ասել-լսելու ու էլի շատ նախագծերի համար:

Լաբորատորիայում նախատեսվում է ունենալ նկարակալներ և աթոռակներ, որոնք լաբորատորիային լրացուցիչ գրավչություն կհաղորդեն: Հասանք չորրորդ՝ մուտքի հատվածին, որն ամբողջապես ապակեպատ է, դա կարծես լաբորատորիայի նախասրահը լինի, որտեղ տարածքը ազատ է, ընդարձակ, կան հարմարավետ կախիչներ, որոնցից սովորողները կարող են ինքնուրույն օգտվել: Ընթերցողը բազմիցս հանդիպեց «նախատեսել ենք» արտահայտությանը. այո´, նախատեսել ենք ու այդ ամենը իրականացման փուլում է: Կարծում եմ, որ մինչև մայիս՝ մայիսյան հավաք, կունենանք ամբողջական գործող, ֆունկցիոնալ դասարան-լաբորատորիա` իր միջավայրով, սովորողով, գործունեությամբ, որը չհակադրելով նախկինին, մի նոր մոդելի օրինակ է ստեղծում:
«Մենք»
«Մենք եթերում ենք»

Շարունակելի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский