Չարենցի բառերի աշխարհում

Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին

20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծը՝ Եղիշե Չարենցը, հզոր ու հարուստ գրականություն է ստեղծել: Հզոր ու հարուստ է նաև Չարենցի բառերի աշխարհը: Բանաստեղծի բուռն ու անհանգիստ կյանքը համընկավ աշխարհասասան ու փոթորկուն իրադարձություններին, որոնք իրենց կնիքը թողեցին նրա ստեղծագործության վրա։ Բազմաժանր, բազմաբնույթ ու բազմաձև նրա ստեղծագործությունը արտահայտվում է հայերենի բառապաշարի ամենատարբեր շերտերի, ոճերի ու լեզվի տարբեր փուլերի հարուստ բառամթերքի կիրառմամբ: Ի բնե օժտված լինելով բառազգացողության նրբին ընկալողունակությամբ՝ Չարենցը վարպետորեն ու դիպուկ է գործածում բառը, բառից պատկեր, բառից խորհրդանիշ անցումները: Նրա գրչի տակ մեր լեզուն, ինչպես բանաստեղծն է ասում, «…ճկուն է ու բարբարոս, կոպիտ է ու առնական…, փայլում է մերթ, ինչպես բյուրեղ, կոպիտ է ինչպես լեռնային քար…»:

Չարենցի անցած գրական ողջ ուղին կարելի է բաժանել մի քանի փուլերի, և ստեղծագործական ամեն մի շրջան առանձնանում է յուրահատուկ բառապաշարով, լեզվական ուրույն մտածողությամբ: Այսպես՝ ստեղծագործական առաջին շրջանը սիմվոլիստական պոետիկայի, նոր իդեալի որոնման, վառ հույսերի ու հաջորդող հիասթափությունների շրջան է, և դժվար չէ առանձնացնել այն բառամթերքը, որ առանձնահատուկ է նրա պոեզիային այս շրջանում.  ահա մի փունջ՝ հարդագողի ոսկեման ուղիներ, գորշ օրերի տաղտուկություն, անմխիթար զառանցանք, անկարելի խնդություն, ծիածան ու կապույտ աղջիկ, իրիկնային քույր, լուսամփոփի պես աղջիկ, դատարկ, անձրևոտ փողոցներ, տրտմություն, գիշեր, աստղեր, լուսին, զանգերի ղողանջ, երազ, կարոտ, թախիծ, կորուստ և այլն:

Բանաստեղծի ստեղծագործական հաջորդ շրջանը հեղափոխական փոթորկուն տարիներն են, որ ստեղծագործական նոր դիրքորոշում են բերում։ «Գորշ, տաղտկալի ու խելագար» կյանքի ահագնացող ընթացքը կանխազգացող բանաստեղծն այս դեպքում բառերի իր աշխարհն առանց շռինդ-շառաչ, թափ ու շաչյուն, պայքար ու գրոհ ունեցող բառերի ու արտահայտությունների չի պատկերացնում, ինչպես՝ խելագարված ամբոխներ, հրանման հոգիներ, հրակարմիր իրիկուն, կարմիր ապագա, հրդեհ, կայծեր, բորբ արև, արյունամած մուժ, անծայրածիր կարոտ, կռիվ, պայքար, բոսոր սրտեր, կարմիր կամք, աղմկող հողմեր, բրոնզե թևեր, կարմրածուփ հորիզոն և այլն:

Ստեղծագործական հաջորդ շրջանում բանաստեղծը կերտում է սիրո ու լիարժեք կյանքի փառաբանության մի չքնաղ աշխարհ, աշխարհ, որ հարուստ է կյանքի գեղեցկություններն ու «անգին գոզալի լուսե պատկերքը» փառաբանող, նաև հայրենիքի՝ «Հայաստան յարի» հանդեպ իր անմնացորդ սերն արտահայտող բառերով ու արտահայտություններով: Այդ շրջանի «տիրակալները» ամռան անուշ, հուրհրատող տոթն են, նուռն ու նարինջը, միրգն ու մուրազը, Սայաթ –Նովան ու գոզալի լուսե պատկերքը, առավոտվա դրախտային շաղն ու բախչի միջի ծաղիկները, լեն դուքանները, հարբած դուքանդարը, ատլասը, խասը, խաս խալիչեքը, վարդստանն ու Շիրազը, կարոտած սրտի հեքիաթը, լուսապսակ ճակատը, անհաս փառքի ճամփա Մասիսն ու Արարատի ճերմակ գագաթը:

Այսպես, իր ստեղծագործական բոլոր շրջաններում նա հրաշալիորեն կիրառում է այն բառմթերքը, որ «…որպես մարմար դարերով հղկել են մեր խոնարհ ու հանճարեղ վարպետները»: Սակայն Չարենցը, իբրև բառաստեղծ ու լեզվաշինարար, չի բավարարվում եղածի գործածությամբ և ստեղծում է նոր բառեր, կազմություններ՝ ստեղծագործական վաղ շրջանում՝ ավելի քիչ, իսկ կյանքի վերջին տարիներին՝ ավելի մեծ քանակությամբ: Դրանք հաճախ անսպասելի ու առաջին հայացքից անհամադրելի արտահայտություններ են, որ հարստացնում են ու որակական մի նոր աստիճանի հասցնում մեր լեզուն: Չարենցի ստեղծած բառերը, որ փորձել եմ առանձնացնել նրա ստեղծագործությունից, տարաբնույթ են կազմությամբ՝ արմատական բառեր, բառաբարդումներ, բառածանցումներ։ Երբեմն երևույթի սաստկությունն ընդգծելու համար Չարենցը դիմում է նույն կամ հոմանիշ արմատի կրկնությամբ բառ կազմելու սկզբունքին, ինչպես՝ գորշագորշ, սևասև, շողշող, ժանտաժանտ, ժանտադաժան, հսկավիթխարի: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն բառերը, որոնցում ածանցն ավելանում է ոչ ավանդական արմատի կամ արդեն գոյականակերտ ածանց ունեցող բառին. այսպես՝ զարհուրանքալի, արհավիրքալի, հոգսոտ, լեգենդական: Մի առանձին հետաքրքրություն է ներկայացնում հուրհուրան բառը, որը մշտապես բանաստեղծը այսպես է գործածում և միայն մի քանի տեղում հանդիպում է հուրհրան ու մի անգամ էլ՝ հրահըրան ձևը:

Պահպանելու համար վանկերի անհրաժեշտ քանակը կամ հանգը՝ Չարենցը հաճախ բառից հանում է հնչյուն կամ հնչյունախումբ։ Այսպես՝ հրացայտ, ցիրուցան, զանգակատուն, հառաչանք, ամպագոռգոռ, նախանձություն, սխրագործություն, առնականություն, կառափնարան բառերի փոխարեն նա ստեղծում ու գործածության մեջ է դնում դրանց՝ հրցայտ, ցիրցան, զանգատուն, հառաչք, ամպագոռ, նախանձանք, սխրություն, առնություն, կառափնուտ հոմանիշ տարբերակները։

Չարենցի բառաստեղծումը հարուստ է նաև խոսքիմասային պատկանելիությամբ՝ մեծավ մասամբ ածականներ՝ վրեժաժպիտ, վարակածին, հազարաբարիք, մահագուշակ, սևասև, անալելու, մահահոտ, երկնահեռ, արնակարոտ, հրաքանքար, նաև գոյականներ՝ ինքնախոյացում, առնություն, նախանձանք, սխրություն, կոշկոճ, անեզրություն, բայեր՝ խոհակալած,  դժնել, ահռել, թևել, ու մակբայներ՝ քայլերեր, հողմաերեր, շողշող և այլն: Չարենցն անշուշտ փայլուն տիրապետում է մի հատիկ բառով կամ մակդիրով անմոռանալի, անջնջելի պատկեր ստեղծելու արվեստին։ Ահա, օրինակ՝ ընկերների չու, կապարե ներկա, կապարե երգ, կմախքե ձիեր, երկաթաթերթ վարդ, հերթափ, գոսնելի ասպետներ, արնահոտ թուր, ձիրք անհեղլի, խորշակյալ դաշտ, մահատիպ Ձենով-Օհան, այգամեծ ապագա և այլ արտահայտություններ:
Ստեղծագործական այն շրջանում, երբ բանաստեղծը տուրք է տալիս գրական նորահայտ ուղղությունների, ինչպիսին ֆուտուրիզմը կամ նատուրալիզմն են, Չարենցը ագիտացիոն պոեզիայի կարևոր տարրերից մեկը համարում է ամենքին հասկանալի , հանրամատչելի, երբեմն նույնիսկ պարզունակ խոսքը: Այս շրջանում է, որ հաճախ հրաժարվում է «բարձր» խոսքարվեստից, և նրա խոսքի աշխարհ են թափանցում առօրյա-խոսակցական, բարբառային բառեր ու ձևեր՝ թռցնում է դեղին նժույգները իրա, Դավթին սիրում էր իրա ձին, քաղքից էկած, պոպոզավոր ախպերներ, տռուզ, կակուղ, խուրդա-մուրդա, խալխ, ռեխ, քացի, մռութ, օտարաբանություններ՝ սապնափրփուր, թամաշա, թեփշի, դավի դարաբա, սավետական, բալշևիկ, կաֆե, աժուր չուլքի, ալեյ, մուժիկ, իդիոտ երեխա, գազեթ, վիտրին և այլն:

Իսկ ահա վերջին տարիների ստեղծագործություններում Չարենցը հաճախ է գործածում գրաբարյան արտահայտություններ, բառեր ու կառույցներ: Այսպես՝ առասպելյալ գայլ, խորշակյալ դաշտ, ողջակիզյալ, նոքա, նոցա, սոքա, սոցա, խժդժությանց, լյառն, լերան, ծափահարությանց, քանզի, անսալ, վաղվաղակի մշակ, կերգեն ձեռամբ, բարբառեն բանիվ, գեղգեղեն ձեռամբ, ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո, արեգնյալ կացին, հրկիզյալ Երկիր: Սա, անշուշտ, իր բացատրությունն ունի. ստեղծագործական մեծ թռիչքների ու իր ապրած փոթորկուն կյանքից իմաստնացած բանաստեղծը չէր կարող չվերադառնալ իր լեզվի անհատնում շտեմարանին ու հենց այսկե՛րպ պիտի արժևորեր «…մեր խոնարհ ու հանճարեղ վարպետների՝ որպես մարմար հղկած» ոսկեղենիկ լեզուն՝ գրաբարը: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский