Ուխտագնացությունից հետո

Անձի դաստիարակությունն ավարտվում, իր նպատակին է հասնում այն ժամանակ, երբ անձն  այնքան է հասունանում, որ ունենում է հետագա կյանքի ընթացքում ինքն իրեն կրթելու ուժ և կամք,  իմանում է միջոցներ և հնարներ, թե ինչպես դա կարող է իրականացնել որպես արտաքին աշխարհի  վրա փոխազդող անհատ: Ա. Դիստերվեգ

«Ուխտագնացություն Պարսկահայք» նախագծի ամփոփում

Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը ուսումնական աշխատանքի կազմակերպման արդյունավետ միջոց է և կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերի բաղկացուցիչ: Ցանկացած ճամփորդություն գործունեության ընթացք է՝ պայմանավորված որոշակի օրինաչափություններով՝ թեմա, նպատակ ու նպատակաուղղվածություն, գործնականություն, զգացմունքայնություն… Ճամփորդությունը իր նշանակությամբ չի տարբերվում ուսուցման մյուս ձևերից. այն տալիս է նոր գիտելիքներ հայրենիքի, բնության, պատմության, մշակույթի մասին: Ճամփորդելով, ուսումնասիրելով սկսում ես ճանաչել քեզ շրջապատող աշխարհը: Ինչքան շատ ես ճանաչում, այնքան մեծանում է հետաքրքրությունների շրջանակը, ավելանում է նաև փոխանցելիքդ:

Հայրենագիտական մեր ճամփորդությունը՝ «Ուխտագնացություն Պարսկահայք», բաժանեցինք երեք փուլի` նախապատրաստում, ճամփորդություն և ամփոփում: Այս անգամ ուխտագնացները բացառահես դասավանդողներ էին, որ սկսեցին իրենց նախապատրաստական աշխատանքը՝ գիտակցելով, որ ճամփորդության հաջողությունը որոշում է նախապատրաստական փուլը: Ու մեկը մյուսի հետևից իրենց բլոգներում, դպրոցների ենթակայքերում, mskh-ում սկսեցին հրապարակել իրենց աշխատանքները՝ Պարսկահայք ուխտի իմ խորհրդանիշը` Սբ Թադեի վանք,  ժամանակակից պարսկական պոեզիա, Ծործորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուխտի իմ խորհրդանիշը… Մեկը մյուսից հետաքրքիր աշխատանքներ…

Նախապատրաստական աշխատանքներին մասնակցեցին բոլոր ուխտագնացները: Այս փուլն իրենից ներկայացնում էր ճամփորդության նպատակը, ճամփորդության վայրն ընտրելը, համացանցից և այլ աղբյուրներից տեղեկություններ ձեռք բերելը:

Հետո ուխտագնացության չորս հետաքրքիր ու հագեցած օրերն էին: Այնքան բան կար տեսնելու. կարդացածն ու տեսածը համեմատելու-համադրելու, մեր խորհրդանիշերով հիանալու, նոր ձեռքբերումների մասին արտահայտվելու րոպե անգամ չկար:

Ճամփորդությունից հետո մեկը մյուսի հետևից սկսվեցին հրապարակվել նյութերը արդեն աչքով տեսածի, զգացածի մասին՝  Մայր Արաքսի ափերով,  Ինչի՞ համար են…, Նռան ծեսը, ռադիոնյութերը… Տեսածն ու զգացածը դարձան ֆիլմ, հաշվետվություն, ռադիոնյութ, ֆոտոշարք, ուսումնական փաթեթ, տեղադրվեցին դասավանդողների բլոգներում, դպրոցի կայքերում:

Ուրիշներին սովորեցնելու համար հարկ է իմանալ ավելին: Սա, կարծում եմ, ամեն մի դասավանդողի նշանաբանն է: Ուսուցողական արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար կարևոր է մեր ցանկությունը` ինքնակրթության միջոցով մեզ վրա աշխատելու, ստեղծագործելու, փորձելու, փորձը իմասնավորելու և փոխանակելու կարողությունների ձեռքբերումը-զարգացումը: Ճամփորդությունները մեզնից ամեն մեկին ինքնակրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, անցած ու մի քիչ մոռացածը վերհիշելու հրաշալի հնարավորություն են տալիս:

Կրթությունը հասարակությանը ծառայելու միջոց է: Իմ կազմակերպած ճամփորդությունները, բազմաթիվ արշավները, ըստ իս, ճիշտ ազդեցություն են թողնում երեխաների վրա, որոնց մոտ առաջանում է սեր դեպի աշխարհը, դեպի պատմական արժեքները, նրանց մեջ զարգացնում է հետաքրքրություն դեպի գաղտնիքներով լի բնությունը, շրջակա աշխարհը և գեղեցիկը: Արտահայտվելու, խոսք կառուցելու, գրելու, շրջապատի նկատմամբ ուշադիր ու հոգատար լինելու փորձ է հաղորդում:

Իսկ վերջում. անչափ ուրախ եմ, որ կարողանում եմ գեղեցիկի հանդեպ ունեցած իմ մեծ սերը հաղորդել իմ գործընկերներին, երիտասարդներին, սովորողներին:img_3233

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский