Հետադարձ ակնարկ

Մի քանի տարի դասվարական աշխատանքից հետո կրթահամալիրում միշտ եղել եմ մայրենիի ուսուցիչ: Հետադարձ հայա՞ցք. ինչո՞ւ ոչ: Այլ ժամանակներ էին (լինո՞ւմ է էդպես), կարծրացած մեթոդներ, միտքը քարացնող ծրագրեր (ի՞նչ է փոխվել հայաստանյան կրթական համակարգում): Մանկավարժական-մեթոդական  փնտրտուքները տարբեր ուղղություններով էին մեզ տանում, երբեմն հակասական, իրարամերժ: Մեր մանկավարժական-ստեղծական աշխատանքի արդյունքում 1990-ականներին ստեղծվեցին մեր գործնական քերականության դասագրքերը, միջին դպրոցի գրականության դասագրքերը, մեթոդական ձեռնարկները:

Իսկ ե՞ս, որպես ուսուցիչ… Դե, ուսուցչի աշխատանք է. եղել է՝ ոգևորվել եմ, պատահել է սիզիփոսյան աշխատանք անողի զգացողություն եմ ունեցել: Մանկավարժ-գործընկերներս ինձ կհասկանան: Բայց հիմա, երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ մեր իսկ հեղինակած դասագրքերի առկայությամբ էլ ինձ ու իմ սովորողներին հատկապես ոգևորել է այն գործունեությունը, որ կապվել է իրական կյանքի հետ, որ կենդանի շփում է ենթադրել, սովորողի կենսափորձի հետ կապվել, ստեղծական է եղել, եղել է սովորողների հետաքրքությունների շրջանակում: Այսինքն՝ ես իրականում տարբեր նախագծեր եմ իրականացրել, գուցե առանց ձևակերպելու-ներկայացնելու: Եվ իրականում ինչպե՞ս, որտե՞ղ պետք է դրանք ներկայացնեի, որտե՞ղ, ինչպե՞ս պետք է դրանք պահպանվեին: Նորից հիացա համացանցի առավելություններով:

Էդպիսի  նախագծեր եղել են գրական ծավալուն ստեղծագործությունների վերլուծությունները, քննարկումները. ստեղծագործություններ, որոնք նախապես բծախնդրորեն ընտրում էի՝ գեղարվեստականորեն բա՞րձր արժեք ունեն, համապատասխանո՞ւմ են տվյալ տարիքային խմբին, կհետաքրքրի՞ սյուժեն նրանց:  Թեման քննարկում էի սովորողների հետ… Այդպիսի գործերից էին Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգությունը», Ս. Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Վ. Թոթովենցի «Կյանքը հին հռովմեակա ճանապարհի վրա», Լ.Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» և այլն:  Այդ քննարկումների ընթացքում յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունեցել արտահայտվելու իր աշխարհայացքին, ընկալումներին համապատասխան, լսելու ընկերների, իմ դատողությունները, վերլուծությունները, կարծիքները: Գրել է վերլուծականներ: Ես ինքս մշակել եմ այդ ստեղծագործությունների հարցարանները: Որպես ուսուցիչ՝ անհամաբերությամբ եմ սպասել այդ դասաժամերին, ինձ հետաքրքրել են նրանց մտքերը, կարծիքները, ինձ ոգևորել է իմ սովորողների մտավոր, հոգևոր աճը: Եվ դա իրոք հետաքրքիր ու օգտակար աշխատանք էր և իմ,  և սովորողների համար: Ի վերջո, այն, ինչ ինձ իսկապես չի ոգևորում, ես չեմ կարող այնպես անել, որ ոգևորի իմ սովորողին: Իսկ այդ աշխատանքը երկուստեք հետաքրքիր էր, հետևապես՝ օգտակար և արդյունավետ: Ընթացքում գործնականում աշխատում էինք նաև բանավոր խոսքի մշակման վրա:

Մյուսը սովորողների շարադրանքներն էին՝ զգացողությունների, մտքերի, հարցադրումների ներկայացնելը: Սա էլ են սովորողները սիրով արել: Ի վերջո, ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն ունեին և օգտվում էին դրանից:  Ունեինք ամսագրեր, դասարանական թերթեր: Ձևավորում էին սովորողները, մտածում էինք դրանց իրացման մասին: Սա նախագիծ էր, որին մասնակցում էին սովորողների բավականին մեծ խմբեր: Մյուսը՝ գրական թատրոնն էր: Դրան միշտ սիրով ենք պատրաստվել: Ամբողջական նախագիծ էր դառնում՝ ի՞նչ ենք ընտրում, սցենարը ինչպե՞ս ենք կազմում, բեմի ձևավորումը, երաժշտության ընտրությունը, հրավիրատոմսերը… Պատրաստվում էինք սիրով, հավեսով:

Հիմա արդեն մտածում եմ. իրականում այնտեղ, որտեղ ես հաջողել եմ որպես ուսուցիչ, այն ինչի համար հետագայում շնորհակալական խոսքեր եմ լսել հիմա արդեն ամենատարբեր ոլորտներում աշխատող իմ սովորողներից, չի կապվել դասագրքային, նեղ առարկայական գործունեության հետ: Սովորողի հիշողության մեջ չեն մնացել քերականական ու գրականագիտական վարժությունները: Մնայուն արժեք և գնահատելի արդյունք դարձել է  հենց այն, ինչը կապվել է իրական գործունեության հետ: Այսինքն, ես հիմա վստահ կարող եմ ասել՝ իմ ուսուցչական հաջողությունները նախագծային ուսուցման արդյունք են եղել:

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский