Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն

Հեղինակ: 

Սովորելով-աշխատելով հանրակրթական դպրոցում` բոլորս ունենում ենք ներառման անհրաժեշտություն, անկախ մեր առանձնահատկություններից, զբաղեցրած պաշտոնից բոլորս բախվում ենք նույն խնդրին՝ ներառվել, մեզ «մեր ափսեում» զգալ: Դժվար գործընթաց է, խոսք չկա, բայց ամեն մեկս ինչ-որ ձևով կարողանում ենք հաղթահարել դա ու, ի վերջո, ներառվել:

Հայտնի է, որ կենդանիների հետ շփումը օգնում է մարդուն զարգացնելու ինքնագիտակցությունը, պատասխանատվությունը, շրջապատի հետ հաղորդակցման հմտությունները:
Կենդանիները կարող են նվազեցնել բարկությունն ու անհանգստությունը, կենդանին ունի հանգստացնող հատկություն: Կենդանիների միջոցով բուժումը կամ անիմալոթերապիան հայտնի է մարդկությանը դեռևս հին դարերից: Արդեն 5-րդ դարում Հիպոկրատը նշում էր շրջակա միջավայրի, հատկապես կենդանիների բարենպաստ ազդեցությունը մարդկության վրա: Հատկապես լայնորեն կիրառվում էր նևրոզի բուժումը ձիերի, շների կատուների միջոցով:
Կենդանիներ պահող մարդիկ ավելի հանգիստ են, մեղմ և հանդուրժող: Բավական է դիտենք կենդանիների խաղը կամ շոյենք նրանց փափուկ մորթին, և մենք մեզ կզգանք ավելի թեթևացած և կկտրվենք առօրյա հոգսերից ու խնդիրներից: Կենդանիների ընկերակցությունը օգնում է մարդուն տեսնելու աշխարհը նոր գույներով, ձևավորում է նոր հմտություններ:
Իմանալով կենդանի-մարդ շփման կարևորության մասին`  երբևէ չենք մտածել՝ ինչպես կենդանիներին ներառել հանրակրթական դպրոց՝ երեխաների ներառումը հեշտացնելու համար: Ահա և այդպիսի փորձ կատարվեց Հյուսիսային դպրոցում, երբ Ագարակից Քնարիկ Ներսիսյանը մեզ մոտ բերեց Ատիին: Դա մի աննկարագրելի ուրախություն ու բերկրանք էր բոլորիս համար. մինչ քոթոթի հայտնվելը Հյուսիսային դպրոցում՝ բոլորս արդեն ընտրել էինք նրա «Ատի» անունը:
Ատին իր հետ բերեց մեծ հետաքրքրություն ու սեր, երեխաները մեծ ուրախությամբ դիմավորեցին և ընդունեցին նրան: Ատին դարձավ դպրոցի լիարժեք անդամ, թալիսման: Ատին ունի իր օրագիրը, որտեղ գրի է առնվում նրա առօրյան, ուրախություններն ու դժվարությունները:
Ապրելով դպրոցում` Ատին օր օրի ավելի ու ավելի շատ ընկերներ ձեռք բերեց: Շներից վախեցող երեխաներին օգնեց հաղթահարելու այդ վախը և այժմ, ովքեր առաջ վախենում էին անգամ մոտ գալ, հիմա հոգ են տանում Ատիի մասին, զբոսնում նրա հետ, կերակրում: Մեզ ամեն շաբաթ իր խորհուրդներով օգնում է կինոլոգ Վահեն, ում հետ հանդիպումները երեխաների համար սիրելի ու հաճելի է դարձել: Վահեն ամեն անգամ մեզ սովորեցնում է նոր հմտություններ շների խնամքի մասին. այն շատ է օգնում մեզ, Ատին էլ  անհամբերությամբ սպասում է, թե երբ է Վահեն գալու, որ կարողանա ուշադրության կենտրոնում լինել, փայլել իր հմայքով: Ատին ստացել է իր պատվաստումները, ունի անձնագիր և պաշտպանված է:
Սկզբնական շրջանում, ինչպես ամեն նոր երևույթ, դժվարությամբ է ընդունվում հասարակության կողմից, այնպես էլ այս դեպքում` Ատին զերծ չմնաց դժվարություններից, սակայն կարողացավ պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից:
Հյուսիսային դպրոցի այս փորձը հաջողված եմ համարում ու դեռ զարգանալու, ու տարածվելու մեծ հնարավորություններ ունի: Հաջորդը փորձը կլինի Ագարակում ՝ ձիերի հետ շփումով, որը, կարծում եմ, էլ ավելի դրական կազդի առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների վրա: Սիրե՛նք մեր չորքոտանի ընկերներին, նրանք մեզ շատ են օգնում, մենք ունենք միմյանց սիրո կարիքը:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский