Կեղծ հանրօգուտ կառույցներ

Հեղինակ: 

Ճանապարհների համակարգը բավական մեծ տարածություններով տեղաշարժվելու ցանց է։ Որպես ցանց` դա պետք է պատկանի ինստիտւցիոնալ սպեկտրի ձախ եզրին։ Բայց այստեղ հարկավոր է դիտարկում անել, որ միաժամանակ կբացահայտի և՛ ճանապարհի բնույթը, և՛ իրական հանրօգուտ կառույցների էությունը։ Իրական ունիվերսալ ճանապարհները հենց իսկական հանրօգուտ կառույցներ են։ Գերարագ մայրուղիները մասնավոր տիրույթներ են, որոնց համար մասնակիորեն վճարել են ուրիշ մարդիկ։

Հեռախոսը, փոստն ու ճանապարհների համակարգը՝ բոլորն էլ ցանցեր են, և դրանցից ոչ մեկը անվճար չէ։ Մուտքը դեպի հեռախոսային ցանց սահմանափակվում է ամեն զանգի համար ժամանակի ծախսով։ Այդ արժեքները համեմատաբար մեծ չեն և կաող են ավելի քչացնել առանց համակարգի բնույթը փոխելու։ Հեռախոսային համակարգի օգտագործումը չի սահմանափակվում նրանով, թե ինչ է հատկապես խոսվում, թեպետ հեռախոսն ամենից լավ կարող են օգտագործել նրանք, ովքեր ընդունակ են ստեղծելու հետևողական արտահայտություններ ուրիշ երկրի լեզվով։ Դա ունիվերսալ ընդունակություն է, որին տիրապետում են նրանք, ովքեր ուզում են օգտագործել այս ցանցը։ Փոստային համակարգի օգտագործումը մի քիչ սահմանափակվում է թուղթ ու գրիչի գնով, ավելի շատ սահմանափակվում է գրելու կարողությամբ։ Բայց եթե որևէ մեկը գրել չգիտի, կարող է մի ազգական կամ ընկեր գտնել, ում կթելադրի նամակը, և փոստային համակարգը նրան կսպասարկի, եթե նա ցանկանա ուղարկել այդ գրությունը։

Ճեպընթաց մայրուղիների համակարգը մատչելի չէ նրանց, ովքեր պարզապես մեքենա վարել են սովորում։ Հեռախոսային և փոստային ցանցերը գոյություն ունեն, որ սպասարկեն բոլոր նրանց, ովքեր կուզեն օգտագործել իրենց, իսկ ճեպընթաց մայրուղիները գլխավորապես ծառայում են մասնավոր մեքենաներին։ Առաջինները իսկական հանրօգուտ կառույցներ են, երկրորդը սպասարկում է միայն մեքենա, բեռնատար ու ավտոբուս ունեցողներին։ Հանրօգուտ կառույցները մարդկանց մեջ կապ հաստատելու համար են։ Ճեպընթաց մայրուղիները, ինչպես և աջ եզրի սոցիալական մյուս կառույցները, գոյություն ունեն հենց արտադրանքի՝ մեքենաների համար։ Մեքենա արտադրողները, ինչպես արդեն տեսանք, միաժամանակ արտարդում են և՛ մեքենա, և՛ դրա պահանջարկը։ Արտադրում են նաև բազմաշերտ ճանապարհների, կամուրջների ու նավթային երևակայությունների պահանջարկ։ Մասնավոր մեքենան աջ թևի կառույցների խմբի կենտրոնն է։ Ամեն մասնիկի բարձր արժեքը թելադրված է հիմնական արտադրանքը մշակելու արժեքով, և, վաճառելով հիմնական արտադրանքը, հարկավոր է հասարակությանը ամբողջ փաթեթի խայծին կապել։

Ճեպընթաց մայրուղիների համակարգը ծրագրելը որպես հանրօգուտ կառույց կնշանակեր նախ և առաջ նրանցով կողմնորոշվել, ով գնահատում է շարժունակությունը, հետո միայն հոգ տանել նաև մյուսների համար, ում համար արագությունն ու անհատական հարմարավետությունը ընթացքի առաջնային արժեքներ են։ Հենց սա է ընդլայնված ցանցի ճամփորդողների համար մաքսիմալ հասանելիության և սահմանափակ ասպարեզներին արտոնություններ առաջարկող հասանելիության տարբերությունը։

Ժամանակակից սոցիալական ինստիտուտի հանձնումը զարգացող երկրներին դրա որակի փորձաքարն է։ Շատ աղքատ երկրներում ճանապարհները սովորաբար կիրառելի են միայն նրա համար, որ դրանցով անցնեն հատուկ բարձր առանցքով բեռնատարները՝ մթերքով, ընտանի անասուններով կամ մարդկանցով բեռնավորված։ Այդ երկրները պիտի իրենց սահմանափակ ռեսուրսներն օգտագործեն ամեն մարզում կառուցելու համար արահետների ցանց և սահմանափակեն տրանսպորտային միջոցների ներմուծումը մինչև մեկ-երկու երկար օգտագործելի մոդել, որոնք կարող են անցնել ցանկացած արահետով ցածր արագությամբ։ Դա կհեշտացնի սպասարկումն ու պահեստամասերի մատակարարումը, այդ տրանսպորտային միջոցներին թույլ կտա գործելու շուրջօրյա և կապահովի մաքսիմալ շարժունակություն և գնալու տեղի ընտրություն բոլոր քաղաքացիների համար։
Սա կպահանջեր տրանսպորտային ունիվերսալ միջոցներ մշակել՝ պարզ, T մոդելի պես, երկարակյաց, հնարավորինս ժամանակակից ձուլվածքների օգտագործումով, դրա հետ՝ արագության սահմանափակմամբ մինչև ժամում տասնհինգ մղոն և բավականին հզոր, որ կարողանան շարժվել տեղանքի ամենադժվարանցանելի ռելիեֆով։ Տրանսպորտային այդպիսի միջոցներ շուկան չի առաջարկում, որովհետև դրանք պահանջարկ չունեն։ Գործնականում գուցե և պահանջարկը կարելի է բարձրացնել օրենսդրությունը խստորեն պահպանելով։ Բայց հիմա՝ ամեն անգամ, հենց սկսում է նման պահանջարկը մի թեթև զգացվել, արագ ճնշվում է հակագովազդով՝ ուղղված ամենակուլ վաճառքին մեքենաների, որոնք ամերիկացի հարկատուներից կորզում են միջոցներ, որ անհրաժեշտ են գերճեպընթաց մայրուղիների կառուցման համար։ Որպեսզի «լավացնեն» փոխադրումը, բոլոր երկրները, նույնիսկ ամենաաղքատները, հիմա ծրագրում են ճանապարհների համակարգ, որ նախատեսված են մարդատար թեթև ավտոմեքենաների և գերարագ կցաքարշերի համար, որոնք համապատասխանում են բարձր խավերի արտադրողների և սպառողների փոքրամասնության գերարագ մտածողությանը։ Այս մոտեցումը հաճախ բացատրում են աղքատ երկրի ավելի թանկարժեք ռեսուրսի՝ բժշկի, դպրոցի տեսուչի կամ հասարակական հսկիչի ժամանակի խնայողությամբ։
Այս մարդիկ, իհարկե, սպասարկում են գրեթե բացառապես այն նույն մարդկանց, ովքեր ունեն կամ հույս ունեն մի գեղեցիկ օր ձեռք բերելու մեքենա։ Տեղական հարկերը և միջազգային խղճուկ փոխանակումները վատնվում են կեղծ, իբր թե հանրօգուտ կառույցների վրա։

«Ժամանակակից» տեխնոլոգիան, որ փոխանցվել է աղքատ երկրներին, բաժանվում է երեք մեծ խմբի՝ ապրանքներ, ֆաբրիկաներ, որ դրանք արտադրում են, և սպասարկող կառույցներ՝ առավելապես դպրոցներ, որոնք մարդկանց վերածում են ժամանակակից արտադրողների և սպառողների։ Պետությունների մեծ մասն իր բյուջեից ամենամեծ ծախսն անում է դպրոցների վրա։ Դպրոցի պատրաստած շրջանավարտները հետո պահանջարկ են ստեղծում ուրիշ նկատելի հասարակական կառույցների, ինչպիսիք են արդյունաբերական հսկաները, ձգվող մայրուղիները, ժամանակակից հիվանդանոցներն ու օդանավակայանները, սրանք էլ, իրենց հերթին, շուկա են ստեղծում հարուստ երկրներում արտադրված ապրանքների համար և որոշ ժամանակ անց ներմուծում են հնացող ֆաբրիկաները, որ արտադրեն այդ ապրանքները։

Բոլոր «կեղծ հանրօգուտ կառույցներից» ամենանենգը դպրոցն է։ Ճեպընթաց ճանապարհների համակարգը միայն մեքենաների պահանջարկ է ստեղծում։ Դպրոցները պահանջարկ են ստեղծում ժամանակակից սոցիալական ինստիտուտների մի ամբողջ հավաքածուի, որ լրացնում է սպեկտրի աջ մասը։ Եթե մարդ ճեպընթաց մայրուղիների անհրաժեշտությունը կասկածի տակ առնի, նրա վրա ուշադրություն չեն դարձնի և ռոմանտիկ կկոչեն։ Եթե մարդ կասկածի ենթարկի դպրոցի անհրաժեշտությունը, նրա վրա անմիջապես կհարձակվեն ու նրան կհայտարարեն կա՛մ անհոգի, կա՛մ իմպերիալիստ։

Թարգմանություն ռուսերենից 
Լուսանկարի աղբյուրը

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский