Կլոր սեղանի կազմակերպումը` ուսումնական նախագիծ

Հունվարի 16-20-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում Գիտագործնական հավաքի ճամբարային օրեր էին, որոնց ընթացքում կրթահամալիրի 7 դպրոցներում կազմակերպվեցին կլոր սեղաններ:

Գիտագործնական հավաքի բլոգը պատրաստել և համակարգել է Արմինե Թոփչյանը: Հավաքը բլոգ ունի, համակարգված է, հստակ և հավաք. սա բոլորիս աշխատանքն է, և արժե արձանագրել:

Գիտագործնական հավաքը կրթահամալիրի դպրոցների համար ներառող, համագործակցային նախագիծ դարձավ:

Ամբողջացվեցին, մշակվեցին, ներկայացվեցին հավաքի նյութերը, կազմակերպվեց տարատարիք սովորողների մասնակցությունը, սովորողների նախագծային շրջիկ խմբերի մասնակցությունը հավաքի կլոր սեղաններին, լուսաբանումները` տեքստային, ուղիղեթերային, լուսանկարներով և այլ, համակցված բաղադրիչներով:

«Դպիր» էլեկտրոնային ամսագիրը ներկայացնում է Գիտագործնական հավաքին ներկայացված հոդվածները, մշակումները:

Գիտագործնական հավաքի ներկայացումները, նյութերը հրապարակված են առանձին էջով. դրանք բաց են, քննարկելի, լրամշակվող:

Գիտագործնական հավաքը լուսաբանվել է կրթահամալիրի կայքում, ենթակայքերում, սովորողների, դասավանդողների բլոգներում: Առավել ամբողջական պատումները բերվել են գիտագործնական հավաքի էջ:

Արժե արձանագրել` որպես միասնականության առաջին փորձ, փորձի, հարցադրումների ներկայացման կրթահամալիրային հարթակ:

Արձանագրենք ու անցնենք-ձևակերպմանը, շարունակականության ապահովմանը, զարգացմանը:

Բլոգում տեղ են գտել մի քանի տասնյակ դասավանդողների նախագծերի ներկայացումներ, առաջարկների փաթեթներ, ճամբարային նախագծերի ներկայացումներ: Կարծում եմ` բոլորիս նվաճումն է. Այդքան դասավանդող-սովորողի ասելիք ունենալ, ներկայացնելու պահանջը:

Ուզում եմ խոսել հենց այդ կլոր սեղանների մասին` առանձնացնելով մի քանի կարևոր՝ զարգացմանը միտված հարցադրումներ.

Ի՞նչ ասել է կլոր սեղան, ինչպես է այն կազմակերպվում։

Կլոր սեղանի կազմակերպումը` իբրև ուսումնական նախագիծ. սա կարևոր ու առանցքային հարցադրում է, որտեղ, փաստենք, ունեցել ենք կազմակերպման, բովանդակային՝ անմշակություն, թերություններ, կոնկրետ ու տեսանելի հաջողություններ, պիտի ունենանք զարգացումներ: Ունենք ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ, որտեղ կազմակերպումը բավականին կոնկրետ արտացոլված է: Զարգացումն էստեղ է. ամեն կլոր սեղան կազմակերպում, համակարգում են նախագծային խմբերը, իսկ ովքե՞ր, սովորողների ի՞նչ խմբեր պիտի ներկա լինեն կլոր սեղանին, ինչո՞ւ հենց այդ խմբերը, ինչպե՞ս են նրանք պատրաստվում կլոր սեղանին, որտե՞ղ է երևացել նախապատրաստական գործունեությունը: Փորձենք կլոր սեղանի կազմակերպման զարգացումը բերել կոնկրետության, նախագծայնության` ամեն կոնկրետ կլոր սեղանը դիտարկելով իբրև առանձին նախագիծ, որի համակարգողները կարող են պատասխանել, ունեն կոնկրետ պատասխաններ, աշխատանք: Սովորողների և՛ ներկայացնող, և՛ մասնակից-ներկա խմբերի համար պարտադիր համարենք նյութին տիրապետումը, դրան, եթե ոչ տեղում, առցանց հարթակում արձագանքելը:

Այս տարվա մեր դպրոցների կլոր սեղանները համակարգում էին դպրոցների ղեկավարները:

Նախագծեր ներկայացնող դասավանդողները և նրանց հետ ներկա սովորողների խմբերը տիրապետում էին նյութին, գիտեին ասելիքը, սակայն մասնակից խմբերից շատերն անտեղյակ էին գալիս, բավականին անտարբեր լսում ներկայացումը:

Ո՞ւմ է պետք նման հավաքը, ի՞նչ կարող է այն տալ մասնակցին, ներկային, որտե՞ղ և ինչո՞ւմ է դրա կրթականությունը։

Կլոր սեղանները, ներկայանալ-ներկայացնելը կարևոր է հենց դա անողի համար՝ դասավանդող թե սովորող, որպես իր աշխատանքի` արված-անելիքի, զարգացումների ներկայացում: Կարևոր է հենց որպես ուսումնական աշխատանք, եթե կուզեք, նախագիծ: Սովորողների համար աշխատանք ներկայացնելը, լսարանի-հանրության առաջ ներկայանալը՝ խոսքով, գրով, նախագծով, կարևոր հմտությունների յուրացման ուսումնական գործունեություն է։ Այստեղ դրսևորվում են սովորողների և՛ խմբում, և՛ անհատապես աշխատելու հմտությունները, մշակվում բանավոր խոսքը, ներկայանալի, լսելի դառնում-դարձնում ասելիքը։ Կարևորվում են օտար լեզվի գործնական կիրառումը, գործնական տարրերի ներմուծումը կլոր սեղան՝ արտադրական գործունեության, տեխնոլոգիական գործունեության, բնագիտական գործունեության արդյունքներ, նոր լուծումներ, նոր տարրեր։

Կարևորը է նաև տրվող հարցը լսելու, դրան կիրթ, կոնկրետ պատասխանելու, նաև՝ ներկայացրածը հիմնավորել-պաշտպանելու հմտությունների զարգացումը։

Ամփոփման, վերանայման, վերամշակման ու հարայնացման կարևոր հարթակ է։ Նոր անունների համար ինքնահաստատման, լսելի, կարևորված լինելու հնարավորություն։

Ի՞նչ կարևոր հարցադրումներ առաջ քաշվեցին։

Կլոր սեղանների կազմակերպման մեր այս համակարգված ու միասնական փուլը կարող ենք հաջողված համարել։ Հաջողված ոչ միայն բարձրացված խնդիրների արդիականության, ներկայացված հետաքրքիր նախագծերի իմաստով, այլև՝ սովորողների ներառվածության ու ակտիվության, ծնողների շահագրգիռ, որոշ դեպքերում՝ գործուն մասնակցության մասով։ Կարևոր էր, որ գիտագործնական հավաքը հենց նախագծային-ստուգատեսային ճամբարում էր, միջավայր, որտեղ հնարավոր է դառնում կլոր սեղանի նման կազմակերպումը: Միջավայր, որը ճկուն է, հնարավորություն է տալիս արագ վերափոխել, ինքնակազմակերպվել, ներառել-ներառվել, ծանոթանալ: Ճամբարը նաև ներկայացվող ուսումնական նախագծերի իրականացման, դրանց մի փուլի ամփոփման, արածի-աշխատածի վերանայման, վերաձևակերպման, շարունակության-զարգացման, նոր մշակումների փուլ է դառնում։

Հնչող հարցադրումները բազմազան էին, հիմնականում՝ նախագծային, զարգացմանը միտված։

Այնուամենայնիվ, պետք է մի քանի բացթողում արձանագրել․

  • Հարցադրումներ հիմնականում նույն մարդիկ էին անում՝ մի քանի դասավանդող և կրթահամալիրի տնօրենը։
  • Լսող սովորողները ներկայացվածի մասին հարցեր առաջ չէին քաշում. ներկայացնող խմբերը նման հարցադրումներ չէին հրահրում։

Ո՞րտեղ և ի՛նչ կետերով կարելի է զարգացումն արձանագրել:

Զարգացումը կարող ենք արձանագրել հետևյալ ուղղություններով։

  1. Գիտագործնական հավաքի նյութերի նախագծերը պետք է հրապարակվեն հավաքից երեք շաբաթ առաջ։
  • Առաջին շաբաթը լինի փորձաքննական-առցանց. դպրոցների, մասնախմբերի ղեկավարները, մենթորները, համապատասխան մասնագետները, գործընկերները, սովորողները կարողանան իրենց դիտարկումները, կազմակերպմանն ուղղված հարցադրումները հղել, լրացումներ անել, օգնել մշակման աշխատանքներում։ Առավել կարևոր եմ համարում դիտարկումների նախապես ներկայացումը, որպեսզի ներկայացնողների խումբը աշխատելու, շտկելու ժամանակ ունենա։ Էսպես կապահովվի գիտագործնական հավաքի ուսումնականությունը․ մեր նպատակը անընդհատ սովորելն է, սխալներ-բացթողումները գործով ու գործում լրացնելը, որ ոչինչ չմնա հետոյին, անմշակ։
  • Երկրորդ շաբաթը գրանցված խմբերին, մասնակիցներին հնարավորություն տա աշխատանքներում շտկումներ, լրացումներ անելու, նախագիծը մեդիաներկայանալի, կազմակերպական տեսքի բերելու և հրապարակելու համար, պատրաստվելու պատասխանել հարցադրումներին, պաշտպանելու իրենց տեսակետը, հիմնավորելու...
  • Երրորդ շաբաթն արդեն հնարավորություն տալ այն խմբերին, մասնագետներին, շահառուներին, որ գրանցվել են ու ներկա են լինելու նախագծի ներկայացմանը, ընթերցելու, ծանոթանալու նյութերին, պատրաստվելու ակտիվ մասնակցության։ Ընթերցման համար տրվող ժամանակը կարևոր է։ Մեկ օրում հնարավոր չի լինում հինգ-վեց նյութի ծանոթանալ-ընկալելը, ծանոթացումը դարձնել ուսումնական-ճամբարային։
  1. Կլոր սեղանի կազմակերպումը՝ մինչև վերջ ուսումնական աշխատանք պիտի լինի, բոլոր աշխատանքային փուլերով, որպեսզի ոչ մի փուլ չօտարվի մասնակցից` չբաժանելով կազմակերպումը բովանդակությունից, դիտելով դրանք որպես միմյանց լրացնող բաղադրիչներ։
  • Ուսումնական նախագծի ներկայացում. նախագիծը ներկայացնող նյութերի հավաքումը, թեմայի ընտրությունը, ձևակերպումը՝ խմբային աշխատանք, գրավոր, բանավոր խոսքի մշակում. աշխատանքային հրապարակումներ։
  • Նախագիծը մեդիամիջավայրում ներկայանալի տեսքի բերել, հրապարակել։
  • Նկատի ունենալով թեման՝ ընտրել-հավաքագրել մասնակիցներին, լսարանը, կազմակերպել մասնակիցների գրանցումը, նրանց ծանոթացում նյութերին։
  • Ուսումնական միջավայրի կազմակերպումը՝ որպես նախագծի ներկայացման մատչելիության՝ տեսանելի, լսելի լինելու, արդյունավետության կարևոր բաղադրիչ։
  • Լուսաբանման կազմակերպումը սովորողների միջոցով՝ կարևորելով լուսաբանողի էական արձագանքը։ 
Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский