«Շրջիկ գրադարան» նախագիծը դասարանում

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը՝  նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը: Վոլտեր

Ընթերցանությունը ուսուցման, անհատի զարգացման, ինքնակրթության հիմնական միջոցներից մեկն է: Այսօր, տեխնոլոգիապես հագեցած այս դարաշրջանում,  անընդհատ ընթերցանության խթանման գրավիչ ձևեր ու մեթոդներ գտնելու անհրաժեշտություն է առաջանում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացնողը՝ դասվարը, ղեկավարում է դասարանական նախագծերը ողջ տարվա ընթացքում: Նախագծային աշխատանք իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով: Յուրաքանչյուր նախագիծ ուղեկցվում է ընթերցանության նյութերով: Նախագիծ ղեկավարող դասվարը ընթերցանության նյութեր ընտրում և առաջարկում  է՝ հաշվի առնելով տարիքային և անհատական առանձնահատկությունները:

Նախագծի ընթացքը

Առաջին դասարանում, երբ  սովորողներն արդեն տառաճանաչ էին և արդեն կարողանում էին կարդալ փոքր ստեղծագործություններ, բանաստեղծություններ և հեքիաթներ, սկսեցի իրականացնել «Իմ գրադարանը» նախագիծը: Նախագծի նպատակն էր սովորողին ընթերցել սովորեցնել, զարգացնել  ընթերցելու կարողությունը, առաջացնել հետաքրքրություն դեպի գիրքը: Առաջարկեցի  ընթերցել Հ.Թումանյանի ստեղծագործություններից, ընթերցածը ներկայացնել տեսանյութերի, ձայնագրությունների միջոցով: Սովորողները ծնողների հետ տեսանյութեր պատրաստեցին և մեծ ոգևորությամբ պատմեցին իրենց տան գրադարանի, առաջին ընթերցած հեքիաթի և արդեն սիրված և ընթերցած գրքերի մասին: Տեսանյութերը տեղադրվեցին դասարանական բլոգում: Այս նախագիծը շարունակական բնույթ կրեց: Ամառային ուսումնական արձակուրդի ընթացքում նրան հաջորդեց «Ամառային ընթերցանություն» նախագիծը, որտեղ պատմում են ամառվա ընթացքում իրենց կարդացած գրքերի մասին:

Այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում 2-րդ դասարանում սկսեցի իրականացնել ընթերցանության խթանման մի նոր նախագիծ: Նախագիծը կազմակերպմանը միացավ ու շարունակեց երկարացված օրվա կազմակերպիչն ու սովորող օգնականը, ովքեր թվային գործիքների միջոցով սկսեցին համակարգել  աշխատանքը, գրանցել ընթերցողներին: Նախագիծը շատ լավ ընթացք ստացավ: Նոր հրատարակված գույնզգույն  գրքերով գրադարան-տնակի մուտքը մեր դասարան իսկական իրադարձություն ու տոն դարձավ: Նոր գրքի հետ ծանոթանալու, կարդալու և տպավորություններով կիսվելու լավ միջոց էր առցանց աշխատանքը, որի ընթացքում սովորողները գրավոր պատմում էին իրենց կարդացածի մասին, կարդում ընկերների գրածները՝ այդպես ծանոթանալով դեռ չկարդացած գրքին: Ոգևորության ու ուրախության նոր ալիք էր բարձրանում դասարանում, երբ լրանում էր կարդացած գիրքը վերադարձնելու սահմանված ժամկետը և նորը վերցնելու սպասումը: Հաջորդ օրվա դասի  քննարկման նյութը դառնում էր սովորողների՝ Նոր դպրոցի ենթակայքում տեղադրված առցանց քննարկումները, որտեղ իրենց կարդացած գրքի մասին սեփական տպավորություններն ու երբեմն հավանած հատվածների մասին  միմյանց պատմում էին դասընկերները: Առցանց քննարկում 1, առցանց քննարկում 2, նախագծի ամփոփում:

Նախագիծը զուգահեռ ընթանում էր նաև երկարացված օրվա ծրագրում, որտեղ սովորողները կլոր սեղանի շուրջ պատմում էին իրենց կարդացած գրքերի մասին տպավորությունները: 

Առավել ոգևորված էին  ծնողները, ովքեր սովորողների հետ միասին կարդում և հիանում էին նոր գրքերով: Նախագիծը շարունակական է, այն շարունակվելու է  ողջ տարվա ընթացքում՝ ներառելով ուսումնական արձակուրդները: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский