Երևակայության զարգացումն այլընտրանքի միջոցով

Երևակայությունը կարևոր է մեր կյանքում: Զրկեք մարդուն երևակայությունից, և առաջընթացը կանգ կառնի: Երևակայությունը մարդու բարձրագույն և անհրաժեշտ կարողություններից է: Հենց այդ պատճառով էլ այս ունակությունը հատուկ զարգացման կարիք ունի: Իսկ այն ինտենսիվ զարգանում է  հատկապես 5-ից մինչև 15 տարեկան հասակում: Եվ եթե այդ ժամանակահատվածում ոչինչ չի արվում երևակայությունը զարգացնելու ուղղությամբ, ապա գալիս է այդ գործառույթի ակտիվության նվազումը: Դրա հետ միասին նվազում է երևակայելու ունակությունը, աղքատանում է մարդու անհատականությունը, նվազում են ստեղծագործական մտածողության հնարավորություններն ու հետաքրքրությունը արվեստի և գիտության նկատմամբ:

Կերպարվեստի պարապմունքներին կրտսեր դպրոցականների մոտ երևակայության զարգացումն առավել կարևոր է նկարչական հմտություններից: Այդ տարիքում կերպարվեստի պարապմունքներին պետք է ներկայացնել երեխային անհրաժեշտ այնպիսի գիտելիքներ և հմտություններ, ինչպիսիք են՝ մանր մոտորիկայի զարգացումը, երևակայությունը, տարածության ընկալման հմտությունը, այլ ոչ թե մասնագիտական լուրջ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն միայն միջին և բարձր մասնագիտական հաստատություններում: Կրտսեր դպրոցականը դեռ լիարժեք չի կողմնորոշվում, թե ինչ մասնագիտություն է ընտրելու ապագայում, այդ իսկ պատճառով ժամանակը ծախսել նման դասընթացների վրա անիմաստ է, իսկ վերոնշյալ հմտությունները, որոնցից էր զարգացած երևակայությունը, անհրաժեշտ կլինի ողջ կյանքում՝ անկախ ընտրած մասնագիտությունից: Դասավանդման երկու տարվա ընթացքում կիրառել եմ մի շարք  հեղինակային վարժություններ, որոնք սովորողներին կօգնեն երևակայության զարգացման գործընթացում: Ստորև ներկայացված են այդ վարժություններից հաջողվածները և դրանց նկարագիրը:

Նախագիծ 1. Բնությունը՝ երևակայության աղբյուր

Հենց այն պահից, երբ արևը սկսեց մեզ ժպտալ, երկինքը պատվեց կապույտով, ծառերի բողբոջները մեզ ողջունեցին, սկսեցինք աշխատել և ստեղծագործել դրսում՝ բաց երկնքի տակ… Երբ զբոսնում էինք, երեխաների հետ ուսումնասիրում էինք մեր շրջակա միջավայրը՝ քարերը, ծառերը, ճյուղերը, փորձելով տեսնել գեղեցիկը ու երևակայել՝ տեսնել անտեսանելին: Երեխաները քար գտնելով ոգևորված բացականչում էին. «Ընկեր Հասմիկ, տեսե՛ք, ոնց որ երկնաքար լինի, կամ ոնց որ մարդու դեմք լինի, կամ ոնց որ..., կամ…»: Այսպես ծնվեց երևակայական այս նախագիծը:

Աշխատանք քարերով

Ցանկացած տեղից փնտրել և գտնել որևէ քար, որը սովորողը կերևակայի և կնմանեցնի ցանկացած կերպարի: Այդ քարը պարապմունքի ընթացքում ամրացնում ենք հաստ ստվարաթղթի վրա և ավելացնում այդ քար-կերպարի միջավայրը, կլինի դա գունավոր մատիտներով, ներկերով թե գունավոր թղթերով, կարևոր չէ:

Նայի՛ր երկինք, երևակայի՛ր

Այս առաջադրանքի համար մեզ անհրաժեշտ է միայն դուրս գալ բակ կամ պատուհանից նայել երկնքին և երևակայել: Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր սովորողի անհատական գործիքներն են բջջային հեռախոսը, պլանշետը կամ համակարգիչը, մեզ համար դժվար չէր լուսանկարել ամպերը, տեղափոխել համակարգիչ և «Paint» ծրագրով հենց նկարի վրա աշխատել: Այս առաջադրանքը կարող ենք իրականացնել նաև առանց համակարգչի երկու տարբերակով: Տարբերակ առաջին՝ տնային առաջադրանք՝ լուսանկարել ամպերը, տպել թղթի վրա և ներկայանալ դասին արդեն պատրաստ նկարով: Տարբերակ երկրորդ՝ կազմակերպել բացօթյա նկարչություն և հենց իրական ամպերին նայելով՝ բնօրինակից նկարել կերպարները :

Ի՞նչ է թաքնված ճյուղերի արանքում

 Ծառերի ճյուղերին նայելով, ուսումնասիրելով, երևակայելով՝ պատկերացնում ենք կերպարներ, և պատկերացրածը փոխանցում թղթի հարթությանը թելերի միջոցով և սոսնձում: Ներկերով կամ մատիտներով կարող ենք ավելացնել անհրաժեշտ դետալները: Ինչո՞ւ թելով, այլ ոչ թե մատիտներով կամ ներկերով, որովհետև կրտսեր դպրոցականները դժվարանում են փոխանցել գծի, ճյուղի ամբողջ սլացիկությունը թղթի, մատիտի կամ վրձնի օգնությամբ:

Նկարչություն ստվերներով

Սովորողն ընտրում է որևէ առարկա, դնում սպիտակ թղթի վրա, արևի շողերի շնորհիվ ստվեր է ընկնում թղթի վրա, և ստացվում բնական կերպով ստացված պատկեր: Նա երևակայում է , թե ի՞նչ կարող է ստացվել դրանից, ավելացնում անհրաժեշտ դետալներ և, վերջ, աշխատանքն ավարտված է:

Նախագիծ 2. Հանճարների հետքերով

Այս նախագծի ընթացքում սովորողներին ոչ միայն ներկայացվում են հայտնի նկարիչների կտավները, այլ հնարավորություն է տրվում կրկնօրինակել, «տեղափոխվել նկարչի մարմին»: Այս նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն բնօրինակին նայել և վերարտադրել, այլ նաև օգնում է սովորողներին սեփական տեսանկյունից գնահատել նկարը, ճիշտ վերլուծել կտավի կատարողականության բարդությունը, կոմպոզիցիոն առանձնահատկությունները, վերհիշել և մտապահել այդ կտավները, նկարչի մասին հետաքրքիր փաստերը, որոնք ներկայացվում են պարապմունքի ընթացքում՝ աշխատանքին զուգահեռ: Պարզունակ զրույցները կամ գունավոր մատիտներով կրկնօրինակումը, բացի այն, որ հետաքրքիր չէ սովորողներին, նաև մտքից շատ արագ դուրս է գալիս ցանկացած տեղեկություն, ցանկացած նկարչի մասին, որը պատմել է ուսուցիչը: Եվ ոչ մի տեսանկյունից չի զարգացնում մտածողությունը, երևակայությունը և այլն: Իսկ հետաքրքիր միջոցներով վերարտադրումը կամ հետաքրքիր փաստերի ներկայացումը, բացի այն, որ սովորողը տպավորված է լինում այդ պարապմունքից, նա նաև ոգևորված ստեղծագործում է, ստեղծագործական և յուրօրինակ լուծումներ է առաջարկում, զարգացնում է ինչպես միտքը, մտածողությունը, այնպես էլ երևակայությունը:

Քարերով վերարտադրում

Այս առաջադրանքն իրականացնելու համար պետք է ընտրել և հավաքել քարեր (խիճ), որից հետո սովորողները բաժանվում են 5 խմբի (կախված է սովորողների քանակից, խմբում պետք է լինի 3-4 սովորող): Ուսուցիչը յուրաքանչյուր խմբի տալիս է որևէ նկարչի հայտնի կտավ: Սովորողներին հակիրճ ներկայացվում է նկարչի և կտավի պատմությունը, որից հետո նրանք սկսում են նկարի վերարտադրումը քարերի միջոցով: Երևակայությունը օգտագործելով՝ սովորողները պետք է հասնեն նրան, որ աշխատանքը հնարավորինս նման լինի  բնօրինակին:

Ուրախ լուսանկարչություն

Նույն նախագիծը շարունակվում է, այս անգամ կտավի կրկնօրինակումը լինում է լուսանկարների միջոցով: Սովորողները, յուրաքանչյուրն իր խմբով, վերլուծում է նկարը, ուսուցիչն անպայման ներկայացնում է  նկարչի և կտավի պատմությունն այնպես, որ սվորողին հետաքրքրի, ոգևորի: Օրինակ՝ «Ըստ որոշ տվյալների՝ նկարիչ Լեոնարդո դա Վինչին գրեթե 12 տարի ծախսել է միայն Մոնա Լիզայի շուրթերը նկարելու վրա», այլ ոչ թե «Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզան» նկարել է 1503 թ.»:  Նկարներին ծանոթանալուց հետո սովորողները պետք է փորձեն կրկնօրինակել նկարում պատկերված կերպարի դիրքը՝ համապատասխանեցնելով հագուստը, դիմագծերը, մարմնի շարժումը և այլն: Այլ կերպ ասած՝ թղթի վրա պատկերված կտավը կենդանացնել: Անշարժանալուց հետո ուսուցիչը լուսանկարում է սովորողներին: Պարապմունքի ավարտին քննարկում և համեմատում են ստացված լուսանկարները: Սովորողները հսկայական ջանք, եռանդ են գործադրում, երևակայությամբ աշխատում առաջադրանքն իրականացնելու համար:

Տերևներով կրկնօրինակում

Այս առաջադրանքը կարող ենք իրականացնել միայն աշնանը, երբ տերևները գունավորում են ծառերը, քանի որ առաջադրանքի համար անհրաժեշտ են գունավոր տերևներ: Պարապմունքն անցկացվում է դրսում, որևէ այգում կամ բակում: Աշխատանքը խմբային է, խումբը կազմված է 5-7 սովորողից: Ուսուցիչը յուրաքանչյուր խմբի տալիս է որևէ նկարչի հայտնի կտավ: Սովորողները, ուսումնասիրելով նկարը, ընտրում են իրենց կտավին անհրաժեշտ տերևների գույները, և մի անկյունում վերարտադրում տրված կտավը:

Ձյունը կտավի փոխարեն

Ինչո՞ւ չօգտագործել բնական «սպիտակ կտավը», որն անվանվում է ձյուն: Տարածքն անսահման է: Այս վարժությունը նույնպես իրականացվում է դրսում, բնականաբար՝ ձմռանը, երբ շուրջն ամբողջը ձյունածածկ է: Այս առաջադրանքի համար  անհրաժեշտ են աղ, գուաշ և պոլիէթիլենային տոպրակ: Գուաշը պետք է խառնել  աղի հետ, ստացվում է գունավոր չոր խառնուրդ: Խառնուրդը լցնել տոպրակի մեջ , անկյունը կտրել, ընտրել հայտնի կտավներից որևէ մեկը, ընտրել տարածքը և վերարտադրել նկարը ձյան վրա:

Սառցե խաղալիքներ

Փայլաթիթեղի օգնությամբ պատրաստում ենք տարբեր կերպարներ:Փայլաթիթեղը շատ էլաստիկ է և հրաշալի ֆիքսում է տրված ձևը։ Հետո մեջն ենք լցնում գուաշով ներկված ջուրը և ֆորմաները տեղափոխում ենք ցուրտ տեղ: Սառելուց հետո սառցե խաղալիքներով ձևավորում ենք ծառերը: «Ռուսալ Արմենալ» ընկերությունը գրում է այդ նախագծի մասին:

Կետիկի արվեստը

Պուանտիլիզմ՝ բառացիորեն՝ «կետայնացում»: Պուանտիլիզմի տեխնիկայի հիմքում ընկած են դիտորդի հեռանկարային տեսողական ընկալումը և նրա երևակայելու ընդունակությունը, որոնց շնորհիվ բազմաթիվ գունավոր կետերը միավորելով՝ դիտորդը տեսնում է մեկ ամբողջական պատկեր՝ ավելի բազմազան նրբերանգներով, քան իրականում պատկերված է: Սովորողներն ականջի փայտիկների և գուաշի միջոցով նկարում են տրված առաջադրանքը: Հեռվից նայելով նկարին՝ հնարավորություն են ունենում տեսնել ամբողջական նկարը:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский