V. Սեփական քրտինքով

Հեղինակ: 

Նախկին հրաշամանուկը

Սեփական քրտինքով, Քեմբրիջ, 1901թ. սեպտեմբեր – 1903թ. սեպտեմբեր

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Քեմբրիջի Էյվոն փողոցում ոչ շատ հին և բավականին հաճելի տուն վարձեցինք, որ ետնաշենք ուներ, ինչը մի քիչ ցածր էր հիմնական տնից: Տան մուտքի դռները զարդանախշերով ապակուց էին, տան սկզբի մասում գրադարանն էր, հյուրասենյակը և հորս փոքր, բայց հարմարավետ աշխատասենյակը: Վերևում սենյակներն ընդարձակ և լուսավոր էին, իսկ ետնաշենքի վերևի ոչ մեծ հարկում մեր մակական սենյակն էր: Տան ետևի մասում հսկայական բակ ունեինք, որտեղ քրոջս հետ կարող էինք խաղալ:

Մեզանից երկու տուն այն կողմ ապրում էր պրոֆեսոր Բոշեն, որը, ինչպես հետո իմացանք, մեծ մաթեմատիկոս էր: Նա ֆրանսիացու` ժամանակակից լեզուների գծով Հարվարդի նախկին պրոֆեսորի որդի էր, և կարծեմ, մոտավորապես իմ տարիքի երկու տղա ուներ: 1903թ. Զատիկին ես միացել էի նրա տղաներին, որպեսզի փնտրենք զատկական ձվերը, որոնք երեխաներին ուրախություն պատճառելու համար էին թաքցված: Մի քիչ ավելի հեռու` Բոշեենց տան ետևում, ճանապարհից դուրս, պրոֆեսոր Օտո Ֆոլինի տունն էր, որ հայտնի քիմիկոս-ֆիզիոլոգ էր: Ծագումով շվեդական գեղջուկներից` նա ամուսնացել էր բուն արևմտա-ամերիկյան ընտանիքից կնոջ հետ, որ մորս ընկերուհին էր դեռ այն ժամանակվանից, երբ երկուսն էլ Միսուրիում էին ապրում: Հաճախ էի նրանց տուն գնում և նրանց գրքերը կարդալու սովորություն ունեի: Նրանք երկուսն էլ՝ մայրս և տիկին Ֆոլին դեռ ողջ են և ընկերություն են անում:

Հայրս երկու ընկեր էլ ուներ` գենետիկ Կասլը և ֆիզիոլոգ Վալտեր Քենոնը: Նրանց ես հաճախ էի դիմում գիտության մասին մանկական հարցերով: Հայրս և ես հաճախ էինք այցելում Քենոնին Հարվարդի բժշկական բաժնում գտնվող նրա լաբորատորիայում, որը Բոստոնի հանրային գրադարանի ետևում էր, այսօրվա Բոստոնյան համալսարանի շենքում: Ինձ հատկապես հետաքրքիր էր, որ պարոն Քենոնը ցույց էր տալիս կանադական անտառային մարդ Սուրբ Մարտինի [1] Ալեքսիսի լուսանկարը, ում որովայնին պատահաբար կրակել էին, և ամերիկական բանակի բժիշկ Բոմոնի, որը նրան որպես փորձի խոզուկ էր օգտագործում՝ մարսողական պրոցեսները ուսումնասիրելու համար: Մեզ Քենոնն անձամբ է պատմել նրանց համագործակցության այդ զարմանալի պատմության մասին:

Ինձ շատ հետաքրքրում էր նաև դոկտոր Քենոնի ռենտգենյան սարքը, որը, եթե ճիշտ եմ հիշում, գործում էր ինչ-որ էլեկտրաստատիկ գեներատորի օգնությամբ: Հավանաբար, Քենոնն առաջիններից էր, որ վերջերս հայտնագործած ռենտգենյան ճառագայթներն օգտագործում էր այնպիսի օրգանների, ինչպես սիրտը և ստամոքսը, ավելի փափուկ հյուսվածքները ուսումնասիրելու համար, և շարունակում էր ավելի շուտ սկսած աշխատանքը, որի իրականացումը հնարավոր էր դարձել Սուրբ Մարտինի սարսափելի խուղակի շնորհիվ:.Նա առաջինն էր, որ կապարե էկրանն օգտագործեց ռենտգենյան սարքավորման օպերատորի պաշտպանության համար: Այդ նախազգուշական միջոցի շնորհիվ նա երկար տարիներ անխոցելի մնաց այդ վտանգավոր ճառագայթների համար, մինչդեռ նրա գործընկերներից շատերը մասերի բաժանվեցին` տանելով մի անդամահատումը մյուսի ետևից: Եվ չնայած նա յոթանասուն տարուց ավելի ապրեց, ի վերջո առաջին տարիներին ռենտգենյան ճառագայթների հետ նրա աշխատանքը սպանեց նրան:

Ես այդ մարդկանց հետ դեպքից դեպք էի հանդիպում: Մեր տուն ավելի հաճախ հյուր էր գալիս ասորագետ Մաս-Առնոլդը: Ինձ թվում է, որ Մաս-Առնոլդը ավստրիական հրեա էր, և դեմքի արտահայտությունը, ինպես և դեմքը, խիստ հիշեցնում էին նրա ասորական թևավոր ցուլերին: Նա սև մորուք ուներ, բավականին հաղթանդամ տղամարդ էր, հայտնի գիտնական և բռնկուն մարդ: Ժամանակ առ ժամանակ որոշ ժամանակով մեր տանը հյուրընկալվելիս նա ինձ հետ պարապում էր, եթե հայրս ինչ-որ բանով զբաղված էր լինում. նա խիստ և ոչ հմուտ դասավանդող էր: Մի անգամ, մի քանի տարի անց, լատիներենի դասից հետո, որն ինձ համար հատկապես տանջալի էր, ես փողորակով խոտածածկն էի ջրում, և տրվելով վայրկենական ազդակի` փողորակը պահեցի նրա վրա: Ծնողներս ինչպես հարկն էր պատժեցին ինձ, իսկ Մաս Առնոլդը դրանից հետո միշտ անվստահությամբ էր ինձ նայում:

Մի մարդու համար, ով տեսել է ամերիկյան Քեմբրիջի զարգացման և անկման փուլերը, դժվար է համեմատել այսօրվա Քեմբրիջը և դարասկզբի Քեմբրիջը: Հազիվ նկատելի փոփոխություններն արտահայտվում են նրանով, որ տները ավելի անդուր են դարձել, փողոցային երթևեկությունը՝ ավելի աշխույժ, անհետացել են շինություններից ազատ տարածքները, և 1900թ. ոչ մեծ քաղաքի բնակչությունը` մասամբ գյուղական սովորությունները պահպանած, փոխվել է, ինչը փոխել է նաև բուն քաղաքի մթնոլորտը` դարձել ավելի մեծ, կեղտոտ, արդյունաբերական կենտրոն:

Երբ ես երեխա էի, այնտեղ դեռ ապրում էին մարդիկ, որ Մասաչուսետս ավենյուն անվանում էին հին անունով՝ Նորտ ավենյու. նրա երկայնքով կանգնած էին հաջողակ գործարարների չգրավող, բայց հաճելի և հարմար տները: Դրանք դեռ կան, բայց նրանց նախկին փառքը ցնդել է: Մուտքի դարպասների ծածկերի տակ այլևս սայլեր չեն կանգնում, իսկ պատշգամբների փայտե զարդաքանդակները փտել են: Այդ տները սովորաբար վարձակալում էին չորս կամ ավելի երեխա ունեցող ընտանիքները, իսկ երեխաներին խոհանոցից կառավարում էր բանիմաց և իշխող ծառայողը: Ընդարձակ բակերը կահավորված էին մանկական խաղերի համար, և այրող արևից նրանց պահպանող ծառերը դեռ այսպես հիվանդագին գունատ չէին, ինչը հիմա Քեմբրիջի Իստ-Սայդի գործարանների հետևանք է:

Քեմբրիջում շինություններից ազատ տարածքները գարնանը դեղնում էին ծաղկած խատուտիկներից, ամռանը հրանունկն էր ծաղկում, իսկ աշնանը դրանք ծածկվում էին ճարճատուկի երկնագույն ծաղիկներով: Փողոցները հիմնականում սալարկված չէին, և անձրևի ժամանակ մթերք տեղափոխող սայլերի ակները խոր ակոսներ էին թողնում: Ձմռանը սայլերը փոխարինվում էին սահնակներով, որ այն ժամանակ տոբոգաններ էին կոչվում, և երեխաներն իրենց սահնակները կապում էին դրանց, ինչը ամենասիրված զվարճանքներից էր: Բլրավոր փողոցներով իջնում էին ոչ միայն փոքր սահնակներով՝ փորի վրա պառկած, այլ նաև զույգած մեծ սահնակներով և հաստ տախտակներով: Սառած շատ ջրափոսեր կային, որոնց վրա չմշկորդները սահում էին, և միշտ կարելի էր գնալ Ջարվիս Ֆիլդ, հոկեյի հարվարդյան թիմի մարզումները նայելու:

Արդեն ասել եմ, որ հայրս մոլի սնկասեր էր, և նրա ղեկավարությամբ կառույցներից ազատ տարածքներում գարնանը մորխ փնտրելով էի թափառում, իսկ աշնանը՝ շամպինիոն: Մոխերն աճում էին միայն մի քանի լավ հայտնի տեղերում, և հարվարդյան սնկասերները հետևում էին, որ իրենց իրավունքները այդ տեղերի վրա անհրաժեշտ ձևով ամրացվեն: Հաճախ տհաճ միջադեպեր էին լինում, երբ մեկը մտնում էր «գործընկերոջ» տարածքը և մի փունջ կտրում, որը վերջինս իր սեփականությունն էր համարում: Շամպինիոնի աճելու տեղերի վրա սեփականության իրավունք հազվադեպ էին ներկայացնում, իսկ թրքասունկն ամենուր էր աճում և մասնավոր սեփականություն երբեք չէր համարվում:

Շամպինիոններից և մոխերից բացի մեր խոհանոցային պահուստը լրացնում էինք նաև ծփիների տակ աճող սնկերով, երբեմն գտնում էինք նաև ավելի հազվադեպ համով սնկեր. բայց դրանք, հիմնականում, հավաքում էինք ամառային արձակուրդների ընթացքում: Մասամբ դա նաև գրավում էր, որովհետև կարելի էր շփոթել ուտելու սունկը կեղծ շամպինիոնի կամ դառնամատիտեղի հետ, որ սրտխառնոց էին առաջացնում, և գիտակցումը, որ պետք էր տասներկու ժամ սպասել, որպեսզի ախտանիշները ակնհայտ դառնան, պատճառ էր անքուն գիշերների ինչպես իմ, այնպես էլ ծնողներիս համար:

Բուսաբանական հիշողություններս չեն սահմանափակվում դաշտերի այդ պտուղներով: Երբեք չեմ կարող մոռանալ թխկիի փոքրիկ, հողում արմատ տվող սերմերը, ինչպես նաև դրանցից դուրս եկած փոքրիկ ծառը:

Թարմ հողի, թխկու կեղևի, բալի ծառերի խեժի և նոր հնձած խոտի հոտը. այս ամենը իմ պատանեկությանն է պատկանում, ինչպես նաև հոտհնձիչի միատոն ձայնը, ջրի թափվող կաթիլների խշշոցը, որով ջրում էին խոտը, որպեսզի այն պահպաներ իր թարմ կանաչ գույնը: Աշնանը սքանչելի էր կեղտաջրի առվում թափված ճռթճռթացող տերևների վրայով քայլելը կամ նոր այրված տերևների ծուխը շնչելը: Մանկական հիշողություններիս մեջ այս ամենը լրացվում է հեց նոր սղոցած սոճու խեժահոտով և տարբեր շինանյութերի հոտերով՝ վուշի յուղի և նոր պատրաստված ցեմենտի շաղախի:

Մեր կյանքում փաստացի ամեն ինչ փոխվել է այն ժամանակվանից: Փայտը այն ժամանակ էժան էր, և մենք քանդում էինք փայտե արկղերը, որոնցով բերում էին նպարեղենը, որպես վառելանյութ, ձեթը բերում էին փայտե տակառներով կամ խնամքով պատրաստված փայտե արկղերով, որոնք շարժական կափարիչ ունեին: Բայց ամեն դեպքում, այն հարուստ ժամանակների գլխավոր նշանն այն էր, թե ինչ հեշտությամբ էր հնարավոր ծառաներ վարձել: Մայրս միշտ երկուսից պակաս չի ունեցել՝ խորհարար և դայակ, որոնք նաև լվացարարի պարտականություններ էին կատարում, չնայած այն ժամանակ հայրս ընդամենը աղքատ դասավանդող էր կամ դասավանդողի ասիստենտ, առանց առաջխաղացման որևէ հեռանկարի: Գրեթե ամբողջ ժամանակ, որ ապրում էինք Էյվոն փողոցում, ես պաշտում էի մեր ծառա Հիլդրեդ Մելոնիին՝ խելացի, նվիրված և բանիմաց երիտասարդ կին, որ հետագա իր կյանքում շատ բանի հասավ: Մեր խոհարարին չեմ հիշում, բայց մեր լվացարարը Մագի անունով հավատարիմ և աշխատասեր կին էր, ում անվանը մշտապես ավելացնում էինք «Կոճակջարդիչ» մականունը:

Մեծացել եմ մի տան մեջ, որտեղ գիտելիքը գնահատվում էր: Հայրս մի քանի գիրք է գրել, և ես ամենավաղ հասակից ծանոթ եմ գրամեքենայի ձայնին և սոսնձով լցված անոթների հոտին: Բայց ամեն դեպքում երևակայությունս ամենասկզբում էլ գրականագետ գիտնականի ջանքերով չի գրգռվել: Այդ ժամանակ արդեն կարողնում էի ազատ կարդալ: Կարող էի ազատ փորփրել հորս ընդարձակ և բազմաբնույթ գրադարանը: Ժամանակ առ ժամանակ հորս գիտական հետաքրքրասիրությունները տարածվում էին ամենատարբեր հետազոտական խնդիրների վրա, որ կարելի է միայն երևակայել: Մեր գրապահարաններում կարելի էր գտնել չինարենի բառարան, անսովոր և տարօրինակ լեզուների քերականություններ, ոգեհարցության վերաբերյալ հմայական գրքեր, Տրոյայի և Տիրինֆոսի պեղումների հաշվետվություններ, ուշ վիկտորիական շրջանի անգլիական գիտական գրքերի ամբողջ շարք: Դրանց կողքին կային գրքեր հոգեբուժությունից, էլեկտրականության հետ կատարվող փորձերի հաշվետվություններ, աշխարհի հեռավոր անկյունները ճանապարհորդած բնագետների նոթեր՝ «Հումբոլդի գրադարան» վերնագրով: Այնտեղ կային Քինգսլիի հիանալի «Բնության պատմության» (Natural History) երկու հատորը, ինչպես նաև Վուդի ոչ այնքան գիտական, որքան զվարճալի գիրքը, որ ինձ նվիրել էր պարոն Հոլը:

Ես ամենակուլ ընթերցող էի, և այն ժամանակ, երբ լրացավ ութ տարեկանս, գերլարել էի աչքերս` կլանելով ինձ հանդիպող բոլոր գրքերը: Ուշադրությունս գրավում էին ինչպես հորս գրադարանի գիտական գրքերը, այնպես էլ Դիկենսի գրքերը, որ ինձ համար մայրս էր կարդում, և Սթիվենսոնի «Գանձերի կղզին» և «Հազար ու մի գիշերները», և Մայն Ռիդի ստեղծագործությունները: Ինձ համար այս բոլոր գրքերը կլանող արկածների մասին էին, և Երկարահասակ Ջոն Սիլվերի մասին պատմությունը, և «Սբ. Նիկոլաս» ամսագրի պատմությունները դժգունանում էին այն բնախույզների իրական արկածների նկարագրությունների հանդեպ, որոնք անձրևային անտառների մռայլ մթության մեջ գտել էին վայրի կենդանիների, թռչունների և բույսերի նոր տեսակներ և լսել էին մակաո և երկարապոչ թութակների սուր կանչերը:

Այսպիսով, ես երազում էի բնախույզ դառնալ, ճիշտ այնպես, ինչպես ուրիշ տղաներ երազում էին դառնալ ոստիկան կամ շոգեքարշի մեքենավար: Ես միայն աղոտ պատկերացում ունեի, որ բնախույզների և ճանապարհորդ-հետախույզների դարը ավարտին է մոտենում` հաջորդ սերունդներին թողնելով տեղեկությունները մանրամասնելու ավելի հեշտ գործը: Բայց եթե անգամ ամբողջովի գիտակցեի այդ բանը, ամեն դեպքում այդ ժամանակ ինձ համար դժվար կլիներ գիտության մեջ ինչ-որ բանի նախապատվություն տալը: Հայրս Հարվարդի համալսարանից ինձ մի գիրք բերեց, որը նվիրված էր լույսի և էլեկտրականության բնագավառում տարբեր ուսումնասիրությունների, ներառյալ հեռուստացույցի մեռելածին տեսությունը, որը անիրագործելի էր սելենային ֆոտոէլեմենտի անպետքության պատճառով: Այն գրավեց իմ երևակայությունը: Դրա շնորհիվ ես սկսեցի ավելի խորամուխ լինել ֆիզիկայի և քիմիայի գրքերում: Երբ մոտ յոթ տարեկան էի, հաշվի առնելով իմ հետաքրքրվածությունն այդ գիտություններով` հայրս հրավիրեց քիմիական ֆակուլտետի մի ուսանողի, որ ռուսերենով էր հետաքրքրվում և հաճախում էր նրա դասերին, որպեսզի նա ինձ համար փոքրիկ լաբորատորիա կահավորի մանկական սենյակում և ինձ պարզ փորձեր ցուցադրի:

Փորձերում, իհարկե, ինձ հատկապես գրավում էին հոտ ունեցող նյութերը, և ես սովորեցի սուլֆիդ պատրաստել ծծմբի հետ մետաղի կտոր տաքացնելով, իսկ հետո ծծմբաջուր սարքել՝ ստացված սուլֆիդը որևէ թթվի, մասնավորապես, քացախի ազդեցությանը ենթարկելով: Իմ ուսուցիչ պարոն Ուայմենն ինձ շարունկեց սովորեցնել մի քանի ամիս այն բանից հետո, երբ ինձ արգելեցին կարդալ արագ զարգացող կարճատեսության պատճառով: Դրանից քիչ ժամանակ հետո իմացա նրա վաղաժամ մահվան մասին ավտովթարից, որ տեղի էր ունեցել ոչ հեռու այն վայրից, որտեղ հիմա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է, որտեղ ես աշխատում եմ: Կարծեմ Քեմբրիջում դա ավտովթարից մահվան առաջին դեպքերից էր:

Կենսաբանության և բուսաբանության բարդ կառույցների դիագրամները և աճի և կազմակերպման խնդիրները երևակայությունս նույնքան ուժեղ էին գրգռում, ինչպես արկածների և հայտնագործությունների մասին պատմությունները: Մի անգամ հետաքրքրություն զգալով գիտության նկատմամբ (իմիջիայլոց, գիտության հետ կապ ունեցող տարբեր խաղերը, գրեթե նույն կարևոր դերը խաղացին, ինչը ընթերցանությունը)` շրջապատումս սկսեցի նկատել այդ հետաքրքրությունը ջերմացնող նյութերը: Սկսեցի հաճախ այցելել Ագասիզ թանգարանը և այցելում էի այնքան ժամանակ, մինչև անգիր իմացա բոլոր ցուցադրությունները: Մի գիտական հոդված կարդացի, որը անմիջական ազդեցություն ունեցավ այսօրվա իմ աշխատանքի վրա, բայց թե որտեղից էի գտել` չեմ հիշում: Այն հիշողությանս մեջ ինչ-որ կերպ խառնվել է Դան Բիրդայի մի հոդվածի հետ, որը հրապարակվել էր «Սբ. Նիկոլասում» «Հավաքովի փայտիկ» անունով: Այնտեղ ողնաշարավորների կմախքներում նմանությունների և համապատասխանությունների վերաբերյալ նյութ էր կար: Ավելի խորը բնույթի հոդվածը, որը հիշողությանս մեջ կապված է սրա հետ, պետք է որ գրված լիներ ֆիզիոլոգ գիտնականի կողմից: Այն բավականին մանրամասն հաշվետվություն էր պարունակում նյարդով նյարդային ազդակի զարգացման մասին` որպես քայքայման հետևանք, որը ավելի շուտ հիշեցնում էր սպիտակուցների շղթայի հաջորդական քայքայումը, քան էլեկտրական ազդակի անընդհատությունը: Հիշում եմ, որ հոդվածը կիսակենդանի ավտոմատ պատրաստելու ցանկություն առաջացրեց, և հասկացությունները, որ կարող էի դրանից ստանալ, երկար տարիներ զբաղեցնում էին միտքս, մինչև որ ես, արդեն հասուն տարիքում, այդ գիտելիքները լրացրի ժամանակակից նյարդաֆիզիոլոգիա ուսումնասիրելով:

Այն գրքերի կողքին, որ հեշտությամբ էի կարդում, կային գրքեր, որոնք իսկական ցավ էին պատճառում, և համոթ ինձ, այդ ցավը ապրելով, բավարարվածության տարրեր էի ունենում: Ինձ ոչ ոք չէր արգելում այդ գրքերը կարդալ, ինքս էի դրանց վրա արգելք դրել, և ամեն դեպքում, երբ բաց էի թողնում վախ առաջացնող էջերը, չէի կարողանում հպանցիկ չնայել դրանք: Ստրուվելպետերի գրքի մեծ մասը, ինչպես նաև Մաքսի և Մորիցի շատ էջեր այդ ոլորտից էին: «Հազար ու մի գիշերներում» մի սարսափելի պատմվածք կար` «Հույն բժշկի պատմությունը», ինչպես նաև Գրիմ եղբայրների «Տղան, որը վախ չուներ», մեջս սարսափ էր ծնում: Գիտական գրքերում, որոնք ինձ թույլ էին տրված, որոշ չափով կար ինչ-որ բան, որ այդ զգացողությունների խառնուրդ էր առաջացնում, և մասնավորապես, հիշում եմ «Հումբոլդտի գրադարանի» սարսափեցնող, բայց միևնույն ժամանակ գերող բաժինները, որ նվիրված էին էլեկտրականությամբ մահապատժի և տգեղության մոդայի հաշվետվություններին: Վաղ հասակից հետաքրքրություն ունեի բժշկական գրքերի նկատմամբ, ինչ մասնակիորեն արդարացված ու գիտական էր և ամեն դեպքում զուրկ չէր որոշակի, «հրեշի երեսին նայելու» ցանկությունից ծնված հետքրքրության տարրերից: Ես բավականաչափ գիտակցում էի իմ զգացողությունների խառնուրդը՝ կարդալով այդ ամենի մասին, և չէի կարող ձևացնել, թե իմ հետաքրքրությունը անմեղ բնույթ ուներ: Այդ գրքերը ցավի և սարսափի հետ կապված զգացմունքներ էին առաջացնում, բայց ամեն դեպքում ինչ-որ ձևով նրանք ինձ ստիպում էին բավարավածություն ստանալ: Ես դա գիտեի այն ժամանակ, շատ ավելի վաղ, քան ուշադրությունս կգրավեր Ֆրեյդի աշխատանքը և կօգներ ինձ հասկանալ աշդ խճճված զգացմունքները:

Հավանաբար, այդ ժամանակ իմ կարդացածի մեծ մասը անթույլատրելի էր իմ ընկալմանը: Կրթության ամբողջականության համար այն փաստը, որ յուրաքանչյուր գաղափար պետք է հասկանալի դառնա նրա հետ ծանոթանալու պահից, էական չէ: Իսկապես մտավոր հետաքրքրություն և հարուստ պարունակությմաբ ինտելեկտ ունեցող յուրաքանչյուր մարդ, շատ բան ձեռք է բերում նարնից, ինչ լրիվ ընկալմանը հասնում է աստիճանաբար հարաբերակցելով դրան ուրիշ, դրա հետ կապ ունեցող գաղափարների հետ: Մարդը, ում անհրաժեշտ է ունենալ գաղափարների միջև կապ ուսուցչի ներկայացրած հստակ ընկալումը, զուրկ է կենսականորեն կարևոր հատկությունից, որը շատ բորոշ է գիտնականին: Գիտունությունը զարգացման պրոցես է, և միաժամանակ իր տեսակի արվեստ առանձին իրերը այնպես իրար կապելու և վերադասավորելու, դրանք ուսումնասիրելով սեփական փորձի և հատկությունների միջով, որ ոչինչ չի մնում առանց որևէ կապի ուրիշ մի բանի հետ, իսկ յուրաքանչյուր գաղափար դառնում է շատերի համար մեկնաբանություն:

Այն անսովորականությունը, որով զարգացավ կարդալու իմ հմտությունը, ինձ համար դպրոցում իմ տեղը գտնելու դժվարություն առաջացրեց: Յոթ տարեկանում ես շատ լավ էի կարդում, քան գրում, և ձեռագիրս անընթեռնելի և տգեղ էր: Գիտելիքներս թվաբանությունից համապատասխան էին, բայց հետևողական չէին, քանի որ ես գերադասում էի կարճ ճանապարհները ինչպես, օրինակ ինչ-որ թվի ինը գումարելու համար դրան գումարում էի տասը հետո հանում մեկ: Դեռ հակված էի, որ գումարում կատարելիս մատներս օգտագործեմ, և դեռ ամբողջությամբ չգիտեի բազմապատկման աղյուսակը:

Սկզբնական գիտելիքներ ունեի գերմաներենից, և ագահորեն կարդում էի ձեռքս ընկած ցանկացած գիտական գիրք:

Իմ դպրոցի հարցը լուծելու մի քանի փորձերից հետո որոշվեց, որ պետք է գնամ Էյվոն փողոցում գտնվող Պիբոդի դպրոցի երրորդ դասարան: Ուսուցիչը ոչ միայն բարի և խելացի էր, այլև շատ համբերատար իմ մանկական անշնորհքությունների նկատմամբ: Չգիտեմ, թե որքան ժամանակ անցավ, նախքան ծնողներս և ուսուցիչներս եկան եզրակացության, որ անհրաժեշտ է ինձ չորրոդ դասարան տեղափոխել: Չեմ կարծում, որ նրանց մեկ տարի էր պետք այդ որոշման համար: Այդ ժամանակ ես յութ տարեկանից մի քիչ էի մեծ: Ինչպես էլ որ եղել է, չորրորդ դասարանի ուսուցիչը թերություններիս նկատմամբ պակաս համբերատար դուրս եկավ, և ժամանակ առ ժամանակ մենք անհաշտ էինք լինում:

Իմ հիմնական թերությունը թվաբանությունն էր: Այդ առարկայի իմ ընկալումը շատ ավելի մեծ էր, քան այն օգտագործելու իմ կարողությունը: Հայրս հենց սկզբից ճիշտ հասկացավ, որ դժվարություններս կապված են այն բանի հետ, որ վարժություններն ինձ համար անտանելիորեն ձանձրալի էին: Նա որոշեց ինձ դպրոցից հանել և հնարավորություն տալ, որ թվաբանության փոխարեն հանրահաշվով զբաղվեմ, որպեսզի երևակայությանս ավելի լուրջ խնդիրներ տամ և ավելի ոգևորվեմ: Այդ ժամանակից սկսած մինչև մոտ տսաը տարեկանը հաճախում էի Այերի դպրոցը և մի քիչ էլ ավելի ուշ. իմ կրթությունը անմիջականորեն կամ անուղղակի հորս ձեռքերում էր:

Չեմ կարծում, թե նրա նպատակը ինձ առաջ հրելն էր: Սակայն նա ինքը իր մտավոր հաջողություններն սկսել էր երիտասարդ հասակում, և կարծում եմ, զարմացել էր այն հաջողությունից, որ ես ունեի իր ղեկավարությամբ: Այն, ինչ սկսվել էր որպես ժամանակավոր միջոց, վերաճեց կրթական հստակ ծրագրի: Այդ ծրագրում հիմնական դերը պատկանում էր մաթեմատիկային և լեզուներին (հատկապես լատիներենին և գերմաներենին):

Հանրահաշիվը ինձ համար երբեք դժվար չի եղել, չնայած դասավանդելու հորս մեթոդը հազիվ թե նպաստում էր հոգեկան հանգիստը պահպանելուն: Յուրաքանչյուր սխալը պետք է ուղղվեր այն անելուց անմիջապես հետո: Նա սովորաբար քննարկումը սկսում էր թեթև զրույցի տոնով: Դա տևում էր մինչև մաթեմատիկական առաջին սխալս անելու պահը: Դրանից հետո սիրող և փափկանկատ հորս փոխարինում էր արնախում վրիժառուն: Իմ չգիտակցված արարքի առաջին նախազգուշացումը լինում էր կտրուկ արտաշնչով «Ի՞նչ» բառը, և եթե ես ակնթարթորեն ուշքի չէի գալիս, նա սովորաբար ինձ հրահանգում էր. «Իսկ հիմա սա մեկ անգամ էլ արա»: Այդ ժամանակ ես արդեն վախեցած էի և լաց էի լինում: Գրեթե միշտ ես նորից էի սխալ անում կամ, ինչը ավելի վատ էր, փորձելով սխալս ուղղել` ավելի կոպիտ սխալ էի անում: Այդ ժամանակ հորս համբերության մնացորդները սպառվում էին վերջնականապես, և նա ինձ դիմում էր մի լեզվով, որը ինձ թվում էր հատկապես կոպիտ, որովհետև չէի գիտակցում, որ դա ազատ թարգմանություն է գերմաներենից: Rindvieh բառը, իհարկե, հաճոյախոսություն չես անվանի, բայց դե, այնքան էլ կոպիտ չէ, ինչպես «անասուն»-ը. իսկ Esel-ը գերմանացի մանկավարժների սերնդից սերունդ կիրառել են որպես ամենահարմարը սիրալիր դիմելու դեպքում: Այս բառը չի կարող փոխարինվել անգլերեն «էշ»-ով(«Ass!») կամ դրան համազորներով «հիմար, ավանակ»-ով («Fool! Donkey!»):

Ես բավականին շուտ վարժվեցի այդ անպատիվ խոսքերին, և քանի որ, դասերս երբեք մի քանի ժամ չէին տևում, դրան ուղղակի զգայական արգելքներ էին, որ կարողանում էի մի թափով հաղթահարել: Բայց դրանք իսկապես արգելքներ էին: Դպրոցական ուսուցիչը միշտ կարող է հղում անել աշակերտի դմբոյությանը: Հորս խոսելու տոնը հենց հաշվարկված էր, որ ինձ հասցնի իմ զգացմունքների գագաթնակետին, իսկ երբ իր տոնը զուգակցում էր ծաղրանքով և սարկազմով, դա վեր էր ածվում անգութ քննադատության: Դասերս հաճախ էին ավարտվում ընտանեկան վեճերով: Հայրս զայրացած էր, ես ողբում էի, մայրս ամբողջ ուժով փորձում էր ինձ պաշտպանել, չնայած նրան դա երբեք չէր հաջողվում: Նա երբեմն ասում էր, որ աղմուկը անհանգստացնում էր հարևաններին, և նրանք եկել են բողոքելու, և դա, հավանաբար, հանգստացնում էր հորս, բայց երբեք ինձ համար մխիթարանք չէր լինում: Լինում էին օրեր, և դա տարիներ շարունակ, երբ ինձ թվում էր, որ ընտանեկան կապերը չեն կարող տանել այդպիսի լարվածությունը, իսկ երեխայի պաշտպանվածությունը միշտ հենվում է ընտանեկան կապերի ամրության վրա:

Բայց ինձ համար ավելի լուրջ էին հորս վարմունքի պատճառած երկրորդական հետևանքները: Ես հաճախ էի լսում ճաշի սեղանի շուրջը և հյուրերի ներկայությամբ հորս արտահայտությունները իմ մասին և ցավագին էի դրանք տանում: Ի լրացում այդ ամենի, ես լավ գիտեի հորս հոր թերությունների մասին, և գլխումս միտք էր ամրապնդվել, որ նրա բոլոր վատ կողմերը թաքնված են իմ բնույթում, և մի քանի տարուց դրանք կբացահայտվեն:

Հիմա, երբ նորից կարդում եմ Ջոն Ստյուարտ Միլի հիշողությունները իր հոր մասին, արտաքուստ թվում է` նրանց միջև բարի հարաբերություններ են եղել: Բայց ես հո գիտեմ, որ այդպես չէ, և երբ կարդում եմ նրա գրած մի քանի բառը հոր դյուրագրգռության մասին, հաստատ գիտեմ, թե ինչպես պետք է հասկանալ այդ տողերը: Վստահ եմ, որ եթե նրա հոր դյուրագրգիռությունը ավելի թաքնված լիներ, քան հորս դյուրագրգիռությունը, ավելի պակաս ազդեցություն չէր թողնի: Միլի գրքում պարբերություն պարբերության ետևից պատմվում է այն մասին, ինչը կարող էր լինել վիկտորիական շրջանի ներկայացուցչի պատմածը ուսուցման մասին, շատ հիշեցնելով այն, ինչ ես ապրել եմ:

Իմ ուսուցումը ինչպես զարմանալի նմանություն ունի այն բանի հետ, ինչի միջով Միլն անցել է, այնպես էլ կարևոր տարբերություն: Միլի ուսուցումը հիմնականում դասական է եղել, քանի որ այն ժամանակ արժանավայել կրթություն ստանալու այլընտրանք չկար: Այդ պատճառով էլ Միլն ավելի լայն պատկերացումներ ուներ դասական առարկաների վերաբերյալ, քան ես, և ավելի վաղ հասակից. բայց նա մաթեմատիկայով զբաղվելն ավելի ուշ է սկսել, և նրա հայրն այդ առարկայի պակաս հեղինակավոր ուսուցիչ էր: Իսկ իմ հայրը դեռ վաղ պատանեկության տարիներին ցուցաբերել է մաթեմատիկական վառ կարողություններ, որոնք նա ցանկանում էր զարգացնել ինձանում, սկսած այն պահից, երբ յոթ տարիս լրացավ: Դեռ ավելին, յոթ տարեկանում արդեն կարողանում էի կենսաբանության և ֆիզիկայի գրքեր կարդալ, ինչը զգալի գերազանցում էր այն, ինչ կարողանում էր հայրս անել այդ տարիքում, և ինչը բովանդակությամբ շատ ավելի խորն էր, քան բնական պատմության խիստ դասակարգումը, որը հասանելի էր երեխա Միլին տեղանքում էքսկուրսիաների ժամանակ:

Հայրս ինչ-որ բանով հիշեցնում էր Ջեյմս Միլին։ Նրանք երկուսն էլ սիրում էին քայլելը և շրջապատող բնությունը: Սակայն, կարծում եմ, որ ավագ Միլը չուներ ագարակատիրոջ տաղանդ, ինչով հայրս հպարտանում էր, և որդի Միլին այնքան չէին ստիպում աշխատել այգում կամ դաշտում, ինչպես ինձ: Ինչ վերաբերում է Միլին և ինձ, երկուսիս համար էլ զբոսանքները մեր հայրերի հետ հարուստ աղբյուր էին ոչ միայն բնության մեջ գտնվելու հաճույքի, այլև բարոյական ներշնչանքի` ինչը վերցնում էինք շփվելով նման կրթված մարդկանց և ուժեղ անհատների հետ:

Ըստ երևութին հայր Միլը և որդի Միլը իրենց կյանքը կենտրոնացրել էին բարոյականության հարցերի շուրջը: Նրանք շոտլանդական ընտանիքից էին սերում, իսկ յուրաքանչյուր շոտլանդացի իր ծնունդի իրավունքով փիլիսոփա է կամ բարոյագետ: Այդպիսի իրավունքը բնորոշ է նաև յուրաքանչյուր հրեայի: Եվ այնուամենայնիվ, Միջերկրական ծովափի բնակչի բռնկուն բնավորությունը փիլիսոփայելու և բարոյախոսելու նրա կարողությանը մի քիչ այլ երանգ է տալիս, տարբերող նրանից, ինչ բնորոշ է հյուսիսի բնակչին:

Երկու Միլերը պատմության երկու մեծ մարդեսերներն են: Հորս հաջողությունները, թերևս, նույնպես խիստ հիմնավորված էին մարդասիրական գաղափարներով: Ամեն դեպքում նրա մարդասիրության արմատները տարբերվում էին նրանցից, որ բնորոշ էին երկու Միլերին, տարբերվում էին ճիշտ այնպես, ինչպես Երեմիա Բենտամը տարբերվում էր Լև Տոլստոյից: Միլ հոր և Միլ որդու կիրքը մարդկության նկատմամբ մտավոր կիրք էր, լի վեհանձնությամբ և առաքինությամբ, բայց բավականին անպտուղ ճնշվածների ճակատագրի նկատմամբ զգայական հետաքրքրության բացակայության պատճառով: Հորս մտայնության արմատները հասնում էր Տոլստոյի` մարդկության նկատմամբ խորը կարեկցության փիլիսոփայությունը, որը ըստ էության Հինդուիստական Սուրբ կարեկցանքն և ինքնհրաժարում էր: Կաճ ասած, երկու Միլերն էլ դասականության հետևորդներ էին, որ իրենց մեջ հավաքել էին ռոմանտիկական շրջանին բնորոշ կարեկցանքը, մինչդեռ հայրս, չնայած դաստիարակված էր դասականության ավանդույթներով, բայց երազողներից երազողն էր:

Ես չեմ պատկերացնում, որ Ալեքսանդր Պոուպի` Հոմերոսի փայլուն, բայց սառնաշունչ թարգմանությունը հորս կամ ինձ կարող էր այդպես խորը հուզել, ինչպես Միլ-հորը և Միլ-որդուն: Պոեզիան, որը ամենից շատ հուզել հորս և ինձ, Հայնեի պոեզիան է` իր գեղեցիկի ձգտումով և պոետական տխրությամբ, երբ նա չափազանց հստակ սկսում է տեսնել հակասությունը գոյություն ունեցողի և այն բանի միջև, ինչին ինքը ցանկանում էր հավատալ: Չեմ կարող պատկերացնել, որ Միլը Հայնեին համարեր ավելին, քան անամոթ դուրսպրծուկի, չնայած Միլի գրքերում լրիվ հնարավոր է, որ թաքնված հղումներ լինեն Հայներին, ինչը, հավանաբար, կհերքի իմ բառերը:

Միլի և իմ սեփական ապրումներում ինչ-որ ավելի շատ բան կա, քան ուղղակի զուգահեռությունը, ինչպես մանրամասներում, այնպես էլ ավելի լայն գծերում: Միանգամայն պարզ է, որ ինչպես նրա, այնպես էլ իմ ուսուցիչը ցանկացել են թույլ չտալ, որ ինքներս մեզ չափազանց լուրջ ընդունենք` վարելով համեստություն ներշնչելու քաղաքանություն, ինչ երբեմն հասցվում էր պարբերական նվաստացումների: Եվ հասկանալի է, որ երկու երեխան էլ իրենց մեջ զուգակցում էին խորը հարգանք սեփական հոր նկատմամբ և զրկանքի և վիրավորանքի ներքին որոշակի զգացողություն: Համենայնդեպս հոր և որդու հակամարտությունը տարբեր ձևով էր արտահայտվել: Ինչպես Միլ-հայրը, այնպես էլ Միլ-որդին զզվում էին զգացմունքի որևէ դրսևորումից, ինչը ամենևին նման չէր հորս: Սակայն իր ուսման մասին Միլ-որդու հիշողություններից բացարձակապես պարզ է, որ այս պրոցեսում ուժեղ զգացմունքներ են եղել, և դրանք որ մի կերպ չեն թուլացել այն պատճառից, որ հոր և որդու հաջողվել է թաքցնել սեփական զգացմունքները սառնասրտության քողի տակ:

Կասկածում եմ, որ Միլ-հորը բնորոշ էր այնպիսի դյուրաբորբոքություն և զայրացկոտություն, ինչ անկասկած բնորոշ էր հորս, կասկածում եմ նաև, որ նա երբևէ ցուցաբերած լինի մարդկային թուլություն և կրքոտ ցանկություններ, ինչը մեր ընտանիքում բերում էր հոր և որդու տեղերը փոխելուն և ինձ ստիպում հորս ավելի շատ սիրել, քանի որ նա այդպես էլ չդադարեց երեխա մնալուց: Միլի գրքում միշտ առկա է զգացողությունը, որ իր կրթության նկատմամբ սեփական երկակի վերաբերմունքի գիտակցումը խնամքով գծված է տասնութերորդ դարի այգու ծառերի նման:

Մասամբ Սեմյուել Բաթլերին ենք պարտական այն բանի համար, որ մեզ համար բացահայտվեց Ջոն Ստյուարտ Միլի և նրա հոր միջև եղած ճնշված հակամարտությունը: Սեմյուել Բաթլերը, թերևս, հրաշամանուկ չէր այդ բառի ամբողջ իմաստով, բայց ինչպես շատ վունդերկինդերը, մեծացել էր ազդեցիկ հոր անմիջական ղեկավարությամբ, և ինչպես շատ վունդերկինդներ, այդ թվում` ես, իր հիշողություններում որոշակիորեն բողոքում է այդ այդ վարժապետության դեմ: Իրականւմ, այնպիսի տպավորություն ունեմ, որ Սեմյուել Բաթլերը, ինչպես և «Մարմնի ճանապարհը» («The Way of All Flesh») գրքի Էռնեստ Պոնտիֆեքսը, տառապում էր ծնողական խնամակալությունից, կարծես նույնքան խիստ, ինչպես իմ հայրն էր, մի մարդու ձեռքից, որ շատ ավելի սովորական և պակաս կարեկցող էր, քան հայրս: Հոր նկատմամբ նրա երկակի վերաբերմունքն ավելի շատ ատելություն էր պարունակում, քան սեր, իսկ այն հարգանքը, որ տածում էր հոր նկատմամբ, ավելի շատ հարգանք էր ուժեղ անհատի նկատմամբ, քան բարյացկամության  հագանք: Չեմ ժխտում, որ հորս նկատմամաբ իմ հարաբերություններում անբարյացակամության տարրեր կային: Դրանք ինքնապաշտպանության և նույնիսկ վախի տարրեր էին: Բայց միշտ ընդունել եմ նրա գերազանցությունը գիտական հարցերում և նրա անառակելի ազնվությունն ու հարգանքը ճշմարտության նկատմամբ, և նրա այս բոլոր որակների ընդունումն ինձ ուժ էր տալիս շատ դեպքերում հանդուրժելու հիվանդագին վիճակները, որոնք հաճախ մեր միջև առաջանում էին, որոնք, ամենայն հավանականությանբ, անտանելի կլինեին Սուրբ Պոնտիֆեքսի որդու համար:

Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի ազդեցությանը, հայր Պանտիֆեքսի պայմանականություններն անկասկած Էռնեստին գցում էին ավելի լարված հակամարտության մեջ, բայց դրանք նաև ինչ-որ չափով պաշտապնում էին աշխարհի անբարյացակամությունից, ինչպես ալեհատը պաշտպանում է նավերին նավահանգստում: Սուրբ Պոնտիֆեքսն ամենուր ընդունում էր պայմանականությունները, միայն ոչ սեփական պահպանողականության հիմնավորության և ազնվության հարցերում: Ինչ ինձ է վերաբերում, իմ կողմից հորս հասկանալու հետ մեկտեղ ստիպված էի կրկնակի պատիժ հանդուրժել այն բանի համար, որ պայմանականություններից ազատ հորս որդին էի, որ նույնպես ազատ էր պայմանականություններից: Այդպիսով, ես արտաքին աշխարհից պաշտպանված էր կրկնակի մեկուսացումով:

Շատ հավանական է, որ կրոնական խնդիրները գերակշռող դեր են խաղացել իրենց հայրերի հետ Սեմյուել Բաթլերի և Ջոն Միլի հարաբերություններում: Այդ խնդիրները նույնիսկ ավելի սուր էին Էդմունդ Գոսի պատանեկության տարիներին, էլի մի գրող, ում անհրաժեշտ է հիշատակել հոր և որդու հարաբերություններ քննարկելիս: Գոսի «Հայր և որդի» գիրքը, ինչպես և Բաթլերի գիրքը, պատմություն է անկախության ձգտող տղայի, և աստվածաբանական հետաքրքրություններ ունեցող ազդեցիկ հոր փոխհարաբերությունների մասին: Դրանից բացի, Միլի գիրքը, որը ծայրագույն հետաքրքրություն է արտահայտում ձևական աստվածաբանության նկատմամբ ինչպես հոր, այնպես էլ որդու կողմից, ուժեղ բարոյագիտական հնչեղություն ունի, ինչը վկայում է այդ առարկայով կլանվածության մասին: Իմ դեպքում, չնայած հայրս ուժեղ բարոյական հիմքեր ուներ, չի կարելի ասել, որ նա մեծ հետաքրքրություն ուներ աստվածաբանության նկատմամբ: Մարդասիրական գաղափարների աղբյուրը Լև Տոլստոյն էր, և չնայած որ Տոլստոյի իր պրոպագանդիստական տեքստերը զարդարում էր Աստվածաշնչից մեջբերումներով, նա իրեն ավելի լավ էր զգում քրիստոնեության այն բաժնում, որը հնազանդություն և բարեգործություն է քարոզում և մեծարում ճնշվածների և նրանց առաքինությունը, ում չեն գնահատում: Արդեն ասել եմ, որ կրոնի նկատմամբ իմ կասկածներն սկսել եմ հայտնել, երբ հինգ տարեկան էի, ընդ որում ես դա արել եմ այնպիսի տերմիններով, որոնց համար ինձ կարող էին խիստ պատժել, իսկ եթե գտնվեի Բաթլեր-հոր կամ Գրոսս-հոր իշխանության ներքո, ավելի խիստ կպատժվեի:

Թույլ տվեք վերադառնամ սեփական պատմությանս մանրամասներին: Հորս կողմից որևէ գործուն ընդդիմության որոշակիորեն չեմ հանդիպել: Ավելին, խիստ կասկածում եմ, որ ագնոստիցիզմի և աթեիզմի իմ մանկական վարժությունները ավելին էին, քան դրանց նկատմամբ հորս վերաբերմունքի արտապատկերը, ինչը, հավանաբար արտահայտում էր պապիս վերաբերմունքը, թեթևսոլիկ և դատարկապորտ մի մարդու, որ վաղուց դուրս էր պրծել հուդայականության գրկից և չէր հարել համարժեք ոչ մի ուրիշ կրոնի: Սկեպտիկ Ջեյմս Միլն անգամ իմ թեթևամտությունն անտանելի կհամարեր։ Իմ զարգացումը որպես հրաշամանուկ ամբողջությամբ աշխարհիկ ոլորտում էր, որը լրիվ տարբերվում էր այդ բոլոր զոհերի կամ, հակառակը, ազդեցիկ հայրերի շահառուների զարգացումից,:

Միանգամայն պարզ է, որ հենց կրոնական կամ դրան համարժեք բարոյականության մասին հարցերն էին, որ ցնցում առաջացրին վիտորիանական դարաշրջանի միջին փուլում: Իմ և հորս համար հիմնական դրդապատճառը միշտ եղել է գիտական խորը հետաքրքրասիրությունը: Նա բանասեր էր. և նրա համար բանասիրությունն ավելի շուտ միջոց էր, որի օգնությամբ որպես պատմաբան կարող էր հետազոտություններ կատարել, քան հայտարարություն կրթվածության մասին, կամ անցյալի մեծ գրողներին իր սրտում տեղավորելու միջոց: Եվ չնայած բարոյականության նշանակությունը միշտ մեծ է եղել ինչպես հորս համար, այնպես էլ այն կյանքում, որին նա ինձ պատրաստել է, գիտությամբ իմ հետաքրքրությունը ավելի շուտ սկսվել է ոչ թե մարդկության, այլ ճշմարտության նկատմամբ նվիրումից: Իսկ գիտնականի մարդասիրական պարտքի նկատմամբ այն հետաքրքրությունը, որը հիմա ցուցաբերում եմ, առաջացել է բարոյական խնդիրների անմիջական ազդեցությամբ, որոնք մշտապես հուզում են այսօրվա գիտնականին, այլ ոչ թե նախնական համոզվածությունից, որ գիտնականը պետք է, առաջին հերթին մարդասեր լինի: Ճշմարտությանը ծառայելը թեև բարոյականության առաջնահերթ խնդիրներից չէ, սակայն նրանցից մեկն է, որ ես և հայրս ընդունում ենք որպես մեզ վրա բարոյական` ընդհանրապես հնարավոր մեծագույն պարտավորություն դնող: Իր վերջին հարցազրույցներից մեկում, որ հայրս տվել է Հ. Ա. Բրյուսին, նա դա արտահայտեց այսրես. «Լեգենդը, որ Գալիլեյը իր դատավճիռը լսելուց հետո հայտարարել է. «Համենայն դեպս այն պտտվում է», չնայած անհավաստի է հնչում, սակայն էական ճշմարտություն է արտահայտում, եթե խոսենք գիտնականի պատվի կոդեքսի մասին»: Հայրս զգում էր, որ գիտական ազնվության անհրաժեշտությունը հենց այն է, ինչը գիտնականը պարտավոր է չանտեսել ամենափոքր չափով, քանի որ դա կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների, ճիշտ այդպես զինվորը չի կարող անտեսել ռազմաճակատում կռվելու իր պարտականությունը, կամ բժիշկը չի կարող լքել ժանտախտով վարակված քաղաքը, կամ անգործության մատնվել այդ իրավիճակում: Ինչ էլ որ լիներ, երկուսիս համար էլ դա պարտք էր, որ դրվում է մարդու վրա ոչ այն պատճառով, որ նա մարդկության ներկայացուցիչն է, այլ որովհետև ինքն է որոշել իրեն նվիրել ճշմարտությանը ծառայելուն:

Արդեն ասել եմ, որ հայրս ավելի շուտ ռոմանտիկ էր, քան վիկտորիանական դարաշրջանի դասական: Նրա հոգևոր ամենամոտ հարազատները, Տոլստոյից և Դոստոևսկուց բացի, 1848թ. գերմանական ազատականներն էին: Նրա առաքինությունը ներառում էր հաղթականը, կյանքի ամբողջ խորությունը և դրա հետ կապված բոլոր զգացմունքային ապրումները ճանաչելու հրաշալի և գործուն ձգտումը: Նրա այս բոլոր որակների շնորհիվ ես` դեռ նոր ապրել սկսող տղաս, նրան ընդունել եմ որպես ազնվաբարո և վեհ մարդու, հոգում պոետի, որ շրջապատված է անկիրք և ճնշված մարդկացով, որ բնակվում էին որևէ ոգեշնչումից զուրկ դեկադենտական Բոստոնում: Իմ դաստիարակության հոգնեցուցիչ դասընթացից հետո, որի միջով ստիպվսծ եղա անցնել, մռայլ անգործունակ վիճակի մեջ չգլորվեցի հենց այն պատճառով, որ իմ ուսուցիչը միաժամանակ իմ հերոսն էր:

Հայրս ոչ միայն ինքն էր անմիջապես ինձ ուսուցանում, այլև հրավիրում էր իր ռադկլիֆցի աշակերտուհուն` Հելեն Ռոբերտսոնին, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ գալիս էր, որ ինձ հետ լատիներեն կրկնի և օգնի գերմաներենի հետ կապված հարցերում:

Նրա այցելությունը միշտ ցնծություն էր առաջացնում, քանի որ նրա միջոցով, բացի ծնողներիցս, էլի մի հնարավորությունն ունեի շփվելու մեծահասակների աշխարհին: Նրանից ես իմացա Հարվարդի և Ռադկլիֆի մասին լեգենդները, նրանից տեղեկություն իմացա պրոֆեսորներից մեկի վատ բնավորության և մյուսի սրամտության մասին: Նա ինձ պատմել ծեր ցրիչի մասին, որ հայտնի էր Ջոն Նարինջ անունով, և նրա սայլակի ու Աննա Ռադկլիֆ անունով ավանակի մասին, որ նրան նվիրել էին Հարվարդի ուսանողները, և զարմանալի ուսանողուհի Հելեն Քելերի մասին, որը կույր էր և խուլ: Նրանից իմացա Պրուսիայի արքայզն Հենրիի ժամանելու մասին և այդ առթիվ ուսանողների արարքների մասին: Կարճ ասած` ութ տարեկանում հնարավորություն ստացա հեռակա ձևով զգալու քոլեջի ուսանողի կյանքի համը:

Մոտավորապես այդ ժամանակ ես բացահայտեցի, որ ավելի անճարպիկ եմ, քան իմ շրջապատում եղած երեխաներից որևէ մեկը: Այդ անճարպիկությանը մասամբ իսկապես մկանային վատ կոորդինացիայից, բայց մեծ մասամբ դրա պատճառը իմ վատ տեսողությունն էր: Ես կարծում էի, որ ֆիզիկապես չեմ կարողանում գնդակը բռնել, չնայած իրական պատճառն այն էր, որ ուղղակի այն չէի տեսնում: Անկասկած տեսողությունս վատացել էր վաղ հասակում, երբ կարդալ սովորեցի և անզուսպ կերպով տրվեցի այդ ժամանցին:

Իմ «անճոռիությունն» ընդգծվում էր բառերի այն հավաքածուով, որ ձեռք բերեցի ընթերցելով: Չնայած իմ բառապաշարը լրիվ բնական էր և ամենևին ձևական չէր, մեծահասակների մոտ, հատկապես նրանց, որ ինձ շատ լավ չէին ճանաչում, ես անհեթեթ տպավորություն էի թողնում: Հաջորդ գլխում կպատմեմ այն մասին, որ իմ տարիքի մյուս տղաների հետ հարաբերություններս նորմալ էին, այնպես, որ կարծում եմ, իմ անհամապատասխանությունը հասակակիցներիս աչքին առանձնապես չէր զարնում, ինչպես նրանց, որ ինձանից բավականին մեծ էին: Եվ եթե հասակակիցներս իմ բառապաշարում տարօրինակություն էին նկատում, հակված եմ կարծելու, որ դա միայն այն պատճառով, որ նրանց ծնողներն էի դա ասում:

Երբ լրացավ ութ տարիս, տեսողությունս սկսեց ինձ անհանգստացնել: Իհարկե, ծնողներս դա ինձանից շուտ էին նկատել: Երեխան սովորաբար չի գիտակցում այնպիսի թերություն, ինչպես տեսողությունն է: Նա տեսնելու իր կարողությունը որպես նորմ է ընդունում, և եթե նկատելի թերություններ կան, համարում է, որ դա բնորոշ է ամբողջ մարդկությանը: Այսպիսով, մինչև տեսողությունը բոլորովին չի վատանում, անբավարար տեսողության կայուն մակարդակը ուշադրություն չի գրավում, հատկապես, կարճատեսության դեպքում, եթե այդ անբավարարությունը կարդալուն չի խանգարում: Կարճատեսության պատճառով անհրաժեշտություն է առաջանում գիրքը աչքերին շատ մոտ պահելու, և ուշադիր ծնողները դա անմիջապես նկատում են: Բայց երեխայի համար այդպիսի վատացումը աննկատ է մնում, մինչև ինչ-որ մեկը նրա վրա ուշադրություն դարձնի, և մինչև նա հնարավորություն ստանա ակնոց դնելու:

Ծնողներս ինձ տարան մեր ակնաբույժ դոկտոր Գասկելի մոտ, ով խիստ հրահանգավորեց, որ ես վեց ամիս չկարդամ, նշելով, որ այդ ժամանակը լրանալուց հետո անհրաժեշտ կլինի իմ կարդալու հարցը վերանայել: Հայրս սկսեց ինձ հետ մաթեմատիկան՝ հանրահաշիվը և երկրաչափությունը, բանավոր պարապել, նաև շարունակվեցին իմ պարապմունքները քիմիայից: Բանավոր ուսուցման այս փուլը, որ բացառում էր կարդալը, ինձ համար կյանքի ամենաարժեքավոր փորձերից էր, որոնց միջով անցել եմ, քանի որ ստիպված էի մաթեմատիկական խնդիրները մտքում լուծել, և օտար լեզուները խոսակցային տարբերակով յուրացնել, այլ ոչ թե գրավոր վարժությունների միջոցով: Շատ տարներ հետո ուսման այս ձևը ինձ մեծ ծառայություն մատուցեց, երբ չինարեն էի սովորում, որի տեսողական ընկալումը շատ ավելի դժվար է լսողականից: Չեմ կարծում, որ իմ զարգացման վաղ հասակում այդպիսի ուսուցումը օգնեց լավ հիշողություն զարգացնելուն, ինչպիսին ունեմ այսօր, բայց այն վկայում է, որ ես լավ հիշողություն ունեի, և այդպիսի ուսուցումը ինձ հնարավորություն տվեց այն օգտագործելու:

Վեցամսյա ժամկետից հետո կարճատեսությունս անհանգստացնող ախտանշաններ չցուցաբերեց, և ինձ նորից թույլատրեցին կարդալ: Կարդալուն վերադառնալ թույլատրելու բժշկի որոշման իրավացիությունը հաստատվեց կյանքիս հետագա հիսուն տարիներով, քանի որ, չնայած զարգացող կարճատեսությանը, կատարախտին և երկու աչքերիս բյուրեղիկների հեռացմանը, դեռևս բավականին լավ տեսողություն ունեմ, և կարծում եմ, որ աչքերս ինձ չեն դավաճանի մնացած տարիների ընթացքում, քանի որ դրա համար հիմք չեմ տեսնում:

Միլի «Ինքնակեսագրությունում» («Autobiography») մի հատված կա, որը նման է իմ կյանքի ապրումներիմ: Միլը պատմում է, թե ինքը ինչպես էր ուսուցանում իր փոքր եղբայրներին և քույրերին: Կոնստանս քույրս պատմում է, թե ինչպես է ինքը տառապել իմ պատանեկան ուսուցումից: Իհարկե, ինձ, ի տարբերություն Միլի, ընտանիքում ոչ ոք պաշտոնապես աշակերտ-ուսուցիչ չէր նշանակել: Ամեն դեպքում, միայն կյանքի փորձը, որում հարգանք վայելող մարդը միշտ ուսուցչ է, կարող է երեխային ստիպել դատել հասունության և պատասխանատվության մասին որպես դպրոցական ուսուցչի հասունության և պատասխանատվության: Բացարձակապես անխուսափելի է, որ տղան, ում կյանքը ուսուցման խտացված պրոցես է, ինքը ուսուցիչ է դառնում: Հետագայում դրանից կարելի է խուսափել, բայց դրանում նկատվում է միտում, ինչը նման դեպքերում միշտ պետք է լինի:

Վերջին տարիների ընթացքում առանց առանձնահատուկ դժվարությունների, բայց խեղված ինքնագնահատականով, հորս ղեկավարությամբ աշխատեցի հանրահաշվի, հարթաչափության, եռանկյունաչափության և վերլուծական երկրաչափության Ուենթբորտի դասագրքով, և ուսումնասիրում էի լատիներենի և գերմաներենի հիմունքները: Ես ընդունում էի հորս գիտնականի հեղինակությունը, միևնույն ժամանակ ես հասկանում էի, որ իմ մյուս ուսուցիչները ավելի ցածր են կանգնած:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը


[1] Սուրբ Մարտին – 1. կղզի Կարիբյան ծովում, 2. ամերիկյան համալսարան Վաշինգտոնի նահանգում

 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский