«Ֆինանսական գրագիտություն օտարերկրացի մասնագետների հետ» ուսումնական նախագիծ

Միջազգային կրթական ծրագրերը հանրակրթությունում՝ հատկապես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, անընդհատ զարգացող, նոր հեռանկարներ ունեցող ծրագրեր են:

Կրթահամալիրից ձգվող կրթական կամուրջները Հայաստանի, Արցախի ու Թբիլիսիի դպրոցների հետ  ամրապնդվում են, զարգանում, տեղափոխվում նոր հարթություն: Իսկ զարգացումը ավելի դինամիկ է դառնում, երբ համագործակցության ու  գործընկերության մեջ ներառվում են տեղական ու միջազգային կրթական կառույցներ ու կազմակերպություններ։ Սա նաև հեղինակային կրթական ծրագրի տարածման, այլոց փորձի ուսումնասիրման ու ներդրման լավագույն ձև է:

Միջազգային համագործակցությունից ուզում եմ առանձնացնել և ավելի մանրամասն խոսել 2016-ին մեկնարկած մի նախաձեռնության՝ «Ֆինանսական գրագիտություն օտարերկացի մասնագետների հետ» մեկամսյա ուսումնական նախագծի մասին, որն իրականացվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում AIESEC-Հայաստան  կազմակերպության հետ:

AIESEC-ը  գլոբալ երիտասարդական կազմակերպություն է,  որ իր առաջնորդության ծրագրերի միջոցով և ներգրավելով ուսանողներին ու շրջանավարտներին միջազգային փոխանակման ու պրակտիկայի ծրագրերում՝ զարգացնում է նրանց առաջնորդական հնարավորությունները։ AIESEC-ի միջազգային գրասենյակը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում է։ AIESEC-ի գլոբալ ցանցը ներառում է ավելի քան 65000 անդամ 110 երկրներում և տարածաշրջաններում՝ AIESEC-ը դարձնելով ամենախոշոր կազմակերպությունը աշխարհում, որը ղեկավարվում է երիտասարդների կողմից։ Այն առկա է ամբողջ աշխարհի ավելի քան 2100 համալսարաններում, իր անդամների համար ապահովել է ավելի քան 12000 առաջնորդության փորձ, ուսանողներին և շրջանավարտներին ուղարկում է տարեկան 17000 միջազգային փոխանակումների։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն  ունի կրթական փոխանակումների համաձայնագիր «Տնտեսագիտության և կառավարման ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների» «ԱՅՍԵԿ» ասոցացիա» հասարակական կազմակերպության հետ:

Համաձայնագրի համաձայն՝ կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում 2016թ. հունվարի-փետրվար ամիսներին հյուրընկալվեցին մասնագետներ ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից,  Թուրքիայից,  Հոնգկոնգից  և Սերբիայից, ովքեր իրականացնելու էին «Ֆինանսական գրագիտություն օտարերկացի մանագետների հետ» ուսումնական նախագիծը:

Մինչ բուն դասընթացների  մեկնարկը մասնագետները սովորողների հետ հանդիպումներ (1, 2) ունեցան կրթահամալիրում հունվարյան հեռավար-առցանց դպրոցի ժամանակ, երբ հանրապետությունում երկարացված արձակուրդներ էին, մասնակցեցին մանկավարժական աշխատողների հունվարյան դպրոցին, Գեղարվեստի ուսումնական կենտրոնի թատրոնի խմբի սովորողների հետ սկսեցին «Երբ խոսում է մարմինը» նախագիծը (1, 2, 3, 4): 

Փետրվարին, ուսումնական պարապմունքները ֆիզիկական միջավայրում վերսկսելուն պես կազմվեց երեքշաբաթյա (շաբաթական երեք պարապմունք՝ երկու իրար հաջորդող դասաժամերով) աշխատակարգ։ Մասնագետներ Էմիլի Թոմսոնը (Կանադա), Քելվին Կանը (Հոնկոնգ), Իզաբելա Դե Սկարպան (Բրազիլիա), Շոնդրա Հերմանը (ԱՄՆ) ստանձնեցին պարապմունքներ ըստ այդ աշխատակարգի։ Նախագծի մասնակիցներն էին 9-12-րդ դասարանցիները, շուրջ 70 սովորող:

Նախագծի բուն նպատակն էր տնտեսագիտական, ֆինանսական ոլորտի գիտելիքները ընդլայնել պատանիների շրջանում: Նմանատիպ դասընթաց ՀՀ կենտրոնական բանկի մասնագետները մեկ տարի առաջ իրականացրեցրել էին կրթահամալիրի տարատարիք սովորողների հետ՝ «Տնտեսական միամսյակ» խորագրով: Իսկ այս տարի ֆինանսական բովանդակությունը ներկայացվում էր անգլերեն, քանի որ մասնագետները հայերեն չգիտեին։ Օտար լեզուն անհրաժեշտաբար գործածելու պատճառով մեր սովորողների համար ֆինանսական գրագիտությունը դարձավ անգլերենի խոսակցական հմտությունները, բառապաշարը զարգացնելու, անկաշկանդ հաղորդակցվելու կատարյալ հնարավորություն:

Դասընթացները անց էին կացվում միասնական մշակված մոդելով՝ այն է տեսական գիտելիքներ, գործնական կիրառություն խաղերի միջոցով:
Իհարկե շատ կարևոր են այն գիտելիքները, հմտությունները, որ այդ պարապմունքները տվեցին սովորողներին, սակայն պակաս կարևոր չէ մասնագետների ներառումը կրթահամալիրյան կյանքում։ Ահա.

«Կարդում ենք» ստուգատեսին մասնագետների մասնակցությունը ոչ միայն ուղղակի հետաքրքիր էր, միևնույն ժամանակ սովորողներին դա վերլուծելու հնարավորություն էր տալիս՝ հասկանալու, թե ինչո՞ւ են նրանք դժվարությամբ արտաբերում հայերեն բառերը, ո՞ր հնչյուններն են հատկապես «ձախողում»: Այդպիսի մի վերլուծության ժամանակ ներկա էի, երբ Իրինա Ապոյանը իր 10-դ դասարանի սովորողների հետ քննակում էր, բացատրում, որ հայերենում կան եռաշար բաղաձայններ՝ դ-տ-թ, գ-կ-ք, ջ-ճ-չ, կրկնակ բաղաձայններ՝ ժ-շ, ձ-ց, որը չկա անգլերենում և ծանոթ այլ լեզվում: Այդ պատճառով էլ հայերենի արտասանությունը դժվար է օտարերկրացիների համար:

Նախագծի ամփոփիչ կլոր սեղանի ժամանակ 9-12-րդ դասարանի պատանիները խոսեցին իրենց տպավորություններից, թե ինչքան հետաքրքիր ու բովանդակապես հագեցած նախագիծ էր իրենց համար, որ նախագծի ժամանակ բացի ֆինանսական ոլորտից նաև քննարկել են խոսել իրենց երկրի, մշակույթի դպոցի և այլ տարբեր թեմաներով: Կլոր սեղանի ժամանակ սովորող մասնակիցները խոսում էին անգլերեն, իրենք էլ թարգմանում էին:

Ցանկացած գործում կաևորը հետևողականությունն է, անընդհատությունը, որը բերում է ցանկալի արդյունքի: Սովորողները իրենց բլոգներում, կրթահամալիրի կայքում անընդհատ պատմում էին  նախագծի ընթացքի մասին՝ հայրեն, անգլերեն տեքստերով, ռադիո և տեսանյութերի տեսքով՝ այդպիսով բոլորին հաղորդակից դարձնելով Ավագ դպրոցում շուրջ մեկ ամիս ընթացող ուսումնական նախագծին:

Նախագծի ամփոփման արդյունքում հասկացա, որ ավագ դպրոցի սովորողները մեծ սիրով էին մասնակցում այդ պարապմունքներին, նույնիսկ այն սովորողները, ովքեր ուսման նկատմամբ մի քիչ անտարբեր են: Դա խոսում է այն մասին, որ սովորողի համար գրավիչ ու արդյունավետ է, որ պարապմունքները վարում են այլ մարդիկ, իսկ օտարերկրացի ուսանող մասնագետները պարապմունքներն անց էին կացնում հետաքրքիր:

Անվիճելի է, որ ժամանակակից պայմաններում երբեք չի կարելի ուսուցումը մեկնաբանել որպես սովորողների մեջ միայն գիտելիքների, կարողությունների և հմտությունների որոշակի համակարգի ձևավորում: Այժմ խնդիր է դրվում ուսուցումը կազմակերպել այնպես, որ այն առավելագույն չափով ապահովի սովորողի մտավոր զարգացումը:
Օտարերկրացի ուսանող-մասնագետները պատրաստված էին, ունեին օրվա դասընթացի ծրագիր, նպատակ, խնդիրներ ու միջոցներ նպատակին հասնելու համար: Իրար հաջորդող երկու դասաժամով շաբաթական երեք անգամ հանդիպումները սովորողներին չէին ձանձրացնում, նրանք սիրով էին մասնակցում պարապմունքներին: Չկար պարտադրանք, դաս պատմել, գնահատվել կամ չգնահատվել դրա համար: Պարապմունքներին ներկա եմ եղել ու տեսել ընթացքը, խաղաղ ու համագործակցային մթնոլորտը: Մասնագետները շահագրգռված էին, որ սովորողները սիրեն իրենց, ստացվի կապը, որը շատ կարևոր է վերջնական արդյունքի համար: Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող մեր բոլոր դասավանդողները պետք է կարողանան նմանատիպ նախագծեր մշակել և համակարգել: Սովորական դաս-դասարանային գործընթացը, դասը պատմելը, որոշակի առաջադրանքներ կատարելը ու դրանց համար գնահատվել կամ չգնահատվելը սովորողների մոտ նվազեցնում է մոտիվացիան տվյալ դասընթացի նկատմամբ:

Հետաքրքիրն այն է, որ օտարերկրացի մասնագետները շարունակ խրախուսում էին սովորողներին. նրանց ոչ մի անգամ նախատելիս կամ զայրանալիս չտեսա: Դա սովորողներին ոգևորում էր, չէին վախենում սխալվելուց: Բրիտանացի հոգեբանները մի փորձ են իրականացրել սովորողների շրջանում. «Մի խումբ աշակերտներից յուրաքանչյուրն ուսուցչի ներկայությամբ ինքնուրույն կատարել է ուսումնական առաջադրանք: Մի քանիսին ուսուցիչը հաճախ մոտեցել, հետաքրքրվել է, թե ինչպես են առաջադրանքը կատարում, գովել, խրախուսել է: Մի քանիսին էլ մոտենալիս գլխավորապես նշել է նրանց թույլ տված սխալները, արել կտրուկ դիտողություններ, քննադատել, իսկ մի քանի հոգու նկատմամբ էլ եղել է անտարբեր, բոլորովին անուշադիր, նրանցից ոչ մեկին ոչ մի անգամ չի մոտեցել: Ստացվել են հետևյալ արդյունքները. առաջադրանքը ամենից լավ կատարել են նրանք, ում ուսուցիչը խրախուսել է, քաջալերել: Առաջադրանքը վատ են կատարել նրանք, ովքեր արժանացել են դիտողությունների, ում տրամադրությունը առաջադրանքը կատարելիս ուսուցիչը փչացրել է: Բոլորովին անսպասելին այն էր, որ ամենից ցածր արդյունքներ տվել են ոչ թե նրանք, ովքեր արժանացել են ուսուցչի դիտողություններին, այլ նրանք, ովքեր ուսուցչի կողմից մատնվել են անուշադրության, ովքեր ո՛չ քաջալերվել և ո՛չ էլ պարսավանքի են արժանացել»:

Մի օրինակ էլ բերեմ: Մասնագետները պարապմունքների ընթացքում կիրառում էին խաղերի մեթոդը: Ուսուցանող խաղերը, հետաքրքրաշարժ առաջադրանքները, սևեռում են սովորողի` սովորաբար անկայուն ուշադրությունը պարապմունքի ընթացքին, տալիս են նոր գիտելիքներ, ստիպում են լարված մտածել: Խաղերը սովորողներից պահանջում են հնարամտություն, ուշադրություն, համատեղ ստեղծագործական համառություն, զարգացնում են երևակայությունը, արագորեն ճիշտ լուծումներ գտնելու կարողությունները:

Ուսուցման միօրինակությունը հոգնեցուցիչ է՝ իր բոլոր բացասական հետևանքներով, որի հետ ամեն օր բախվում եմ, որպես ավագ դպրոցի ղեկավար: Այս փորձն ինձ ստիպում է ավելի հետևողական լինել դասավանդողների մեթոդական վերապատրաստումների, նախագծային ուսուցման բովանդակային պահանջների լրամշակման նկատմամբ, ուսումնական պարապմունքի կառուցվածքային, մեթոդական, բովադակային պահանջները վերանայել, լրամշակել նոր ուսումնական տարվա համար: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский