Ժամանակակից երիտասարդության ստեղծագործական դաստիարակության և կրթության որոշ սկզբունքներ

Հեղինակ: 

Սկիզբը

Իհարկե, նման եզրահանգումները չեն ապացուցվում ու վաղաժամ են: Իրավիճակից ելքը կարելի է փնտրել երկու հակադիր ուղղությամբ: Առաջինն այն է, որը այդքան վառ նկարագրել է Հաքսլին իր ուտոպիայում՝ լայն զանգվածների ազատ ժամանակը միայն կենդանական բնույթի պարզունակ պահանջների բավարարումն է՝ դեռ փոքրուց նրանց մոտ հոգևոր և հասարակական խնդիրների հանդեպ անտարբերություն դաստիարակելով: Մյուս ուղին ճիշտ հակառակն է՝ մարդկանց մոտ դեռ երիտասարդ տարիքից բարձր, հոգևոր պահանջմունքների դաստիարակումն է, որպեսզի իրենց ազատ ժամանակը և բարօրությունը նրանք օգտակար օգտագործեն հասարակության և իրենց հետաքրքրությունների համար: Դրա համար պետք է մարդկանց, և առաջին հերթին երիտասարդներին, տալ գոյության իմաստը, սերմանել հասարակական խնդիրներ լուծելու հետաքրքրություն, զարգացնել նրանց մեջ հոգևոր որակներ, որոնք անհրաժեշտ են գիտություն ու մշակույթ ընկալելու համար: Անկասկած է, որ առաջադեմ մարդկությունը այս ուղին կընտրի: Քանի որ մարդու հոգևոր զարգացումն ու դաստիարակությունը մեծ հաշվով որոշվում են կրթությամբ. սա հենց այն հիմնական խնդիրն է, որը գիտատեխնիկական հեղափոխությունը դնում է դպրոցի ու բարձրագույն ուսումնական հաստատությունների առջև:

Մինչև հիմա մարդու կրթության նկատմամբ մոտեցումը ավելի շուտ օգտապաշտական էր: Նրան սովորեցնում էին իր մասնագիտական՝ ճարտարագետի, բժշկի, իրավաբանի և այլ, գործառույթներն արդյունավետ կատարելուն: Դա արվում էր, որպեսզի մարդն իր աշխատաժամանակի ընթացքում ավելի արդյունավետ ու գիտակցված աշխատեր: Հիմա եկել է ժամանակը, որ բարձրագույն կրթությունը յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է, որպեսզի սովորի օգտագործել իր ազատ ժամանակը և բարօրությունը այնպես, որ հետաքրքիր լինի իրեն և օգտակար՝ հասարակության համար: Ինչպիսի՞ն պիտի լինի այդ կրթությունը: Այդ հարցին առայժմ կոնկրետ պատասխանելը դժվար է, բայց այդպիսի լուծման ընդհանուր բնույթը կարելի է կանխորոշել:

Կարծում եմ, ու կյանքի փորձն էլ է հաստատում, որ իրենց աշխատանքով ավելի բավարարված են ստեղծական գործունեությամբ զբաղվող մարդիկ՝ գիտնականներ, նկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ և այլն: Քաջ հայտնի է, որ այս մասնագիտությունն ունեցող մարդիկ իրենց ժամանակը չեն բաժանում աշխատանքայինի և ոչ աշխատանքայինի: Նրանք ապրում են իրենց գործունեությամբ և իրենց գոյության իմաստը տեսնում են աշխատանքում: Տեսնում ենք, որ ցանկացած գործ կարելի է դարձնել ավելի գրավիչ ու հետաքրքիր, եթե նրանում ստեղծականության տարր կա: Իհարկե, ստեղծականություն ասվածը պետք է լայն հասկանալ, այն մարդու մոտ կարող է ի հայտ գալ ցանկացած գործունեության ընթացքում, երբ մարդը չունի կոնկրետ հրահանգավորում, այլ ինքը պետք է որոշի, թե ինչ և ինչպես անի:

Հայտնի է, որ ժամանակակից արդյունաբերության պայմաններում, երբ այն զանգվածային բնույթ ունի, աշխատանքային կոլեկտիվում լիակատար փոխհամաձայնության հասնելու համար ամեն ինչ պետք է արվի հստակ հրահանգների համաձայն, իսկ դա բերում է առանձին աշխատողի ստեղծականության բացակայությանը. ժամանակակից զանգվային արտադրությունը մարդու համար դառնում է ձանձրալի ու անհետաքրքիր: Դա շատ լավ ներկայացված է Չապլինի «Նոր ժամանակները» ֆիլմում:

Որոշ երազողներ վաղուց կանխորոշել էին, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի իր ժամանակի միայն մի մասը կաշխատի արդյունաբերությունում, իսկ ժամանակի մյուս մասը կծախսի գիտության և մշակույթի բնագավառում հետաքրքիր ու ստեղծական աշխատանք կատարելու վրա: Հարցի այսպիսի լուծումը իրական չէ, քանի որ կյանքի փորձը ցույց է տալիս, որ գիտության ու մշակույթի բնագավառում արդյունավետ աշխատելու համար տաղանդ է անհրաժեշտ, ու կարելի է ենթադրել, որ մարդկանց շատ քիչ տոկոսն ունի բավարար չափով բնական տաղանդ, որպեսզի հնարավոր լինի նրանց հաջողությամբ օգտագործել որպես արհեստավարժ գիտնականների, կոնստրուկտորների, նկարիչների, գրողների, դերասանների և այլն: Դրա համար էլ հիմա խնդիրը այլ կերպ է դրվում. ինչպե´ս սովորական մարդու ժամանցին ստեղծական բնույթ հաղորդել, որ նա կարողանա սիրել ու խելամտորեն օգտագործի այն:

Կյանքը ցույց է տալիս, որ ժամանցի փուլում այդպիսի գործունեությունը մարդկանց մեծամասնության համար լրիվ իրագործելի է: Այն կարող է լինել կա´մ հումանիտար հետաքրքրությունների, կա´մ գիտատեխնիկական, կա´մ էլ սոցիալական խնդիրների բնագավառում: Շատ մարդիկ արդեն սկսել են իրենց ազատ ժամանակը նման գործունեության հատկացնել: Բայց կյանքը ցույց է տալիս նաև, որ միայն այն մարդը կարող է հետաքրքիր անցկացնել իր ազատ ժամանակը, որ բավականաչափ կրթված է, և գլխավորը՝ սովորել է իր գործունեության մեջ ներառել ստեղծականության տարր:

Իրավիճակը պարզաբանելու համար հասարակ օրինակ բերեմ: Հիմա շատերն են իրենց ազատ ժամանակը ճամփորդելու վրա ծախսում: Եթե մարդը պիտի քաղաքի տեսարժան վայրեր դիտի, պետք է պատրաստված լինի, ասենք՝ իմանա պատմությունը, որպեսզի նրա համար դա հետաքրքիր լինի: Առավելագույն հաճույք կստանա, եթե ինքնուրույն իմաստավորի տեսածն ու այն համադրի այլ երկրների պատմության կամ մեր օրերի հետ: Որպեսզի ամբողջական հաճույք ստանա, պետք է դրան վարժված լինի ու այն պետք համապատասխանի իր ստեղծագործական ընդունակություններին:

Եվ այսպես, կրթական համակարգի առջև դրված խնդիրը մարդուն միայն բազմակողմանի գիտելիքներ տալը չէ, որոնք անհրաժեշտ են լիարժեք քաղաքացի լինելու համար, այլև շրջակա միջավայրը ստեղծագործաբար ընկալելու համար անհրաժեշտ ինքնուրույն մտածողություն զարգացնելը:

Մարդու մտքի ստեղծագործական ընդունակությունները, որպես կանոն, ավելի վաղ են ի հայտ գալիս, ու դրանք կարելի է զարգացնել արդեն միջնակարգ դպրոցում, բայց դրանց բովանդակությունն ու ուղղվածությունը դրսևորվում են սովորաբար 18 տարեկանում: Դրա համար էլ բարձագույն կրթությունը, որը սկսվում է այս տարիքում, արդեն պետք է մարդու անհատական կարողություններին համապատասխան մասնագիտացված լինի: Բայց, որպեսզի բոլոր մարդկանց կարելի լինի դաստիարակել այնպես, որ կարողանան անցկացնել իրենց ժամանցը, պետությունը, ակնհայտորեն, պետք է բոլոր մարդկանց տա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, անկախ նրանից, դա պետք է մարդու մասնագիտությանը, թե ոչ:

Մի կողմ թողնելով երիտասարդության ստեղծականության դաստիարակության սոցիալական նշանակության ընդահունր հարցերը` ցանկանում եմ խոսել իմ բազմամյա գիտական ու կազմակերպչական փորձից ու կոնկրետ նկատառումներից, թե ինչպես պետք է ուսուցանել, որպեսզի դա չլինի միայն փաստացի նյութի սերտում ու բնության օրինաչափությունների մտապահում, այլև զարգացնի երիտասարդների ստեղծագործական ընդունակությունները:

Այս հարցով վաղուց եմ հետաքրքրվում, անկախ ուսուցման ընթացքում մարդու ստեղծական ընդունակությունների զարգացման անհրաժեշտության մասին իմ ունեցած պատկերացումներից, կապված վերջին շրջանում մարդկանց բարօրության և ազատ ժամանակի աճի հետ, որոնց մասին սկզբում խոսել եմ:

Ստեղծագործական ու գիտական աշխատանքի համար երիտասարդության ընտրության ու դաստիարակության հարցը միշտ եղել է գիտության զարգացման հաջող հիմք:

Քանի որ մարդու դաստիարակությունն սկսվում է, էականորեն, միջնակարգ դպրոցում, ընդհանուր գծերով դիտարկենք, թե ինչպես պիտի այն փոխակերպվի, որպեսզի նպաստի սովորողների ինքնուրույն մտածողությունը դաստիարակելուն:

Մինչև հիմա միջնակարգ կրթության հիմնական խնդիրը եղել է գիտելիքի տարբեր ոլորտներից սովորողներին որոշակի քանակի տեղեկություններ տալը, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդուն՝ իրեն երկրի լիարժեք քաղաքացի զգալու համար: Բայց մարդու մեջ ստեղծական ընդունակություններ դաստիարակելու համար անհրաժեշտ է սովորողի նկատմամբ ունենալ անհատական մոտեցում, որը նշանակալի կերպով դժվարացնում է ուսուցումը:

Պատանու կամ աղջկա մոտ սովորաբար բավականին վաղ են արտահայտվում ստեղծագործական ընդունակությունների ուղղությունները՝ ճշգրիտ գիտությունների, թե արվեստի ու գրականության բնագավառում: Դպրոցը, իհարկե, պետք է հաշվի առնի երիտասարդների այս ընդունակությունների տարբերությունը և հնարավորինս խուսափի նրանց բնական հակումների հանդեպ ճնշում գործադրելուց: Ես միշտ ելնում էի նրանից, որ ապագա գիտնականի դաստիարակության հարցում կարևոր է նրա ստեղծագործական ընդունակությունների զարգացումը, որն ունի էական  նշանակություն, ու դրա համար էլ դրանց զարգացումը հարկավոր է սկսել դպրոցական նստարանից, և որքան շուտ՝ այնքան լավ:

Մարդու ստեղծական ընդունակությունների դաստիարակությունը հենվում է ինքնուրույն մտածողության զարգացման վրա: Իմ կարծիքով, այն կարող է զարգանալ հետևյալ հիմնական ուղղություններով՝ գիտական ընդհանրացման կարողություն (ինդուկցիա), գործնականում տեսական արդյունքների կիրառման միջոցով ընթացքի կանխատեսում (դեդուկցիա), և վերջապես, տեսական ընդհանրացումների և բնության մեջ ընթացող պրոցեսների միջև եղած հակասությունների բացահայտում (դիալեկտիկա):

Դժվար չէ տեսնել, որ երիտասարդների մոտ բնական գիտությունների բնագավառում ընդհանուր գիտական ստեղծագործական մտածողություն դաստիարակելու համար առավել հարմար ոլորտները մաթեմատիկան ու ֆիզիկան են, որովհետև այստեղ, հիմնականում, խնդիրներ և օրինակներ լուծելու ճանապարհով կարելի է վաղ տարիքից ինքնուրույն մտածողություն դաստիարակել: Եթե համեմատենք մաթեմատիկայով ու ֆիզիկայով զբաղվող երիտասարդների ստեղծագործական մտածողության զարգացման արդյունավետությունը, ապա, ամենայն հավանականությամբ, կպարզվի, որ ֆիզիկան ավելի մոտ է կյանքին ու մեզ շրջապատող բնության մեջ գիտական ուսումնասիրություններ անելու հնարավորություններին, մանավանդ, որ արդեն լաբորատոր պարապմունքների ընթացքում սովորողը տեսնում է, թե ինչպես կարելի է դիտարկումներից տեսական ընդհանրացումներ ստանալ (բնության ուսումնասիրության ինդուկտիվ մեթոդ): Խնդիրներ լուծելը սովորողի դեդուկտիվ մտածողության վարժեցնում: Դիալեկտիկ մտածողության համար դասավանդողը օրինակների միջոցով կարող է ցույց տալ, թե ինչպես է ֆիզիկայի բնագավառում տեսական պատկերացումների ու փորձի միջև եղած հակասությունը հանգեցնում նոր գիտական հայտնագործությունների:

Ֆիզիկան պատանեկության շրջանում բնագիտության բնագավառում ստեղծագործական մտածողություն նախնական դաստիարակելու հարմար առարկա է: Սա ֆիզիկայի ուսուցման կազմակերպումը դպրոցում դարձնում է պատասխանատու խնդիր:

Ընդունված է, որ ֆիզիկայում ստեղծագործական մտածողություն զարգացնելուն մեծ օգուտ են բերում գործնական պարապմունքները, սեմինարները, և ինչը պետք է առանձնահատուկ նշել, խնդիրների լուծումն ու օլիմպիադաների կազմակերպումը, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետորեն ի հայտ բերել պատանիների ստեղծագործական ընդունակությունները:

Մեր փորձը ցույց է տալիս, որ խնդիրները, որոնք սովորաբար տրված են ժողովածուներում, միշտ չէ, որ ունեն այն բնույթը, որ ինքնուրույն մտածողություն է դաստիարակում: Սովորաբար, այդ խնդիրները հանգում են նրան, որ պետք է տվյալները տեղադրել անհրաժեշտ բանաձևերում, ու այդ ժամանակ կստանաս որոշակի պատասխան: Սովորողի ինքնուրույնությունը երևում է միայն այն բանում, որ ճիշտ ընտրի բանաձևերը, որտեղ պետք է տվյալները տեղադրել:

Կարծում եմ, պետք է առաջարկել խնդիրներ, որոնք այդքան էլ որոշակի չեն՝ սովորողին թողնելով փորձի հիման վրա ինքուրույն ընտրելու համապատասխան մեծություններ: Ահա այդպիսի պարզ խնդիրների օրինակներ: Առաջարկեք որոշել պոմպի շարժիչի հզորությունը, որը վեցհարկանի շենքի հրդեհը հանգցնելու համար ջրի անհրաժեշտ հոսք կապահովի: Կամ այլ խնդիր` ինչպիսի չափսեր պիտի ունենա ոսպնյակը, որպեսզի դրա կիզակետում հավաքված արևի ճառագայթները շիկացնեն երկաթե լարը: Ակնհայտ է, որ սովորողն իր կենսափորձից կամ տեղեկատուից պետք է ընտրի իրեն անհրաժեշտ տվյալները: Ես նմանատիպ խնդիրներ, բայց, իհարկե, ավելի բարդերը, առաջադրել եմ ուսանողներին: Նրանք մի քանի տարի այդ խնդիրները հավաքել ու հրատարակել են գրքույկի տեսքով[1]: Ուսանողներն այդպիսի խնդիրներ սիրում են. դրանք չունեն ճշգրիտ լուծումներ և կենդանի քննարկումներ են առաջացնում: Համանման խնդրագիրք կարելի է կազմել նաև միջնակարգ դպրոցի համար:

Հիմա, որպեսզի առավել ընդունակ երիտասարդությանը ավելի հանգամանորեն պատրաստեն գիտական աշխատանքի, ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև մյուս երկրներում, սկսել են առավել օժտված երեխաների համար հատուկ դպրոցներ ստեղծել:

Արվեստի բնագավառում, հնարավոր է, որ դա իրեն արդարացնում է, քանի որ ստեղծագործական դերասանական, երաժշտական, գեղարվեստական ընդունակությունները ու մյուսները, սովորաբար, ձևավորվում են ավելի վաղ, քան ստեղծագործական մտածողության հակումը ճշգրիտ գիտությունների բնագավառում:

Բայց մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառում ընտրված, օժտված երիտասարդության համար ստեղծված դպրոցները, պարզվում է, վնասակար են: Նրանց վնասը հետևյալն է: Եթե տաղանդավոր դպրոցականին հանում են դպրոցից, դա, կարծես «արնաքամ»  է անու ու խիստ անդրադառնում դպրոցի ընդհանուր մակարդակի վրա: Դա բացատրվում է նրանով, որ ընդունակ ընկերը կարող է ավելի շատ ժամանակ հատկացնել իր համադասարանցիներին, քան ուսուցիչը, ու փոխադարձ օգնությունը հեշտ ու մտերմիկ է դառնում: Տաղանդավոր դպրոցականներն իրենց ընկերների ուսուցման հարցում հաճախ ավելի մեծ դեր են խաղում են, քան ուսուցիչները: Բայց դա դեռ քիչ է:

Քաջ հայտնի է, որ ուսուցման ընթացքում սովորեցնողն ինքն է սովորում: Ընկերոջը թեորեմը բացատրելու համար պետք է, որ ինքը հասկանա, ու բացատրելու ընթացքում ամենից լավ է ի հայտ գալիս յուրացման կիսատությունը: Այսպիսով, տաղանդավոր դպրոցականների մտավոր աճի համար անհրաժեշտ են ընկերներ, որոնց հետ կարող են պարապել: Տաղանդավոր պատանիների դպրոցում այդպիսի փոխադարձ ուսուցում չի լինում, և դա անդրադառնում է նրանց ընդունակությունների արդյունավետ զարգացման վրա: Իհարկե, նման դաստիարակումը ժխտող ակնհայտ այլ փաստերի շարք ևս կա, օրինակ՝ սովորողների մեջ մեծամտության ու գոռոզության ձևավորում, որ վնասում է րատանու բնական զարգացմանը:

После опубликования в «Комсомольской правде» части моего доклада, посвященной преподаванию в средней школе, я получил ряд писем по этому вопросу, из которых видно, что я недостаточно четко выразил свою мысль. «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում միջնակարգ դպրոցում դասավանդմանը նվիրված իմ զեկուցման մի մասի հրապարակումից հետո նամակների շարք ստացա, որոնցից պարզ էր դառնում, որ բավարար չափով հստակ չեմ արտահայտել մտքերս: Ես դեմ չեմ հատուկ դպրոցներին, բայց երևի այլ կերպ եմ պատկերացում այն խնդիրները, որոնց պիտի հետամուտ լինեն:

Իմ կարծիքով, սովորական դպրոցների համեմատ հատուկ դպրոցները պետք է հետապնդեն խնդիրներ, որոնք համանման են կլինիկաների խնդիրներին՝ հիվանդանոցների հետ համեմատած:

Կլինիկան ուսումնասիրում ու մշակում է ախտորոշման ու բուժման նոր մեթոդներ ու դրա համար ունի ավելի բարձր որակավորում ունեցող անձնակազմ, ու իր խնդիրը կյանքում առաջադեմ մեթոդների ներդրումն է, որով կբարձրացնի հիվանդների բուժսպասարկումը սովորական հիվանդանոցներում: Ընդ որում, իհարկե, կլինիկան պետք է մասնագիտացված լինի որոշակի հիվանդությունների ուղղությամբ: Այդպիսի կազմակերպության օգտակարությունն ու անհրաժեշտությունը առողջապահության համակարգում բոլորի կողմից ընդունված է ու կասկած չի հարուցում: Նույնը պետք է լինի նաև կրթության զարգացման գործում:

Հատուկ դպրոցների խնդիրն է ուսումնասիրել ու մշակել ուսուցման ու դաստիարակության առաջադեմ մեթոդներ: Հատուկ դպրոցները պետք է ունենան ընտրված մանկավարժական կադրեր ու օրինակելի կազմակերպում: Իհարկե, այդպիսի դպրոցները չեն կարող ընդգրկել բոլոր ուսումնական ոլորտները և պետք է մասնագիտացված լինեն ըստ առանձին առարկաների, ինչպես մաթեմատիկան, ֆիզիկան, կենսաբանությունը և այլն: Ես կարծում եմ, որ երկրում դասավանդման որակի բարձրացումը մեծ մասշտաբներով պետք է դառնա հատուկ դպրոցների հիմնական խնդիրը: Եթե դա այդպես է, ապա դրանից հետևում է, որ այդպիսի դպրոցների կազմակերպման բնույթը, դասավանդողների ու սովորողների ընտրությունը պետք է համապատասխանեն այդ խնդրին:

Գիտության հիմնական ոլորտների ուղղվածությամբ հատուկ դպրոցներ, որոնց խնդիրն է մշակել ու ներդնել ուսուցման առավել առաջադեմ մեթոդներ ամբողջ երկրի մասշտաբով, միշտ անհրաժեշտ կլինեն:

Հայտնի է, որ երիտասարդների ստեղծագործական ընդունակություններ դաստիարակելու համար շատ կարևոր է դասավանդողի դերը: Այստեղ մեծ դժվարությունների ենք հանդիպում, քանի որ չենք կարողանում միջնակարգ դպրոցն ապահովել բավականաչափ թվով տաղանդավոր դասավանդողներով, որ կարողանան սովորողների հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերել ու դաստիարակել նրանց ինքնուրույն մտածողությունը:

Դասավանդողների մեծամասնությունը իր առաջ խնդիր է դնում սովորողին փոխանցելու որոշակի քանակի գիտելիք ու գնահատում է սովորողների առաջադիմությունը՝ ելնելով դրանց յուրացման պնդությունից: Բացի այդ, դպրոցն ինքնուրույն մտածողության գնահատման չափանիշ չունի: Համապատասխան դասավանդողների ընտրությունն առաջադրված խնդրի համար ամենադժվար հարցն է: Կարծում եմ, որ այս խնդրի լուծման ուղի կա, սակայն հեշտ չէ: Համանման ճանապարհ լայնորեն կիրառում ենք Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում, որը ստեղծված է հետազոտական ինստիտուտների, առավելապես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ենթակայության, համար գիտական աշխատակիցներ պատրաստելու համար:

Մեր կրառած հիմնական գաղափարը հետևյալն է: Գիտության պատմությունը ցույց է տալիս, որ իր հետազոտություններն ավելի արդյունավետ է իրականացնում այն գիտնականը, որ աշակերտներ ունի, նրանց հետ է աշխատում: Սա տեսանելի է ամենախոշոր գիտնականնների օրինակներով:

Օրինակ, Մենդելեևը գտավ տարրերի պարբերական համակարգը, երբ միջոց էր փնտրում, որ այնպես նկարագրի տարրերի հատկությունները, որպեսզի իր ուսանողները, ում դասախոսություններ էր կարդում քիմիայի հիմունքների մասին, կարողանան դրանք մտապահել: Երիտասարդ Լոբաչևսկին, երբ երկրաչափություն էր դասավանդում մեծահասակների դպրոցում, որոնք յուրացնում էին միջնակարգ դպրոցի դասընթացը, չէր գտնում բավարար միջոցներ աշակերտներին բացատրելու զուգահեռ ուղիղների չհատվելու մասին ակնառու կանխադրույթն ու հայտնագործեց ոչ էվկլիդեսյան երկրաչափությունը: Սթոքսը, կազմելով մաթեմատիկայի խնդիրներ ուսանողների համար, դրանցից մեկում առաջարկում էր ապացուցել, որ փակ գծով ինտեգրալը պարզապես կախված է այդ փակ գծով անցնող հոսքի մեծությունից: Հիմա դա անվանում են Սթոքսի թեորեմ, չնայած, իրականում նա երբեք չի հրապարակել դրա ապացույցները և առաջարկում էր, որ իր ուսանողներն ապացուցեն: Ինչպես հայտնի է, այդ թեորեմը հիմնարար էր, քանի որ այն ընկած է Մաքսվելի հավասարումների հիմքում: Իր հանրահայտ գիտական աշխատությունում Մաքսվելը հավասարումները դուրս բերելիս հղում է անում Սթոքսի խնդիրների ժողովածուին: Այս օրինակները կարելի է շարունակել մինչև մեր օրերը: Այսպես, Շրեդինգերը իր հանրահայտ հավասարումները հայտնագործել է Ցյուրիխի համալսարանի ասպիրանտներին դե Բրոյլի աշխատանքը բացատրելու ժամանակ, ինչ նա անում էր Դեբայի խնդրանաքով, ով էլ ինձ պատմել է, թե ինչպես են գտնվել քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումները:

Դրանից ելնելով` մի շարք հետազոտական ինստիտուտների երիտասարդ գիտնականներին առաջարկում ենք մի քանի դասընթացներ ու սեմինարներ վարել ուսանողների համար, սովորաբար, մասնագիտական առարկաներից: Դա նրանցից շաբաթվա մեջ խլում է մեկ աշխատանքային օր: Այդ աշխատանքի համար նախատեսված է լավ աշխատավարձ: Կարծում ենք, որ արդյունքում երիտասարդ գիտնականը պակաս օգուտ չի ստանում, քան ուսանողները: Դեպքեր են եղել, որ երիտասարդ գիտական աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ գնացել են միջնակարգ դպրոց ու բարձր դասարաններում դասավանդել ֆիզիկա. դա նույնպես տալիս է դրական արդյունքներ:

Կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է կազմակերպել ֆիզիկայի դասավանդումը միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում, կիրառելով նույն սկզբունքները ու ներգրավելով հետազոտական ինստիտուտների երիտասարդ գիտնականներին: Դա օգտակար կլինի և՛ նրանց, և՛ կազմակերպիչներին, դժվարը կազմակերպելու հարցն է: Գիտական աշխատողի համար դա ավելորդ ծանրաբեռնվածություն պետք է չլինի ու շաբաթվա մեջ չզբաղեցնի մեկ աշխատանքային օրից ավելի: Բայց միջնակարգ դպրոցում աշխատանքը բաշխելիս առաջանում են կազմակերպչական դժվարություններ: Առաջանում է մեծ թվով դասավանդողներ ունենալու անհրաժեշտություն, քանի որ գիտական աշխատակիցներից յուրաքանչյուրը չի կարող դպրոցին շատ ժամանակ հատկացնել, ինչն էլ, իր հերթին դժվարացնում է վարչական ապարատի աշխատանքը:

Եվ վերջում, ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել. կասկած չկա, որ ժամանակակից երիտասարդության ճիշտ ուսուցման համար անհրաժեշտ է նրանց մոտ զարգացնել ստեղծագործական ընդունակությունները, և դա անել՝ հաշվի առնելով մարդու անհատական հակումներն ու ընդունակությունները՝ սկսած դպրոցական նստարանից ու շարունակելով բարձրագույն ուսումնական հաստատություններում: Սա հիմնավոր խնդիր է, որի լուծումից կախված է մեր քաղաքակրթության ապագան ոչ միայն մի երկրում, այլև համաշխարհային մասշտաբով, ոչ պակաս կարևոր խնդիր, քան խաղաղության խնդիրը ու ատոմային պատերազմի կանխումը:

Որպեսզի մարդկությունը զարգանա մարդասիրության (հումանիզմի), մշակութային ու սոցիալական առաջընթացի ուղիով, մենք բոլորս՝ գիտնականներս ու մտավոր աշխատանքի մարդիկ, պետք է ակտիվորեն մասնակցություն ունենանք մեր սերունդների առողջության ու առաջադեմ դաստաիարակման հարցերի մշակման գործում:

Աղբյուրը


[1] Կապիցա Պ. Լ. Ֆիզիկայի խնդիրներ. «Գիտելիք», Մոսկվա 1966

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский