Հետաքրքրության շրջանակում

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

Սկիզբը 
Նախորդ հատվածը

4-րդ գլուխ 

Հետաքրքրության շրջանակում

Եվա Լորենսը աշխարհում ամենահայտնի կին բիլիարդիստն է: Հայտնի որպես «հարձակվող վիկինգ»՝ նա վաղուց դարձել է  աշխարհում ճանաչված թիվ մեկ խաղացողը, Եվրոպայի և ԱՄՆ-ի չեմպիոնը:   Նա հայտնվել է «New York Times Magazine» ամսագրի շապիկին: Նրա մասին հոդվածներ են հրապարակվում «People», «Sports Illustrated», «Forbes» և ուրիշ շատ խմբագրություններում. նա պարբերաբար հայտնվում է հեռուստատեսությունում և որպես մեկնաբան աշխատում ESPN հեռուստաալիքում:

Եվան մեծացել է Շվեդիայում և բիլիարդ խաղը բացահայտել է բոլորովին պատահաբար, երբ հետևում էր իր ավագ եղբորը:

 «Իմ լավագույն ընկերուհու՝ Նինայի հետ, ամբողջ ժամանակն անցկացնում էինք միասին և այնքան մոտ էինք, որքան կարող են մոտ լինել ընկերները: Մի անգամ, երբ ես տասնչորս  տարեկան էի, հետևեցինք իմ եղբորն ու իր ընկերոջը, որ գնացել էին բոուլինգ խաղալու: Շուտով ձանձրացանք բոուլինգ նայելուց և պատրաստվում էինք հեռանալ: Հանկարծ եղբայրս և իր ընկերը գնացին ինչ-որ սենյակ, որը կոչվում էր «բիլիարդանոց»: Առաջ երբեք չէի լսել բիլիարդի մասին: Հետևեցինք տղաներին, և հիշում եմ, որ հենց մտա այնտեղ, անմիջապես ստացա հսկայական տպավորություններ: Ինձ ամեն ինչ դուր եկավ՝ մութ սենյակը՝ ամեն սեղանին լապտեր, կիերի թակոցները գնդակներին: Առաջին իսկ վայրկյանից ես գերված էի:

Այնտեղ հավաքվել էր հասարակություն, որ գիտեր բիլիարդի մասին ամեն ինչ, և դա ինձ անմիջապես հետաքրքրեց: Ես և Նինան վախ ու հասկանալու ցանկություն էինք զգում, ծայր աստիճանի հետաքրքրված էինք, և դրա համար էլ լուռ նստել էինք անկյունում: Երբ հետևում ես քեզ հետաքրքրող գործընթացին կամ ինքդ ես զբաղվում դրանով, շուրջդ ամեն ինչ անհետանում է: Բիլիարդ խաղի ժամանակ դա չափազանց հեշտ է լինում, չէ՞ որ  ամեն սեղան մի բեմ է: Դրա համար էլ իմ համար շուրջն ամեն ինչ անհետացավ: Ես տեսնում էի միայն բիլիարդի սեղանը: Ես հետևում էի խաղացողներին, որ կոնկրետ գիտեին, թե ինչ են անում: Ես հասկանում էի, որ նրանց հարվածները գնդակներին պատահական չէին: Սրահում մի տղա կար, ով գնդակը գնդակի  հետևից գցում էր պարկի մեջ՝ վաթսուն, յոթանասուն, ութսուն անգամ անընդմեջ: Ես հանկարծ հասկացա՝ նա խփում է ոչ թե կիով ուղիղ հարվածելով, այլ սպիտակ գնդակով: Եվ ինչ-որ ձևով ընտրված գունավոր գնդակն անպայման հայտնվում էր գնդապարկում: Ինձ իսկապես ապշեցրին այս մարդկանց գիտելիքներն ու վարպետությունը. նրանց բիլիարդի խաղը նման էր շախմատային խաղին՝ երեք-չորս քայլ առաջ իրավիճակի գնահատումով, որ անպայման հաղթանակի հասնեն»:

Դա ինքնաբացահայտման պահ էր. Եվան արդեն հաստատ գիտեր, որ ուզում է իր կյանքը նվիրել բիլիարդին: Բարեբախտաբար ծնողներն աջակցեցին նրան՝ թույլ տալով աղջկան օրական 6-10 ժամ խաղով զբաղվել տեղի բիլիարդանոցում: Եվան դասերն անում էր հարվածների ընդմիջումների ընթացքում: «Բիլիարդանոցում բոլորը գիտեին, որ ես լուրջ եմ վերաբերվում խաղին, դրա համար էլ ինձ չէին անհանգստացնում: Այնտեղ հետաքրքիր էր: Եթե դուք մի վայրում եք, ուր ձեզ շրջապատում են համախոհներ, ապա իսկապես դառնում է հետաքրքիր: Դրա համար էլ մենք այդ տարօրինակներով, ում հետ միասին բիլիարդ էինք խաղում, դարձանք իսկական ընտանիք»:

1980 թվին՝ տասնվեց տարեկանում, Եվան Շվեդիայի բիլիարդի առաջնությունում է հաղթել: Տասնյոթ տարեկանում՝ առաջինը Եվրոպայի կանանց առաջնության պատմության մեջ: Արդյունքում աղջիկը Նյու Յորք գալու հրավեր ստացավ, որ Եվրոպան ներկայացնի աշխարհի առաջնությունում: Եվան հիշում է. «Ես ամբողջ ամառ պարապեցի: Բիլիարդանոցը բացվում էր միայն երեկոյան ժամը հինգին, այնպես որ առավոտյան ես նստում էի ավտոբուս և գնում նրա սեփականատիրոջ տուն, որ վերցնեի մուտքի դռների բանալին և սկսեի մարզումներս: Օրական խաղում էի տասը-տասներկու ժամ. իսկ հետո մեկնեցի Նյու Յորք մրցաշարի: Բայց այնտեղ գրավեցի ընդամենը յոթերորդ տեղը: Իհարկե, հիասթափված էի, որ ավելի լավ չէի ելույթ ունեցել, բայց միևնույն ժամանակ մտածում էի. «Հրա՜շք է, ես աշխարհում յոթերորդն եմ»»:

Չնայած ծնողների դժգոհությանը՝ Եվան որոշեց մնալ Նյու Յորքում, որ շարունակի զբաղվել սպորտով: Նա գիտեր, որ ԱՄՆ-ում հնարավորություն կունենար պարբերաբար խաղալու աշխարհի լավագույն բիլիարդիստների հետ: Համառ մարզումների արդյունքում Եվան սկսեց տոնել հաղթանակ հաղթանակի հետևից և դարձավ առաջատար կին բիլիարդիստը: Տաղանդը, խաղի հանդեպ կիրքը և ապշեցուցիչ գրավիչ արտաքինը Եվային դարձրին իսկական ներկայանալի անձ և նպաստեցին բիլիարդի ժողովրդականության աճին:

Եվա Լորենսին դեպի բարձունք էին ուղեկցում փառքը և ֆինանսական բարեկեցությունը: Բայց լավագույն խթանը մնում էր հենց խաղը:

 «Խաղի ժամանակ իրականում չես գիտակցում՝ ինչ է կատարվում շուրջդ: Դա իսկապես յուրահատուկ զգացողություն է: Կարծես թունելում լինես, և ուրիշ ոչինչ չես տեսնում, բացի նրանից, ինչ անում ես այդ պահին: Ժամանակը փոխում է իր շարժումը: Դու մտածում ես, թե խաղում ես քսան րոպե, բայց պարզվում է՝ անցել է ամբողջ ինը ժամ: Երբեք նման վիճակում չեմ հայտնվում այլ բանով զբաղվելիս, թեպետ հրապուրվում եմ նաև շատ այլ բաներով: Բայց զգացողությունը, որ ունենում եմ բիլիարդ խաղալիս, նման չէ ոչ մի այլ բանի:

Բիլիարդ խաղի գրավիչ կողմերից մեկը շատ բան սովորելու հնարավորությունն է: Դա անվերջ պրոցես է: Ամեն անգամ գնդակների դասավորությունը բիլիարդի սեղանին այլ է, ինչը միշտ հետաքրքիր է: Ինձ շատ է դուր գալիս այս խաղի ֆիզիկան և երկրաչափությունը՝ անկյունների հաշվարկը, հարվածների ուժն ու հետագիծը, որ  ստիպի գնդակին, որի միջոցով խփում են, շարժվելու այն ուղղությամբ, որը ձեզ պետք է:  Ու բիլիարդը նաև հնարավորությունների ու սահմանափակումների ուսումնասիրություն է: Օրինակ՝  հնարավորություն վերահսկելու բիտոկի (խփող գնդակի) շարժումն այնպես,  որ շարժվի առաջ երկուսուկես, ոչ թե երեք դյույմ. դա  սքանչելի զգացողություն է: Նման ձևով, տրված պայմանների դեմ պայքարելու փոխարեն՝ դուք գտնում եք դրանք օգտագործելու միջոցը:

Դպրոցում ես բոլորովին չէի հետաքրքրվում ո՛չ երկրաչափությամբ, ո՛չ ֆիզիկայով, և իհարկե, այդ առարկաներից չունեի լավ գնահատականներ: Բայց, չգիտես ինչպես, խաղի ընթացքում սկսում էի դրանք լավ հասկանալ: Նայում էի խաղասեղանին և նրա վրա բառացիորեն տեսնում էի գծերն ու սխեմաները: «Պատրաստվում եմ այս գնդակն ուղարկել այս գնդապարկի մեջ, երկրորդն՝ այնտեղ, երրորդը կգնա այնտեղ, իսկ հետո պետք կլինի երեք քայլ, որ խփեմ չորրորդ գնդակը: Վեցերորդը կգնա այնտեղ, խնդիր չի լինի: Վեցերորդի հետևից կգնա յոթերորդը, ութերորդը, իններորդը: Վերջ, սրանով էլ կավարտեմ»: Տեսնում եմ այս բոլոր քայլերը կարծես սխեմայի վրա: Եթե մի գնդակի մի փոքր սխալ ես խփում, գլխում բոլորովին նոր սխեմա է ծնվում: Անհրաժեշտ է նորից լուծել խնդիրը, որովհետև արդյունքը չի համապատասխանում ի սկզբանե պլանավորածին: Սխալվում ես վեց դյույմով, հետևաբար, անհրաժեշտ է վերանայել գործունեության ամբողջ պլանը:

Գուցե դպրոցում երկրաչափությունն ինձ չէր գրավում ուսուցչի պատճառով: Եթե ունենայինք ուրիշ ուսուցիչ, հնարավոր  է՝ ամեն ինչ այլ կերպ լիներ: Բայց ոչ ոք ժամանակին ինձ չի ասել. «Եվա, մտածի´ր լուծման այսպիսի եղանակի մասին», կամ «Նայի´ր սրան այս տեսանկյունից, և ամեն ինչ կստացվի»: Իսկ պատկերացրեք, եթե մեր ամբողջ դասարանը մի անգամ բերեին բիլիարդանոց և ասեին. «Ստուգեք դա գործի մեջ»: Բայց դպրոցում այնպե՜ս ձանձրալի էր: Գիտեք՝ երբեմն դասին դժվար է անգամ աչքերն ուղղակի բաց պահելը: Հիշելով իմ դպրոցական փորձը՝ այսօր ես աշխատանքում ամեն նոր աշակերտի հետ ջանում եմ հասկանալ՝ տիրապետո՞ւմ է նա շարժումների անհրաժեշտ համակարգմանը, նախընտրո՞ւմ է ֆիզիկան և երկրաչափությունը, օժտվա՞ծ է մաթեմատիկական մտածելակերպով»:

Եվան արդեն երեսուն տարի մասնագիտորեն բիլիարդ է խաղում: Մինչև այժմ  էլ այս սպորտը  նրան էմոցիայի նույն լիցքն է տալիս, ինչպես և առաջ. «Նույնիսկ այսօր, բիլիարդի այսքան տարվա մասնագիտական պարապմունքից հետո ցուցադրական ելույթի ժամանակ նյարդայնանում եմ: Մարդիկ ասում են. «Բայց չէ՞ որ դու արդեն քանի անգամ ես դա արել»: Համաձայն եմ, բայց ինձ համար նշանակություն ունի միայն տվյալ պահը»:

Բիլիարդն օգնում է Եվա Լորենսին ամբողջ կյանքում լինելու հետաքրքրության շրջանակում: Իսկ այդ շրջանակն ընկնելը հենց թույլ է տալիս մարդուն ապրել իր տարերքով:

Իր հետաքրքրության շրջանակում

Իմ ըմբռնումներում հետաքրքրության շրջանակը մեզնից յուրաքանչյուրի համար ինքնաբացահայտման սիրտն է: Ընդ որում հետաքրքրությունը, այսինքն՝ սիրած գործը, կարող է  կոչումը գտնելու ճանապարհին միայն գործընթաց, նախապատրաստում լինել: Դա կարող է լինել ուսումը, մարզումը, մի խոսքով այն ամենը, ինչն օգնում է հասնել նպատակին: Բայց նույնիսկ զբաղվելով սիրած գործով կարող ենք բախվել անբավարարվածության և հիասթափության: Երբեմն ինչ-որ բան չի ստացվում կամ ուղղակի չի ձգում: Բայց երբ ամեն բան ստացվում է այնպես, ինչպես պետք է, ապա արմատապես փոխվում է մեր զգացողությունը, անմիջապես ձեռք ենք բերում մեր կոչումը: Դառնում ենք կենտրոնացած և նպատակասլաց: Ապրում ենք ընթացող պահով: Լիովին խրվում  գործի մեջ և հասնում լավագույն արդյունքի: Փոխվում է մեր շնչառությունը, բանականությունը մարմնի հետ դառնում է ներդաշնակ: Զգում ենք, թե ինչպես առանց  այլ ջանքերի շարժվում հենց մեր տարերքի սիրտը:

Մտքերս ուզում եմ պատկերավոր դարձնել երջանիկ ստեղծական ուղու ևս մեկ պատմությամբ:

Աhարոն Սորկինը երկու հանրաճանաչ պիեսների1 հեղինակ է, երեք հայտնի հեռուստասերիալների2 և հինգ գեղարվեստական ֆիլմերի3 սցենարիստ: Նա տասներեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, ութ անգամ՝ «Ոսկե գլուբուս», նաև լավագույն կինոնկարի համար՝ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակի4:

 «Ես երբեք չեմ պատրաստվել գրող դառնալ,- պատմել է ինձ Աhարոնը:- Ես ինձ միշտ տեսնում էի որպես դերասան և քոլեջում դերասանական կրթություն եմ ստացել: Բեմն ինձ այնքան կրքոտ գրավեց, որ երբ սովորում էի բարձր դասարաններում և մի գրոշ էլ չունեի, Նյու Յորք էի գալիս գնացքով, գնում թատրոն և սպասում, մինչև սկսվի պիեսի երկրորդ արարը: Սրահում ազատ տեղեր էին հայտնվում, և ընդմիջումից հետո կարելի  էր աննկատ տեղավորվել: Երբեք գրողական գործունեությունը որպես հաճույք չեմ ընկալել: Այն ինձ միշտ շաբլոն էր թվում: Մի անգամ քոլեջում հավաքույթի համար էսքիզ գրեցի, իսկ իմ ուսուցիչը՝ Ջերարդ Մոզեսը, անսպասելիորեն ասաց. «Գիտես, եթե ուզես, կարող ես սրանով ապրուստի գումար վաստակել»:  Բայց ես գաղափար չունեի, թե ինչի մասին է նա խոսում: Վաստակել ինչո՞վ: Մի քիչ մտածելով՝ ես նորից զբաղվեցի այլ գործերով:

Դպրոցն ավարտելուց մի քանի ամիս անց ես ընկերոջս էի ճանապարհում, որ մեկնում էր քաղաքից: Նա ժամանակավոր ինձ մոտ թողեց հին գրամեքենա, որն իրեն պապիկից էր մնացել:  Այդ ժամանակ ես իմ ընկերներից  մեկին ամսական հիսուն դոլար էի տալիս Նյու Յորքի Վերին Իսթ Սայդում նրա փոքրիկ բնակարանի հատակին քնելու համար: Այդ ժամանակ ես որոշ ժամանակ աշխատում էի մանկական թատրոնում, նկարահանվում սերիալներում, գնում բազում փորձերի:  1984 թիվն էր:

Այդ հանգստյան օրերին իմ ընկերներից ոչ մեկը քաղաքում չէր: Նյույորքյան այն  ուրբաթ երեկոներից մեկն էր, երբ այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես բոլորը, բացի քեզանից, հրավիրված են հավաքույթի: Ես գումար չունեի, հեռուստացույցս չէր աշխատում, և այն ամենը, որ ունեի, թուղթն էր ու գրամեքենան: Նստեցի և սկսեցի տպել երեկոյան իննից մինչև հաջորդ օրվա կեսօրը: Ես սիրահարվեցի այդ գործին:

Հանկարծ ըմբռնեցի. ես այս բոլոր տարիները ծախսել եմ դերասանական վարպետություն սովորելու և թատրոն գնալու վրա ոչ թե դերասանական խաղի, այլ հենց պիեսների համար: Ես ինքնավստահ դերասան էի  (բա չէ՝ ամաչկոտ միմոզա), բայց գրողական արվեստով զբաղվելու միտքը երբևէ չէր այցելել մինչև այդ գիշեր:

Իմ գրած առաջին պիեսը՝ «Hidden in This Picture»-ը, շատ լավ ընդունվեց, և ստացա դրական արձագանքներ: Հետո քրոջիցս, որ մասնագիտությամբ իրավաբան է, իմացա Գուանտանամոյի ծովածոցի դեպքի մասին, որ մի քանի նավաստի մեղադրվել էր այլ նավաստու սպանության համար: Այս դեպքն ինձ հետաքրքրեց, և հաջորդ կես տարին զբաղված էի «Մի քանի լավ տղա» («A Few Good Men») թատերական պիեսը գրելով:

Երբ պիեսն արդեն ներկայացվում էր Բրոդվեյում, ես հիշեցի այն զրույցը Ջերարդի հետ, զանգեցի նրան ու հարցրի. «Դուք սա նկատի ունեի՞ք »»:

Ես Ահարոնին հարցրի, թե ինչ է զգում, երբ գրում է. «Երբ ամեն ինչ լավ է ընթանում,- պատասխանեց նա,- լիովին խրվում եմ գործընթացի մեջ: Երբ ինչ-որ բան չի ստացվում, հուսահատված փնտրում եմ հետաքրքրության շրջանակ: Չեմ կարող արտահատվել մյուս գրողների անունից, բայց ես անձամբ ինձ զգում եմ որպես «երկկողմանի փոխարկիչ»: Երբ ես զգում եմ թեման, որի մասին գրում եմ, լավ է ստացվում: Այդ դեպքում իմ կյանքում ամեն ինչ հրաշալի է: Մանրուքները հաշիվ չեն, դրանք լիովին լուծելի են: Եթե վատ է գրվում, միտքն առաջ չի գնում, ապա այդ ժամանակ, իմ կողքին  միսս Ամերիկան էլ լինի, կամ ինձ Նոբելյան մրցանակ տան, ես երջանիկ չեմ լինի»:

Սիրած գործով զբաղվելը բոլորովին էլ երաշխիք չէ, որ ամեն րոպե հետաքրքրության շրջանակում կլինեք: Պատճառները բավականին են՝ տրամադրություն չկա, ժամանակը հաջող չէ ընտրված, կամ ուղղակի մտքեր չեն գալիս: Որոշ մարդիկ հատուկ ծեսեր են մտածում հետաքրքրության շրջանակ ընկնելու համար: Բայց դրանք էլ միշտ չէ, որ աշխատում են: Ահարոնը նման կախարդական փայտիկ դեռ չունի, բայց  փոխարենը հստակ հասկանում է՝ երբ պետք է դադարեցնել փորձերը:

 «Եթե ինչ-որ բան չի ստացվում, թողնում եմ աշխատանքն ու վերսկսում հաջորդ օրը կամ մեկ օր անց: Երբեմն մեքենայով՝ երաժշտությունը միացրած, գնում եմ փողոցներով: Ջանում եմ գտնել այնպիսի տեղ, ուր ճանապարհին պետք չէ շատ ուշադիր լինել, առանց լուսակիրների և շրջադարձների ինչ-որ մայրուղի կամ նման մի բան:

Ինչը երբեք չեմ անում, այն է, որ չեմ նայում օտար ֆիլմեր կամ հեռուստաշոուներ և չեմ կարդում ուրիշ հեղինակների պիեսները՝ վախից, որ դրանք շատ լավը կլինեն և կստիպեն ինձ ավելի վատ զգալ կամ ընդօրինակելու ցանկություն կառաջացնեն»:

Երբ ամեն ինչ գերազանց է լինում, Աhարոնը ամբողջովին խրվում է աշխատանքի մեջ: «Գրողական արվեստն ինձ համար ֆիզիկական աշխատանք է: Ես ինքս եմ խաղում բոլոր դերերը, վեր եմ կենում սեղանից, հետ նստում, նորից քայլքով չափում սենյակը: Իրականում, երբ ամեն ինչ ստացվում է, ես ինչ-որ պահ հայտնաբերում եմ, որ պտտվում եմ տան շուրջը՝ դուրս գալով սենյակից, որտեղ աշխատում էի: Այլ խոսքով՝ ես մտովի գրում եմ, չնայած այդ պահին չեմ հարվածում ստեղնաշարին այդ բառի սովորական իմաստով: Հետո պետք է վերադառնամ անավարտ էջիս և իսկապես տպելու այն, ինչը հենց նոր գրել էի»:

Ամենայն հավանականությամբ ձեզ, ինչպես Ահարոնին իր գրողական գործունեության մեջ, նույնպես բազմիցս պատահել է ամբողջովին ինչ-որ զբաղմունքին տրվելու զգացումն ապրել: Դուք սկսում եք անել այն, ինչը սիրում եք, և ձեզ շրջապատող աշխարհն անհետանում է: Ժամերը սահում են մեկը մյուսի հետևից, բայց ձեզ րոպեներ են թվում: Հենց այդ ժամանակ էլ դուք գտնվում եք հետաքրքրության շրջանակում: Դուք գնում եք ձեր կոչմանը հասնելու:

Իհարկե, զբաղվելով սիրած գործով մարդիկ միշտ չեն իրենց երջանիկ զգում: Բայց նրանց իրական հարստությունը իրենց զբաղմունքից անկեղծ հաճույք ստանալն է: Նրանք գիտեն, որ այդ կախարդական զգացողությունը կապրեն նորից ու նորից:

Ամեն մարդ իր ճանապարհն ունի դեպի հետաքրքրության շրջանակը: Ոմանք դրան հասնում են ինտեսիվ ֆիզիկական ակտիվության, մարզական ուժեղացված պարապմունքների, ռիսկի որոշակի բաժնի և վտանգի զգացման ճանապարհով: Մյուսները կարող են գտնել հետաքրքրության շրջանակը՝ զբաղվելով ինչ-որ պասիվ բանով: Դա կարող է լինել նկարչությունը, մաթեմատիկան, մեդիտացիան, գրական աշխատանքը կամ ինտելեկտուալ մտածողության ինտենսիվ այլ միջոցներ: Ինչպես արդեն նշել եմ, մեր կոչումը եզակի չէ, և մեզնից յուրաքանչյուրն ունի հետաքրքրության շրջանակ տանող և ուժի ու սուր զգացողության միջոցով բազմազանություն ապահովող բազում ճանապարհներ: Բայց այդ կախարդական վայրում մարդու գտնվելը հաստատող մի քանի նշաններ գոյություն ունեն:

Մենք  արդեն այնտե՞ղ ենք

Հետաքրքրության շրջանակ ընկնելու առավել վառ նշաններից մեկը ազատության և իսկության (վավերականության) զգացումն է: Զբաղվելով սիրած գործով, որի հանդեպ բնածին հակումներ ունի, մարդը հեշտ կարող է հասկանալ, թե ով է ինքը, զգա սեփական Եսը, գտնի իրեն: Երբ մարդն իր տարերքի մեջ է, զբաղվում է նրանով, ինչի համար ստեղծված է և ներկայանում է այնպես, ինչպես նախասահմանված է:

Հետաքրքրության շրջանակում անգամ ժամանակն է միանգամայն այլ կերպ զգացվում: Մարդու իրական հետաքրքրությունների և բնածին էներգիայի ներդաշնակության շնորհիվ ժամանակը նրա համար սովորաբար արագ և հեշտ է անցնում: Հիշում եք՝ ինչպես էր Եվա Լորանսին ինը ժամը քսան րոպե թվում: Բայց երբ անհրաժեշտ է լինում զբաղվել անհետաքրքիր գործերով, որոնց հանդեպ հատուկ հակումներ չունես, ժամանակն անվերջ ձգվում է: Բոլորս գիտենք, թե ինչպես քսան րոպեն կարող է թվալ ինը ժամ: Դա հավաստի նշան է, որ մենք շեղվել ենք ուղուց և կորցրել ենք հետաքրքրության  շրջանակ տանող ճանապարհը՝ ավելի ու ավելի հեռանալով նրանից:

Ժամանակի զգացողության փոփոխությունն (ավելի կոնկրետ՝ առաջին դեպքում նկարագրված արագացումը) ինձ առավել հաճախ պատահում է մարդկանց հետ աշխատելիս և հատկապես ելույթների ժամանակ: Երբ խորությամբ ընկնում եմ հետազոտման և հանդիսատեսին իմ մտքերը ցուցադրելու պրոցեսի մեջ,  ժամանակը սահում է: Կարևոր չէ՝ քանի մարդ է իմ առաջ՝ տասը, քսան կամ մի քանի հարյուր, այդ զգացողությունը միշտ նույնն է: Առաջին հինգ կամ տասը րոպեներն անցնում են լսարանի էներգետիկան հասկանալու վրա, որից հետո ջանում եմ ինձ տրամադրել ցանկալի հաճախականության: Այդ առաջին րոպեները կարող են երկար թվալ: Բայց հետո, երբ շփումը կայանում  է, ես ընկնում եմ այլ ոլորտ: Զգալով լսարանի վերաբերմունքըը՝ զգում եմ այլ էներգիա: Հուսով եմ, որ իմ լսարանը նույնպես:

Այդ էներգիան միավորում է մեզ, մենք միասին այդ պահն ապրում ենք այլ ժամային տեմպում և այլ տարածության մեջ: Երբ նման բան է լինում, կարող եմ նայել ժամացույցին և զարմանքով նկատել, որ անցել է համարյա մեկ ժամ:

Այլ նշանով՝ նրանց, ում ծանոթ է այս զգացումը, միավորողը հանդիսանում է ինչ-որ «մետավիճակի»  փոխադրվելը, ուր մտքերը գալիս են արագ, կարծես վերցնում եք կենարար աղբյուրից, և դա շատ հեշտացնում է առաջադրանքի կատարումը: Դուք սկսում եք թեթև զբաղվել ձեր գործով, որովհետև ձեր էներգիան օրգանապես միաձուլվում է գործադրված ջանքերի հետ: Նման ձևով ռեալ զգացողություն է հայտնվում, որ ձեր միջով մտքեր են անցնում, և դուք ինչ-որ ձևով դառնում եք դրանց հայտնվելու միջնորդը, ուղեկցորդը, գործիքը, այլ ոչ թե արգելքը կամ նրանց որսացողը: Լեգենդար Էրիկ Կլեպտոնը, ում անունը մտցված է ռոք-ն-ռոլի Փառքի սրահի ցուցակներում, այս վիճակը նկարագրում է որպես «ժամանակին համահունչ» լինել և այն անվանում «հրաշալի զգացողություն»:

Դուք կարող եք ժամանակի ընթացքի փոփոխությունը տեսնել և զգալ հասարակական շփման ցանկացած ձևում՝ դերասանական խաղի մեջ, երաժշտական ելույթի, պարային կամ սպորտային ներկայացման: Դուք տեսնում եք, թե ինչպես է մարդն հանկարծ անցնում մի այլ վիճակի, ինչպես է լիցքաթափվում, կենտրոնանում և աննկատելիորեն դառնում անհատականության ինքնարտահայտման գործիք:

Յոհան Ռինդտը5՝ մրցարշավորդ և Գրան Պրիի հաղթող, ասել է, որ նման դեպքերում, օրինակ՝ ավտոմրցարշավի ժամանակ «մոռանում ես ամեն ինչ մասին և ուղղակի կենտրոնանում ես: Մոռանում ես մնացած աշխարհի մասին և դառնում մեքենայի և ուղու մասը: Դա շատ յուրահատուկ զգացողություն է: Կարծես դու ամբողջովին այս աշխարհից չես, բայց և այնպես միևնույն ժամանակ ներկա ես այնտեղ: Դա նման չէ ոչ մի բանի»:

Ավիատոր Ուիլբեր Ռայթը6 իր էմոցիաներն այսպես է նկարագրել. «Երբ դու առաջին իսկ րոպեից գիտես, որ ամբողջ մեխանիզմը գերազանց է աշխատում, դա հսկայական ուրախություն է պարգևում, այդ զգացողությունը գրեթե անհնար է փոխանցել: Դա լիովին բավարարման զգացողության համադրությունն է հուզմունքի հետ՝ պատճառելով յուրաքանչյուր նյարդի ծայրահեղ լարում, իհարկե, եթե կարող եք նման համակցություն պատկերացնել»:

Աշխարհահռչակ հարավսլավացի սպորտսմենուհի Մոնիկա Սելեշն ասում է. «Եթե ես թենիս առավելագույնս լավ եմ խաղում, որքան կարող եմ, նշանակում է՝ ես հետաքրքրության շրջանակում եմ»: Բայց նույն պահին նկատում է. «Հենց դուք մտածում եք, որ հետաքրքրության շրջանակում եք, անմիջապես դուրս եք գալիս դրանից»:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Միխայ Չիքսենթմիխայը նվիրել է «տասնամյակներ մարդկային կյանքի դրական կողմերի հետազոտմանը՝ ուրախություն, ստեղծականություն,  կյանքի մեջ ամբողջությամբ ընկղմվելու գործընթաց», ինչը նա հոսք է անվանում: Իր հրաշալի գրքում «Հոսք՝ օպտիմալ փորձի հոգեբանությունը» («Flow: The Psychology of Optimal Experience»)  Չիքսենթմիխայը գրում է «հոգու այնպիսի վիճակի մասին, երբ գիտակցությունը ներդաշնակորեն կապավորված է, և մարդիկ ցանկանում են զբաղվել նրանով, ինչով զբաղվում են հանուն հենց այդ գործի»:

Այն, ինչը հեղինակն անվանում է «հոսք» (իսկ շատ ուրիշներ «հետաքրքրության շրջանակում լինել»), «ծագում է, երբ հոգեկան էներգիան կամ ուշադրությունն ուղղվում են իրատեսական նպատակների, և երբ հմտությունը համապատասխանում է հնարավորությանը, որ կարելի լինի գործել: Դրված նպատակին հետևելը օգնում է գիտակցության կառավարմանը, քանի որ  մարդը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խնդրի վրա, որը իր առաջ է ներկա պահին և անմիջապես մոռանա մնացած ամեն ինչի մասին»:

Չիքսենթմիխայը խոսում է «ուրախության տարրերի» մասին, այսինքն՝ օպտիմալ փորձի բաղադրիչներից: Նրանց թվում՝ ձեռք բերված կարողությունների օգտագործումով խնդիրների լուծման հմտությունը, գործին ամբողջությամբ տրվելը, հստակ նպատակներ և արդյունքներ ձևակերպելը, խնդրի վրա կենտրոնանալը, նաև ինքն իրեն զգալու զգացողությունը կորցնելու ընդունակությունը և նկատել, որ ժամանակը ընթացքը «փոխվում է» սիրած գործով զբաղվելու ժամանակ: «Օպտիմալ փորձի առանցքային տարրը,- գրում է նա իր աշխատության մեջ,- այն է, որ փորձն ինքն իրենով արդեն նպատակ է: Անգամ եթե գործով սկսում են զբաղվել այլ պատճառով, աշխատանքը, որ ձեզ կլանում է ամբողջությամբ, ինքն է, ըստ էության, դառնում վարձատրություն»:

Դա գլխավորն է, որ պետք է հասկանալ: Տարերքում լինելը, և հատկապես հետաքրքրության շրջանակում, ձեզանից էներգիա չի խլում, այլ ընդհակառակը՝ լցնում է: Առաջ ես հետևում էի քաղաքական գործիչներին, ովքեր փորձում էին հաղթել ընտրություններում կամ պահել իրենց պաշտոնը, և զարմանում, թե ինչպես է հերիքում նրանց էներգիան դրա համար: Մենք տեսնում ենք, թե որքան են նրանք ճամփորդում ամբողջ աշխարհով, մշտական ճնշում զգում, կարևոր որոշումներ ընդունում հանրության առաջ ամեն հայտնվելու ժամանակ և երկար ժամեր անցկացնում համընդհանուր ուշադրության կենտրոնում: Ես ապշում էի, որ նրանք լարվածությունից չեն ընկնում: Բայց իրականում նրանց դուր է գալիս նման կյանքը, այլապես չէին զբաղվի դրանով: Այն, ինչը ինձ կհասցներ ուժասպառության, նրանց միայն կենսուրախություն է տալիս:

Սիրած գործով զբաղմունքը լցնում է մեզ էներգիայով, անգամ երբ ֆիզիկապես հոգնած ենք: Ձանձրալի և անհետաքրքիր գործը մեզ հաշված րոպեների ընթացքում կարող է հյուծվածության հասցնել, անգամ եթե մենք սկսենք նրանով զբաղվել ֆիզիկական ակտիվության և հոգեկան կայտառության գագաթնակետին: Դա առանցքային սկզբունքներից մեկն է տարերքում լինելու և գլխավոր պատճառներից մեկը, որի համաձայն կոչումը ձեռք բերելը կենսականորեն կարևոր է ամեն մարդու համար: Մարդիկ, իրենց համար ստեղծելով պայմաններ, որոնք տանում են իրենց հետաքրքրության շրջանակ, առաջնային աղբյուրից էներգիա են վերցնում: Եվ դա բառացիորեն նրանց դարձնում է ավելի կենդանի:

Հետաքրքրության շրջանում մնալը կարծես մեր շուրջը ստեղծում է էներգետիկ թաղանթ: Եվ քանի դեռ գտնվում ենք ներսում, ստանում ենք ավելի շատ էներգիա, քան ծախսում: Էնեգիան մեր ամբողջ կյանքի շարժիչ ուժն է: Բայց այստեղ խոսքը ակնհայտ ֆիզիկական էներգիայի մասին չէ: Մենք խոսում ենք մտավոր կամ հոգեկան էներգիայի առկայության  մասին, որը ֆիքսված արժեք չէ: Այն ավելանում է կամ անհետանում կախված նրանից, թե որքան ենք անկեղծ և բուռն տրվում գործին, որով զբաղվում ենք այս կամ այն պահին: Առանցքային գործոնը այդ հարցում մնում է մեր վերաբերմունքը մեր գործին և այն արձագանքը, որը այն առաջացնում է մեր հոգում: Ինչպես երգի մեջ է ասվում. «Ես կարող եմ պարել ո՜ղջ գիշեր»:

Լինելով տարերքում, «հոսքի» փորձի ապրումը լցնում է մեզ ուժով, քանի որ դա էներգիայի համախմբման ունիվերսալ միջոց է և հնարավորություն՝ խորը կապ զգալու սեփական Եսի հետ: Նման զգացողությունը անհասկանալի ձևով գալիս է լիցքաթափման զգացումից հետո և այն գործի ճշմարտացիությունը հասկանալուց, որով զբաղվում եք: Դա խորը ինքնաճանաչում է, շփում ներքին ռիթմի կամ էներգիայի հետ:

Նման զգացողությունները կապված են օրգանիզմում հոգեֆիզիոլոգիական վառ փոփոխությունների հետ՝ էնդորֆինի նետում ուղեղը  և ադրենալինը՝ արյան մեջ: Ռեակցիան կարող է լինել ալֆա-ալիքի7 ակտիվության բարձրացումը, նյութափոխանակության արագության փոփոխությունը, շնչառության և սրտխփոցի ինտենսիվության աճը: Այս փոփոխությունների հատուկ բնույթը կախված է զբաղմունքի սպեցիֆիկությունից, որը մեզ տանում է հետաքրքրության շրջանակ, նաև նրանից, թե ինչ ենք մենք անում, որ մնանք այդ շրջանակում:

Ինչ ձևով էլ որ մենք այնտեղ ընկնենք, հետաքրքրության շրջանակում լինելը մեր գիտակցության հզոր և փոխակերպող փորձ է: Այն մեզ վրա այնպիսի հսկայական ազդեցություն է գործում, որ կարող է առաջացնել հարմարվողականություն, բայց այդ սովորույթը շատ հարաբերություններում բացառապես օգտակար է մեր առողջության համար:

1. Պիեսներ՝ «A Few Good Men» («Մի քանի լավ տղաներ») и «The Farnsworth Invention» («Ֆարնսուորտի գյուտը»)։
2. Հեռուստասերիալներ՝ «Sports Night» («Սպորտի գիշերը»), «The West Wing» («Արևմտյան թևը») и «Studio 60 on the Sunset Strip» («Ստուդիա 60՝ Սանսեթ բուլվարում»)։
3. Ֆիլմեր՝ «A Few Good Men» («Մի քանի լավ տղաներ»), «Malice» («Պատրաստ ամեն ինչի»), «The American President» («Ամերիկացի նախագահը»), «Charlie Wilson's War» («Չարլի Ուիլսոնի պատերազմը»),«Trial of the Chicago, 7» («Չիկագո,7»)։
4. «Օսկար» մրցանակի պաշտոնական անունը։
5. Ավստրիացի մարզիկ, «Формула-1» ավտոմրցարշավի աշխարհի չեմպիոն: Չեմպիոնի տիտղոսն ստացել է հետմահու. 1970 թվին Իտալիայում Գրան-պրիի ժամանակ վրաերթի է ենթարկվել, սակայն նախկինում վաստակած միավորները բավարար էին չեմպիոնի տիտղոսի համար։
6. Ռայթ եղբայրներից ավագը, ամերիկացի ավիակոնստրուկտոր, 1903 թվին ինքնաթիռով առաջին թռիչքն է կատարել ներքին այրման շարժիչով: Ռայթ եղբայրները ճանաչվել են առաջինը, որ հայտնագործել, սարքել և փորձարկել են թռչող ապարատ, իրոք ընդունակ թռիչքի։
7. Ուղեղի ակտիվության հատուկ տեսակ, ինքնատիպ «թուլացած ակտիվություն»: Ալֆա ալիքները կամայական առաջանում են ուղեղի մեդիտատիվ վիճակում: Ինքնաբերականությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդն անցնում է քնի վիճակին, և վկայում է ուղեղի ակտիվության կտրուկ անկման մասին:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский