Դպրոցական նոր առարկայի պահանջ

Արդեն քանի տարի աշխարհում մոլեգնում է տնտեսական ճգնաժամը: Վերջինս մարդկանց կարծես թե շեղել է մի այլ ահավոր ճգնաժամից՝ բնապահպանական աղետից, որ մարդկությանը սպառնում է արդեն 50 և ավելի տարի: Արդեն չենք զարմանում անկանոն (անոմալ) բնական երևույթներից՝ տաք փետրվարից, ցուրտ մայիսից, երկարատև երաշտից, բևեռների հալոցքից և այլն: Մարդկությունն անվերադարձ ընդառաջ է գնում համամոլորակային բնակլիմայական Արմագեդոնին, որն արդեն սարերի ետևում չէ: Մեր հասարակությունը մի վերջին, երկչոտ ճիգ է գործադրում ոչ թե կասեցնելու արհավիրքը, այլ մի փոքր էլ երկարաձգելու իր թշվառ գոյությունը: Այս ամենում մեղավոր ենք բոլորս միասին և ամեն մեկս առանձին վերցրած: Հեռու եմ պատրաստի դեղատոմս կամ ամոքիչ սպեղանի առաջարկելու մտքից, սակայն իմ մեղքն էլ զգալով այս ամենում, ուզում եմ ձեզ հետ մի քանի «մաքրամոլ» մտքեր փոխանցել, որոնք վերջերս հանգիստ չեն տալիս ինձ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն տարի ահռելի աշխատանք է կատարվում, ջանք ու միջոցներ են ծախսվում մեր միջավայրը ավելի կանաչ ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Աստծո ամեն գարուն ու աշուն հարյուրավոր ծառեր ու թփեր ենք տնկում, խնամում, մշակում,  ու եթե մոռանում ենք, ծառերը կա՛մ չորանում են, կա՛մ էլ, լավագույն դեպքում՝ վայրենանում: Սա այն պատճառով, որ գործին վերաբերվում ենք որպես միջոցառման, արեցինք և վերջ, էլ տերը չենք: Մինչդեռ այս աշխատանքներն ունեն ոչ միայն բնապահպանական, այլև դաստիարակչական մեծ նշանակություն ու պոտենցիալ: Մենք շատ ենք կտրվել բնությունից: Մեր երեխաները (նույնիսկ գյուղի) չգիտեն այն, ինչ մենք գիտեինք նրանց տարիքում: Նրանք ծառ ու ծաղիկ չեն ճանաչում: Ընկերս պատմում էր, որ իր հնգամյա թոռնիկն ասում է. ինչու են կեռասի մեջ կորիզ դնում, մեկ է հանելու, գցելու ենք:

Հարկավոր է արմատապես փոխել մեր վերաբերմունքը, բնապահպանական միջոցառումների պրակտիկայից պիտի անցում կատարել բնապահպանական լուրջ դաստիարակության: Դպրոցում մաթեմատիկայի, լեզվի ու պատմության առարկաների օրինակով լավ կլինի մտցնել նոր առարկա՝ «Իմ ծառը» պայմանական անունով: Կարծում եմ, վեցերորդ դասարանից սկսած՝ ամեն մի սովորող դպրոցի բակում կամ շրջակայքում պիտի ունենա իր անհատական ծառը կամ թուփը, անձնապես խնամի ու աճեցնի այն: Տարեվերջում ստանա գնահատական ծառի խնամքի ու հոգատարության համար: Իսկ ուսումնառության վերջում պետական քննությունների հետ միաժամանակ կրթահամալիրին հանձնի իր ծառը, առանց որի հասունության վկայական չէր ստանա: 6–7 տարեկան այդ ծառն այլևս մեծ խնամքի կարիք չի ունենա: Բացի դրանից 6–7 տարի կապված լինելով այդ ծառի հետ՝ շրջանավարտը չի մոռանա ոչ ծառը, ոչ էլ դպրոցի ճամփան: Անձնական պատասխանատվություն ունենալով իր ծառի նկատմամբ՝ սովորողն ավելի արդյունավետ կխնամի այն: Նույնիսկ ջուր չլինելու դեպքում չի զլանա մի դույլ ջուր գտնել իր ծառի համար, և «Առաջինը քո ծառը ջրիր» արտահայտությունը թևավոր խոսքից կդառնա գործնական աշխատանք:

Նման փորձ կա աշխարհի շատ երկրներում: Նույնիսկ մեր հարևան Թուրքիայում, որն անտառային մեծ ծածկույթ ունի, ամեն տարի դպրոց ու բուհ ավարտողների քանակով ծառ է ավելանում: Սա ունի նաև հսկայական դաստիարակչական նշանակություն: Գաղտնիք չէ, որ տանը կենդանի պահող երեխան ավելի մեղմ է, հանդուրժող ու հոգատար, և ամենակարևորը՝ ունի պատաս;անատվության մեծ զգացում: Սեփական (անհատական) ծառ ունեցող ու խնամող սովորողը ոչ միայն կգնահատի իր, այլև ուրիշի աշխատանքը և ծառ չի ջարդի:

Սա հավասարապես կարող է վերաբերվել նաև ուսուցիչներին: Ինչու ամեն ուսուցիչ չունենա իր ծառը կրթահամալիրում, հավատով ու ճշմարտությամբ խնամի այն, հպարտանա ու պարծենա իր ծառով, նստի ու թախծի նրա ստվերում: Մի քանի տարի անց կրթահամալիրը թաղված կլինի թավ ու շքեղ անտառի մեջ, իսկ մի քանի տասնամյակ անց բարդիների ու կաղնիների հսկա պուրակը մեղմ սոսափյունով նոր սերնդին կպատմի մեր օրերի բնասերների լեգենդը:

Որպեսզի խոսքերս (և ցանկություններս) մերկապարանոց չլինեն, իմ դասավանդած դասարանների՝ վեցերորդ և ութերորդ դասարանցիների առավել ակտիվ բնապահպանների հետ իրականացնում ենք նոր նախագիծ՝ սկսում ենք անձնագրավորել Միջին դպրոցի ծառերն ու թփերը: 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский