Տեխնոլոգիական հանրակրթության Ագարակ

Կրթահամալիրի հնաբնակները գիտեն, կհաստատեն: Ինչ ասես՝ եղել է այսօրվա Սեբաստացի ագարակի տարածքը՝ է՛լ բանջարանոց, է՛լ ջերմոց, է՛լ վարդանոց, է՛լ տարբեր մակնիշի մեքենաների գերեզմանոց հիշեցնող ինչ-որ բան, է՛լ ոչ մի բան… Տխուր, անմխիթար զգացողություն էր առաջացնում նայելիս՝ անհույս, անհեռանկար: Ո՛չ մի  հետաքրքրություն, ո՛չ մի  լուսավոր կետ: Միշտ խուսափել եմ այս վայրից. նույնիսկ այն ժամանակ, երբ վարդեր կային և բանջարեղեն, նույնիսկ այն ժամանակ, երբ աշխատատեղիս Դպրոց-պարտեզն էր, այդ խոպանի հարևանությամբ: Տարածքն անխնամ էր, վանող, ոչ մի ձգող, կանչող  բան..  Սա՝ Ագարակը երեկ. երեկ չէ՝ առաջին օրը: Ափսոս, որ լուսանկարներ չունեմ: Բայց նկարագրությունս ոչինչ, չէ՞, պատկերացրիք:

Հիմա՝ Ագարակն այսօր: Ա՛յ, հիմա սկսեմ լուսանկարներից:

Ես հրաշքների հավատացող մարդ եմ: Երևի դրանից է, որ իմ կյանքում հրաշք՝ ինչքա՜ն ասես… Կրթահամալիրում այնքա՜ն երևակայությունից դուրս հրաշալի բաներ են կատարվել իմ աշխատանքային երկար ու ձիգ  տարիների ընթացքում, որ թվում էր՝ հիմա արդեն ոչինչ ինձ զարմացնել չէր կարող: Բայց, խոստովանանք լինի, այս անապատի վերածնունդը նույնիսկ իմ պատկերացումներից դուրս էր: 

Ինչպե՞ս այն ավերակը դարձավ այսպիսի խնամված տարածք՝ իր ձիանոցով, թռչնանոցներով, ձիարշավարանով, շներով, սագերով, հավերով, նապաստակներով… Ինչպե՞ս հնարավոր եղավ կենդանության շունչ փչել այս անկենդան թվացող մարմնին:

Ինչպե՞ս այս հատվածը, որ աղբանոցի վերածվելու սպառնալիքի տակ էր, կրթահամալիրի ամենագործուն-բաբախող-զարգացող  մասերից մեկը դարձավ՝ ներառվելով, ներառելով, կյանք ստանալով, ապրելով: Բայց փաստորեն հնարավոր դարձավ: Եղավ: Ստացվեց: Դե, ի՞նչ ասեմ, տիար Բլեյան, հալալ է ձեզ ու ձեր այս թիմին, որը հավաքելու նախաձեռնողը էլի Դուք եղաք:  Երիտասարդ, եռանդուն, ասելիքով աշխատախումբ, կեցցես… Եվ ահա այսօր այսպիսի՝ իսկական, ժամանակակից Ագարակ ունենք. տեսեք։

Հիմա խոսենք ամենակարևորից՝ մանկավարժությունից: Չի կարող կրթահամալիրում որևէ բան ստեղծվել՝ առանց հիմքում մանկավարժական խնդիր ունենալու: Մեր բոլոր ջանքերը, եռանդը, միջոցներն ուղղված են մեր սանին, մեր սովորողին: Մենք նախևառաջ մանկավարժությամբ ենք զբաղվում. նախևառաջ էլ, նախևհետո էլ:

Իսկ կրթության կարևոր խնդիրներից է կյանքը չշրջանցելը, երեխային, սովորողին իր օրերի, իր ժամանակի մեջ հմտություններ, կարողություններ փոխանցելը՝ իրական հմտություններ, իրական կարողություններ, ոչ թե տեսություն հմտությունների, կարողությունների մասին: Եթե սա չի լինում, լինում է այն, ինչ լինում է՝ սովորող-չսովորողը կգնա իր ճանապարհով, կրթությունը՝ իր, իր ծրագրերով, իր խնդիրներով: Եվ կդառնա՝ ճամփե՜ն ուր, ճամփորդն ո՜ւր թումանյանական արտահայտությունը…

Որտե՞ղ պիտի քաղաքային դպրոցի մեր սովորողը շփվեր գյուղական տնտեսության, կենդանիների, թռչունների հետ: Որքան էլ որ մեր կրթահամալիրի սովորողը շատ է լինում գյուղական բնակավայրերում, դա այլ բան է. դա  տեսության գնալ է, այցելություն, հյուր գնալ, այլ բան է՝ այդ տնտեսությունը վարելը, դրա տերն ու ծառան լինելը:

Ագարակ, այսինքն՝ հողային տարածք, այդ տարածքի խնամք՝ փոցխում, մաքրում, կանաչապատում-ծառապատում, ցանում, ջրում, խոտի հավաքում ու պահեստավորում… Կենդանիներ, թռչուններ… Միայն ձիերի պես հսկաներին հետևելը, խնամելը, կերակրելը, մաքրելը արդեն լուրջ գործ է: Դա մի խումբ երիտասարդ մարդկանց, թող որ նվիրյալ, եռանով, իրենց գործին սիրահարված, բայց միևնույն է՝ փոքրաքանակ մարդկանցով  արվող գործ չէ: Այո՛, իրական Ագարակ, իրական աշխատանք և առավել ևս՝  իրական աշխատավոր: Կրթական ծրագիր է դառնում գյուղատնտեսական աշխատանքային հմտություններին տիրապետելը, կենդանիների խնամքն ու ձիավարությունը: «Իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր»,-ասում է սարոյանական հերոսը «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքում: Տեսնես՝ քանի՞ սովորող ունի այդ տենչանքը, քանի՞ սովորողի երազ կիրականանա: Եվ ինչո՞վ կրթական ծրագիր չէ երազանքների իրականացումը: Իսկ քանի՞ սովորող է երազում շուն ունենալ: Ես երբեք չեմ երազել: Ես միշտ եմ ունեցել: Եվ դրա համար շնորհակալ եմ ծնողներիս: Քանի՞ սեբաստացի շնորհակալ կլինի կրթահամալիրին շուն ունենալու, պահելու, շան հետ ընկերություն անելու հնարավորություն ստանալու համար:

Կան իհարկե հատուկ թերապիաներ՝ տարբեր կենդանիների հետ շփման արդյունքում առողջական խնդիրներ լուծող, այդ կենդանիներով պայմանավորված: Բայց արդյո՞ք բույսի, հողի, կենդանու, ասել է թե՝ բնության հետ շփումն ինքնին թերապիա չէ ցանկացած մարդու համար՝  անկախ նրա տարիքից: Առանց  բնության նկատմամբ հոգ տանելու, առանց բնության հետ ներառվելու, առանց բույսն ու կենդանին քո աշխարհում ներառելու ի՞նչ առողջ հոգի կամ առողջ մարմին: Ինչպե՞ս առանց այդ շփման հաղթահարել վախը կենդանու՝ ձիու, շան, նապաստակի, կատվի նկատմամբ, առանց աշխատանքի հետ օրգանական դարձող կապի ինչպե՞ս հաղթահարել անսովորությունը աշխատանքի նկատմամբ:

Մեր Ագարակը դառնում է բնագիտության ուսումնական կենտրոն, որտեղ սովորողը ձեռք է բերում տեխնոլոգիական հմտություններ: Յուրաքանչյուր սովորող իր անհատական ուսումնական պլանում կնշի այն ժամաքանակը, որ ինքը անցկացնելու է Ագարակում: Աշխատանքի-տեխնոլոգիական դպրոցը մեր կրթության կարևոր բաղկացուցիչն է: Եվ մեր Ագարակը ունի այդպիսի կրթություն ապահովելու բոլոր հնարավորությունները:

 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский