Ամենօրյա դիտարկումների գրանցումը` գնահատում

Կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ սկսել է քննարկում` կրտսեր դպրոցում սովորողի, մասնավորապես կրթական ծրագրում ներառվելու խնդիր ունեցողի գնահատման մեջ ամենօրյա դիտարկումը ընդգրկելու մասին։ Առաջարկում ենք միանալ խոսակցությանը։ Կցվում են.

Խնդրում ենք Ձեր արձագանքը, հարցադրումները, Ձեր նկատառումները գրանցել քննարկման էջում կամ գրել կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի էլ. հասցեին` hamakargogx@mskh.am։  

Հարգելիներ, առաջարկում եմ, որ առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ում գնահատման այլընտրանք  լինեն ամենօրյա դիտարկումները, որոնք կներկայացնեն դասվարները և դասավանդողները:  Ունենալով նման դիտարկման փորձ` կարող եմ պնդել, որ մեզ և´ ավելի տեսանելի էր դառնում սովորողի առանձնահատկությունը, և´ ավելի պարզ, թե  ինչպես պետք է գործել: Խորհրդակցելով նաև Գնահատման ծառայության մասնագետ Լուսինե Ալեքսանյանի հետ` համարում եմ, որ այս տարբերակը ավելի իրական և արդյունավետ է: Դիտարկումները իրական կդարձնեն ներառական ուսուցումը, ավելի արդյունավետ, և սովորողի զարգացման մեջ խնամակալ-ուղեկցորդի անհրաժեշտությունը կբացառվի: 

Քնարիկ Ներսիսյան

 

Եթե ընտրում ենք այս տարբերակը, ապա գոնե նման փաստաթուղթ լրացվի ամիսը մեկ՝ որպես ամեն ամսվա ամփոփում և հաջորդ ամսվա անելիքների պլանավորում: Իմ կարծիքով ամենօրյա տարբերակը շատ արագ կսպառի իրեն ու ևս կդառնա «անիրական»: 

Մի քանի դիտարկում էլ ընդհանուր անեմ.

  • ԱՈՒՊ-ն իրենից ներկայացնում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ տարվող աշխատանքների պլանավորում, այսինքն՝ ցանկացած տարվող աշխատանք պետք է նպատակային լինի, իսկ մյուս փաստաթուղթը միայն նկարագրություն և տեղեկատվություն է տալիս առաջընթացի կամ հետընթացի, օրվա վարքի և տրամադրության մասին: 
  • Ամենօրյա դիտարկումները ծավալուն աշխատանք են առարկայական դասավանդողների համար, քանի որ օրվա ընթացքում նրանք լինում են ամենաքիչը 3-4 դասարանում, իսկ յուրաքանչյուրում  1-2, իսկ որոշ դեպքերում նաև 2-3 առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորող կա:
  • Եթե Քնարիկ ներսիսյանի նշած դեպքում ընդամենը տեսանելի էր դարձնում սովորողի առանձնահատկությունը, ապա առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների  դեպքում դա բավարար չէ: ԱՈՒՊ-ում պետք է արտացոլված լինեն նրա առաձնահատկությունները, ուժեղ և թույլ կողմերը, սոցիալականացումը, նրա հետ տարվող աշխատանքների բովանդակությունը, առաջադիմությունը: Այն  համարվում է նաև գնահատման փաստաթուղթ:

Արևիկ Բաբայան

Առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների գնահատման դեպքում եթե ոչ ամենօրյա, ապա որոշակի պարբերականությամբ դիտարկումները, դրանց  գրանցումը շատ օգտակար կլինի: Կարող է լինել սովորողի օրագիր, որտեղ դասվարը կամ դասավանդողը պատումի տեսքով կներկայացնի իր դիտարկումը՝ կատարելով նաև որոշակի վերլուծություն...Շատ ավելի օգտակար կլինեն նաև այն դիտարկումները, որոնք կկատարեն հենց մանկավարժության աջակցության կենտրոնի մասնագետները: Չէ որ նրանք որոշակի պարբերականությամբ լինում են դասարանում, մասնակցում են դասարանական ուսումնական աշխատանքին, նաև՝ այդ սովորողների հետ աշխատում են առանձին: Ես՝ որպես դասավանդող, շա՜տ կուզեի կարդալ մասնագետի դիտարկում-առաջարկ-վերլուծությունը: 

Անահիտ Հարությունյան

Քնարիկ Ներսիսյանի առաջարկը շատ հարմար գնահատման և հետևողական աշխատանքի գործիք կարող է դառնալ կրտսեր դպրոցներում, ուր դասվարը ամենօրյա դիտարկում կարող է իրականացնել: Եթե ամենօրյա դիտարկումը դժվար աշխատանք է, ապա գոնե որոշակի պարպերությամբ դրա կարիքը, կարծում եմ, կա: Մի գուցե, կրթական մակարդակից մակարդակ անցնելիս գրառումը կդժվարանա, որպես առարկայական դասարանի սովորող: Այստեղ դա կարող է անել կազմակերպիչը: Իսկ ինչ վերաբերում է ԱՈւՊ-ներին, ապա, մի գուցե, դա պետական փաստաթուղթ է, սակայն այն, որ առարկայական դասավանդողին, երբ նա ընդունում է նման սովորողին, դա որևէ բան չի տալիս, դա ակնհայտ է: Չեմ կարծում, որ այն կետերը, որ մենք լրացնում ենք ԱՈւՊ-ներում, լիարժեք ցույց են տալիս, թե ինչ է արվում դասարանում այդ սովորողի հետ և ինչ արդյունքի ենք հասնում կամ չենք հասում: Ես վստահորեն կարող եմ ասել, որ դասավանդելով միջին դպրոցի առանձնահատուկ կարիքով սովորողների, երբևէ չեմ օգտվել ԱՈւՊ-ից, քանի որ դրանցում չեմ գտել այն անհրաժեշտ տվյալները, այլ անհատապես միշտ խոսել եմ նախորդ դասավանդողի հետ, հարցուփորձ արել, թե ինչ են արել ուստարվա ընթացքում և ուր են հասել: Սա հենց այդ օրագրի կամ «շաբաթագրի» պակասի արդյունքն է: 

Լուսինե Բուշ

Կարծում եմ ճիշտ կլինի, եթե այս փաստաթուղթը լրացվի ամիսը մեկ, քանի որ որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի տեսնենք երեխայի մոտ ինչ դինամիկա է նկատվել:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների օրագիր լրացնելու անհրաժեշտությունն այն է, որ դասավանդողը, դասվարը լրացնի սովորողի հաջողություններն ու դժվարությունները։ Սա թույլ կտա տեսնել զարգացումը, դրա տեմպը, նպաստող գործոնները, դինամիկան: Գուցե օրագրի ամենօրյա լրացումը դժվարություն առաջացնի, ավելի հարմար կլինի շաբաթվա համար գրանցել, պատումի ձևով՝ ներկայացնելով այն իրադարձությունները, որոնք կատարվել են մեկ շաբաթվա ընթացքում:

Ռիմա Երեմյան

Արդյունավետ ու ռեալ կլինի, որ դիտարկումներն արվեն ոչ թե ամեն օր (այն հաստատ անիրական ու անիմաստ աշխատանքի կվերածվի), այլ որոշակի ժամանակահատվածը մեկ, և դիտարկումն արվի ոչ թե միայն դասավանդողի ու դասվարի կողմից, այլ դասավանդող ուսուցիչների ու մանկավարժության աջակցության կենտրոնի մասնագետների հետ համատեղ, ընդհանուր քննարկվի՝ տվյալ ժամանակահատվածում սովորողի հետ տարվող աշխատանքը, առաջադիմությունը կամ հետընթացը, ապա որոշվեն հետագա քայլերը:
Այլ խոսքով՝ համաձայն չեմ նման առաջարկության հետ:

Հատուկ կարիք ունեցող սովորողի ամենօրյա դիտարկումը հրաշալի միջոց է՝ փոքրիկ քայլերով, հետևողականորեն ուսումնասիրելու, գրանցելու ներառվող սովորողի առաջադիմությունը՝ արդյունքում ստանալով իրական պատկեր: Ուսումնասիրությունը կարելի է բաշխել: Յուրաքանչյուր շաբաթ որևէ մեկը կարող է կատարել ուսումնասիրությունը՝ համագործակցելով դասավանդողների հետ: Արդյունքը հրապարակել ամեն օր:

Օրվա «դիտարկում»

Ուրախացնող առաջարկ է։ Իրականում դիտարկումը կարևոր գործիք է, որն ակտիվ է պահում ուշադրությունը, հետևողականությունը, օգնում ուղենշել աշխատանքի ընթացքը, ըստ անհրաժեշտության վերանայել նպատակներն ու քայլերը։ Դիտարկումները, եթե սկզբում նախնական, ինֆորմատիվ բնույթի են, աշխատանքի ընթացքում շատ արագ ներհյուսվում են և բուն գործունեության անընդհատ մաս կազմում։ Եթե մեկ սովորողի վերաբերյալ մի քանի դասավանդող դիտարկում է կատարարում, հաջորդ քայլը այդ դիտարկումները համատեղ, մանկավարժական հարթակում վերլուծելն է (անհրաժեշտության դեպքում այլ մասնագետի ներգրավմամբ՝ նյարդաբան, հոգեբույժ, մանկաբույժ, իրավաբան և այլ), համապատասխան հետևություններ անելն ու հետագա գործողություններ մշակելը, ինչպես նաև դրանք արտացոլելը ամենօրյա աշխատանքի սկզբունքներում, նպատակներում ու քայլերում։ Կարծում եմ այս ամենը և ավելին ենթադրվում է առաջարկի հետ, այլ դեպքում դիտարկումը կվերածվի արձանագրման, պատումի, օրագրի, շաբաթագրի․․․ ինչը, ինչ խոսք, կարող է հետաքրքիր և արժեքավոր լինել հեղինակի կամ հերոսի համար՝ պատվավոր տեղ գտնելով օր․ հուշամատյանում, բայց ոչ՝ գործնականում օգտակար։
Ամենօրյա դիտարկում-արձանագրումը գնահատման այլընտրանք չէ։ Գնահատումն իրենից ներկայացնում է առավել ընդգրկուն վերլուծահամադրական աշխատանքի ռեզյումե, որում, ինչ խոսք, իր տեղն ունի նաև դիտարկումը, սակայն վերջինս միայն մաս է կազմում։ Նպատակային եմ գտնում 2-3 շաբաթյա պարբերականությամբ գրավոր անդրադարձը սովորողի գործունեությանը, ընդ որում հաճախականությունը պատահական չընտրեցի․ սա հենց այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կարելի է առնվազն 1 միավոր նպատակային գործողություն հասցնել սկսել, իրագործել և ամբողջովին կամ որոշ չափով ամրապնդել ամենատարբեր առանձնահատկություններով երեխաների հետ, ասել է թե՝ որոշակի ճանապարհ անցնել ցանկացած սովորողի հետ, որից հետո կատարել դիտարկում։ Մի նկատառում ևս՝ դիտարկման բովանդակային մասը, բացի դրանից այն պետք է լինի չափելի, հետևաբար պետք է սահմանվեն չափման միավորներն ու գործիքները։ Ստացվում է դիտարկումն իր հերթին ենթադրում է որոշակի սխեմա, ինչն անհրաժեշտ է նախապես մշակել՝ որպես դիտարկում անցկացնողի գործիք կամ օգտվել օրինակ՝ հոգեբանական դպրոցի կողմից առաջարկվող տարբերակների բազմազանությունից․․․
Եթե որևէ բան ցանկանում ենք բարեփոխել, նախ առնվազն անհրաժեշտ է հստակ պատկերացնել այն առարկան, ինչը պատրաստվում ենք փոփոխել, տվյալ դեպքում՝ ԱՈՒՊ-ը, ճանաչել այն իր բոլոր առավելություններով ու թերություններով, փորձել հասկանալ որպես գործիք դրա չբավարարող կողմերը և, իհարկե, ձևակերպել արվող առաջարկի սպասելիքներն ու հիմնավոր ընդգծել առավելությունները, որպեսզի առաջարկը լինի իսկապես նոր և ծառայի իր ազնիվ նպատակին։ Այն, որ մեղմ ասած, վատ ենք պատկերացնում առկա գործիքը՝ փաստ է։ Քիչ չեն այն դասավանդողները, ովքեր անկեղծանում են, ավելի ճիշտ՝ վստահեցնում են, որ երբևէ չեն օգտվել ԱՈՒՊ-ից՝ պատճառաբանելով անհրաժեշտ տվյալների բացակայությամբ։ Այդ տվյալները, ի դեպ, պետք է լրացվեն հենց իրենց՝ դասավանդողների, կազմակերպիչների, մասնագետների կողմից, ընդ որում յուրաքանչյուրն իր մասով ու համապատասխան ասելիքով ստեղծում է սովորողի մասին անհրաժեշտ և ընդհանուր պատկերը։ Ստացվում է՝ ԱՈՒՊ-ով աշխատելով ոչ միայն նախանշում ես քո մասնագիտական անելիքները, այլև համաձայնեցնելով և քննարկելով բոլոր դասավանդողների, կազմակերպչի, ծնողի, մասնագետների հետ՝ ընտրում ես նպատակներիդ հաղթահարման լավագույն ուղիները։ Այսինքն՝ առավել լավ ես պատկերացնում սովորողի ընդհանուր զարգացման մեջ քո դերը և փոխլրացնող կապը օղակի բոլոր անդամների հետ։ Ավելի ուշ՝ կիսամյակի ավարտին արվում է գնահատում։ Հստակեցնենք, թե ինչն ենք գնահատում․ գնահատում ենք մեր իսկ կողմից ձևակերպված նպատակները, քայլերը, կիրառած ողջ մասնագիտական՝ մանկավարժական, ստացած-հայտնաբերած գիտելիքն ու փորձը և դրանց հանրագումարը՝ որպես սովորողի վարքի և ուսգործունեության վրա թողած ազդեցության արդյունք։ Ստացվում է գնահատում ենք ինքներս մեզ, ստացվում է գնահատումն ավելի քան պատասխանատու գործ է։ Գուցե սա՞ է ԱՈՒՊ-ից խուսափելու պատճառը։
Որպեսզի ակնառու լինի ասվածը, կցում եմ նախորդ տարվա ԱՈՒՊ-ից իմ լրացրած հատվածը։ Վստահեցնում եմ՝ առանց սովորողին ճանաչելու և նրա առանձնահատկություններին տեղյակ լինելու, միայն մեկ մասնագետի՝ լոգոպեդի նշումներից բավարար պատկերացում կկազմեք նրա մաթեմատիկական ունակությունների, հայերենի առաջադիմության, տեխնոլոգիական հմտությունների և նույնիսկ մտավոր որոշ կարողությունների վերաբերյալ։

1-ին կիսամյակ
Նպատակ 
Բանավոր խոսքի զարգացում, ճանաչողական ոլորտի ընդլայնում, տրամաբանական մտածողության զարգացում, գրավոր խոսքի ձևավորում, նուրբ մոտորիկայի զարգացում
  Քայլեր 
• Հնչարտաբերման շտկում (շ -ժ, ջ -ճ -չ, ձ -ծ- ց,լ-ր - ռ հնչյունների ձևավորում),
• բառապաշարի հարստացում,
• դերային խաղերի, սյուժետային նկարներ պատմելու, երկխոսությունների միջոցով բանավոր խոսքի զարգացում,
• բնության երևույթների, առօրյա կրկնվող գործողությունների, դրանց հաջորդականության, պատճառահետևանքային կապերի մեկնաբանում:
• տառերի ճանաչում, 2-3 տառանոց բառերի ընթերցում
• մինչև 20 թվերի ճանաչում, առարկայական հաշիվ, 10-ի սահմանում առարկաների միջոցով ավելացնել-պակասեցնել
• հեռու-մոտ, լայն-նեղ, մեծ-միջին-փոքր և նման հասկացությունների կիրառում
• նկարելու, ներկելու, կտրելու, սոսնձելու, ծեփելու միջոցով նուրբմոտորիկայիզարգացում Գնահատում 
Ձևավորվել են շ-ժ, ջ-ճ-չ,ձ-ծ-ց, լ-ր հնչյունները, կիրառում է շ, ջ, ճ, չ, ձ, ծ, ց, մասամբ՝ ժ, լ, ր հնչյունները: Համեմատաբար հարստացելէ բառապաշարը, զարգացել է կապակցված խոսքը: Ճանաչում է տառերի մեծ մասը, օգնությամբ կարողանում է կապակցել 2-3 տառանոց բառեր: Ճանաչում է թվերը 20-ի սահմանում, կատարում է առարկայական հաշիվ 10-ի սահմանում: Գիտի հեռու-մոտ, լայն-նեղ, մեծ-միջին-փոքր և նման հասկացությունները: Համեմատաբար զարգացել է նուրբ մոտորիկան:

2-րդ կիսամյակ

Նպատակ 
Բանավոր խոսքի զարգացում, ճանաչողական ոլորտի ընդլայնում, տրամաբանական մտածողության զարգացում, գրավոր խոսքի ձևավորում, նուրբ մոտորիկայի զարգացում
  Քայլեր 
• Հնչարտաբերման շտկում (լ-ր - ռ հնչյունների ձևավորում/զարգացում),
• բառապաշարի հարստացում,
• դերային խաղերի, սյուժետային նկարներ պատմելու, երկխոսությունների միջոցով բանավոր խոսքի զարգացում,
• բնության երևույթների, առօրյա կրկնվող գործողությունների, դրանց հաջորդականության, պատճառահետևանքային կապերի մեկնաբանում:
• տառերի ճանաչում, բառերի ընթերցում, հնչյունա-հնչույթային լսողության զարգացում
• գրավոր խոսքի ձևավորում
• 20-ի սահմանում առարկաների միջոցով ավելացնել-պակասեցնել
• նկարելու, ներկելու, կտրելու, սոսնձելու, ծեփելու միջոցով նուրբ մոտորիկայի զարգացում Գնահատում
Հնչարտաբերման շտկումն ընթացքի մեջ է, որոշ բառերումստացվում են լ-ր հնչյունները, "ռ" հնչյունը դեռ ձևավորված չէ։ Նկատվում է բառապաշարի ընդլայնում, կապակցված խոսքի զարգացում, ընդ որում սեփական ցանկությունների, պահանջմունքների խոսքային ձևակերպման դրսևորմամբ։ Զարգացել է հնչյունա-հնչույթային լսողությունը, ճանաչում է տառերը, կարող է ընտրել տառերը և կազմել իր անունը, ինչպես նաև օգնությամբ կազմել կարճ բառեր։ Օգնությամբ կարող է 20-ի սահմանում առարկաների միջոցով ավեացնել-պակասեցնել։ Համեմատաբար զարգացել է նուրբ մոտորիկան, 2 ձեռեքերի համակցված շարժումները դարձել են ավելի սահուն։

Չստացվի ԱՈՒՊ-ի գովքն եմ անում։ Բաց դրված է, եկեք քննարկենք, լրամշակենք, փոխենք, բայց մի պայմանով՝ ստեղծենք ավելի լավը։ Մի գործիքը չյուրացրած, պրակտիկորեն չաշխատած՝ թողնել, առաջ քաշել մի առանձին դետալ, որը, ի դեպ, շատ հարմար է կամ կարելի է հարմարեցնել․ պարտավորեցնող չէ, նկարագրում ես և անցնում առաջ, տեղադրում ես ինչպես անհասցե ֆոտոշար և վերջ՝ գործն արված է...
Եթե ԱՈՒՊ-ի դեպքում ուստարվա ընթացքում ընդամենը 2 անգամ լրացնելն է դժվարությամբ ստացվում կամ կամայական մերժվում ընդհանրապես, լավ չեմ պատկերացնում՝ ինչպես կստացվի մյուս ծայրահեղությունը՝ ամենօրյա դիտարկման պարտադրանքը։ Հույս ունեմ կգտնվի միջին տարբերակը, այն էլ՝ ոսկե։
Անդրադառնալով իմ գործընկեր Արևիկ Բաբայանի մտքին՝ ավելորդ չեմ համարում կրկնել, որ իսկական դիտարկումները ծավալուն, ժամանակատար աշխատանք են թե՛ դասվարի, թե՛ առարկայական դասավանդողի համար, հետևաբար մեծ է հավանականությունը, որ այն արագ կվերածվի անցանկալի պարտականության, իսկ դրանում սովորողի շահը ո՞րն է։ Եվ մենք դարձյալ շեղվում ենք մեր անելիքներից։

Հատուկ մանկավարժ, լոգոպեդ՝ Սուսաննա Դավթյան

Նախ՝ շնորհակալություն Քնարիկին այս կարևոր խոսակցությունը սկսելու համար: Ես ժամանակին սկսեցի ԱՈՒՊ-ների դեմ խոսել՝ անարդյունավետ համարելով գործող ձևը, բայց  խոսակցության թելը կորցրեցի առօրյա կենցաղում: Լավ է, որ հիմա կա հետևողականություն, և խոսակցությունը դառնում է գործողություն:  Ասեմ իմ մոտեցումը այս հարցի մասին: Որևէ կերպ ներառական կրթության սովորողին ակնհայտորեն առանձնացնելը (եթե նույնիսկ դա հուզական պատում է, ընգծված դրական վերաբերմունք, այլ շեշտադում...) արդեն ներառականության խախտում է: Եթե պատում-տեսագրում, ապա ամեն անգամ մի խումբ սովորողների, սովորողների ձեռքբերումների, կարևոր մեթոդական հնարքի, արդյունքի և այլ մանկավարժական դիտարկումների մասին: Խոսքս  ուսուցչի օրագրի մասին է, որը կարևոր է, և որը այդպես լավ սկսել են Գեղարվեստի դպրոցի դասավանդողները: Ընդ որում՝ շատ կարևոր է ուսուցչի օրագրի մեջ սովորողների միշտ դրական փոփոխությունների արձանագրումը: Թե դա ինչ հաճախականությամբ կարվի, ինչպես կներառվեն սովորողները, միայն անելիս կերևա:

Ինչ վերաբերում է կարիքով սովորողին անհրաժեշտ ուսումնական նյութերին, դրանք, կարծում եմ, մասնագետի, ուսուցչի համատեղ ջանքերով, հնարավորության դեպքում՝ նաև ծնողի հետ համագործակցելով պետք է ստեղծվեն: Ուրիշը մեզ համար չի անի, և պետք էլ չէ, որ անի. ուրիշ բան կստացվի: Համացանցը հիանալի հնարավորություն է տալիս ուսուցողական ամենաբազմազան խաղերի միջոցով ուշադրության, կենտրոնացման, տրամաբանության, հմտությունների զարգացման մի շարք հարցեր լուծել: Գուցե պետք է այդպիսի խաղերի համակարգումից սկսել: Իսկ պլանշետը հարմար ու հեշտ օգտագործվող գործիք է հատուկ կարիքով սովորողի համար: 

Ամեն դեպքում՝ լավ ենք սկսել, պետք է շարունակել՝ անպայման գործողությունների բերելով:

 

Սիրով` Մարիետ Սիմոնյան

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский