IV.Քեմբրիջից Քեմբրիջ՝ Նյու Յորքով և Վիեննայով

Հեղինակ: 

Նախկին հրաշամանուկը

Քեմբրիջից Քեմբրիջ՝ Նյու Յորքով և Վիեննայով. 1901թ. հունիս-սեպտեմբեր

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Ինչպես մի անգամ նկատել է Գ. Կ. Չեսթերթոնը, Լոնդոնը տեսնելու ավելի լավ ձև չկա, քան շուրջերկրյա ճամփորդություն կատարելը Լոնդոնից Լոնդոն: Մենք չենք կարող գնահատել կյանքի ինչ-որ փորձ, քանի դեռ բոլորովին այլ բան չենք փորձել, որպեսզի մեր գնահատման համար ուղենիշ դառնա: Վստահ եմ, որ երբեք չէի սովորի հասկանալ Նոր Անգլիան, եթե կյանքիս որոշակի հատվածը նրա սահմաններից հեռու ապրած չլինեի, միայն այդ ժամանակ ես կարողացա տեսնել նրա հոգևոր բնույթի վեհ գծերը, որոնք իմ դիմաց բացվեցին աշխարհագրական քարտեզի նման:

1901թ. գարնանը, երբ ես վեց ու կես տարեկան էի, իսկ քույրս միայն երեք, մեր ընտանիքը «Ֆոլ Ռիվեր» նավով մեկնեց Նյու-Յորք, որտեղ պետք է մնայինք հորս բարեկամների տանը: Երրորդ և Չորրորդ ավենյուների միջև Վաթսունականների փողոցում էին ապրում: Այն ժամանակ Չորրոդ ավենյուի վերին մասն այնպիսի վարկանիշ չուներ, ինչպես հիմա Պարկ ավենյուն. այդ շրջանը միայն մի քիչ ավելի բարեկարգ էր, քան Իստ-Սայդի ետնախորշերը: Հնաձև տիպային տունը, որտեղ ապրում էին մեր բարեկամները, փողոցից շենքին հասնող աստիճանների վերին երկար հարթակում էր: Դա մութ, հեղձուցիչ, գերբնակեցված շենք էր: Պատուհանների նրա ճակատային և ետին կողմերում էին միայն: Եվ բնակիչներով մինչև վերջ լցված այդ տանը անհրաժեշտ էր խցկել բոսոտոնցի չորս հյուրի: Սակայն մոտ էր Կենտրոնական այգին, մինչև ուր կարելի էր ոտքով գնալ՝ անցնելով Հինգերորդ ավենյուի երկայնքով ձգված առանձնատների մոտով, Իսկ Կենտրոնական այգու գազանանոցը մեզ համար միշտ հիանալի վայր էր:

Հորեղբայրս՝ Ջեյք Վիները, իստեբլիշմենտի[1] միակ ներկայացուցիչն էր: Նա տպագրական մանր աշխատանքներ կատարող որակյալ տպագրիչ էր, և իր գործը շատ լավ գիտեր: Ամենամեծ հաճույքն ստանում էր մարմնամարզությամբ զբաղվելուց: Ժամանակին զուգափայտերով վարժություններից Ամերիկայում երրորդ տեղն է եղել: Եթե երբևէ ինչ-որ մեկը ստեղծված է եղել սպորտով զբաղվելու համար, դա Ջեյք հորեղբայրն էր: Արդեն պատմել եմ, թե ինչ հզոր ուսեր ուներ հայրս, նրա եղբայր Ջեյքի ուսերն էլ  հսկայական էին, իսկ մարմինը՝ մկանուտ, ինչպես մարտիկի մարմինը: Նա հասակով հորիցս կարճ էր. ոտքերը բարակ էին և անհամաչափ երկար: Աթլետի նման ձգված և մկանուտ փոր ուներ: Նրա դեմքը մի կողմից խեղված էր փոքր տարիքում ստացած վնասվածքի պատճառով, ինչը ներքին ծնոտի մի կողմի նևրոզ էր առաջացրել: Մեր՝ երեխաներիս նկատմամբ շատ բարի էր, և հիշում եմ, թե ինչպես էր ցուցադրում ծաղրածուի զանգակներով գլխարկը, որը մի անգամ դրեց բնակիչների համար կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ: Այդ ժամանակ նա հազիվ երեսուն տարեկան կլիներ և ամուսնացած չէր, չնայած հետո ամուսնացավ և ընտանիք կազմեց:

Հորաքույրերս կարգին կրթություն ստանալու ավելի շատ հնարավորություն էին ունեցել, քան հորեղբայր Ջեյքը: Նրանք ռուսական մշակութային շատ ավանդույթներ էին պահպանել, բայց հետո եկան եզրակացության, որ ֆրանսիական ավանդույթներն իրենց համար ավելի արժեքավոր են, քանի որ հագուստի առևտրով էին զբաղվում: Շարլոտա հորաքույրը` Օլգայի մայրը, ամուսին ուներ, որը հետագայում նրանից բաժանվեց: Նրանք բաժանվեցին, բայց ճակատագիրը հորաքրոջս ստիպեց մի անգամ էլ ճաշակել նման դառնություն: Ինչպես և իր քույրը` Ավգուստան, որը այդպես էլ չամուսնացավ, նա կարելով էր զբաղվում: Երկուսն էլ չափազանց խելացի կանայք էին, և եթե նրանց տրվեր այն հնարավորությունների գոնե կեսը, որ բախտ վիճակվեց հորս, կարող էին հորս կարիերայի հետ համեմատվող կարիերա անել: Նրանք վարժ խոսում էին մի քանի լեզվով, և հետագայում, մի քանի տարի Փարզում ապրելուց հետո, երկուսն էլ կանացի հագուստի մոդելյորի օգնական դարձան Նյու Յորքում, որտեղ ներկայացել էին որպես ֆրանսուհիներ:

Շարլոտա հորաքույրը զառամյալ տարիքում էլ շարունակում էր աշխատել, և բոլորովին վերջերս մահացավ դժբախտ պատահարից: Նա վառ արտահայտված հրեական արտաքին ուներ և հիշեցնում էր ֆրանսիացի այն հրեուհիներին, որ այդպես կենսախինդ պատկերված են Դյու Մորյեի կտավներում: Ավգուստա հորաքույրն արտաքինով նրան շատ նման էր, չնայած ավելի գրավիչ էր: Քրոջ նման նա էլ շատ երկար ապրեց: Կար նաև Ադել հորաքույրը, որն ամուսնացավ և որոշ ժամանակ գյուղում մեր հարևանությամբ էր ապրում, բայց հետո տեղափոխվեց Խաղաղ օվկիանոսի ափերը. նրան գրեթե չեմ հիշում:

Նրանք նաև Մորից անունով երրորդ եղբայրն են ունեցել. նա հորիցս մեծ էր: Մի անգամ նա տարիներ շարունակ ընտանիքի տեսադաշտից կորած է եղել: Նրա գտնվելու վերջին հայտնի վայրը Քոլոնն է եղել կամ, ինչպես այն ժամանակ էին անվանում` Ասպինվոլը, և հենց այդ ժամանակ էլ տարածված է եղել դեղին տենդի համաճարակը: Տատս նրա մասին միշտ այնպես էր խոսում, ասես կենդանի է և կարող է ցանկացած պահի վերադառնալ, բայց հոգու խորքում գիտեր, որ վաղուց մեռած էր: Եվ չնայած այդքան տարի է անցել, երբ աղջիկներս երազում են հանկած հարստանալու մասին, միշտ մնում է այն տարտամ հնարավորությունը, որ հանկարծ մի ծեր ջենթլմեն վերադառնա հեռու-հեռվից, ասենք, Ավստրալիայից, որտեղ մեծ հարստություն է դիզել, մտնի մեր տուն, և ընտանեկան քնքուշ հույզերի բխումով իր հարստությունը թողնի մեզ:

Քանի դեռ տատիկս կենդանի էր, այցելություն Նյու-Յորք նշանակում էր հարգանքի անվերջանալի այցելություններ երրորդ պորտի և այլ եղբայրներին, քույրերին և նրանց ընկերներին: Հիմա գիտեմ, որ դա հրեական ընտանիքի կառուցվածքի անբաժանելի մաս է, բայց այն ժամանակ նույնիսկ չգիտեի, որ հրեական ընտանիքի եմ պատկանում: Մայրս պետք է անհրաժեշտ բառեր ընտրեր նկարագրելու համար հորս ազգականների այն հատկությունները, որոնք, իր կարծիքով, արժանի չեն ընդօրինակելու. բայց լրիվ արհամարհական տոնով արտասանած «Նյու-Յորք» բառը, ամենալավն էր դրա համար:

Սակայն երեխան, հիմնականում, հետաքրքրվում է նրանով, ինչը վերաբերում է իր մանկական հետաքրքրություններին, և ամբողջ ընտանիքից ինձ հիմնականում Օլգան էր հետաքրքրում: Նա ինձ ցույց տվեց քաղաքային երեխաների կողմից կատարվող մի քանի հնարք, օրինակ, ճանապարհի երթևեկելի մասում սևեռագամ տեղադրելը, որպեսզի անցնող ավտոմեքենաները դրանք ճզմեն, և ինձ թվում է, որ նրա հետ հաճախ կազինո էինք խաղում: Հորեղբայր Ջեյքը խաղաթղթերով ֆոկուսներ էր ցույց տալիս և սովորեցնում, թե ինչպես կարելի է հին խաղաքարտերով տնակ կառուցել: Օլգան նաև մանկական փոքրիկ խաղաթղթեր ուներ, որ գնում էր մոտիկ խանութից. այդ խաղաթղթերի կապուկները միշտ լրիվ չէին լինում, և նրանցով կարելի էր միայն խաղաթղթե տնակ կառուցել:

Երրորդ ավենյուի վերևով գնացող փնչացող շոգեքարշներն ինձ հիացնում էին: Սովորաբար մենք դրանցով գնում էինք կենտրոնական մեծ խանութները՝ գնումներ անելու: Տհաճ հիշողություններ են, թե ինչպես էի քարշ գալիս մորս ետևից, երբ նա գնումներ էր անում, չնայած միայն այդպես կարելի էր պատրաստել ինձ ապագա ուղևորությանը օվկիանոսով, ինչպես նաև ճանապարհին ինձ և Կոնստանս քրոջս զբաղեցնելու համար խաղալիքներ գնել: Հիշում եմ փոքրիկ առագաստանավը, որը փորձում էի Կենտրոնական այգու լճերում քշել: Ո´չ հայրս, ո´չ ես դրա համար ո´չ գիտելիք ունեինք, ո´չ փորձ:

Ճանապարհորդության համար գնված նվերների շարքում կային երեխաների համար գիտա-փորձարարական հավաքածուներ. դրանք կոչվում էին «Խաղեր էլեկտրականությամբ», «Խաղեր մագնիսականությամբ», «Խաղեր օճառի պղպջակներով»: Հետաքրքիր է, թե Չարլզ Ադամսով ոգեշնչվող ժամանակակից նոր սերունդը լայնացրե՞լ է այդ խաղերի շրջանակը՝ ընդգրկելով «Խաղեր ատոմային ֆիզիկայից», «Խաղեր տոքսիկոլոգիայից» և «Խաղեր հոգեվերլուծությունից» հավաքածուներ։ Ընդգրկել են, թե ոչ, բայց իմ մանկության հավաքածուները բացառիկ հրաշալի էին, և նույնիսկ այսօր հիշում եմ դրանցում ընդգրկված փորձերի մանրամասները:

Վերջապես մենք լաստով հատեցինք ծովախորշը մինչև Հոբոկեն, որպեսզի բարձրանանք «Հոլանդիա-Ամերիկա Լայն» նավը: Մենք երկրորդ կարգով էինք ճանապարհորդում, որը ճանապարհորդելու ամենաէժան ձևն էր, որ այդ օրերին կարող էր իրեն թույլ տալ երեխաներով ընտանիքը, երբ երրորդ կարգը նախատեսված էր ամենաաղքատների համար: Հիշում եմ, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո արևմտյան ուղղությամբ իմ առաջին ուղևորությունների ժամանակ երկրորդ կարգի տախտակամածից ներքև էի նայում՝ երրորդ կարգի ուղևորների գույնզգույն ժողովումներին, հաճախ իրենց ազգային հագուստով, անհարմարության զգացումից առաջացող, այն օրերի միջինօվկիանոսային ուղևորություններին բնորոշ երկիմաստությունից խմբավորված:

Նավը երեխայի համար հիանալի վայր է: Նավի վրա մի քանի երեխա էլ կար, ում հետ կարող էի խաղալ, իսկ ծովային հիվանդությունը, հիմնականում, մեծահասակներին է բնորոշ: Ես ամենուր չարաճճություն էի անում, և հաճախ ինձ համապատասխան ձևով վռնդում էին նավի աշխատանքային միջանցքից: Ինձ հաճույք էր պատճառում տախտակամածից նայել ներքում մշտապես փոփոխվող և մարմար հիշեցնող փրփուրին: Նավի վրա շատ հայտարարություններ կային` անգլերեն, գերմաներեն և հոլանդերեն, որ գրավում էին իմ ուշադրությունը. այդ ժամանակ արդեն կարգին գերմաներեն գիտեի (չեմ հիշում թե ինչպես եմ սովորել), որպեսզի նկատեի նավախցերում կախված գերմաներեն և հոլանդերեն հայտարարությունների նմանությունը: Անկասկած ես զզվեցնում էի ճոճաթոռներին հանգստացող ուղևորներին, ինչպես միշտ նավի վրա երեխաներ լինալու դեպքում, բայց մի անգամ խիստ հատուցեցի դրա համար, երբ զայրացած ուղևորներից մեկն ինձ սեղմեց ճոճաթոռի տակ և այնքան խուտուտ տվեց, մինչև համբերությունս հատավ: Եվ վերջապես մի անգամ արթնացա և հայտնաբերեցի, որ նավի շարժիչները չեն աշխատում, իսկ պատուհանից երևում էր Ռոտերդամը:

Եվրոպական խցիկներով գնացքով մինչև Քյոլն գնացինք: Մինչև հիմա հիշողությանս մեջ մնացել են երկաթուղային կայարանի, հյուրանոցի, որտեղ մնում էինք, և տաճարի պատկերները: Ավտոմատ-մեքենաները Գերմանիայում շատ ավելի մեծ և գեղեցիկ էին, քան նրանք, որոնք տեսել էի տանը, և նրանց վաճառած բոված նուշը նոր քաղցրավենիք էր: Ի վերջո գնացինք Քյոլնի արվարձան, որտեղ ապրում էր հորս երկրորդ պորտի եղբայրը:

Արդեն ասել եմ, որ գերմաներենից որոշակի կցկտուր գիտելիքներ ունեի նախքան Եվրոպա մեկնելը, բայց կասկածում եմ, որ դրանք բավարար էին, որպեսզի հայրս ասեր, որ ես գերմաներեն գիտեի: Հայրս միայն կատարելությունն էր ընդունում ամեն ինչում, ինչ վերաբերում էր լեզուներին, ինչպես հարկն է մարդուն, ում լեզուները հեշտությամբ էին տրվում, և ով դրանք հիմնովին գիտեր: Լեզվի կատարյալ ճշգրտության հասնելու նրա ձգտումը ծանր փորձություն էր նրա ուսանողների համար, իսկ ավելի ծանր էր ընտանիքի համար: Օտար լեզուներով խոսելու մորս կարողությունը, թերևս, միջինից բարձր էր, և նա բավականին պատշաճ գիտեր գերմաներեն: Եվ այնուամենայնիվ, նա կարկամում էր հորս պրոֆեսիոնալիզմի առաջ: Նա հիանում էր օտար լեզուների հորս իմացությամբ, և առօրյա իրավիճակներում, առանց որևէ անհրաժեշտության, ապավինում էր միայն հորս գիտելիքներին։ Նույնը ինձ էր վերաբերում, մինչև այն ժամանակ, որ տանից հեռացա և ամուսնացա, և միայն կնոջս նրբանկատության շնորհիվ համարձակվեցի օտար լեզուներով խոսել առանց մեղքի զգացում ունենալու, ինչը ինձ միշտ կասկածների մեջ էր պահում և ստիպում ծանրութեթև անել յուրաքանչյուր բառը:

Հորս ուղեկցությամբ Եվրոպայով ճանապարհորդելը նշանակում էր այն տեսնել եվրոպացու աչքերով: Բառացիորեն, ես այդպես էլ չգիտակցեցի այն փուլը, որը բնորոշ է յուրաքանչյուր սկսնակ զբոսաշրջիկի, երբ յուրաքանչյուր դուռ ու յուրաքանչյուր պատ յուրատեսակ ամրոց է, ուր անհրաժեշտ էր թափանցել: Քանի որ նույնիսկ իմ այդ առաջին այցի ժամանակ օտարականի իմ անհամապատասխանությունը բոլորովին աննկատ էր թվում ավելի արտահայտված մեկ այլ՝ երեխային բնորոշ անհամապատասխանության պատճառով: Եվրոպա իմ երկրորդ այցի ժամանակ, երբ արդեն երիտասարդ էի, նա ինձ նույնքան ծանոթ թվաց, որքան Միացյալ Նահանգները, հորս ուղեկցությամբ իմ առաջին այցի հիշողությունների և այն ամենի պատճառով, ինչ ինձ հաջողվել էր կարդալ նրա մասին: Այնպես որ փաստորեն ինձ չհաջողվեց անծանոթ Եվրոպան ծանոթ Ամերիկայի հետ համեմատելը:

Չեմ կարող ասել, թե անհարմար վիճակների մեջ չեմ ընկել կամ որոշ տխուր պահեր չեմ ապրել, ինչ արտասահմանում սովորաբար պատահում է անմեղ երիտասարդներին։ Բայց այդ, այսպես ասած հիվանդությունը, արագընթաց էր, և զգալիորեն թեթևացված Եվրոպա նախորդ այցելության պատվաստումից: Ինձ միշտ թվում էր, որ զբոսաշրջիկի հուսահատությունը ծանր տանող Հենրի Ադամսը նման էր մեկին, որ առաջին անգամ քսան տարեկանում էր խոզուկ ընկել է: Ադամսին այդպես էլ ամբողջ կյանքում Եվրոպայի նկատմամբ հակակրանքը մնաց: Իսկ ինձ համար իմ վաղ այցելությունը, թերևս, հնարավոր ուսումնական դասընթացներից ամենալավն էր, քանի որ գիտնականը պետք է աշխարհի քաղաքացի լինի:

Քյոլնից մենք նավով ուղևորվեցինք Ռեյնով դեպի վեր: Մայնցում նավից իջանք և շարունակեցինք մեր ճանապարհը Վիեննա: Երկար ժամանակ Վիեննայում մնացինք, և այն ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց: Երեխան սովորաբար տպավորվում է շատ աննշան բաներից, և, թերևս, այդ բոլոր տպավորություններից հիշողությանս մեջ ամենաերկար պահպանվել էր հոտը: Սպիրտայրոցի հոտը, որով ծնողներս քրոջս ընթրիք էին տաքացնում, հարած հումսերով եվրոպական խիտ շոկոլադի հոտը, հյուրանոցի, ռեստորանի և սրճարանի հոտերը. մինչև հիմա էլ պարզորոշ զգում եմ այդ հոտերը: Հիշում եմ բուսակերական ռեստորանները, ուր գնում էինք ճաշելու, և որտեղ մտնելու համար պետք էր ինչ-որ աստիճաններով բարձրանայինք. ինչպես նաև եռացրած կաթի փրփուրը, որը դժվարությամբ էի կարողանում կուլ տալ: Ֆրանկֆուրտում մի բաժակ խնձորի գինի փորձեցինք, ինչը ինձ համար տխուր հետևանքներ ունեցավ:

Ինձ համար լրիվ նորություն էր սրճարանների պատերին փայտե շրջանակներում կախված թերթեր տեսնելը: Մինչ հայրս նորություններ իմանալու համար կարդում էր իր թերթը, ես անգլիական մի թերթ էի նայում, որում մանկական ֆելիետոն-պատմվածքներ կային: Ես դեռ բավականին վարժ չէի կարդում, և պատմվածքի ընթացքին հետևելն ինձ համար դժվար էր, քանի որ ամբողջ պատմվածքը տպագրվում էր մասերով, օր օրի, բայց աղոտ տպավորություն է մնացել, որ դա Քիփլինգի «Չար ոգիների բլրի էլֆը» պատմվածքն էր: Վստահ եմ, որ թվականները ճիշտ են, քանի որ Քիփլինգը այդ պատմվածքը գրել էր ինձանից մի քիչ մեծ իր երեխաների համար, իսկ նրանք, կարծես, ծնվել են այն ժամանակ, երբ նա ապրել է Բրետլբորոյում, իմ ծնվելուց քիչ ավելի շուտ: Պատճառներից մեկը, թե ինչու հայրս ուղևորվեց Վիեննա, այն էր, որ նա ցանկանում էր հանդիպել լրագրող Կարլ Կրաուսի հետ: Չգիտեմ, թե նրանք ինչ էին քննարկելու, բայց միանգամայն հնարավոր է, որ դա վերաբերել է հրեական հարցերին, և ավելի հավանական է, որ քննարկել են իդիշից գրական գերմաներեն թարգմանել Մորից Ռոզենֆելդի՝ հորս «բացահայտած» նյույորքցի դերձակ-բանաստեղծի պոեմները: Հիշում եմ, թե ինձ ինչպես տարան Կրաուսի բնակարանը, որը վիեննական բազմաբնակարան շենքում էր, և հիշում եմ, որ նրա բնակարանը ահավոր թափթփված էր, ինչպես այլևս ոչ մի տեղ և երբեք չեմ տեսել:

Վիեննայում շոգ էր և անհարմար, իսկ փայտոջիլներն անխղճորեն կծում էին երեխաներին: Ծնողներս չէին կռահում, թե ինչ էր պատահել մեր մաշկին, այդ հարցում նրանց չօգնեց նաև հրավիրված մաշկաբանը: Նա մեր հիվանդությունն ախտորոշեց որպես քոր, և նրա տված տերմինը՝ «յոթ տարեկանի քոր», ոչ մի կերպ չմխիթարեց ծնողներիս:

Երբ պարզվեց մեր հիվանդության իրական պատճառը, տանտիրուհին ամենափոքր կարեկցանք էլ չցուցաբերեց, հայտարարելով, որ Վիեննայում՝ հին քաղաքում, որտեղ տների պատերը պատված են հին, թափվող սվաղով, չկա մարդ, որ ապահովագրված լինի փայտոջիլներից, նույնիսկ կայսեր պալատը ապահովագրված չէ դրանից: Կայսրը գուցե և վարժվել էր փայտոջիլներին, բայց մեզ համար դրանք բոլորովին նոր էին, և հստակ ազդանշան եղան, որ թողնեինք այդ քաղաքը և տեղափոխվեինք ավելի առողջ վայր: Մենք տեղավորվեցինք վիներվալդյան Կալտենլեյտգեբեն քաղաքում, մի կոշկակարի տանը: Տունն անմիջապես տախտակամած փողոցի վրա էր, և հետնիոտնի ճանապարհ չկար: Ետևում բլուր էր, և ոչ մեծ աստիճանը տանում էր փոքրիկ զրուցարան: Ինչպես Ալեքսանդրիայի ագարակում, որտեղ մի անգամ հանգրվանել էինք, Կալտենլեյգեբենի դիրքը հիշողությանս մեջ լավ տպավորվել է, այնպես որ երեսուն տարի հետո, երբ նորից այդտեղ եկա, կարողացա գտնել այդ տունը:

Կոշկակարի ընտանիքում մի քանի տղա կար, որոնց հետ խաղում էի: Թե ինչպես էինք շփվում, հիմա դժվար է ասելը, քանի որ նրանք անգլերեն հաստատ չէին խոսում, և ծնողներս ինձ վստահեցնում էին, որ ես գերմաներեն չէի խոսում, գոնե հայրս այդպես էր կարծում: Ամեն դեպքում պարզ էր, որ մենք իսկապես իրար հասկանում էինք, քանի որ միասին ավելի շատ չարաճճություն էինք անում, քան Վիլհելմ Բուշի ներկայացրած Մաքս և Մորից սրիկաները: Երբ տան ետևի այգում առատորեն բազմացող որդերն ու խխունջներն ուսումնասիրելով չէինք զբաղված, արգելված խաղեր էինք խաղում մոտակա ռեստորանին կից կեգելբանում, և մեր ազատ վերաբերմունքով հաստատ չէինք լավացնում կոշկակարի հաստոցի վիճակը: Մեզ կարելի էր գտնել բաց լողավազանի մոտ ոչ այնքան մաքուր տեղերում կամ տեղական տոնավաճառում, որտեղ գունավոր հեղուկով լցված փոքր շշեր էինք գնում, նրանց նման, որոնցով կերակրում են կաթնակեր երեխաներին:

Գերմանիայով և Հոլանդիայով երկար ճանապարհորդելուց հետո վերջապես հասանք Լոնդոն: Մեյդա Վեյլում բուսակերների համար նախատեսված մի հյուրանոց գտանք, որը իրար միացած երկու շենք էր: Ետևում հարևանությամբ ապրող տանտերերի այգին էր: Այնտեղ ես ինչ-որ երեխաների հետ էի խաղում, որոնք, եթե հիշողությունս չի դավաճանում, հայտնի դաշնակահար Մարկ Համբուրգի տղաներն ու աղջիկներն էին: Այդ ժամանակ դեռ ընթանում էր անգլո-բուրական պատերազմը. և քանի որ հորս բնորոշ էր քաղաքական ազատականությունը, նրան կրկնօրինակելով, խաղընկերներիս մոտ ինձ աֆրիկամետ անվանեցի, չնայած ոչ մի պատկերացում չունեի այդ պատերզմի առիթ հակամարտության մասին։ Անգլիացի երեխաներն ինձ հատուցեցին խմբով վրաս թափվելով:

Մեյդա Վեյլից ոչ հեռու Իզրայել Զանգվիլի տունն էր, ում հետ հայրս նամակագրություն էր պահպանում սիոնիզմի հարցերով: Զինգվիլը բրիտանացի ամենահայտնի սիոնիստներից էր: Հայրս կանխատեսում էր այն դժվարությունները, որոնք հետագայում առաջացան հրեական գաղութը մուսուլմանական հողում տեղավորելու արդյունքում: Նա բռնի ձուլման քաղաքանության երդվյալ կողմնակից էր, քանի որ զգում էր, որ նոր երկրներում հրեաների ապագան կախված է նրանից, թե որքան կկարողանան նրանք իրենց ազգային շահերը համատեղել այն երկրի շահերի հետ, որտեղ պատրաստվում էին բնակվել, այլ ոչ հակադրեին, ինչը կարող էր ազգայնական նոր շարժում առաջացնելու խթան հանդիսանար:

Մենք այցելեցինք Զանգվիլին Մեյդա Վեյլի մոտի նրա տանը, որի առջև փոքրիկ գեղեցիկ այգի կար: Նա ինձ իր ուսերին ներս տարավ: Հիշում եմ նրա դեմքը. բնորոշ հրեական՝ խորը կնճիռներով, ոչ գեղեցիկ, բայց հաճելի և զգայական: Ես նրա հետ պետք է հանդիպեի Եվրոպա իմ հաջորդ այցի ժամանակ, բայց դա տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ լրացավ իմ տասնութ տարին:

Նա միակ գրողը չէր, ում այցելում էինք Անգլիայում: Կար նաև Կրապոտկինը` հայտնի աշխարհագրագետ և իսկական ռուս իշխան, ցարական ընտանիքից սերված, որ երիտասարդ հասակում հարել էր անարխիստներին և մասնակցել էր իր կուզենի՝ Նորին մեծության դեմ մահափորձին, որից հետո ստիպված էր եղել հայրենիքից հեռանալ: Մի տարի առաջ նա Բոստոնում էր եղել և նրան ծանոթացրել էին հորս հետ: Որպես նվեր` ինձ տվեց ստվարաթղթե ոչ մեծ տուփ՝ հանքաքարերով: Մի երեկո, տիկին Ջեք Հարդների Ֆենվեյ պալատում ճաշով և գինիներով հյուրասիրվելուց հետո նա շատ զայրացած եկավ մեր տուն: «Վիներ,- ասաց,- ինձ վիրավորել են»: Հայրս նրան մի քիչ հանգստացրեց, հետո նա պատմեց, թե ինչ էր պատահել: Բոստոնյան բարձր հասարակությունից մի տիկին նրան հարցրել էր. «Էհ, իշխան Կրապոտկին, իսկ ինչպե՞ս է ապրում ձեր կուզենը, Նորին մեծությունը»:

Մենք Կրապոտկինին այցելում էինք Քենթի Բրոմլիում գտնվող նրա տանը: Դա աշխատող մարդու տուն էր, որը շշմելու նման էր այդ փողոցում գտնվող մյուս տներին: Սակայն տան ետևի բակը շատ հաճելի էր, և այնտեղ նրա դուստրերը մեզ թեյ էին հյուրասիրում:

Մենք այցելում էինք Լոնդոնի ավանդական տեսարժան վայրերը, ինչպես պառլամենտի շենքը և Վեստմինստերյան աբբայություն: Երբեմն ճաշում էինք Հալբորնի բուսակերների ռեստորանում, իսկ երբեմն «Էյ-բի-սի» սրճարանում: Հիմնականում ավտոբուսով էինք գնում, և ինձ դուր էր գալիս ավտոբուսի երկրորդ հարկում: Երբեմն օգտվում էինք նոր ստորգետնյայից, որը այն հեռու ժամանակներում անվանում էին «երկուպենսանոց խողովակ»: Երկակնանի կառքը դեռևս իրական մրցակից չուներ, և Լոնդոնի փողոցներում ինչ-որ բան կար, որը հետո կարողացա ճանաչել որպես Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքների մթնոլորտ:

Մեր ճանապարհորդության վերջին քաղաքը Լիվերպուլն էր: Եվ իհարկե, տունդարձի ճանապարհը ձանձրալի էր թվում, զուրկ հուզող որևէ դեպքերից, ինչպես բոլոր նման ճանապարհորդությունները, քանի որ առջևում մեզ չէին սպասում նոր արկածներ անծանոթ երկրներում, ինչի սպասումը կարող էր կենդանացնել հոգնեցուցիչ նավարկությունը:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը


[1] քաղաքական էլիտա. անգլ. establishment (պետապարատ, իշխանության համակարգ և անձնակազմ) բառից։  

 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский