Դարձ։ Ապագան՝ այս տարօրինակ սպառնալիքը

Հեղինակ: 

«Դպրոցական տառապանք»
Սկիզբը
Նախորդ հատվածը

12.

Ի դեպ, ի ՞նչ է պատահում այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան, այնուամենայնիվ, դարձել են:
Ֆ. –ն մահացավ թոշակի անցնելուց մի քանի ամիս հետո: Ժ-ն պատուհանից նետվեց ցած թոշակի անցնելու հաջորդ օրը: Գ.-ն դեպրեսիայի մեջ ընկավ: Ինչ-որ մեկն էլ հազիվ է դուրս գալիս նմանատիպ վիճակից: Ֆ.-ի և Յ.-ի բժիշկները կարծում են, որ նրանց՝ Ալցգեյմերի հիվանդության պատճառը ժամանակից շուտ թոշակի անցնելն է: Նույն բանն են ասում նաև Պ.-ի և Բ.-ի բժիշկները: Խեղճ Լ.ն մեռավ լաց լինելով, երբ նրան հեռացրին տեղեկատվական բաժնից, որտեղ մտադիր էր մինչև կյանքի վերջը զբաղվել «ad vitam aetemam» (կյանքի հավերժական խնդիրներով): Ես մտածում եմ նաև Պ.-ի՝ կոշկակարի մասին, ով մեռավ, երբ իր արհեստանոցին գնորդ չգտնվեց: «Ամեն ինչ իզո՞ւր էր: Ուրեմն՝ կյանքս ոչինչ չարժե՞»,- անդադար կրկնում էր նա: Ոչ ոք չէր ուզում գնել նրա գոյության իմաստը: Եվ նա հենց այդ վշտից էլ մեռավ: Ահա մի դիվանագետ, որ վեց ամսից թոշակի է անցնելու, ամենից շատ վախենում է ինքն իր հետ մենակ մնալուց: Նա փնտրում է, ուզում է այլ բանով զբաղվել. արդյունաբերական ընկերության միջազգային հարցերի գծով խորհրդատո՞ւ: Խորհրդատու այս կամ այն բնագավառո՞ւմ: Ուրիշ մեկը եղել է վարչապետ: Դրա մասին երազել է երեսուն տարի շարունակ՝ սկսած իր ընտրական հենց առաջին հաջողությունից: Կինը նրան միշտ այդ հարցերում քաջալերել է: Նա քաղաքականության մեջ թրծված մարդ է, գիտի, որ նշանակալից պաշտոնը «այսինչ» կառավարությունում, ըստ էության, ժամանակավոր է, ինչպես նաև վտանգավոր: Նա գիտի, որ առաջին իսկ առիթի դեպքում ինքը կդառնա մամուլի ծաղրի առարկան, հիանալի թիրախ նունիսկ իր թիմակիցների համար, ինչպես նաև հիմնական քավության նոխազը: Անկասկած, նա գիտեր 1917թվին Կլեմանսոյի՝ իր սենյակի գլխավորի հասցեին արած կատակը. «Երբ ես տռում եմ, նրանից է վատ հոտ գալիս»: Այո, քաղաքական աշխարհին բնորոշ է նման «վայելուչ» արտահայտությունը: Եվ որքան ծանրութեթև են անում իրենց խոսքը հանրության առաջ հայտարարություն անելիս, այնքան անվայելուչ են խոսում իրենց «ընկերական» շրջապատում: Այսպիսով՝ նա դառնում է վարչապետ: Նա ստորագրում է այդ վտանգավոր պայամանագիրը՝ գործելու սահմանափակ ժամանակահատվածով: Նա և իր կինը համապատասխանաբար ամրապնդվում են: Դե իհարկե, մի քանի տարի՝ վարչապետ: Այդ մի քանի տարիները անցնում են: Ինչպես նախատեսված էր, նա դուրս է թռչում: Կորցնում է պաշտոնը: Հարազատները պնդում են, որ շատ է տանջվում դրանից, վախենում է իր ապագայի համար: Այն աստիճան է վախենում, որ դեպրեսիան նրան հասցնում է ինքնասպանության դուռը: Ահա այսպիսի կործանիչ ազդեցություն ունի այն հասարակական դերը, հանուն որի մեզ դաստիարակել ու կրթել են, և որը մենք խաղացել ենք «մեր ամբողջ կյանքում» կամ էլ մեր ապրած կյանքի կեսը: Վերցրեք մեզնից այդ դերը, և մենք այլևս դերասան չենք լինի:
Կարիերիայի այս ողբերգական ավարտները առաջացնում են մի տագնապ, որն իմ աչքին շատ նման է դեռահասի տառապանքին։ Նա էլ կարծում է, թե ոչ մի ապագա չունի, այնքա՛ն ցավ է զգում ապրելու համար: Պարփակվելով մենք ինքներս մեզ զրոյացնում ենք այն աստիճանի, որ պատահում է՝ մեզ սպանում ենք: Դա առնվազն մեր դաստիարակության թերությունն է:

13.
Եկավ մի տարի, երբ ես շատ դժգոհ էի ինձնից: Ինձ շատ վատ էի զգում, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ: Բնավ չէի ուզում ինչ-որ մի բան դառնալ: Սենյակիս պատուհանը նայում էր Լյա Գոդի և Սեն Ժաննեի՝ Հյուսիսային Ալպերի երկու զառիթափ ժայռերի կողմը, որոնք, ինչպես ասում են, մեկ անգամ չէ, որ վերջ են դրել մերժված սիրահարների տառապանքներին: Մի օր՝ առավոտյան, երբ մի փոքր ավելի ուշադրությամբ էի զննում այդ քարերը, սենյակիս դուռը թակեցին: Հայրս էր: Նա կիսաբաց դռնից գլուխը ներս մտցրեց.
-Ահ, Դանիել, ես լրիվ մոռացել էի քեզ ասել՝ ինքնասպանությունը անխոհեմ քայլ է:

14.
Այնուամենայնիվ, վերադառնանք սկզբին:
Ընտանեկան գողությունից ցնցված՝ մայրս գնացել էր մեր դպրոցի տնօրենի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Նա խորաթափանց և բարեհոգի մի մարդ էր՝ մեծ և համակրելի քթով զարդարված դեմքով: Աշակերտները նրան Քիթ տարինոս էին անվանում: Համարելով ինձ ավելի շուտ խղճուկ ու վախեցած, քան վտանգավոր՝ նա խորհուդ տվեց՝ մեկուսացում ու մաքուր օդ: Լեռներ բարձրանալն ինձ օգտակար կլինի: Լեռնային գիշերօթիկ դպրոց, այո՛, դա է լուծումը. այնտեղ ես ուժերս կհավաքեմ և կսովորեմ հանրության մեջ ապրելու կանոնները: «Թանկագի՛ն տիկին, մի՛ անհանգստացեք, դուք Արսեն Լյուպենի մայրը չեք, այլ մի փոքրիկ երազկոտի, որին մենք պարտավոր ենք վերադարձնել իրականության զգացումը»: Այդ ամենին հաջորդեցին գիշերօթիկ դպրոցում անցկացրած իմ առաջին երկու տարիները՝ չորրորդ և հինգերորդ դասարանները, որոնց ընթացքում ընտանիքիս հետ տեսնվում էի միայն Ամանորին, Զատիկին և ամառային արձակուրդներին: Հետո՝ մյուս տարիներին, ես սովորելու էի սովորական գիշերօթիկում: Հարցը, թե արդյոք ես երջանիկ էի այդ գիշերօթիկում, լրիվ երկրորդական էր: Ասեմ այսպես. կյանքն այնտեղ ինձ համար շատ ավելի տանելի էր, քան սովորական դպրոցում իմ գոյությունը: Շատ դժվար է բացատրել այսօրվա ծնողներին գիշերօթիկի առավելությունը, քանի որ վերջիններս այն տաժանավայր են համարում: Նրանց աչքին իրենց երեխաներին այնտեղ ուղարկելը նույն բանն է, ինչ նրանցից հրաժարվելը: Եթե նույնիսկ միայն հիշատակես, որ լավ կլիներ, եթե երեխան մեկ տարի անցկացներ գիշերօթիկում, նրանք քեզ հրեշ և հետադեմ, վատ սովորողին նույնիսկ բանտարկելու ընդունակ կհամարեն: Այստեղ անօգուտ է բացատրել, որ ես այդ ամենը ապրել եմ. անմիջապես փաստարկ են բերում «այն» դարաշրջանից. «Այո՛, իհարկե, բայց այն ժամանակներում երեխաների հետ շատ դաժան էին վարվում»:
Այսօր, ծնողական սերը հայտնագործված լինելով, գիշերօթիկի հարցը փակված է. նրանով միայն վախեցնում են, իսկ դա ապացուցում է, որ այն չեն ընկալում որպես լուծում:
Այնուամենայնիվ… Ո՛չ, ես մտադիր չեմ գովաբանել գիշերօթիկ դպրոցը, ո՛չ:
Փորձենք միայն նկարագրել սովորական դպրոցի՝ ուսումը ձախողած սովորական աշակերտի մղձավանջը:

15.
Ո՞ր աշակերտի: Ասենք, օրինակ, այն աշակերտներից մեկի, որոնց մասին նրանց հեռախոսային ծնողները ինձ հետ զրույց են ունենում, և որոնց երբեք գիշերօթիկ դպրոց չէին ուղարկի: Վերցնենք լավագույն տարբերակը: Նա մի լավ տղա է՝ ընտանիքի կողմից սիրված: Ոչ ոքի մահը չի ցանկանում, բայց քանի որ այլևս ոչինչ չի հասկանում, վերադառնում է տուն՝ ուժասպառ եղած ուսուցիչների անհույս նկատողություններից. «Չի աշխատում», «Ոչինչ չի արել, ոչինչ չի հանձնել», «Ազատ անկման մեջ է» կամ էլ ավելի կարճ ասած՝ «Ի՞նչ ասեմ» (Այս տողերը գրելիս իմ առջև կային այդ և մի քանի այլ գրառումներ):
Եկեք հետևենք այս վատ աշակերտին իր մեկ դպրոցական օրվա ընթացքում: Տարօրինակ է, բայց նա այսօր չի ուշացել, օրագրի մեջ ուսուցիչների արած գրառումները վերջերս նրան խիստ կարգի են հրավիրել: Բայց նրա պայուսակը դատարկ է: Նորից մոռացել է գրքերը, տետրերը և նմանատիպ բաներ (քառորդի վերջում երաժշտության ուսուցիչը իր մատյանում կգրի. «Մոռացել է ֆլեյտան»): Իհարկե, տնային աշխատանքները արված չեն: Առաջին ժամը մաթեմատիկա է, և հենց մաթեմատիկայի վարժությունը չի կատարել: Երեքից մեկը. չի արել վարժությունները կա՛մ որովհետև այլ բանով է զբաղված եղել (թափառել է ընկերների հետ, կամ սենյակում փակված՝ ինչ-որ ահավոր վիդիո է նայել), կա՛մ իր մահճակալի վրա փռված սուզվել է մոռացության մեջ՝ գլխում ոռնացող երաժշտության ներքո, կա՛մ էլ, ամենալավատեսական տարբերակը՝ մեկ -երկու ժամ փորձել է կատարել վարժությունները, բայց չի կարողացել:
Այս երեք դեպքում էլ, աշակերտը պետք է ուսուցչին բացատրություն տա: Այդ իրավիճակում ամենադժվարը պարզ և ճշմարիտ բացատրություն տալն է:
- Պարո՛ն, տիկի՛ն, ես վարժությունները չեմ կատարել, որովհետև գիշերվա մեծ մասը անցկացրել եմ Չարի զինվորների հետ կռվելով, ինձ հաջողվեց նրանց մինչև վերջինը ոչնչացնել, հավատացե՛ք ինձ:
- Պարո՛ն, տիկի՛ն, ցավում եմ, որ չեմ կատարել այս վարժությունները, բայց երեկ երեկոյան ես լրիվ դեբիլացել էի, նույնիսկ մատս չէի կարողանում շարժել, միայն մի կերպ կարողացա դնել ականջակալներս և միացնել նվագարկիչս։
«Ես չեմ արել տնային առաջադրանքներս» խոստովանությունից հետո ամենադժվարը ճիշտն ասելն է, որին անմիջապես կհաջորդի տուգանային սանկցիան: Դրա համար էլ մեր աշակերտը նախընտրում է, որպես ավելի ներկայանալի տարբերակ, հետևյալը. «Ծնողներս բաժանված են, ես ապրում եմ մայրիկիս հետ, իսկ երեկ մոռացել եմ տնային առաջադրանքներս հայրիկիս տանը»: Այլ կերպ ասած՝ կստի: Ուսուցիչն էլ, իր հերթին, շատ հաճախ նախընտրում է այդպիսի ծրագրված ճշմարտությունը, քան չափազանց անկեղծ խոստովանությունը, որը կարող էր հարվածի տակ դնել իր հեղինակությունը: Ե՛վ աշակերտի, և՛ ուսուցիչի համար դիվանագիտական այդ քայլը շահավետ է լինում խուսափելու համար առճակատումից: Ինչ վերաբերում է գնահատականին, հայտնի է. չհանձնած աշխատանք՝ զրո:
Աշակերտը, որը ապարդյուն փորձ էր արել կատարելու տնային առաջադրանքները, ոչնչով չի տարբերվում մյուսներից: Նա նույնպես դասարան է մտնում դժվար ըմբռնելի ճշմարտությամբ:
-Պարո՛ն, ես երեկ երկու ժամ հատկացրել եմ, որպեսզի չկատարեմ ձեր հանձնարարած տնային առաջադրանքը: Ոչ, ոչ, ես ուրիշ ոչ մի բան չեմ արել, նստեցի գրասեղանիս մոտ, հանեցի տետրս, կարդացի պահանջը և ամբողջ երկու ժամ գտնվում էի մաթեմատիկական անկարողության վիճակում, ուղեղի կաթված, որից դուրս եկա միայն այն ժամանակ, երբ լսեցի, որ մայրս կանչում է ինձ ընթրելու: Ահա, տեսնում եք՝ ես չեմ կատարել տնային առաջադրանքը, բայց դրա վրա ծախսել եմ ամբողջ երկու ժամ: Իսկ ընթրիքից հետո արդեն չափազանց ուշ էր. ինձ էր սպասում ևս մեկ ուշաբարձության սեանս՝ անգլերենի հանձնարարությունը:
- Եթե դուք դասի ժամանակ լսեիք ինչպես հարկն է, շատ էլ լավ կհասկանայիք վարժության պահանջը,-կարող է իրավացիորեն առարկել ուսուցիչը: Որպեսզի խուսափի հրապարակային նվաստացումից, մեր աշակերտը նույնպես նախընտրում է իրադարձությունների դիվանագիտական ներկայացումը. «Ես պահանջն էի կարդում, երբ կաթսան պայթեց »: Եվ այսպես՝ շարունակ, առավոտից իրիկուն, դասից դաս, ուսուցչից ուսուցիչ օրեցօր աճող սուտը բերում է Ֆրանսուա Տրուֆոյի հերոսի հայտնի արտահայտությանը. « Մայրի՜կս…Նա մահացե՜լ է…»։ Ամբողջ օրը կրթական հաստատությունում ստելուց հետո մեր վատ աշակերտը տուն վերադաառնալուն պես կլսի առաջին հարցը, որը հաստատ կլինի հետևյալը.
-Դե, այսօր լա՞վ անցավ դպրոցում:
-Շատ լավ (նոր սուտ):
Այս սուտը ճշմարիտ լինելու ապացույց է պահանջում.
-Պատմության դասին ուսուցիչը հարցրեց ինձ, թե ինչ է տեղի ունեցել 1515 թվականին։ Ես պատասխանեցի՝ Մարինյան ճակատամարտը։ Նա շատ գոհ էր:
Այսպես լավ է, կարելի է ձգել մինչև վաղը: Բայց այդ վաղը շուտ է գալիս, օրերը կրկնվում են, և մեր աշակերտը շարունակում է տարուբերվել տան ու դպրոցի միջև և իր մտավոր ողջ էներգիան ծախսում է դպրոցական ստի և ընտանեկան կիսաճշմարտության, մեկին տված բացատրության և մյուսներին ներկայացված արդարացման, ծնողների մոտ արված ուսուցիչների ծաղրանկարների և ուսուցիչների ականջին արված ընտանեկան խնդիրների ակնարկների միջև կեղծ կապակցվածության նուրբ ցանց հյուսելու վրա, մի կաթիլ ճշմարտություն այստեղ, մի կաթիլ ճշմարտություն այնտեղ պարտադիր է, այլ կերպ հնարավոր չէ, քանի որ այս մարդիկ՝ ծնողներն ու ուսուցիչները, մի օր իրար կհանդիպեն, դա անխուսափելի է, իսկ դա նշանակում է, որ պետք է մտածել այդ հանդիպման մասին և անդադար հղկել ճշմարտանման հոինվածքը, որն էլ կլինի այդ հանդիպմանը առաջարկվող ճաշացանկը: Նման մտավոր գործունեությունը մոբիլիզացնում է այնքան էներգիա, որքան չի ծախսում լավ աշակերտը՝ տնային առաջադրանքը լավ կատարելու համար։ Մեր վատ աշակերտը ուժասպառ է լինում: Ուզում է նա դա, թե՝ ոչ (երբեմն նա հենց դա էլ ուզում է), բայց այլևս ուժ չի ունենում իսկապես աշխատելու համար: Սուտը, որի թակարդն է ընկել, նրան իր գերին է դարձնում ինչ-որ մի տեղ՝ տագնապալի եռաչափ տիրույթում դպրոցի, որի հետ նա կռվում է, և ընտանիքի միջև, որին նա ցանկանում է հանգստացնել, որտեղ երևակայությանը բաժին ընկած դերը լցնելն է անթիվ ճեղքերը, որտեղով կարող է անցնել ճշմարտությունը իր ամենաերկյուղալի կողմերով՝ բացահայտված սուտ, մեկի զայրույթ, մյուսների վիշտ, մեղադրանքներ, պատիժներ, գուցե դպրոցից հեռացում, վերադարձ դեպի ինքն իրեն, անզորության, մեղքի զգացում, նվաստացում, մռայլ քմծիծաղ. «Նրանք իրավացի են. ես ոչինչ եմ, ոչինչ: Ես ոչինչ եմ»: Այո՛, հասարակությունում, որտեղ մենք ապրում ենք, իր ոչնչության մեջ համոզված դեռահասը զոհ է: Ահա սա է, ինչ կյանքի փորձը մեզ առնվազն սովորեցնում է:

16
Պատճառները, որոնց համար ուսուցիչներն ու ծնողները, պատահում է, աչք են փակում այդ ստերի վրա, մինչև անգամ մեղսակից լինում, չափազանց շատ են քննարկման համար: «Ինչքա՞ն սուտ եմ ես լսում ամեն օր. չորսից հինգ դասարան՝ յուրաքանչյուրում 35 աշակերտ,- ինքն իրեն շատ տեղին կարող է հարցնել ուսուցիչը: -Որտեղի՞ց այդքան ժամանակ գտնեմ այս հարցումների համար: Եվ առհասարակ, ես հո հետախույզ չե՞մ: Պե՞տք է, որ ես փոխարինեմ ընտանիքին բարոյական դաստիարակության հարցում: Եթե այո, ապա ի՞նչ սահմաններում»: Եվ այսպես, հարցերի մի ամբողջ ձանձրալի շարք, որոնցից յուրաքանչյուրը մի օր դառնում է գործընկերների միջև թեժ քննարկման առարկա: Բայց կա բոլորովին այլ պատճառ, որի համար ուսուցիչը անտեսում է այս ստերը։ Այդ պատճառը շատ խորն է թաքնված, և եթե վեր հանենք, կհնչի մոտավորապես այսպես. «Այս տղան մասնագիտական ձախողմանս մարմնացումն է: Ինձ չի հաջողվում նրան ոչ առաջ տանել, ոչ էլ, ինչպես հարկն է, աշխատեցնել։ Ստիպում եմ նրան դասերին գալ և միանգամայն վստահ եմ, որ նա միայն ֆիզիկապես է ներկա»: Բարեբախտաբար, այս անձնական մեղադրանքը հենց երևալուն պես բազմաթիվ ընդունելի փաստարկներով բացատրվում է. «Այս մեկի հետ ես ձախողեցի, համաձայն եմ, բայց մյուսների հետ ամեն ինչ կարգին է: Ամենևին էլ իմ մեղքը չէ, որ այս տղան սովորում է չորրորդ դասարանում: Ի՞նչ են նրան սովորեցրել իմ նախորդները: Եվ ինչ է, միայն դպրո՞ցն է մեղավոր: Իսկ ծնողնե՞րը: Ինչի՞ մասին են մտածում ծնողները: Հնարավո՞ր է ենթադրել, որ այդքան աշակերտների և խիստ ծանրաբեռնվածությանս հետ ես կարող եմ նրան օգնել՝ լրացնելու բաց թողածը: Բոլոր այս հարցերը, որ վերաբերում են աշակերտի անցյալին, նրա ընտանիքին, գործընկերներին, հենց դպրոցին, մեզ թույլ են տալիս անկեղծորեն դպրոցական մատյաններում գրելու ամենատարածված մեկնաբանությունը. «Տարրական գիտելիքների բացակայություն» (ես դա նկատել եմ նաև նախադպրոցական դասարանի աշակերտի թերթիկի մեջ)։ Այլ կերպ ասած՝ թող ուրիշները մտահոգվեն: Առաջին հերթին, իհարկե, ծնողներն են մտահոգվում: Նրանք  չեն կարողանում դրանից ազատվել: Այս տղաների ամենօրյա ստերը նրանց ուժասպառ են անում. վրիպած ստեր, հորինած պատմություններ, չափազանց մանրամասն բացատրություններ, ժամանակից շուտ արված արդարացումներ. « Իրականում ի՞նչ է տեղի ունեցել… »։
Ծնողների մեծ մասը, անվերջ պատերազմից հոգնած, ձևացնում է, թե ընդունում է այս ստերը, որպեսզի նախ և առաջ ժամանակավորապես հանդարտացնի իր սեփական անհանգստությունը (այս դեպքում ճշմարտության մի կաթիլն անգամ ՝ 1515 -ին Մարինյան ճակատամարտը, ասպիրինի դեր է խաղում), այնուհետև, որպեսզի պահպանի սովորական ընտանեկան մթնոլորտը, որպեսզի ընթրիքը դրամայի չվերածվի (միայն թե ոչ այսօր, խնդրում եմ), որպեսզի հետաձգեն անկեղծ խոստովանությունների փորձը, որոնք սրտաճմլիկ են բոլորի համար, կարճ ասած, հետաձգելու համար այն պահը, երբ վերջապես, ստանալով քառորդային ամփոփագիրը, առանց զարմանքի կգնահատեն դպրոցական ահավոր վիճակը, որը շահագրգիռ գլխավոր անձի կողմից ճարպկորեն այսպես թե այնպես գրիմավորված է:
Վաղը, վաղը մենք կտեսնենք….

17
Երեխայի ստին չափահասի հանցակից լինելու պատմություններից ամենահիշարժանը իմ ընկեր Բ.-ի եղբոր հետ է պատահել: Նա այդ ժամանակ տասներկու կամ տասներեք տարեկան է եղել: Վախենալով մաթեմատիկայի ստուգողական աշխատանքից՝ խնդրում է իր լավագույն ընկերոջը ցույց տալ կույր աղիքի ճիշտ տեղը, որից հետո փռվում է ՝ ձևացնելով կույր աղիքի ահավոր նոպա: Տնօրենությունը ձևացնում է, թե հավատում է, նրան տուն է ուղարկում, միայն որպեսզի ազատվի նրանից: Ծնողները, որոնք նմանատիպ բաներ էլի էին տեսել, այնուամենայնիվ նրան տանում են մոտակա հիվանդանոց, որտեղ, ի զարմանս բոլորի, նրան անմիջապես վիրահատում են: Վիրահատությունից հետո հայտնվում է վիրաբույժը՝ ձեռքին մի տարա, որի մեջ լողում է ինչ- որ արյունոտ բան, և ամենաանմեղ դեմքով հայտնում է.
-Լավ է՝ հասցրինք վիրահատել. արդեն բորբոքվել էր:
Ընդհանուր ստի վրա կառուցվում են հասարակություններ:
Կամ էլ՝ մեկ այլ պատմություն, որը վերջերս է պատահել. Ն.-ն՝  փարիզյան լիցեյներից մեկի տնօրենը, հսկում է անհարգելի բացակայությունները: Նա անձամբ է հաշվառում անում ավարտական դասարաններում: Մասնավորապես աչքի տակ է առել մի ռեցիդիվիստի, որին վերջին անհարգելի բացակայության համար սպառնացել էր հեռացնել: Այդ առավոտ տղան բացակա էր. սա արդեն չափազանց է: Անմիջապես ընդունարանից զանգում է ընտանիքին: Մայրը նրան հայտնում է, որ իր տղան հիվանդ է, անկողնում պառկած է, ջերմության մեջ վառվում է, և վստահեցնում է, որ ինքը պատրաստվում էր տեղեկացնել նրանց: Ն.-ն բավարարված դնում է խոսափողը։ Ամեն ինչ կարգին է, բացառությամբ մի բանի. գրասենյակ վերադառնալիս նա հանդիպում է այդ տղային: Մինչ ինքը զանգում էր, տղան պարզապես զուգարան էր մտել։

Շարունակությունը

Թարգմանություն ֆրանսերենից

Լուսանկարը՝ «Սեպտեմբերի 1» կաքից

Թարգմանիչ: 
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский