Իրակլի Սամսոնաձե․ մեր կողքին ապրող գրողը

Տեքստ

Գրականությունը բառ ասվածի հզոր զենքն է։ Հետաքրքիրն այն է, որ ժամանակի հետ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ լավ գրականությունը պարզ գրականությունն է՝ առանց սիրուն բառերի, զարդերի։ Դժվար գայթակղություն է։ Բոլորն են ուզում խելացի երևալ՝ բարդ բառեր, սուր համեմատություններ, նորաձև ոճ, առաջինը լինելու գայթակղություն, չասվածն ասելու մղում։ Գրական լավ տեքստը հենց այս ամենից դուրս է ստեղծվում. եթե հաղթահարվեց այս ամենը, տեքստը շահում է, ոչ՝ դառնում հերթական անցողիկը։ Չկան նոր թեմաներ․ բոլոր թեմաներով խոսվել, ասվել է՝ սեր, մահ, պատերազմ, հայրենասիրություն․․․ Խնդիրն ինչպես ասելն է։ Հմտությունն այն է, որ օգտագործածդ բառերը, խոսքդ հասնեն մարդուն, միտք ու զգացում կրեն ու փոխեն, հուզեն, շարժեն, մղեն նրան։

Գրականության զարգացման պատմությունն էլ գալիս է փաստելու, որ պարզ գործերն ապրում են, խրթինները՝ դառնում մի խմբի սեփականություն կամ մոռացվում։ Պարզը չի նշանակում հիմար։

Հետաքրքիր երևույթ է գրական տեքստը՝ անընդհատ ուսումնասիրելի ու նոր։ Անծանոթ հեղինակը, ընթերցողը, հերոսը հանդիպում են, եթե խաբեություն ու կեղծիք կա, միանգամից զգացվում է, գլխի ես ընկնում։ 

Այս տեսանկյունից տեքստերի ուսումնասիրությունը սովորողների հետ կարող է հետաքրքիր ուսումնական նախագծի սկիզբ դառնալ․ սրա մասին շատ ենք խոսում, քննարկում, սովորողներից ոմանք բավականին սուր են զգում, խելացի հիմնավորում, փաստարկում, բայց որպես ուսումնասիրություն, անհատական կամ խմբային նախագիծ, չի իրականացվել։

Մի քանի անուն կուզեի առանձնացնել, անդրադառնալ՝ Միլան Կունդերա, Ալեն Գինզբերգ, Իրակլի Սամսոնաձե։

Մեր ժամանակակիցը․ Իրակլի Սամսոնաձե, Ականջաբաղձ

Տեքստին, տեքսատակիր բառին բնորոշ խտացումները հանդիպում են վրաց ժամանակակցի`Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբաղձ» գրքում: Տեղեկատվության կարգով նշեմ, որ Սամսոնաձեն վրաց ժամանակակից գրականության հետաքրքիր ստեղծագործողներից է, արձակագիր է ու դրամատուրգ: Նրա շուրջ տասնհինգ պիես բեմադրվել է Վրաստանի տարբեր թատրոններում:

Բոլոր բնորոշում-խտացումները թվում են պարզ, ժամանակակից մարդու համար՝ ապրված, սակայն իրականում թարմ են ու հետաքրքիր: Տեքսատային մատուցումը, որի մասին վերը խոսել եմ, իր մեջ պարզություն է պարունակում, ժամանակների խաղ: Սամսոնաձեի բառախաղը կարճ է։ Հերթական անգամ ժամանակակից գրականությունը (20, 21-րդ դարերի) կոտրում է արձակի ու չափածոյի սահմանները: Սամսոնաձեի արձակը կտրուկ-առնական է, միաժամանակ՝ հնչեղ: Ժամանակների խառնուրդը՝ ապառնի, ներկա ու անցյալ (ունենայի, ունեմ, ունեի) տողատակերում մտքեր է փոխանցում, սյուժե գծում, որն ինքդ քո կյանքով կարող ես լցնել: Պարտադրող տեքստը չի կարող գրականություն լինել. հոդվա՞ծ՝ գուցե, հրաման, հրահանգ…  ո՛չ գրականություն: Սամսոնաձեն չի պարտադրում:

Ազատ ես և՛ ընթերցանության, և՛ տողատակեր լցնելու, և՛ չհամաձայնել-ընդդիմանալու հարցում: Կտրուկ, միավանկ բառերն ու դրանց կրկնություններն այս տեքստում ամենուր են: Էսպես հեղինակը և՛ ոճային է դառնում, և՛ ժամանակակից մարդու կյանքի ռիթմին համահունչ՝ արագ:

Հիմա ընթերցանության տեմպն արագացել է. նույնը պահանջվում է գրական տեքստից՝ ընթացք: Կանգնած տեքստերն այլևս դժվար են ընկալվում: Հատվածներ. լսե՛ք գրողին։

Մի մտքին հաջորդում է մյուսը: Միտքը սեղմում է բառերը: Չէ, կլանում է: Անսպասելի լեզու առած համրի նման: Գրել: Գրող: Գրողը պիտի գրի:

Կամ`

Վախոն հավատում էր, որ մի օր անպայման մեծ փող կկտրի: Փող կտրել: Փողը կտրեցի: Փողը կտրվեց: Որտեղից եկավ այս բառը: Հաստատվեց: Հա: Ժամանակի շունչը: Ժամանակի բնավորությունը: Բառերից զգացվող ծամանակի դրսևորումը:

Բաղաձայնույթներն ու առձայնույթները ու դրանց միջոցով տեսարանի, զգացողության ընդգծումը նույնպես ժամանակակից արձակի հզոր զենքերից են, ինչն էլ բավականին վարպետորեն կիրառել է վրաց արձակագիրը․

Սերունդը սերնդացել ու սերնդացման մեջ սերնդացնում է սերնդականներին։

Ընթերցելիս լարում չես զգում: Լարումը տեքստում կեղծիքի մեծ չափաբաժնի առկայությունից է լինում, խոսակցական լեզվով` ձև տալուց, ձև բռնելուց: Չկան:

Տեսարանները, ապրումները՝ մեր տարածաշրջանի, երկրների համար բնորոշ։ Կասկածներն ու վախերը՝ մեզ համար արդիական, ապրված ու ապրվող։

Մարդկանց չեն էլ մեղադրում: Հիմա անցել են այլ ձևի ստի ու խաբեության: Ու հա մի գլուխ հիշում են:
Նախնիների հասարակության մեջ ցույցեր հաճախ են լինում… Զանգվածների վրա ներգործության ամենալավ միջոցը մասսայի կոլեկտիվ մտածողությունն է: Ունեի: Կայի: Կայի: Այս հասարակությունը նախկինների հասարակություն է: Ես այս հասարակության արժանավոր անդամն էի: Առաջ գրում էի: Հետո դարձա մանր մաքսանենգ: Նախկին գրող՝ նախկինների հասարակության մեջ: Ես էլ՝ նրանց նման: Տաքսու վարորդը նախկին շինարար է: Շինարարական ֆիրմայի տերը՝ նախկին բժիշկ: Կարգին տղեն «կալկուլյատոր» է ձեռք բերել: Մարզիկը քաղաքագետ դառնալ է երազում: Գեղջուկը վաճառական է դարձել: Կայսրությունը փլուզվել է: Մարդիկ հիշում են: Բերանն արնոտ այս կայսրության մեջ ես էս էի, ես էն էի: Այն սուտ խաբեության մեջ ես էս ունեի, ես էն ունեի:
Քաղաքականացված ժամանակի մեջ: Կատարվում են համաշխարհային մասշտաբի տեղաշարժեր: Ինձ՝ փոքր երկրիս խեղճուկրակ որդուս, հետաքրքիր է մի բան միայն. Կփրկվի՞ արդյոք իմ երկիրն այս շրջապտույտից։

Գրականությունը քաղաքականություն է. գրական քաղաքականության մեջ կանոններ չկան, բայց խաղն ավելի ազնիվ է՝ մարդակենտրոն, մահեր չկան։ Ամենակարևորը տարածքի ու նվաճման խնդիրն է այլ կերպ դրված․ գրական նվաճումը՝ մարդկային մտքի, զգացմունքի վրա է աշխատում և չի ճանաչում ազգություն: Գրական կառավարություն չկա, հենց սրանից էլ ամեն ինչ հումանիստական է. տեքստի նվաճման քաղաքականությունն ու մարդկայինը բավականին տարբեր են՝ տեքստինն ազատ է կախումներից ու կուսակցություններից, ստից, կեղծիքից, դրանք դատապարտված են, որքան արագ հայտնվում են հրապարակում, այնքան արագ էլ կորչում են։ Սամսոնաձեի գրականությունն իր երկրի ու իր երկրի բնակչին՝ քաղաքացուն, հուզող խնդիրների մասին է։ Ռուսաստանի վարած քաղաքականության ու մեզ շրջապատող խաբեության, պատերազմի ու դրանից խեղված ճակատագրերի մասին։

Մարդկանց ուղղորդում է մենության վախը։ Դրա համար էլ միավորվում են տարբեր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ։ Գլխավոր գաղափարախոսի թափուր տեղի համար միմյանց հետ սուր պատերազմի մեջ խրված։ Կուսակցությունների ռազմավարական նպատակներ։ Արհմիությունների ռազմավարական նպատակներ։ Տարբեր սոցիալական խավերի տարբեր ռազմավարական նպատակներ։ Ամենուր մոլի, անհագուրդ ընչաքաղցություն։ Ամեն մեկն ունի իր նպատակներն ու ճշմարտությունը։ Արդարությանը հետնամուտ մարդն էստեղ գլուխ է կորցնում։
Հիմա նստել եմ բազկաթոռի մեջ և երկու միմյանց հակառակորդ քաղաքագետների շաղակրատանքի վրա եմ ժամանակ սպանում։ Շշմեցուցիչ ինքնավստահություն՝ առ սեփական ճշմարտացիությունը։ Ճիշտ է։ Շատ չիշտ է։ Սա էլ։ Նա էլ։ Եթե անդունդի եզրին կանգնած հայրենիքը, ազգն ու երկիրը փրկի։ Ոչ էլ նրա։ Չէ մի, չէ։ Նրա։ Բարբաջանք։ Բարբաջանք։ Այս բարբաջանքին ունկնդիր ու ակնդիր մարդն ուզած-չուզած ինչ-որ մեկի կողքին է կանգնում։ Այս պահից էլ դառնում է պոտենցիալ ռազմավար։ Ընտրազանգված-էլեկտարատի մի միավոր։

Փոքր երկրի ու շարքային համարվող քաղաքացու մտորումներ, որոնք մարդու անձնական կյանքի, հասարական գործունեության, մտքերի, ընկալումների դրամատիկ ու միայնակ շղթա են, բայց դրամատիզմն անլաց է՝ առանց ավելորդ ճիչերի, նվաստացման։ Մեզ կարող ենք գտնել այս տեքստում՝ մեզ՝ ժամանակակից մարդկանց՝  իրենց տարբեր դրսևորումներով։ Կովկասցիների հատուկ բնավորության գծեր ու կենցաղ, ժամանակաից մարդուն հուզող հարցեր ու անվերջանալի մենակության զգացողություն։ Նշեմ, որ մենակ մարդու, մենակության խնդիրը 21-րդ դարի գրականության համար առանցքային է՝ ուրբանիզացիոն խառնաշփոթն ու մենակ մարդը, ով ապրում է, գործում, սիրում, ընկերներ ունի, բայց մենակ է՝ չլքող մի զգացողություն, որն անընդհատ մեր ուղեկիցն է։

«Ականջաբաղձ»-ը հետաքրքիր է բովանդակային, տեքստային տեսանկյուններից․ մերօրյա մտորումներն այս տեքստում տարբեր դրսևորումներ են ստանում։ Վերանանք տեքստում արտացոլված ժամանակաշրջանից․ արդիական է։

Հարևան ժողովրդի մշակույթի ուսումնասիրումը՝ այս դեպքում ժամանակակից գրականության, կարող է ոչ միայն հետաքրքիր նախագծի, այլև նոր գործընկերությունների սկիզբ դառնալ, մշակութային նոր շփումների սկիզբ։ Հարևան երկրների ժամանակակից գրականությունը մեզանում չուսումնասիրված, չընթերցված է․ իրականում զուգահեռները, զարգացումները բավականին հետաքրքիր են, գոնե իմ նայած տեքստերում։ Սկսում ենք նոր ուսումնական նախագիծ, որը կարող է հետաքրքիր դառնալ հենց իր ներառականությամբ նաև՝ մասնակից սովորողների ընկերներ՝ ինչպես հայ, այնպես էլ վրացի, վրացերեն ուսումնասիրող սովորողներ, հենց ինքը՝ վրաց ժամանակակիցը, ով լավ կլինի իմանա՝ տեղեկացվի, նախագծի մասին։

Մեջբերումների աղբյուրը՝ Իրակլի Սամսոնաձե, «Ականջաբաղձ», Երևան, Անտարես, 2014։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский