Առօրյա կեղծիք։ Մաս երկրորդ

Խոշորացույց

Սույն հոդվածի առաջին մասում խոսել ենք հիմնականում այն փաստական տվյալների մասին, որոնք տեղ են գտել հայալեզու և այլալեզու հրապարակումներում: Այժմ կփորձենք ներկայացնել ավելի ընդհանուր դատողություններ:

Ընդհանրապես, երբ խոսում ենք այս շրջանի մասին, պետք է միշտ հիշենք, որ չունենք տվյալների ամբողջություն: Բացի դրանից, կան բազմաթիվ արխիվային նյութեր, ինչպես Հայաստանում և Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում, որոնք առայժմ հասանելի չեն: Շահառու սերնդի կենդանության օրոք կարող են այդպես էլ հասանելի չլինել: Եղած տեղեկությունները կիրառելիս պետք է առավելագույն զգուշավոր մոտեցում ցուցաբերել: Շատ հաճախ, դրանք չեն համապատասխանում իրականությանը կամ կիրառվում են քարոզչական նպատակներով: Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանում նման խեղումներն ավելի քիչ են, քան հարևան երկրում` Ադրբեջանում: Որպես օրինակ բերեմ հետևյալ հանգամանքը: Ադրբեջանի հանրակրթական դպրոցների համար նախատեսված գրքերում, ժամանակին տեղ էր գտել «Libration» պարբերականի հայտնի լուսանկարը, որում Սարգիս Հացպանյանն է, մի ադրբեջանցի կնոջ հետ: Ինչպես հետագայում պարզվում է, այդ կինն ուներ երեք որդի, որոնցից մեկը Քաշաթաղի շրջանի ոստիկանապետն էր: Հացպանյանը փորձում է հանգստացնել կնոջը և հավաստիացնել, որ նրան վտանգ չի սպառնում: Նույն նկարը, ներկայացված էր ադրբեջանական դասագրքերում, բոլորովին այլ մոտեցմամբ: Այնտեղ Հացպանյանն ադրբեջանցի զինվորական էր, ով հայ «ջարդարարներից» փրկել էր ծեր կնոջը: Նկարը և նկարի պատմությունը մեծ աղմուկ հանեցին Ադրբեջանում, և այն հեռացվեց դասագրքերից: Սա միայն դրվագ է: Նույն մոտեցումը մեզ մոտ է: Սակայն այն մեծապես վերաբերվում է ոչ թե Ադրբեջանին, այլ ավելի շատ ներքին քաղաքական գործընթացներին: Օրինակ, 9-րդ դասարանի դասագրքում երբ ներկայացվում է Անկախության գործընթացը, կարող ենք տեսնել ծառահատման, հացի բացակայության կամ նավթի հերթի նկարներ, բայց այդ նույն տրամաբանությամբ, դասագրքի հեղինակները «զլացել են» տեղադրել մարտի 1-ի արյունահեղության լուսանկարները:

Նույնպիսի և վատթարագույն մոտեցում է, երբ լուսաբանվում է Արցախյան շարժումը և դրանով պայմանավորված դեպքերը: Հայ-թաթարական, այնուհետ` հայ-ադրբեջանական կոնֆլիկտներն արհեստածին կոնֆլիկտներ են: Որպես այդպիսին, գենետիկ և սերնդային հիշողությամբ պարտադրված ատելություն երկու հարևան հասարակությունների միջև չի եղել: Այն ստեղծվել է ի նպաստ քաղաքական նպատակների: Այսպես` դրա առաջին արտացոլումը 1905-1907թթ էր, երբ Ռուսաստանում սկսվել էր առաջին հեղափոխությունը: Ցարական կառավարությունը օգտագործեց ժողովուրդների հակասությունները և հրահրեց ներքին կոնֆլիկտներ, որոնցից մեկն էլ հայ-թաթարականն էր: Նույն կերպ վարվեց ԽՍՀՄ-ը: Այն իր տարածքում ուներ 100-ից ավելի «ղարաբաղներ»: Մյուս կողմից` այս կոնֆիլկտները ձեռնտու էին, այսպես ասած, ազգային կամ պայքարող կուսակցություններին: Եթե ուշադիր նայենք այս կուսակցությունների գործունեությանը երկու կամ անգամ երեք երկրներում (ներառյալ Թուրքիան), ապա կտեսնենք, որ սեփական ժողովուրդների կամ պետականությունների կայացման հարցում նրանք քաղաքականապես և գաղափարապես սնանկ են: Երբ երկրներում տիրում է խաղաղության փուլ, դրանք դուրս են մղվում գործընթացներից: Նրանք իրենց կենսունակությունը կառուցում են թշնամի ստեղծելու միֆի պարտադրանքի կամ որևէ ողբերգության հիմքով: Դրա վառ օրինակը Հայաստանում Հայ հեղափոխական դաշնակցությունն է:

1988-1990 թթ դեպքերի, այնուհետ նաև Խոջալուի իրադարձությունների մասին կարծիքները բաժանվում են երեք հիմնական խմբի.

Ա. Ադրբեջանցիները ցեղասպանություն են կատարել Սումգայիթում և Բաքվում, իսկ հայերը ոչինչ չեն արել Խոջալուում։
Բ. Հայերը ցեղասպանություն են կատարել Խոջալուում, իսկ ադրբեջանցիները ոչինչ չեն արել Սումգայիթում և Բաքվում:
Գ. Երկու դեպքում էլ մեղավոր է Մոսկվան:

Փորձենք շարադրել չորրորդ տեսակետը, որն իր մեջ կներառի դրվագներ հիշյալ երեքից էլ: Անշուշտ, վայրագություններ եղել են Սումգայիթում, Բաքվում, Խոջալուում: Սակայն ովքե՞ր են դրանց մեղավորները: Առաջին երկու դեպքում նկատվում է կենտրոնի հստակ ձեռագիրը, որն այս միջոցով փորձում էր հարցը փակել: Այն է` վախեցնել հայ հասարակությանը: Սակայն այն ամբողջ գործընթացը պետք չէ բարդել ադրբեջանական հասարակության վրա: Յուրաքանչյուր հասարակությունում կա մի զանգված, որը պատրաստ է ոտնձգությունների ոչ միայն այլազգիների, այլ նաև սեփական ազգակիցների նկատմամբ: Այդ զանգվածին մանիպուլացնելը բավականին հեշտ գործ է: Մեծ հաշվով, մարդաբանները և հոգեբանները պնդում են, որ ռազմի դաշտում անգամ գիտակցված սպանության գնալու  ի վիճակի է հասարակության միայն երկու տոկոսը, մյուսները ներառվում են այդ գործընթացներում կողմնակի հանգամանքների ազդեցության տակ: Խորհրդային ՊԱԿ-ի համար, բնավ դժվար չէր կազմակերպել այդպիսի գործընթաց` նախ` Սուգայիթում երկօրյա, ապա Բաքվում` մեկ շաբաթ տևող ուշացումները: Սրա միջանկյալ ապացույց կարող ենք համարել Գորբաչյովի այն պատասխանը, որը նա տվեց երկրաշարժից տուժած Գյումրիում: Գյումրեցի մի կին, հետաքրքվեց ԽՍՀՄ առաջնորդից, թե ինչ է լինելու Արցախի ճակատագիրը, այն կմիանա՞ Հայաստանին: Գորբաչյովը պատասխանեց այսպես. «Вам и землетрясение мало?»: Հիշեցնենք, որ այս արտահայտությունն արվել է 1988թ. դեկտեմբերին, այսինքն` Սումգայիթի և Բաքվի միջանկյալ հատվածում, Արցախյան գործընթացի վճռական փուլերից մեկում: Սրանով բնավ չենք փորձում բնական աղետի մեղավորներ փնտրել, այլ հակառակը, մտածում ենք, որ միգուցե Գորբաչյովը կարծում էր` իր կամքից անկախ «բախտը բերեց», և այս սարսափելի աղետը կկասեցնի հարցի նման սրացումը:

Բաքվում արդեն կար ՊԱԿ-ի հստակ ձեռագիր: Եթե Սումգայիթում զոհեր եղան ավելի շատ խուճապի և որոշ անձանց վայրենության պատճառով, ապա Բաքվում վիճակն այլ էր: Այստեղ մենք չենք կարող հստակ ասել սպանություն գործածների էթնիկ պատկանելությունը: Սակայն մեկ հանգամանքի հստակ տիրապետում ենք: Բնակ. վարչություններից նրանց տրամադրվել էր այն հասցեների ցանկը, որտեղ ապրում էին հայերը: Այստեղ մեկ «բայց» կա: Եթե այդ կոտորածները կատարում էին ադրբեջանցիները, ավելին` Բաքվում ապրող ադրբեջանցիները, նրանք տեղյակ չէի՞ն իրենց հետ կողք կողքի ապրող հայերի մասին, որ ինչ-որ վարչությունից տվյալներ վերցնելու անհրաժեշտություն էր առաջացել: Կասկածելի է: Սակայն այս կասկածների շարունակությունը կթողնենք հետագային, երբ ավելի շատ նյութեր կունենանք: Միայն հիշեցնենք, որ դա 1990 թվականն էր, իսկ խորհրդային իշխանությունը դեռ փլուզված չէր:

Գալով Խոջալուին, պետք է հղում կատարենք նաև ժամանակակիցներին: Մեզ դասավանդող պաշտոնյա պատմաբաններից մեկը, որի անունը չենք նշի, օգտվելով աղբյուրները չբացահայտելու իրավունքից, 2004-ին նշեց, որ Խոջալուում հայերս ինչ-որ բան արել ենք: Ի՞նչ եք արել: Նա չմանրամասնեց: Այդ ինչ-որ բան անելը, ենթադրում եմ, ուղղակի կապ ունի սպանությունների կամ այդքան հիշատակվող խաչաձև կրակի հետ: Կրակ, որը բացվել է մարդասիրական միջանցքով նահանջող ադրբեջանցի խաղաղ բնակիչների նկատմամբ: Ադրբեջանի նշանավոր գործիչներից Զարդուշ Ալիզադեն, որ նաև այդ ժամանակների քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցներից է, պնդում է, որ դա արվել է Մոսկվայի անմիջական դրդմամբ: Հայերը շատ քիչ մասնակցություն են ունեցել, իսկ ահա Ադրբեջանի նախկին նախագահ Ալի Մութալիբովը, նշում է բոլորովին այլ բան. «Ինչպես պնդում են այն խոջալեցիները, որոնք փրկվել են, դա կազմակերպվել էր իմ հրաժարականի պատճառ դառնալու համար: Ինչ-որ ուժ գործում էր նախագահի հեռացման համար… Ընդհանուր առմամբ, հայերը միջանցք թողել են, որով խաղաղ բնակիչները կարող էին գնալ: Նրանց ինչի՞ն էր պետք կրակելը, առավել ևս, որ Աղդամում կար ադրբեջանական զինվորական ուժ, որը կարող էր դուրս գալ և օգնել բնակիչներին[1]»: Ադրբեջանական կողմը նշում է նաև, որ մասնակցել են նախկին խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային ջոկատի զինվորականները:

Շարունակելի։

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский