Սովորողը ծրագիր է ընտրում

Գիտափորձի մեկնարկ

Ընտրության Արարչադիր իրավունքի կիրառման ոլորտների ավելացումը նպաստում է մարդու, առավել ևս` սովորողի, ինքնագնահատականի բարձրացմանը և համագործակցելու պատրաստակամության ամրապնդմանը: Այդ իսկ պատճառով ողջունելով կրթահամալիրի ավագ դպրոցում ուսուցիչ ընտրելու սովորողի իրավունքի կիրարկումը` որոշեցի իմ վեցերորդ դասարանցիներին ևս ընտրելու հնարավորություն տալ: Այս դեպքում` դասավանդվող առարկայի ծրագիրն ընտրելու հնարավորություն: Նրանց ներկայացրեցի երկու ծրագիր` «Պատմություն» և «Երեխաների համաշխարհային պատմությունը հին աշխարհի պատմության համատեքստում»: Սովորողները մտորումներից, ծնողների և ընկերների հետ քննարկումներից հետո կատարեցին իրենց ընտրությունը: Իմ առաջարկությամբ նրանք նաև գրավոր բացատրեցին այս կամ այն ծրագիրն ընտրելու իրենց մոտեցումները: Ահա այդ գրառումներից մի քանիսը:

Մկրտչյան Էլեն. «Ես ընտրել եմ «Երեխաների համաշխարհային պատմությունը», որովհետև այնտեղ ներառվում են հետաքրքիր հետազոտական աշխատանքներ, ճամփորդություններ, գիտելիքները հարստացնելու հնարավորություն»։

Խաչատրյան Արշիլ. «Ես հետազոտել եմ «Պատմություն» և «Երեխաների համաշխարհային պատմություն» ծրագրերը: Ես ընտրել եմ «Երեխաների համաշխարհային պատմությունն» առաջին հերթին նրա համար, որովհետև ես երեխա եմ: Ի տարբերություն երկրորդ տարբերակի առաջինը, այսպես ասած, աչքի տակով է, իսկ երկրորդում ավելի կոնկրետ է գնահատականը, անգամ տոկոսներով է նշվում: Ես նկատեցի ճամփորդությունները ամբողջ տարվա համար: Այն նաև ավելի հետաքրքիր է»։

Ղարիբյան Դավիթ. «Ես ընտրել եմ «Երեխաների համաշխարհային պատմությունը», որովհետև ինձ հետաքրքիր է, թե ինչպես են մեծացել երեխաները Եգիպտոսում, Ֆրանսիայում և այլ երկրներում: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես են նրանք ապրել քարի դարում և ինչ զբաղմունք են ունեցել: Ուզում եմ պարզել քարանձավների նկարները նրա՞նք են նկարել և ինչո՞վ, և ինչպե՞ս են նկարել, քանի որ այդ ժամանակ պետքական պարագաներ չեն եղել: Ես ուրիշ բաներ էլ եմ ուզում պարզել և դրա համար էլ ընտրել եմ «Երեխաների համաշխարհային պատմությունը»»։

Հարությունյան Դավիթ. «Ես երկու ծրագրերից ընտրել եմ «Երեխաների համաշխարհային պատմությունը»: Ինձ դուր եկավ այդ ծրագիրը, որովհետև ես միշտ ուզեցել եմ իմանալ , թե ինչպես են քայլել, ինչով են զբաղվել մի քանի հազար տարիներ առաջվա երեխաները»։

Վարդումյան Նանե. «Ես ընտրել եմ «Երեխաների համաշխարհային պատմությունը», որովհետև այն ինձ ավելի է հետաքրքրում, քան պատմությունը: Ես ուզում եմ սովորել իմ հասակակցի մասին»։

Ավագյան Աստղիկ. «Նախ` ինձ հետաքրքրում է, թե ինչպես էր երեխաների կյանքը հնադարում, ինչպես էին նրանք ապրում, ինչ խաղեր էին խաղում: Հետաքրքրում է, թե երեխաները ինչ կարող էին անել հնադարում: Ուզում եմ իմանալ` արդյո՞ք երեխաները ընկերանում էին: Ի՞նչ էին սովորում իրենց ծնողներից: Ինչո՞վ էին զբաղվում ազատ ժամանակ, ինչո՞վ էին հետաքրքրված: Եվ վերջում. ինձ վերջ ի վերջո հետաքրքիր է, թե ինչպես են երեխաներն ապրել»։

Շահնազարյան Դավիթ. «Ես ընտրել եմ «Պատմությունը», որովհետև ինձ հետաքրքրում են տարբեր երկրներում ինչպես են ապրում, ինչ պատերազմներ են եղել, ինչպիսին է մարդկանց ապրելակերպը տարբեր երկրներում, նրանց զարգացվածությունը»։ Աղաբեկյան Գոռ. «Ես ընտրել եմ «Պատմություն» ծրագիրը, որովհետև ես ուզում եմ իմանալ ավելի շատ բաներ մարդկանց մասին: Ես նաև ուզում եմ իմանալ դինոզավրերի, բուրգերի, աստվածների և տիեզերքի մասին»։

Միկաիլի Մարկ. «Ես ընտրում եմ «Երեխաների համաշխարհային պատմությունը», որովհետև սիրում եմ նախագծեր և ճամփորդություններ: Նաև ինձ հետաքրքրում է, թե ինչ էին երեխաներն անում հին ժամանակներում»։ Հայրիյան Սերգեյ. «Ես ծանոթացել եմ երկու ծրագրի հետ։ Դրանցից մեկն է «Պատմությունը» և մյուսը «Երեխաների համաշխարհային պատմությունը»։ Ես ընտրել «Պատմությունը», որովհետև... նախ` միանգամից չեմ ընտրել. նայեցի բոլոր ծրագրերը և իմացա, որ Պատմության վրա աշխատելը ինձ համար ավելի հարմար է։ Ճիշտ է, ես համաձայն եմ, որ «Երեխաների համաշխարհային պատմությունը» ավելի հետաքրքիր է, բայց այնտեղ ավելի շատ մենք ուշադրություն ենք դարձնում երեխաների վրա։ Իսկ «Պատմության» ծրագրում մենք ուշադրություն ենք դարձնում ամեն ինչի վրա։ Ինձ բոլորը ասում են, որ «Երեխաների հաշմաշխարհային պատմությունը» ավելի հեշտ է, բայց իրականում հեշտ ու դժվար չկա։ Դա կախված է, թե արդյո՞ք դու ուզում ես այդ բանը սովորել, թե՞ ոչ»։

Ինչպես ասել է Անանուն Իմաստասերը. «Ազատ է այն մարդը, ով իր ընտրած ճանապարհի ստրուկն է»:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский