Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություն

Հանրակրթության մասին ՀՀ օրենքը հռչակում է «հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին»
(հոդված 5, 2.2)։

 «Մխիթար Սեբաստացի» կրթահմալիրի Դպրոց-պարտեզ հեղինակային մոդելը  կրթության կազմակերպման 2-10 տարեկանների բաց միջավայր է, որտեղ խմբից-խումբ, դասարանից-դասարան, դպրոցից-դպրոց անցումները սովորողի ազատ  իրավունքն է: Կրթահամալիրի 4 դպրոց-պարտեզներն ունեն 2-4 տարեկանների զարգացման խմբեր, 5 տարեկանների դպրոցին նախապատրաստության դասարան, 1-3-րդ դասարաններ, 4-5-րդ դասարաններ:

«Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է» (Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 6, կետ 2)։
Մի կողմից` չի կարելի շրջանցել օրենքը, մյուս կողմից՝ երեխան որպես անհատականություն, ունի իր զարգացման տեմպը, գրանցած արդյունքներ ու աստիճանը. մի դեպքում հնարավոր է՝ առաջ է իր հասակակիցներից, մյուս դեպքում՝ չասենք հետ է, բայց ուրիշ տեղում է, որին հարգանքով ու մանկավարժորեն պիտի մոտենան դպրոցը, ուսուցիչը...
«Զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է»,- ասում էր Կոմիտասը:

Կրթահամալիրի դպրոց-պարտեզները իրենց միջավայրով սանի, սովորողի համար ապահովում են սեփական զարգացման ընթացքով ապրող մարդու կրթական գործունեության ապահովումը: Կրթությունը անհատական գործընթաց է, յուրաքանչյուրը ունի իր ընթացքը, իր ոճը: Կրթության գործի կազմակերպիչների գործն է հարգել այդ անհատական զարգացումն ու ապահովել դրա բնական ընթացքը: Սովորողին, սանին համեմատել իր երեկվա հետ, ոչ թե ընկերների, խմբի, դասարանի: Սրանից է, որ պիտի ազատվի այսօրվա ծնողը, սանի, սովորողի ձեռքբերումները գրանցի` առանց համեմատելու այլոց հետ:

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների  2-5 տարեկանների խմբերը տարատարիք են. արդեն մի քանի տարի է հրաժարվել ենք միատարիք պարտեզային խմբերից, իսկ տարատարիք խմբերում չխոսողը շուտ է սկսում խոսել, խոսողը սովորեցնող, ուսուցանող է:
Կրթահամալիրի 5 տարեկանների` «Իմացումի հրճվանք» ծրագրով առաջին տարին, սահմանված կարգով անցումային է. այստեղ կան սան, որ դեռ իրեն լավ է զգում 2-4 տարեկանների խմբում, ուզում է քնել՝ թող քնի, ուզում է ավագ զգալ՝ թող զգա: 5 տարեկանների խմբի սան Վաչեն, Դավիթը իրենց լավ են զգում 6 տարեկանների առաջին դասարանում, օրվա մի մասը ապրում են 6 տարեկանների խմբում, մյուս մասը՝ 5 տարեկանների:

Կրթահամալիր ընդունվել են 6 տարեկաններ, որ կրթություն են ստացել տանը, այլ նախադպրոցական այլ հաստատություններում, տառաճանաչ են, առաջին դասարանի ծրագրով որոշված ուսումնական գործունեությունն իրենց հետաքրքիր չէ: Ի՞նչ անեն նորից սկսեն, բա ո՞ւր մնաց օրենքի «շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին»:
Կրթահամալիրը հարգանքով է վերաբերվում ընտանեկան կրթությանը ու սահմանված կարգով  այսպիսի սովորողները կրթությունը շարունակում են «Իմացումի հրճվանք»  ծրագրի 2-րդ դասարանում: Ինչո՞ւ մի տարիքի սովորողները նույն դասարանում լինեն. 7 տարեկան  Էրիկի համար, օրինակ, հարմար է Մերի Գրիգորյանի դասարանը, որտեղ 6 տարեկաններն են: Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով սովորողների ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 1-3-րդ, 4-5-րդ դասարանցիների խմբերով. ձևավորվում են նույն նախասիրությամբ տարատարիք սովորողների խմբեր, որ դառնում են նախագծի, ծեսի, համերգի, ցուցահանդեսի, պլեների, մրցաշարի կազմակերպման ու իրականացման անմիջական մասնակիցներ:
Տարատարիք են նաև դպրոց-պարտեզի երակարացված օրվա ծրագրում ընդգրկված սովորողները, որ դպրոց-պարտեզ միջավայրում ապրում են առավոտյան 9-ից մինչև երեկոյան 5-ը։ Այո՛, ապրում են, քանի որ կյանքի դպրոցում է, որ ամեն օր տեսանելի ու քայլ առ քայլ քանդում է դաս-դասարանային ավանդական միջավայրը ու ստեղծում ոչ ֆորմալ կրթության, հեղինակային կրթական ծրագրի մոդել, որտեղ տարատարիք սովորողների ուսումնական նախագծերը, հայենագիտական ճամփորդություներն ու ճամբարները, ընտանեկան առարկայական ֆլեշմոբերը ստեղծել են կրթության կազմակերպման նոր համակարգ, որտեղ  սովորողների համայնքում բոլորը՝ անկախ տարիքից,  ապրում  են իմացումի հրճվանք: 

Նոր ժամանակի մարդն իր հետ բաց  համակարգում աշխատելու ու ապրելու մշակույթ է բերում, այլ հայացք, այլ միջավայր...  
2016թ. սեպտեմբերից  կրթահամալիրի դպրոց-պարտեզներում դեպի թաղ-հասարակություն տանող բոլոր արգելքները,  ցանցերն ու ցանկապատերը անհայտացան, ներսն ու դուրսը` որպես կրթական միջավայր դարձան մեկ՝ բաց, ուր և ինչքան ուզում է` թող հայացքը գնա, ոչ մի արգելք: Ստեղծված լանջերը, ճիմապատ տարածքները փոխում են սովորողին, բնակչին: Ակնհատ է, ամեն օր ավելի տեսանելի պակասում է աղբը տարածքում: Բաց միջավայրում չկա իմ-քո, մեր-ձեր, կա մեր-մենքը, որը ուժեղ,  ստեղծող է:

Մանկավարժական այս լուծումները կյանքից են գալիս, իսկ կրթությունը ինքը՝ կյանքն է, որն անընդհատ է, չկան արձակուրդներ, չկա ընդհատում, կան կրթության կազմակերպման հեղինակային ձևեր, երբ փոխվում  է վայրը, խումբը, միջավայրը, բայց կյանքով  ու կյանքի համար սովորելը դառնում է սովորույթ...

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский