Նախագծերով համընդհանուր ուսուցման կազմակերպում

Այն, որ նախագծային ուսուցումը մեզանում նորություն չէ, փաստ է: Նախագծերը միշտ էլ եղել և մնում են հեղինակային կրթության բաղկացուցիչը: Այլ հարց է, որ այսօր մենք առավել, քան երբևէ,  «կազմակերպման՝  որպես առաջադրման, մշակման, ուսուցման արդյունքների գրանցման ու քննարկման» խնդիր ունենք:

Ու, քանի որ նախագծային ուսուցումը նորություն չէ, ես էլ նոր բան, ըստ էության, չեմ ասելու: Ուղղակի փորձելու եմ առկա խնդրի վերաբերյալ իմ այն պատկերացումները ներկայացնել, որոնք ձևավորվել-ամրապնդվել են անցնող տարիների ընթացքում:

Առաջին
Պետք է ձևավորել նախագծերի կենտրոն (պայմանական անուն է), որի գլխավոր գործառույթը կլինի կրթահամալիրում ծնված նախագծերը գրանցելն ու համակարգելը: Ընդ որում, համակարգումը պետք է արվի միաժամանակ երեք հիմնական ուղղություններով՝

  • ներկրթահամալիրային
  • տարածաշրջանային
  • միջազգային:

Ներկրթահամալիրային են այն նախագծերը, որոնք ծնվում և մնում են կրթահամալիրում:
Տարածաշրջանային են այն նախագծերը, որոնք համագործակցում են ՀՀ-ի տարածքում գործող (օրինակ՝ Վիքիմեդիան), Արցախի և Վրաստանի (օր.՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ») կրթական այս կամ այն կառույցի հետ, Իզմիրի տիեզերագիտաըկան ճամբարի մասնակցությունը:
Միջազգային են այն նախագծերը, որոնք համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ՝  eTwinning-ը:

Երկրորդ
Հաշվի առնելով այս կամ այն նախագծերի խմբին հատուկ հատկանիշներն ու որակները, իրականացվող նախագծերը, հարկ է, որ համակարգվեն ըստ հիմնական տեսակների՝
ստեղծական (ստեղծագործական), օրինակ՝  մեր պատանեկան ամսագրերը
տեսական (տեղեկատվական), օրինակ՝ «Մեր եկեղեցու խորհուրդները»
գործնական (ծեսեր-տոների կազմակերպում, պարտեզային աշխատանք, հայրենագիտական ճամփորդություններ, ռազմամարզական խաղեր և այլն)
Պարզ է, որ հաճախ այս կամ այն նախագիծը ներառում է և կներառի մյուս տեսակներին հատուկ տարրեր ևս, բայց էականը, գոնե այս պահին, կարծում եմ՝ դա չէ: Կարևորը նախագծի հիմնական շեշտադրումն է, ոչ թե ներառող տարրերը:

Երրորդ
Նախագծերի առանձնացում ըստ իրականացման ժամանակահատվածի՝

  • երկարաժամկետ (մեկ կիսամյակ և ավելի)
  • միջնաժամկետ (մինչև մեկ կիսամյակ)
  • կարճաժամկետ (մինչև մեկ շաբաթ)

Հասկանալի է, որ կապված այս կամ այն նախագծի հետագա զարգացումներից և որոշակի նպատակադրումներից՝  նախապես մատնանշված ժամկետները կարող են փոխվել. ինչ-ինչ պատճառներով ընդհատվել կամ  երկարաձգվել: Խառնաշփոթից խուսափելու համար սկզբնական շրջանում կարելի է գրանցել միայն երկարաժամկետ և միջնաժամկետ նախագծերը:

Չորրորդ
Նախագծերի առանձնացում ըստ մասնակիցների թվի՝

  • անհատական
  • միջխմբային
  • խմբային

Խմբայինն էլ իր հերթին կարող է լինել`

  • դասարանական
  • ակումբային
  • տարատարիք
  • ընտանեկան

Սա կարևոր է, որպեսզի մենք ամբողջական պատկեր ունենանք նախագծերում ընդգրկված սովորողների, նրանց հետաքրքրությունների ու նախասիրությունների, այս կամ այն պատճառով նախագծերում չընդգրկված սովորողների թվի մասին: Ինչ-ինչ պատճառներով նախագծերում չընդգրկված սովորողները ժամանակավորապես կարող են առարկայական առաջադրանքներ կատարել՝  մինչև որ կկողմնորոշվեն կամ էլ կառաջարկեն իրենցը:

Հինգերորդ
Նախագիծ սկսող ղեկավարը պետք է հայտ ներկայացնի Նախագծերի կենտրոն՝ տեղեկացնելով, որ նախատեսում է այս կամ այն ժամանակահատվածում, այս կամ այն նախագիծը իրականացնել: Հայտում պետք է անպայման նշված լինի նաև նախագծից ակնկալվող արդյունքը: Նախագծի կազմման աշխատանքը պիտի իրականացվի հնարավորինս արագ և  անարգել՝ ժամանակն ու եռանդը ծախսելով ոչ այնքան նախագիծ կազմելու կամ կարգեր գրելու, որքան գաղափարները կյանքի կոչելու-իրականացնելու վրա: (Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ մենք կրթական քաղաքականության մեջ շեշտադրում փոխելու խնդիր ունենք. ոչ թե ի՞նչ ես պատրաստվում անել, այլ ցույց տուր խնդրեմ՝ ինչ ես արել):

Վեցերորդ
Նախագծերի կենտրոնը, համատեղ պայմանավորվածությամբ և փոխադարձ համաձայնությամբ, կազմում է այս կամ նախագծի արդյունքի ցուցադրման օրը, վայրը, ժամը: Երկարաժամկետ նախագծերի դեպքում կարող են լինել նաև միջանկյալ ցուցադրություններ:
Նախագծի վերջնարդյունքը հանձնել-ներկայացնելիս անպայման պետք է հաշվի առնել նախագծերի առանձնահատկությունները: Ասենք, օրինակ՝ պատանեկան ամսագրերի դեպքում դա կարող է այլ պատկեր ունենալ, իսկ ներկայացման դեպքում՝ այլ:
Այսպիսով՝ նախագծերի հայտագրումը, գրանցումը և համակարգումը թույլ կտա, որպեսզի

  • տեսանելի, թափացիկ և կառավարելի դառնա նախագծերի ծավալած գործունեությունը
  • հնարավորություն կտա էլ ավելի ուշադիր հետևելու նախագծերի ընթացքին, ժամանակին նկատելու առկա խնդիրները
  • հասկանալու նախագծային ուսուցման հնարավոր զարգացումները:

Յոթերորդ (հնարավոր զարգացումներ)

  • եթե նախագծային ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի զարգացման գերակա ուղղություն ենք համարում, ապա այն պետք է ներառել դասացուցակում
  • մոտակա ժամանակներում նախագծային ուսուցումը կփոխարինի հանրակրթությանը՝  աստիճանաբար դուրս մղելով առարկայական կրթությունը
  • ակումբները և ընտրությամբ գործունեությամբ խմբերը նահանջ կգրանցեն՝ տեղը զիջելով ավելի «թեթև», մտքի լարում չպահանջող  գործունեության ձևերի և տեսակների:

Եվ մենք, ուզենք, թե չուզենք, պետք է պատրաստ լինենք նման զարգացումների:
Եվ վերջում՝  «Որպես լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոցների իսկական մեծ-ամբողջական  համալիր պիտի գործի հաստատությունը մեր, որտեղ կլինի իրական ազատություն, հարգանք ու վերաբերմունք՝ գաղափարների առաջադրման, դրանց անարգել շրջանառման և իրագործման համար»:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский