Ինձ կտեսնեք։ Գուցե…

Էքսպերիմենտալ մոնոներկայացման հրավեր էր կրթահամալիրի Գեղարվեստի ընդհատակում: Ժամը՝ 13.59: «Ես սպասում եմ ինձնից առավելագույն անկեղծության պոռթկում…»,- գրում էր կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Դիանա Տատինցյանն իր բլոգում:
Իսկապե՞ս, Դիանա, տեսնենք, հետաքրքրեցիր:

Վերջերս մոդայիկ է դարձել տեսադաս տերմինը: Չգիտեմ՝ տեսադասի ընդունված կաղապարը ո՞րն է, բայց այն, ինչի մասնակիցը եղա, իմ պատկերացմամբ, լավագույն տեսադաս կարող է համարվել… Միջավայրը՝ նկուղային տարածք, ներկայացողը՝ մեկ սովորող, հանդիսատեսը՝ Ավագ և Միջին դպրոցի սովորողներ, ուսուցիչներ:

Իրական կրթությունը միևնույն է, անհատական է, և բոլոր մարդիկ էլ անհատականություններ են՝ արժանի բացահայտման և ինքնարտահայտման:   Լավագույն կրթությունը միասին ապրելն ու միմյանցով ոգևորվելն է, ապրածն ու ստացածը միմյանց փոխանցելը… Լավագույն գնահատականն էլ ծափերն են՝ անկեղծ ու հիացումի:

Սովորողների և ուսուցիչների համատեղ ջանքերով ստեղծված միջավայր, Գեղարվեստի դպրոցի ծրագրի ղեկավարի՝ Քնարիկ Ներսիսյանի ստեղծած տաք մթնոլորտ, սրան ավելացնենք Հասմիկ Ղազարյանի պես անընդհատ ինքնակրթությամբ զարգացող մտավորական-ուսուցիչ, որ կայացրեց Դիանա Տատինցյանի և իսպանացի ժամանակակից գրող Հովիկ Կեուչկերյանի հանդիպումը, Նարինե Բարսեղյանի պես ինքնատիպ, հետաքրքիր ուսուցիչ, որ պիտի կարևորեր և իսպաներենից թարգմաներ Հովիկ Կեուչկերյանի «Բղավում եմ հուշեր» բանաստեղծությունը, Քնարիկ Ներսիսյանի պես հմայիչ մարդ, արվեստագետ` սիրահարված թատրոնին, թատրոնն ուղղելով դեպի սովորողի ներսը, նրա ապրումը, նրա ներսի փոթորիկը և… արդյունքում այն, ինչ տեսանք՝ ցավեցնելու չափ գեղեցիկ, կասեր ճապոնացի գրողը, Դիանա Տատինցյանին՝ իր անբռնազբոս խաղ-ապրումով, իր ստեղծած աշխարհով՝ խառնաշփոթի մեջ խիստ կանոնակարգված, արվեստի ուժով հմայած հանդիսատեսին: Պատանիների մի մեծ խումբ աչք ու ականջ էր դարձած: Ի՞նչ վերցրին, ի՞նչ տարան, ո՞վ կիմանա…

«Մարդիկ են ստեղծում հոգու փոթորիկը, բայց ոչ թե իրենց, այլ ուրիշի համար: Ցավն այն է, որ ոչ ոք չի կարող խուսափել այդ փոթորկից»,- ասում է Դիանան:
Սիրելի՛ աղջնակ, քո առաջացրած այս փոթորկի դեմ կա՞ բողոքող, թող առաջ գա: Ո՞վ կցանկանար խուսափել այդ փոթորկից: Քանիսի՞ն առավ իր մեջ  քո և քո ուսուցիչների ստեղծած այդ փոթորիկը: Կդժվարանամ ասել: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել. ես շնորհակալ եմ ձեզ այդ ոգեղեն փոթորկի համար և ասում եմ՝ կեցցեք:

Ուսումնական բնագավառ, դասընթաց: 
Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский