Երաժշտության ուսուցումը 4-5-րդ դասարաններում

Բոլորը գիտեն, որ երաժշտությունը կրթում և դաստիարակում է մարդուն, հղկում է ճաշակ, ինտելեկտ, օգնում է աշխարհայացքի  կերտմանը և ձևավորմանը: Երաժշտությամբ դաստիարակելը պետք է սկսել ամենափոքր տարիքից՝ մատուցելով երեխային  հասկանալի, հետաքրքիր,  բարձրարժեք երաժշտություն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության հեղինակային ծրագիր իրագործելու համար ստեղծված  են բոլոր անհրաժեշտ  պայմանները:

4-5-րդ դասարաններում  երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության և պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, ծեսերի և տոների մասնակցության, նախագծային ուսուցման (տոնացույց, հեղինակային մանկավարժություն) ծրագրերով, ինչպես նաև երաժշտա-տեսական գիտելիքների, երաժշտա-ռիթմիկ ընդունակությունների զարգացման միջոցով:

Երաժշտության ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի  կողմից գրառած և մշակած  ազգային, ժողովրդական  երգերը: Առաջնային դեր ունեն նաև ազգային, ժողովրդական պարերը, դասական երաժշտությունը:

Նախագծային ուսուցում՝ տոնացույցով, հեղինակային մանկավարժական ծրագրերի միջոցով

4-5-րդ դասարաններում երաժշտությունը կազմակերպվում է նախագծային ուսուցմամբ՝  կրթահամալիրի  տոնացույցի և հեղինակային մանկավարժական ծրագրերի միջոցով: Այս դասարաններում երաժշտությունը շաբաթական 2 դասաժամ է, որի արդյունքում իրականցվում են ավելի շատ և արդյունավետ նախագծեր: Նախագծերը կազմվում են`  ելնելով կրթահամալիրի օրացույցից, ծեսերից, տոներից, ստուգատեսներից:

Խմբային երգեցողություն և պար

4-5-րդ դասարաններում  խմբային երգեցողության հիմքում ընկած է ինտոնացիոն մաքուր երգեցողությունը, կատարողական գրագիտությունը և կուլտուրան, կերպարային զգացողությունը, ճիշտ շնչառությունը: Այս տարիքում ավելի տեսանելի է նոր ձևավորվող անհատի աճը: Խմբային երգեցողությունը և պարը ձևավորում են թիմային միասնականության մոդել, ինչպես նաև հղկում են ճաշակ:

«Դասարանական երգչախմբերի ստուգատես-փառատոն» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողները  վերը նշված հմտությունների շնորհիվ խմբային երգեցողության շատ լավ ելույթներ ունեցան:

Պարի դասավանդման խնդիրն ավանդական պարին բնորոշ ընդհանուր գիտելիքների, շարժումային համակարգի, զգացողության փոխանցման, ինչպես նաև ազգային պարերի տարածումն է: Ավանդական պարերի ուսուցումը   4-5- րդ դասարաններում   իրականցվում է ցածր դասարաններում արդեն ստացած հմտությունների հիման վրա:

Ավանդական պարերի ուսուցմանը նպաստող նախագծերից է «Պարերգեր. Երգ, շարժում, պար» երկարաժամկետ  նախագիծը: Այստեղ  սովորողները ձեռք բերեցին միաժամանակ երգելու, պարելու, ճիշտ շնչելու, երկար տեքստը հիշելու, խմբով աշխատելու հմտություններ: Նախագծի արդյունքում նրանք ծանոթացան հայկական ժողովրդական պարային քայլքին, էլեմենտներին, շարժումներին:

Խմբային երգեցողության ամենամեծ  արդյունք եմ համարում «Պարերգեր» սկավառակի  ձայնագրումը և շնորհանդեսը:

Խմբային երգեցողությունը և պարը իրականացվում են առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթ- համերգների,  առանձին  դասարան-համույթների, համատեղ միասնական դաս-համերգների, կրթական ծրագրերի փոխանակումների, ուսումնական ճամբարների, ճամփորդությունների ժամանակ:

Երաժշտության ունկնդրում

Ունկնդրվող նյութերն ընտրվում են  ազգային, հոգևոր և դասական երգերից, պարեղանակներից, հայ և այլազգի կոմպոզիտորների լավագույն դասական ստեղծագործություններից:  Կարևոր է, որ սովորողը ոչ միայն լսի, այլև ընկալի երաժշտությունը: 4-5-րդ դասարանցիները շատ լավ օգտվում են համացանցից, վարում են սեփական բլոգները: Այս տարիքում  պետք է նրանց ճիշտ ուղղորդել, որպեսզի  սովորողները կարողանան օգտվել ուսումնական երաժշտական կայքերից, էջերից: Ունկնդրումը իրականացվում է ոչ միայն երաժշտության դասաժամերին, այլև տանը:  Ունկնդրման կուլտուրայի ձևավորումը կատարվում  է կրթահամալիրային և արտագնա համերգների շնորհիվ:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով՝  հեղինակային երաժշտական նախագծերի, տոների և ծեսերի իրականացման ընթացքում,  սովորողների և ծնողների համար  ձայնադարանում պարբերաբար ստեղծում եմ  երաժշտական փաթեթներ, սկավառակներ, որոնք ուղարկում եմ նրանց էլեկտրոնային հասցեներին:

Ծեսերի և տոների մասնակցություն

Ծեսերի  և տոների նպատակը այն սովորողինը դարձնելն է, որ նա իրեն մասնակից  ու փոխանցող զգա: 4-5-րդ դասարանցու համար ծեսը դառնում է իսկական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր: Նրանք կարողանում են  համացանցից, ընտանիքի անդամներից, գրքերից  տեղեկություններ հավաքել, գրառել, հորինել ասացվածքներ, խոսքեր, հանելուկներ, ստեղծել իրենց  սեփական ներկայանալի  կերպարները, պատրաստել ուտեստներ և այլն:

Հյուսիսային դպրոց–պարտեզում «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց»  նախագծի շրջանակում սովորողների հետ իրականացրինք Տյառնընդառաջի, Բարեկենդանի, Զատկական ծեսերը, որոնք իսկական տոն դարձան  4-5-րդ դասարանցիների համար: Սովորողները ծիսական նյութը շատ լավ  էին յուրացրել, որի արդյունքում դարձան ծեսի հիմնական կազմակերպիչները և ազատ, անկաշականդ իպրովիզներ արեցին:

Ծեսը միավորում է բոլորին, դառնում է համադպրոցական, ընտանեկան: Այն կարելի է դիտել ոչ միայն որպես երաժշտական նախագիծ, այլև տեխնոլոգիական, մաթեմատիկական, մարզական և այլն: Սովորողը  ծեսերին նախապատրաստվելու և իրականացման  ընթացքում կարողանում է իրեն լավագույն ձևով դրսևորել և ձեռք բերել  նոր  հմտություններ ու կարողություններ:

Համերգներ

Համերգների նպատակն է սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա, զարգացնել երաժշտական ունակությունները,  ստեղծագործական երևակայությունը, նպաստել ազգային, հոգևոր և դասական երաժշտության յուրացմանը և ձևավորել կիրթ ունկնդիր:

Համերգին մասնակցելու համար  սովորողը կատարում է հետազոտական աշխատանք. օգտվում է համացանցից, գրականությունից, հավաքում տեղեկատվություն և ստեղծում ճանաչողական-ուսումնական ֆիլմեր, պատումներ և տեղադրում իր բլոգում:

Կրտսեր դպրոցի երաժշտական կրթություն ստացող կամ արդեն ստացած սովորողների միջոցով իրենցից ավելի կրտսերների համար կազմակերպվում են փոքրիկ համերգներ:

4-5-րդ դասարանի սովորողները ձմեռային ճամբարային օրերին ելույթ ունեցան 2-3-րդ դասարանցիների համար:

Համերգների արդյունավետ կազմակերպման ձև են միասնական, համատեղ դաս-համերգները, որտեղ սովորողները ծանոթանում են իրենց տարեկիցների հետ, տեսնում են նրանց երգելու առավելությունները, թերությունները, համեմատվում են միմյանց հետ:

4-5-րդ դասարանի  սովորողների  համատեղ դաս-համերգ կազմակերպեցին Հարավային դպրոց-պարտեզի սովորողների հետ:Իսկ 4-րդ դասարանի  սովորողները համատեղ բացօթյա դաս-համերգ կազմակերպեցին Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողների հետ:

Մեդիաուրբաթ-համերգներին մասնակցելը ուսումնական նախագծերի ցուցադրման լավ հարթակ է: Սովորողները առանձնակի ոգևորությամբ են պատրաստվում և ներկայանում ելույթներին:

Ավելի պրոֆեսիոնալ համերգներ արդեն Ավագ, Միջին դպրոցներում կազմակերպում է կրթահամալիրը՝ հրավիրելով մասնագետ երաժիշտ-կատարողների, որոնք, բնականաբար, տարբերվում են համերգասրահներում ներկայացվածներից: Այստեղ ունկնդիրը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ երաժշտական ընկալմամբ ավելի մոտ է կատարողների հետ և այլ տպավորություն է ստանում: Իհարկե, այլ համերգասրահներում կազմակերպված համերգների և երաժշտական ներկայացումների այցելությունն էլ շատ կարևոր և անհրաժեշտ է:

Երաժշտա-տեսական գիտելիքների զարգացում

4-5-րդ դասարաններում երաժշտա-տեսական գիտելիքների ուսուցումը կատարվում է շատ պարզ, տարրական գիտելիքների յուրացման և ընդհանուր ճանաչողության, զարգացման համար:

Երաժշտա-ռիթմիկ ընդունակությունների զարգացում

Երաժշտա-ռիթմիկ ընդունակությունների զարգացումը 4-5-րդ դասարաններում իրականացվում է ռիթմիկ վարժությունների` ծափերի, դոփյունների,  քայլքի,  ռիթմիկ արտասանության, պարի, երաժշտական ինքնաշեն գործիքների նվագակցության միջոցով:

Հյուսիսային դպրոց-պարտեզում 2016 թ. սեպտեմբերից  փորձարկում եմ «Ռիթմի թատրոն» նախագիծը:  Սովորողները գիտեն, որ նախագիծը փորձարարական է: Նրանց հետ ազատ ռիթմիկ փորձեր, իմպրովիզացիաներ ենք անում՝  փորձելով ստեղծել ալտերնատիվ նվագախումբերգչախում:

Երաժշտության ուսուցումը   4-5-րդ դասարաններում  կազմակերպվում է նաև բացօթյա միջավայրում՝  բակում, տանիքում, այգում, դաշտում, գետափում, արտագնա ճամփորությունների` դեպի թանգարան, եկեղեցիներ այցերի և կրթական ծրագրերի փոխանակումների միջոցով:

Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը  4-5-րդ դասարաններում   կատարվում է  սովորողի կատարած, հրապարակած գործունեության արդյունքներով:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский