Խաչատուր Աբովյանը և Թիֆլիսը

Խաչատուր Աբովյանը Թբիլիսիի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի և հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին» ուսումնասիրության մեջ: Աբովյանի այս ուսումնասիրությունը, հիրավի, կարևոր սկզբնաղբյուր է Թբիլիսի քաղաքի մասին: Ուսումնասիրության նախնական տարբերակը գրվել է 1841թ. փետրվար-հունիս ամիսների ընթացքում: Աբովյանն այն սկսել է գրաբար, բայց մի քանի տող գրելուց հետո ընդհատել է` անցնելով գերմաներենին: Հետագայում ուսումնասիրությունը Կ. Աբովյանի կողմից թարգմանվել է հայերեն:

«Ով տասը տարի սրանից առաջ Թիֆլիսը տեսել է, հազիվ թե իր աչքերին հավատա, որ մի քաղաք, որը ոչ այլ ինչ էր, քան մի աղբակույտ, կարճ ժամանակի ընթացքում կարողանար այդպես արագորեն փոխվել: Փառք այն բարեմիտ, իմաստուն կառավարությանը, որն իսկական հայրական խնամքով ստանձնել է երկրի ճակատագիրը, հովանավորել է այն իր պաշտպանող աջով և անընդհատ բարգավաճելու հնարավորություն է ստեղծում հօգուտ այդ երկրի»:

Պարզվում է` նախկինում ոչ միայն աղբակույտ է եղել, այլև ավազակային որջ  «Թիֆլիսը, որ գրեթե ավազակային որջ է եղել լեզգիների և այլ հարևան, մինչև այսօր էլ անկուլտուրական ժողովուրդների համար, որոնք տնօրինում էին նրա բախտն ըստ իրենց քմահաճույքի»:

Աբովյանի վկայությամբ` նախ հարթվել են լեռնագագաթները և բարձունքները, այգիներն ու հովիտները վերացել են` տեղ բացելով կանոնավոր փողոցների և գեղեցիկ «եվրոպական շինարարական ճաշակով կառուցված փառահեղ շենքերի» համար: Աբովյանը պատմում է նաև Թիֆլիսում կառուցված առաջին մայթերի մասին. «Խուսափելու համար այն զարհուրելի ցեխից, որը հաճախ ճահճանման գոյանում է անձրևային օրերին կավահողի պատճառով, այս տարի գլխավոր փողոցների երկու կողմը մայթեր են սարքել: Փողոցների մեծ մասը նույնպես լավ սալարկված է»:

Քաղաքը լի է եղել կրպակներով, ունեցել է հինգ քարվանսարա, որոնցից լավագույնը պատկանելիս է եղել հայ գնդապետ  Արծրունուն, եղել են հյուրանոցներ, որոնցից ամենամեծի սեփականատերը հրեա Սոլոմոնն էր:

Թիֆլիսը ունեցել է նաև երկու գործարան՝ շաքարի և մետաքսի: Տեղ-տեղ կարելի էր տեսնել բիլիարդի և գարեջրի տներ, որոնց տերերը եղել են բացառապես գերմանացիներ: «Ոչ պակաս հաջողությամբ իրենց արհեստով են զբաղվում այստեղ նաև ատաղձագործները, դերձակները, վարսավիրները, դարբինները, ժամագործները,-մեծ մասամբ գերմանացիներ»:

Թիֆլիսի ազնվականների ակումբի մուտքը, որտեղ կարելի էր զանազան լեզուներով լրագրեր կարդալ, ազատ է եղել յուրաքանչյուրի համար: Աբովյանը փոխանցում է, որ ազնվականների այդ ակումբը տեղակայված է եղել «հայոց հռչակավոր դպրոցում», որի հիմնադիրը արժանապատիվ Ներսես արքեպիսկոպոսն է եղել: Խոսքը, ամենայն հավանականությամբ, Ներսիսյան դպրոցի մասին է:

Ազնվականներն ու իշխանները քաղաքացիների հետ վարվում էին ինչպես իրենց հավասարի` ոչ մի տարբերություն չդնելով: Ահա, այսպիսի ազատամիտ բարքեր մեր Թիֆլիսում: «Տների մեջտեղից տարբեր ձևերով դուրս են ցցվում եկեղեցիների բարձր գմբեթներ, եկեղեցիներ, որոնցից 6-7-ը ռուս-վրացական են, 8-ը հայկական, մեկը կաթոլիկական, մեկը մահմեդական, և որոնք կարծես մրցության մեջ են մտել առաջնություն ձեռք բերելու համար»: Թիֆլիսցիները սիրել և նշել են հատկապես երկու տոն` սուրբ Դավթի և սուրբ Գևորգի տոները:

Պարզվում է` քաղաքում հասարակական  զվարճանքները սակավ են եղել: Թիֆլիսում ամենից ավելի այցելվող զվարճավայրերը եղել են տաք հանքային բաղնիքները:

Թիֆլիսում չի նկատվել նաև դպրոցների պակաս. այլ բան է, որ կրթության որակը, բացառությամբ գիմնազիայի, բարձր չի եղել: Թիֆլիսն այդ տարիներին ունեցել է 3000 տուն և 40 000 բնակիչ, որոնց մեծ մասը` հայեր: Քաղաքում ապրել են պարսիկներ, թուրքեր, հույներ, հրեաներ, թաթարներ, լեզգիներ, եվրոպացիներ` կազմելով «մի հոյակապ ամբողջություն»:

Առաջին անգամ Թիֆլիսը տեսնող եվրոպացու համար քաղաքը կարող է թվալ շատ զարմանալի և տարօրինակ` տեսնելով տարբեր հագուստների, դիմագծերի, լեզուների հակադրությունների այդպիսի համախմբում: Բայց պետք չէ զարմանալ մարդկանց տարբերության վրա, առավել ևս` պետք չէ մեղադրել: Եվ ընդհանրապես, Աբովյանն այն կարծիքին է, որ «Հարկավոր է մարդկանց այնպես ընդունել, ինչպես որ կան և հետո, եթե կամենում ես իսկապես մարդկայնորեն մոտենալ նրանց բարեփոխելու համար, ապա այդ պետք է անել խնայելով և զիջողաբար, բայց ոչ դառնությամբ և արհամարհանքով»:

Այնուհետև Աբովյանը, ամենայն մանրամասնությամբ, նկարագրում է թիֆլիսցիների կենցաղը` նախաճաշի բաղադրությունից սկսած` զանազան կերակուրներով վերջացրած: Նա չի մոռանում ներկայացնել նաև ուտեստների բաղադրատոմսերը, խնջույքի սկիզբն ու վերջը, կենացների հերթականությունը: Թիֆլիսցիները հայտնի են եղել գինու, հատկապես` Կախեթի գինու հանդեպ ունեցած մեծ սիրով: Աբովյանը թիֆլիսցիների` գինի խմելու հանգամանքը բացատրում է հետևյալ կերպ. «Գինին արտահանել չեն կարող, չեն կարող նաև դեն շպրտել, բնավորությամբ էլ ծույլ են, ի՞նչ պիտի անեն»: Բայց լավ է, որ «սովորությունը օժտել է տեղացիներին ոգելից խմիչքները տանելու մի անըմբռնելի ուժով: Նրանք սեղանից ելնում են այնքան խոհեմ, այնքան զվարթ, որ կարծես ոչինչ խմած չլինեն»:

Թիֆլիսի մասին իր խոսքն Աբովյանն ավարտում է այսպես. «…ժամանակի ընթացքում Թիֆլիսը կդառնա լայնածավալ Ռուսաստանի ամենամեծ և կարևորագույն քաղաքներից մեկը, որտեղից գիտությունն ու լուսավորությունը կսփռվեն ամբողջ Արևելքում»:

Իսկ,  ինչպիսի՞ն է Աբովյանի նկարագրած Թիֆլիսն այսօր: Թբիլիսին այսօր դիմագիծ ունեցող քաղաք է՝ ինքնատիպ ու միշտ հետաքրքիր, ուր հնաբույր թաղամասերի ու հնաոճ տների կողքին վեր են խոյանում ժամանակակից ու մոդեռն շինություններ: Քաղաքում այսօր էլ միախառնված են տարբեր մշակույթներ ու տարբեր ժամանակներ. վրացական ուղղափառ եկեղեցու կողքին դարեր ի վեր ապրել-ապրում են հայկական եկեղեցին, մուսուլմանական մզկիթն ու հրեական սինագոգը, և դա, ինչ խոսք, հրաշալի է: Մեր Թբիլիսին, ուր հայկական հետքերն ամեն տեղ և ամենուր գալիս, կարոտած փաթաթվում են քեզ ու հոգիդ ջերմացնում, կարծես հանդիպած լինես հարազատիդ: 

Միով բանիվ` Թբիլիսիում հանդիպում են երեկն ու այսօրը, հինն ու նորը, ինքնատիպն ու հետաքրքիրը, ճաշակն ու նրբագեղությունը, միտքն ու հոգին, ձևն ու բովանդակությունը: 

Աղբյուր` Խաչատուր Աբովյան «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի և հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին», «Սովետական գրող», Երևան 1984թ., էջ 600-609

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский