Ցեղասպանություն. իրական տերերը

Սկիզբը

Հայոց Մեծ Եղեռնի պատասխանատուների շարքում իր տեղն ունի նաև ժամանակի հայկական ֆինանսական վերնախավը, որին պայմանականորեն կանվանենք բուրժուազիա: Արևմտահայ և արևելահայ բուրժուազիան, Ցեղասպանությունից առաջ, և հետո էլ, ունենալով մեծ ֆինանսական կարողություններ, բավականին պասիվ էր ազգային-քաղաքական հարցերում:

Դա թերևս պայմանավորված էր նրանով, որ արևելահայ բուրժուազիան ռուսական վերահսկողության տակ էր, ետին պլանում, իր քաղաքական ցանկությունների մասին ի զորու չէր ազատորեն արտահայտվելու: Ավելի վատթար վիճակում էր արևմտահայ բուրժուազիան, մի էական տարբերությամբ, որ Օսմանյան կայսրությունում հայ բուրժուազիան իր բնագավառում հույների հետ միասին ուներ իշխող դիրք և իրենից շատ ետ էր թողել դեռևս սաղմնային վիճակում գտնվող թուրքական բուրժուազիային: Եթե հայկական կրթության և մշակույթի բնագավառներում հայ բուրժուազիան թեկուզև փոքր, բայց ներդրում ուներ, ապա սեփական ժողովրդի քաղաքական ճակատագրին նա մինչև վերջ մնաց անհաղորդ:

20-րդ դարասկզբին Գյուլբենկյան, Մանթաշով, Լիազոնով, Տատյան, Ղուկասով, Մայիլով, Արամյանց, Միրզոև, Էնֆիանջյանց, Թամամշև և մի շարք այլ ազգանուններ խորհրդանշում էին հայ ֆինանսական և առևտրաարդյունաբերական բուժուազիայի հզորությունը: Նրանք հայտնի էին ոչ միայն Ռուսական ու Օսմանյան կայսրություններում, այլև նրանց սահմաններից շատ հեռու: Կապիտալի հնարավոր կենտրոնացման և ուղղորդման միջոցով նրանք իրավամբ կարող էին լուծել էական խնդիրներ: Այդ խնդիրների լուծումը նպաստ կբերեր ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև հենց այդ ֆինանսական վերնախավին: Ցավոք, Մանթաշովը և իր ընկերները 20-րդ դարի սկզբին չէին հասկանում այն, ինչ հասկանում էին Շահամիրյանը և մյուսները 18-րդ դարում` պետք է ունենալ պետականություն և հանդես  գալ նոր դիրքերից: Այստեղ տեղին է հիշել մի դրվագ։ 1902 թվականին Փարիզում Մանթաշովի միջոցներով կառուցված Ս. Հովհաննես Մկրտիչ հոյակերտ եկեղեցու հիմնարկեքը, իսկ 1904 թվականին` օծումը, որի առթիվ ֆրանսիական կառավարությունը նրան պարգևատրեց Պատվո լեգեոն շքանշանով: Փարիզյան եկեղեցու վրա ծախսվել է 2 մլն ֆրանկ` այն ժամանակի արժեքով մի սարսափելի թիվ: Համեմատության համար ասենք, որ Ա աշխարհամարտից հետո, երբ Հայաստանի կառավարությունը փորձում էր գնել ֆրանսիացիների թողած զենքերը`  հրացանները և փամփուշտները, որոնք կբավականացնեին 30.000-անոց զորքի, ֆրանսիական կառավարությունը դրանք գնահատել էր 1,8 մլն ֆրանկ: Նույնը կարելի է ասել նաև Գալուստ Գյուլբենկյանի և նրա հիմնադրամի մասին: Մինչ օրս, «Միստր 5%»-ի հիմնադրամը ծրագրեր է իրականացնում աշխարհի 70 երկրներում, որի միայն չնչին մասն է բաժին ընկնում Հայաստանին: Ոմանք կարող են հարցնել, թե այս ամենն ինչ կապ ունի 1915-ի հետ: Պատասխանը շատ պարզ է: Կարծելով, որ սեփական ժողովրդի և իրենց ճակատագրերը կարող են տարբեր լինել, հայ մեծահարուստներից շատերը կորցրեցին ոչ միայն իրենց պատմական հայրենիքի մեծագույն մասը, այլ նաև սեփական կարողությունները: Ա աշխարհամարտին և Հայոց Մեծ Եղեռնին եկավ լրացնելու 1917թ. բոլշևիկյան հոկտեմբերյան հեղաշրջումը` լիակատար դարձնելու համար ռուսահայ բուժուազիայի ունեզրկումը:

Բայց ամենազավեշտալին այն է, որ հայ առևտրականների մի մասը ֆինանսավորում էր «Իթթիհադի» տեղական կազմակերպությունները: Այդ մասին գրում է հնչակյան հայտնի գործիչ Ս. Սապահ-Գյուլյանը. «Երկրի ամենահեռավոր անկյուններում անգամ Իթթիհատը իր կլյուբները տարածում, այդ թույնի որջերը պահում էր գլխավորապես հայ վաճառականների ոսկիներով»:

Ցանկացած ժողովրդի կյանքում կրոնական, քաղաքական, ռազմական, հասարակական և տարաբնույթ այլ կառույցների կողքին մեծ դեր են խաղում նաև անհատները: Որոշակի պահի, այդ դերը կարող է էապես աճել և էլ ավելի կարևորել պատմական անձի և անհատի նշանակությունը: Այդ անհատներից էր Գրիգոր Զոհրապը: Պատմագիտության, գրականության մեջ և հարակից այլ գիտություններում բազմիցս անդրադարձ կատարվել ու լուսաբանվել է նրա կերպարը: Ելնելով վերոգրյալից` մենք չէինք ուզենա անդրադառնալ նրա կերպարին: Ավելի շատ հետաքրքրական է նրա քաղաքական գործունեությունը: Ասել, թե Զոհրապը չէր հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, կլինի չափազանց մեղմ գնահատական: Այն, որ Զոհրապը հսկայական հեղինակություն ուներ ոչ միայն Պոլսում, այլ նաև գավառահայության մեջ, դա կարծես ոչ մեկ կասկածի տակ չի դնում: Սակայն ապագայի դիտանկյունից առնվազն տարօրինակ է նրա պահվածքը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նա վճռորոշ պահին չփորձեց ստանձնել հայ հասարակությանը ղեկավարելու բեռը: Առնվազն տարօրինակ է նրա` ինքնակամ մահվան գնալու և իր մահով շատերին փրկելու թվացյալ մոլորությունը: Այստեղ չի աշխատում որևէ բանականություն: Եթե երիտթուրկական կառավարությունն ի զորու էր մահվան դատավճիռ կայացնել Զոհրապի նման հայտնի դեմքի նկատմամբ, ապա ի՞նչն էր նրան խանգարելու այդ նույնն անել Սասունի որևէ խուլ գյուղում ապրող շինականի նկատմամբ: Ի տարբերություն ապրիլի 11-13-ին (նոր տոմարով ապրիլի 24-26-ը) ձերբակալված 800 հայ մտավորականների`  Զոհրապը ձերբակալվեց շատ ավելի ուշ: Այդու, նա տեղյակ էր արդեն տիրող իրավիճակին և սպասվող զարգացումներին: Որևէ բարեգթության հույս ունենալը նշանակում էր տղայական միամտություն:

1915 թ. օգոստոսի 1-ին, Զոհրապին և մեկ այլ խորհրդարանականի ̀  Վարդգեսին տեղափոխող կառքը ժամանեց Ուրֆա: Այս առումով ուշագրավ հուշ է թողել Մկրտիչ Յոթնեղբայրյանի մերձավոր զինակից Մկրտիչ Մարտիրոսյանը: Նա ներառված էր այն 4 հոգիանոց խմբի կազմում, որը պետք է կազմակերպեր Զոհրապի և Վարդգեսի փախուստը: Նրանք միանալու էին Ուրֆայի հայությանը, որպեսզի ղեկավարեին ինքնապաշտպանությունը: Ահա թե ինչ է պատմում Մարտիրոսյանը. «Մկրտիչը բարձրացավ տանիքը և ծխնելույզեն իջավ Զոհրապի և Վարդգեսի գտնված սենյակը: Սրտատրոփ կսպասեինք անոր վերադարձին: Կես ժամե վերջ Մկրտիչ ապահով վերադարձավ, բան մը չի հարցուցինք, որովհետև քթին տակեն կհայոյեր. Երբ հասանք մեր տեղը, մեծ վրդովմունքով ըսավ, որ անոնք ալ մերիններուն խելքին կծառայեն: … Մինչև լույս Մկրտիչ կդողար իր զայրույթեն. երկու մեծ հայերու անունը լսած էր միայն, իսկ այժմ անոնց տեսքը և այն համոզումը, որ անոնք սպանդանոց կառաջնորդվին` կատաղությամբ լեցուցած էր իր հոգին»: Ինչպես հայտնի է պատմությանը, երկու օր անց ̀  օգոստոսի 3-ին, հայ պատգամավորները Ուրֆայից ոչ հեռու գտնվող Շեյթան Դերեսի ձորում սպանվեցին:

Այաշի բանտում, երբ հայ հարյուրավոր մտավորականներ ու ազգային գործիչներ սպասում էին իրենց մահվանը, նրանցից մեկը շատ է ափսոսացել, որ իրենք չկարողացան կազմակերպել արևմտահայությանը: Սակայն սա արդեն ուշացած զղջում էր: Մենք ծանրացանք Զոհրապի կերպարի վրա, զի նա ինչ-որ տեղ նաև հավաքական կերպար է հայ մտավորականության և ազգային գործիչների առումով: Նրանց մեծ մասն էապես մտածում էր Զոհրապի նման:

Բերված չորս խավերի և դրվագների մասնակի նկարագիրը գալիս է հիմնավորելու այն համոզումը, որ յուրաքանչյուր անհատ, այս դեպքում անհատների խումբը`  հանրությունը, պետք է իր ձախողումների պատճառները նախ և առաջ փնտրի իր մեջ, մինչ այլոց մեղադրելը:

Կրթահամալիրում, գոնե իմ աշխատած յոթ տարիների ընթացքում չեմ հիշում որևէ լացակումած հանդես կամ սրտաճմլիկ ասմունք: Տողերիս հեղինակի համեստ կարծիքով, զոհի բարդույթը կամ ցեղասպանվածի կերպարն էապես կոտրում է ոչ միայն դեռահասին, այլ նաև հասուն քաղաքացուն: Որքան շուտ մենք կարողանանք ազատվել այդ ծայրահեղ մոտեցումից, այնքան ավելի ինքնավստահ կունենանք շարունակելու միտում: Ցեղասպանությունը աքսիոմա է, բայց չի կարելի է մի ողջ հարևան հասարակության հետ հարաբերությունները կարգավորել` ելնելով միայն այդ մեկնակետից: Կրթահամալիրում թեման ուսումնասիրվում է միայն տեղեկատվական բնորոշիչի մեջ` սովորողին տալով ազատություն մտածելու և համեմատելու: Շատ ենք խոսել, որ սովորողը պետք է ունենա կասկածելու իրավունք: Իրերին ու երևույթներին սեփական դիտանկյունից նայելու և սեփական դիտարկումները ներկայացնելու հնարավորություն: Պատահական չէ, երբ ֆիննական «Յեթ 1» հեռուստաընկերությունն իր «Թեժ սահման» հեռուստահաղորդման համար, որի հերթական մասում քննարկվում էին հայ-թուրքական հարաբերությունները, փնտրում էր ռացիոնալ հատիկ, եկավ կրթահամալիր:

Իսկ սովորողի կասկածելու վերաբերյալ օրինակ բերեմ 10-րդ դասարանցի Անի Ջանոյանի վերջին մտորումները:

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский