Ավագ դպրոց 2017

Հարգելի գործընկերներ, քննարկման ենք ներկայացնում Մարգարիտ Սարգսյանի «Ավագ դպրոց 2017» նկատառումները։ Խնդրում ենք Ձեր արձագանքը, հարցադրումները, Ձեր նկատառումները գրանցել քննարկման էջում կամ գրել կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի էլ. հասցեին` hamakargogx@mskh.am։ 

Հեղինակային կրթական ծրագիր
Ավագ դպրոց
Նկատառումներ

  • Առաջին խնդիրը՝ ըստ կրթական աստիճանի բովանդակության ձևակերպումն է։ Ավագ դպրոցում մոտեցումները, բովանդակային դրույթները, պարզ է, որ պիտի կրթահամալիրային լինեն, բայց դրանք իրենց իրագործման մակարդակում, ձևակերպումներում պետք է այլ կրթական մակարդակ ապահովեն ու բավարարեն հենց պատանիների հետաքրքրությունները, մի քայլ առաջ գնան, ավելի ու ավելի անհատականացվեն։ Այդ տարիքում, սա իմ փորձից, ընթերցածս գրականությունից ելնելով եմ ասում, իրենք ավելի ու ավելի են կենտրոնանում իրենց խնդիրների, ես-ի շուրջ, կամային դառնում․ միայն անհատական աշխատանքը, շատերի դեպքում նաև՝ նախագիծը, դրա մի հատվածի իրականացումը, կարող է խնդրի լուծում-զարգացում դառնալ։
  • Կազմակերպումը տեսնում եմ նախագծային գործունեության ու նախագծերի ղեկավարների հստակ բովանդակային, կազմակերպական առաջարկների տեսքով։ Ավագ դպրոցը պիտի ունենա տարեկան 7-10 զարգացմանն ուղղված նախագծեր։ Ավագ դպրոցում նախագծերը լավ կլինի երկարաժամկետ լինեն՝ եռամսյա, մեկտարյա։ Մենք ինչ-ինչ բաներից ոգևորվում ենք, բայց դրանցից շատերը մեկօրյա են, սկսում են ու արագ մարում։ Պիտի մեր բովանդակությունը, բաց համակարգ լինելուն, անհատակենտրոն ու նախագծային լինելուն միտված նախագծեր լինեն։ Ես էսպես եմ պատկերացնում։

    Ասենք՝ թանգարանները ուսումնական նախագծերի հարթակներ. ամեն սովորող կոնկրետ աշխատի, լինեն բաց ու համագործակցային նախագծեր, նախագծերի տարբեր մոդելներ, անընդհատ աշխատանք։
    Ասենք՝ բուհ-դպրոց ուսումնական նախագիծ։ Դատական համակարգն, ու մենք այդ համակարգում։ Մեր ժամանակակիցները։ Հասարակական կազմակերպությունները` որպես ուսումնական նախագիծ։ Մեր օտար լեզուների ուսուցումը էդպես էլ չի ձևակերպվում որպես կրթահամալիրային գլոբալ նախագիծ, ասենք` մեկ սովորողին մեկ օտարալեզու ընկեր. ավագ դպրոցում սա շատ հետաքրքիր կլինի, ինչո՞ւ միայն վրացի, ինչու ոչ անգլախոս, իսպանախոս․․․
    Այնպիսի միջազգային նախագծեր, ինչպիսիք Լուսինե Բուշի համակարգած intvinig նախագծերն են:
    Նախագծերի այս շարքի շուրջ մտածել եմ, կարող եմ և թվարկել, և փակագծերը բացել։ Դրանցում կարևորը, որ լինեն գործուն՝ ապագային միտված, բաց ու նախագծային, ղեկավարները լինեն մարդիկ, ովքեր իրոք ունակ են համակարգելու, ձևակերպելու, արդյունքներ ամփոփել-ներկայացնելու։

Կարծում եմ՝ մենք ավագ դպրոցում չունենք հստակ ձևակերպված, նաև՝ ներկայացված ու ներկայանալի այլընտրանք, որն իրոք այլընտրանք է ԱՅԲ-ի, Քվանտի և այլ նման դպրոցների կողքին։ Մեր այլընտրանքը պիտի հստակ երևա, ցցուն՝ գործերով։
Հիմա նայում եմ Դիլիջանի՝ այդքան գովերգվող, միջազգային դպրոցի նախագծերը, լրացվող հարցաթերթիկում կարևորվող հմտությունները. մենք այս ամենն անում ենք ու շատ քայլերով առաջ ենք, բայց դրա ձևակերպումների, տարածման, ներկայացման ու սովորողի ներառման հարցում այդքան էլ հստակ չենք։ Նույն Ամերիկյան համալսարանում շատ են մեր ծրագրային դրույթները։ Երբ սովորողների համար երաշխավորագրեր էի գրում, հիմա նաև ուսանող-սովորողների հետ խոսում եմ, ընկերներ ունեմ, դա հստակ տեսնում եմ։ Մեր գործընկերությունը մեծ մասով կարող է շարունակական դառնալ, իրար լրացնող։ Սրա մասին արժե մտածել, զարգացնող նախագծեր սկսել։ Նախագծի ղեկավարը պիտի պատասխանատու լինի իր  խմբի սովորողների համար․ նաև՝ կազմակերպիչ լինի, թող ավելին վճարվի, բայց իմանա, որ պիտի արվի։ Այն մարդն, ով չի կարողանա, կարող է չանել, թող դեռ անողներն առաջ գան։

Այսպիսով` ավագ դպրոցի գործունեության կազմակերպման մասին մտածելիս` կանգ եմ առնում մի քանի կետի վրա։

  • Սովորողի հետ անհատական աշխատանք։
  • Կիսամյակային, տարեկան` ուղղորդող, գլոբալ նախագծեր. այդ շրջանի զարգացումն ապահովող։
  • Մասնագիտական գործուն փորձառության դաշտ` տարբեր կազմակերպություններում։
  • Կազմակերպիչ-դասավանդող, որ որոշակի խմբի սովորողների ուսումնական գործունեության կազմակերպիչը կդառնա։
  • «Մեկ սովորող մեկ օտարալեզու ընկեր» նախագծի ձևակերպում ու կոնկրետ զարգացում։
  • Նախագծի ղեկավար սովորողներ կամ ուսանողներ։

Նրա հետ, ինչ որ ասում է իմ հարգելի գործընկերը, ընդհանուր առմամբ, համաձայն եմ: Ուղղակի մենք, իմ խորին համոզմամբ, մի գերխնդիր ունենք` այս ամենի կազմակերպումը, դրանից բխող բաղկացուցիչներով` աշխատանքի մեխանիզմն ու գործիքների մատնանշումը:

Առաջարկների հետ համաձայն եմ, այո, հենց այդպիսին պետք է լինի Ավագ դպրոցը, դա է զարգացումը:
Սակայն չեմ կարող իրատես չլինել, ինքնախաբեությամբ զբաղվեմ, դա ճիշտ ճանապարհ չէ:
Ավագ դպրոցում ունենք խնդիր դասավանդողների հետ: Եթե մարդը չունի երևակայություն, եթե չի կարողանում նախագիծը տեսնել, ձևակերպել,ցույց տալ, էլ որտեղից լինի զարգացում:
Դասավանդողը պետք է խթանի սովորողին ինքնուրույն գործելուն, անհատական նախագծերով հանդես գալուն:
Արմատական փոփոխություն է հարկավոր, հարկավոր են մարդիկ, ովքեր գիտակցում են ինչ է հեղինակային կրթական ծրագիրը, թե չէ որպես մասնագետ բոլորն էլ շատ լավն են, իրավունք էլ չունեմ կասկածելու:
Պետք է լինեն կազմակերպող, պետք է իրենց շուրջը կարողանան հավաքել սովորողներ, որոնք սիրով կմասնակցեն կրթական ծրագրով որոշված նախագծերին: Իսկ այդպիսիները քիչ են այս պահին, ցավոք:
Ես խնդիրը տեսնում եմ առաջին հերթին այստեղ:
Հ.Գ. Չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, կամ նեղացնեմ այս գրածովս:

Աշակերտական գիտական ընկերությունը և նրա բլոգը գործնական հարթակ են գիտությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այս ամսվա ընթացքում այդ հարթակը կընդարձակվի Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության հետ կապերի հաստատմամբ: Ես պատրաստ եմ իմ նախագծային գործունեության գերակշիռ ժամանակահատվածը կայուն պարբերականությամբ տրամադրել այս գործին:

Աշոտ Տիգրանյան

Ուզում եմ մեկնաբանել հատկապես օտար լեզուների ուսուցմանը վերաբերող հատվածը: Ըստ առաջարկի կարևորվում է "Մեկ սովորողին մեկ օտարալեզու ընկեր" նախագիծը: Այս նախագծի իրականացումը տեսնում եմ Դիլիջանի միջազգային քոլեջի և նրա սովորողների հետ կապեր հաստատելով:Այդ քոլեջում 63 երկրներից սովորողներ կան:

Բավականին հստակ են ձևակերպված Մարգարիտ Սարգսյանի՝ Ավագ դպրոցի մասին նկատառումները: Լիովին համամիտ եմ, որ կրթությունը չի կարող սովորողի հետաքրքրության շրջանակից դուրս լինել, հետևաբար այն մինչև վերջ պետք է անհատականացվի (և ոչ միայն Ավագ դպրոցում): Համամիտ եմ նաև այն մտքի հետ, որ Ավագ դպրոցը նույնպես պետք է լինի գործունեության դպրոց: Իսկ ուսումնական իրական գործունեություն իրականացնելու համար նախագծային ուսուցումը լավագույն ձևերից է: Ամենատարբեր նախագծեր՝ ընտրելու մեծ ազատությամբ, ինչպես նաև սովորողների կողմից ներկայացված առաջարկներով և համակարգմամբ: Այն, որ նախագծային ուսուցման կազմակերպումը ունի մշակման կարիք, իհարկե: Որ ուսուցչի համար աշխատատար և ժամանակատար է, սա էլ է ճիշտ: Որ այսպիսի ուսուցման դեպքում պետք է վերանայվի և ուսուցչի ծանրաբեռնվածությունը, և վճարման կերպը, նույնպես պակաս կարևոր խնդիրներ չեն: Բայց այսպիսի ուսուցումն է Անգիրի դպրոցի այլընտրանքը: Մնացածը նույն Անգիրի դպրոցի տարբերակներ են՝ քողարկված ամենատարբեր ձևակերպումներով: 

Ավագ դպրոցում մայրենիի ուսումնական ծրագրի կազմակերպման իր նկատառումները դեռևս ուսումնական տարվա սկզբին ներկայացրել է Սուսան Մարկոսյանը, որն իմ կարծիքով բավականին ամբողջական է, չնայած իհարկե լրամշակման կարիք ունի: Եթե ծանոթ չեք, անպայման ծանոթացեք, հետաքրքիր է:

Սիրով՝ Մարիետ Սիմոնյան

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский