mskh.am-ը` միավորող հարթակ

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ mskh.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայելին է: Կայքն անդրադարձնում է կրթամալիրի անցուդարձն  ու առօրյան` այն հասանելի դարձնելով բոլոր նրանց, ում հետաքրքիր ենք մենք ու մեր մանկավարժությունը: Այս առումով, այո՛, մեր կայքն անփոխարինելի է, նրա մատուցած ծառայությունն էլ` անգնահատելի: Իսկ, այն ինչ թանկ է ու սիրելի, հարկ է, որ միշտ մնա այդպիսին: Որպեսզի վերը հնչածը սիրուն բառեր չթվան (քավ լիցի), փորձեմ ձևակերպել, թե ինչ է տվել ինձ mskh-ը և, կամ ինչով եմ ես պարտական մեր կայքին:

  • mskh-ն  ինձ տվել է ազատ խոսք ունենալու համարձակություն և ինքնավստահություն,
  • հին ու նոր գործընկերների մեջ մարդուն ճանաչելու բացառիկ և անփոխարինելի հնարավորություն,
  • հանդուրժողականություն և բարյացակամություն իմ հատկապես այն գործընկերների նկատմամբ, ում հայացքներն իմ տեսանկյունից վիճելի են։

mskh-ը, որպես սիրելի մեկը, միշտ էլ իմ ուշադրության առանցքում է եղել, և, երբ mskh-ի նոր աշխատակարգի հետ կապված նկատելի սկսեց նվազել կայք այցելողների թիվը, անհանգստությանս մասին բարձրաձայնեցի: Տիար Բլեյանն առաջարկեց ուսումնասիրություն կատարվել և ձևակերպվել դժգոհություններն ու անհանգստությունները: Էլեկտրոնային և բանավոր հարցադրումներից կազմված ուսումնասիրությունից պարզվեց հետևյալը`

Մեծ մասը գոհ են կայքի մերօրյա աշխատանքից, ամեն մեկը՝ մի պատճառով.

  • այդպես ավելի հեշտ է և հարմար. հիմա բլոգներից, ենթակայքերից նյութերի ընտրություն անելու, հրապարակելու պատասխանատվությունն իրենց փոխարեն ստանձնել է կայքի ադմինիստրատորը.
  • կայքի հետ աշխատանքը աշխատատար և ժամանակատար էր. հիմա ավելի հանգիստ է.
  • բողոքելու բան չունեն, որովհետև իրենց նյութերը տարվում են կայք.
  • միևնույնն է, որովհետև իրենք ուշադիր չեն հետևում կայքին։

Հնարավոր է, որ իմ դիտարկումները փոքր-ինչ արդեն հնացել են, այնուամենայնիվ, նպատակահարմար գտա դրանք ներկայացնել` ամբողջական պատկեր ստանալու համար:

Մշտադիտարկման արդյունքում` վերջին մեկ և կես ամսվա ընթացքում արած դիտարկումները պայմանականորեն բաժանել եմ երկու խմբի`

  • ֆիզիկական միջավայրում տեսանելի ընթացող` անվտանգ հոսքեր.
  • հոգեբանական հարթակում աննկատ ընթացող` վտանգավոր հոսքեր։
  1. Ֆիզիկական միջավայրում նկատելիորեն նվազել են mskh-ի մուտքերը:
    Գիտեմ` հաստատ կլինեն մարդիկ, ովքեր կասեն` իսկ ի՞նչ պարտադիր է կայքը 7 000 կամ 5 000 մուտք ունենա (թեև կայքն առանձին օրերի հասնում է նախկինում կայուն ցուցանիշ համարվող 5000-ին): Բանն այն է, որ մուտքերի թվի նվազման կայուն միտումը Google որոնողական տիրույթում կայքն առաջին էջերից կարող է դուրս մղել: Սա, ինչ խոսք, անցանկալի է և ժամանակի ընթացքում կարող է անդառնալի կերպով փոխել կրթահամալիրի մեդիա վարկանիշը: 
  2. Կայքն առաջվա նման մոբիլ չէ:
    Նախկինում սովորողը գրում էր, և օրվա որ ժամն էլ լիներ` ուսուցիչը թողարկում էր: Հիմա սովորողը գրում է, ուղարկում է ուսուցչին, ուսուցիչը էլ ուղարկում կամ, եթե ուշ ժամ է, ոչ էլ ուղարկում է խմբագրին: Իսկ մյուս օրն այդ նյութը գուցե արդեն ժամանակավրեպ է: Ժամանակատար, ձգձգված, ոչ մոբիլ գործընթաց է ստացվում:
  3. Կայքը նախկինում բազմաշերտ էր:
    Այն հնարավորություն էր տալիս տարբեր ճաշակի մարդկանց հետաքրքրությունները բավարարել: Չէ՞ որ բնական է` այն, ինչը մեկին հետաքրքիր է, կարող է մյուսի համար ոչ էլ հետաքրքիր է: Իսկ այն, ինչ մյուսին է հետաքրքիր, շատ հնարավոր է, որ ուրիշներին չի էլ հետաքրքրում: (Իսկ չհետաքրքվողների դեպքում, ինչ խոսք, մնում է ձեռքերը թափ տալ, որովհետև ինչ էլ ասելու լինենք, մեկ է, հետաքրքիր չէ և վերջ):

Վերը թվարկված կետերը (բացի փակագծերում ասվածից) միանգամայն շտկելի գործընթացներ են, և դրանց համար շատ էլ անհանգստանալու կարիք չունենք: Վտանգավոր է մեկ այլ բան`հոգեբանական հարթակում աննկատ ընթացող հոսքերը: Դրանք մի քանիսն են`

  • ազատ մուտքի, ասել է թե` ազատ խոսքի անուղղակի արգելք.
  • անհավասարության, ասել է թե`անվստահության մթնոլորտ.
  • պատասխանատվության բացակայություն, ասել է թե` օտարում։
  1. Ազատ խոսքն ազատ է այնքանով, որքանով այն ազատ է օրվա բոլոր ժամերին, ցանկացած իրադրությունում, ցանկացած խոսակցության ընթացքում: Մեր կայքն ազատ խոսքի հանդեպ մշակույթ ձևավորած մեդիա է: Սա լրջագույն որակ է: Եթե պիտի, թեկուզ անուղղակի կերպով, այդ խոսքի վրա արգելք դրվի, կներեք, դա չեղավ ազատ խոսք և ոչ էլ ազատություն, նամանավանդ, որ մենք այդ խոսքի գինն ու կշիռը ունեցել ու հարգել ենք: Ինչ որ չեմ հիշում լուրջ մի դեպք, երբ նախկինում ազատ խոսքը կայքում վերածված լինի վիրավորանքի կամ գռեհկաբանության: Սա բացառիկ բան է, ու դրա համար մենք բոլորս պարտական ենք կայքին: Դժվարանում եմ պատկերացնել` եթե կայքն ի սկզբանե բաց չլիներ, ինչպիսին կլինեինք ես-մենք այսօր:
  2. Նախկինում կայքում ազատ մուտք ունեցողների վրա էր պատասխանատվությունը` թողարկել իր և սովորողների նյութերը, թե ոչ:  Ամեն թողարկող ինքն էր որոշում` ինչպես վարվել նյութերի հետ: Հիմա մենք միանգամայն այլ պատկեր ունենք: Հաճախակի հնչում են` «ինչո՞ւ անեմ, մեկ է, չեն նկատում, կայք չի տարվում»: Անկախ ցանկացած վերաբերմունքից և ամեն տեսակ պատճառաբանություններից` սա լավ չէ: Այն, ինչ անհավասարություն և անվստահություն է ծնում, արդեն լավը կամ բարի լինել չի կարող:
  3. Կայքի համար անհատապես պատասխանատվություն չկրելը անխուսափելիորեն տանելու է օտարացման և անտարբերության:

Առաջարկներ

Կայքի գլխավոր խմբագիրը` Արմինե Թոփչյանը, թող ունենա օգնականներ, ովքեր հանդես կգան որպես user-ներ: Նրանք կարող են լինել`

  • «Սեբաստացի» ռադիոյի պատասխանատուները
  • Դպրոցների, քոլեջի ղեկավարներ
  • ամսագրերի խմբագիրներ
  • ուսուցիչներ, ովքեր ասելիք ունեն, դիմում են մուտքի համար։

Սա մասամբ կթեթևացնի կայքի գլխավոր խմբագրի ծավալուն աշխատանքը` նրան հնարավորություն տալով՝

  • կենտրոնանալ լրատվության վրա, էլ ավելի մոբիլ արձագանքել կրթահամալիրային իրադարձություններին.
  • ուշադիր լինել կրթահամալիրի հատկապես այն աշխատողների բլոգներին, ովքեր արդյունավետ են աշխատում, բայց ինչ-ինչ պատճառներով խուսափում են կայքում երևալուց.
  • բեռնաթափել ենթակայքերի աշխատանքը. նյութերն ու ռադիոնյութերը ոչ թե ենթակայքեր կտարվեն, որ հետո բերվեն գլխավոր կայք, այլ անմիջապես կթողարկվեն mskh-ում։

Արդյունքում`

  • կայքը դառնալով էլ ավելի բազմազան` կաշխուժանա.
  • ենթակայքերի աշխատանքը կիսով չափ կբեռնաթափվի.
  • ավելի մեծ թվով սովորողներ և ուսուցիչներ հնարավորություն կստանան երևալ կայքում։

Սա կարող է հանգեցնել կայքի հնարավոր  «չարաշահման»: Կայքն ավելորդ «չարաշահումից» զերծ պահելու համար կարելի է ներքին պայմանավորվածություններ ունենալ թողարկվող նյութերի, քանակի և այլնի վերաբերյալ:

Կայքի զարգացմանն ուղղված առաջարկներ

Կարելի է mskh-ի տիրույթում ունենալ ֆորում-մեդիահարթակ, ուր կարելի կլինի կազմակերպել առցանց սեմինարներ և առցանց քննարկումներ:

Քանի որ mskh-ն ավելին է, քան կայքը, ուրեմն ամեն ինչ պիտի անենք, որ այն երևա իր ամբողջ փայլով ու հմայքով` մեր մանկավարժությանը հատուկ տաք գույներով, նուրբ երանգներով և սեբաստացիներիս բնորոշ անմիջականությամբ: Հակառակ դեպքում այն կվերածվի լրատվական չոր ու ցամաք անհոգի կայքի: Դրա համար նախ պետք է, որ այն զերծ մնա լրատվական կայք լինելուց: Իսկ, եթե ուզում ենք, որ այն լինի պաշտոնական, ապա թող որ առանց փողկապի լինի: Հա՛, մի կարևոր բան էլ: Առանց փողկապի լինի և անպայման ունենա սոցցանցի շարժիչ, որպեսզի կարողանա մեզ բոլորիս միավորել ու համախմբել, որ կարողնա օրը տոն դարձնել, որ կարողանա մեզ հետ զրուցել և համբերատար լսել մեր ասածը…

Հետգրություն

Իսկ ինչո՞ւ mskh-ի օր չունենանք և նրա ծննդյան օրը չնշենք: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ համով ծննդյան տորթեր կթխվեն, և ի՜նչ հավես պատումներ կպատմվեն…

Միանում եմ առաջարկին, որ կայքի գլխավոր խմբագիրն ունենա օգնականներ, ինչպես նաև mskh.am-ի տիրույթում լինի ֆորում-մեդիահարթակ:

Նոր աշխատակարգով մեր կայքն ավելի գրավիչ է դարձել: Ընթերցման արժանի են բոլոր նյութերը: Կայքում հրապարակված նյութերը գոնե մի քանի ժամ տեսանելի են լինում: Նախկին աշխատակարգով նյութերը մի քանի անգամ ավելի շատ էին և շարժափոկի նման դանդաղ շարժվում ու երկրորդ, երրորդ էջ էին տեղափոխվում ընթերցման համար արժանի, կարևոր նյութերը, որոնք շատ դեպքերում մնում էին չնկատված, չընթերցված ու չգնահատված: Կայքի առաջին էջում հրապարակվող նյութերի քանակը քչացել է, բայց նոր հեղինակների անուններ են ի հայտ եկել: Առաջին էջի նյութերի բեռնաթափության շնորհիվ ավելի գրավիչ ու բովանդակալից են դարձել կրթահամալիրի դպրոցների ենթակայքերը. օրինակ, Ավագ դպրոցինը: Նոր աշխատակարգի միակ թերությունը այն է, որ վերանում է «իմ էջը» գաղափարը և դրա տված առավելությունը: Նախկին աշխատակարգով կարող էինք բացել «իմ էջը» և մի քանի րոպեում գտնել մեկ-երկու տարի առաջ հրապարակված մեզ հետաքրքրող հեղինակային նյութը: Այժմ դա կարող ենք անել միայն բլոգով և ավելի շատ ժամանակ ծախսելով:

Նառա Նիկողոսյան

Նունե Մովսիսյանի անհանգստությունը կիսում եմ: Բաց ֆիզիկական միջավայրն ու բաց մեդիա միջավայրն այնքա՜ն ներդաշնակ են: Մենք բաց մեդիա միջավայր եկանք մեկ խմբագրով mskh.am-ից: Որպես կրթական միջավայր՝ բազմագույն կայքի ընթերցումը հետաքրքիր է: Բաց համակարգին բնորոշ մի ցուցանիշ ևս՝ բաց լինելով չենք հանդիպել որևէ անկարգության... Ինչքան էլ հարգելի ու սիրելի լինի կայքի խմբագիրը, միևնունն է, մի գույն է, իսկ բազմագույնն ու տարբեր կարծիքները հարստացնում են, անկախ նրանից՝ համաձա՞յն ենք, թե՞ ոչ...

Մարիետ Սիմոնյան

Նախ՝ շնորհակալություն  Նունեին  նման  ամբողջական  ուսումնասիրություն կազմակերպելու  և այսքան մանրամասն իր մտահոգությունները ներկայացնելու համար:
Նորից ասեմ իմ մոտեցումն այս հարցին: Ես մնում եմ այն կարծիքին, որ մեր  mskh.am կայքի առաջին էջը չի կարող հաջող-անհաջող, ծրագրային, ոչ ծրագրային նյութերի տեղատարափ լինել: Մնում եմ այն կարծիքին, որ առաջին էջը պիտի լինի խիստ ընտրված նութերի ներկայացում:
Մի քանի դիտարկում անեմ:  Չգիտես ինչու, այնպես ենք խոսում, կարծես mskh.am կայքը միայն  առաջին էջն է, կարծես մեր ենթակայքերը  mskh.am-ից դուրս գործող տարածքներ են:  Եթե ենթակայքերը աշխույժ և ծրագրային առումով  հաջողված նյութեր են դնում, ինչպե՞ս կարող է  առաջին էջը ավելի ակտիվ չլինել: Գուցե էստեղ մտածելո՞ւ բան կա... Ինչո՞ւ կայքի խմբագիրը, ում բարեխղճության և մեր մանկավարժական  ծրագրի իմացության վրա չենք կասկածում, այդքան մեծ ընտրություն չի ունենում: Կա՞ արժանի նյութ, որ չի բերվել առաջին էջ: Եթե կա, ինչո՞ւ չենք առաջարկել: Կա՞ դեպք, որ Արմինե Թոփչյանը համառել է, չի լսել, կամայականություն է ցուցաբերել: Թե՞ մենք ենք մեզ օտարում կայքից:
Ազատության մասին: Ես ազատ եմ իմ բլոգում և արտահայտվում եմ: Ես ազատ եմ իմ սովորողներին ներկայացնել Միջինի ենթակայքում, ֆեյսբուքյան իմ և սովորողների էջերում և դա անում եմ: Ես ազատ եմ և սիրով ու խաղաղ եմ նայում այն փաստին, որ Արմինե Թոփչանը ընտրի կամ չընտրի իմ սովորողների կամ իմ գործունեության արդյունքը: Ի վերջո, դա անում է նաև «Դպիրի» խմբագիրը՝ Սուսան Մարկոսյանը: Հարցն այն է՝ ես վստահո՞ւմ եմ այդ մարդկանց, թե՞ոչ: Այո, վստահում եմ:  Ազատ եմ այնքան, որ անհամաձայնության դեպքում էլ ասում եմ, քննարկում եմ, ինքս էլ եմ առաջարկություններ անում: Այսպիսին է իմ պատկերացրած ազատությունը:
Կարծում եմ, այս փոփոխությունից մեր կայքը ավելի ընթերցվող և ներկայանալի է դարձել: Արմինեն էլ սիրով և բծախնդիր կերպով անում է այդ գործը: Եվ լավ է անում:

Գևորգ Հակոբյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի mskh.am կայքի առաջին էջի մասին

Կրթահամալիրի փոփոխված կանոնադրության առաջին մասում ավելացել է 6.1 կետ. «Կրթահամալիրն ունի էլեկտրոնային կայք` www.mskh.am (այսուհետ` mskh.am), որը գործում է որպես կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է կրթական ծրագրերի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը»։

Քննարկել է պետք ոչ թե ամբողջ կայքը, այլ նրա առաջին էջը: Արժի անդրադառնալ կայքի առաջին էջի պատմությանը: Այսօրվա կայքի առաջին տարբերակը սկսել է գործել 2010-2011թթ.: Այդ ժամանակ կրթահամալիրում բլոգներ շատ քչերն էին օգտագործում. Հասմիկ Ղազարյանի բլոգում առաջին նյութը տեղադրված է 2011թ. հուլիսի 10-ին «Խելացի լինելու ճոխությունը» վերնագրով (իմ ծննդյան օրվ հետ կապ չունի), Նունե Մովսիսյանի բլոգում առաջին նյութը տեղադրվել է 2011թ. օգոստոսի 5-ին «Մեդիակրթության հայրը» վերնագրով: Ֆեյսբուքյան ակտիվիստներ ավելի ուշ ենք դարձել: Այսինքն՝ այն ժամանակ կրթահամալիրի կայքը միակ հարթակն էր դասավանդողների և սովորողների համար: Եվ ճիշտ էր որոշումը, որ շատ մարդկանց էր տրված կայքում նյութ հրապարակելու իրավունքը:

Այսօր վիճակը լրիվ փոխվել է: Կրթահամալիրի բոլոր դասավանդողները և սովորողների մեծ մասը բլոգատերեր են, կրթահամալիրի բոլոր դպրոցները (այդ թվում՝ և քոլեջը), «Դպիր» ամսագիրը, մեդիագրադարանը ունեն իրենց ենթակայքերը,  կրթահամալիրի ուսումնական կենտրոնները, ստուգատեսները, առանձին նախագծեր, սովորողների ամսագրերը ունեն իրենց բլոգները, բոլոր դասավանդողները և սովորողների մեծ մասը (հատկապես միջին և ավագ դպրոցում) ֆեյսբուքի ակտիվ օգտատերեր են: Կարող ենք արձանագրել, որ կայքի ընթերցողների մեծ մասը ավելի շատ ժամանակ լինում է ֆեյսբուքում, քան կայքի առաջին էջում: Այսօրվա դրությամբ կրթահամալիրի տնօրենի մայիսի 15-ի օրագիրը կայքից մուտք են գործել 80 ընթերցող: Ենթադրել, որ հսկա կրթահամալիրում տնօրենի օրագիրը կարդում է ընդամենը  80 մարդ, խելամիտ չէ: Հետևաբար մյուսները օգտվում են այլ մուտքերից՝ ֆեյսբուք, բլոգ:Ասածս այն է, որ կրթահամալիրի դասավանդողների և սովորողների արտահայտվելու հնարավորությունները մեծացել են: Հիմա կրթահամալիրցիներն իրար հետ ավելի շատ ֆեյսբուքում են լինում, քան կայքում:

Նունեի պնդման հետ, որ կայքի առաջին էջը կրթահամալիրի հայելին է, համաձայն չեմ: Հայելուն նայում ես ինքդ քեզ տեսնելու և հարդարելու համար: Կայքի առաջին էջը, ավելի շուտ, կրթահամալիրի ցուցափեղկն է, որն ուղղված է դրսի մարդուն, և որի շնորհիվ մարդիկ կմտնեն կրթահամալիր: Առաջին էջում տեղադրված նյութերին ներկայացվող պահանջները պետք է ավելի խստացնել՝ դրանք պետք է լինեն իրականացվող մանկավարժությունը ներկայացնող լավագույն նմուշներ՝ ամեն առումով: Օրինակ՝ եթե ներկայացվում է ֆիլմ, որը պատմում է հեծանվավազքի և մաթեմատիկայի համատեղ պարապմունքի մասին, այն պետք  է նախօրոք քննարկվի հեծանվավազքի, մաթեմատիկայի մասնագետների հետ, եթե երաժշտություն է կցվում, երաժշտության մասնագետի հետ (չեմ հասկանում, թե կենդանի խոսքը ինչու են փոխարինում անհասկանալի երաժշտությամբ): Կլինեն նյութեր, որոնք ներկայացնում են մանկավարժությունը, բայց որակի առումով զիջում են, օրինակ «Գետը քաղաքում» ընտանեկան նախագիծը: Որպես մանկավարժություն շատ լավ աշխատանք է, բայց կատարումը լավացնելու տեղ ունի:

Նունեի ներկայացրած հոգեբանական կողմի մասին: Եթե դասավանդողը և սովորողը ինչ-որ բան գրում են, և նրանց գրելու նպատակը առաջին էջում հայտնվելն է, լավ կանեն՝ չգրեն: Մարդը պետք է գրի այն, ինչը գրելը իրեն հաճույք է պատճառում, ուզում է գրել, չի կարող չգրել: Թվանշանի, ուրիշին (հատկապես մեծերին) դուր գալու համար գրածը կամ սովորածը ոչ մեկին պետք չեն:

Կայքի համար կարևոր է նրա գործելու անընդհատությունը: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ինչ-որ մեկի վատ աշխատանքի պատճառով կայքը կարող է մի քանի օր չգործել հոսանքի բացակայության պատճառով: Մենք կայքի առաջին էջը պետք է ունենանք, այլ՝ ոչ կրթահամալիրային սերվերի վրա:

Շատ մարդկանց նյութ տեղադրելու հնարավորություն տալը որակապես չի փոխի կայքի առաջին էջը (կա՞ օրինակ, երբ նյութ է առաջարկվել Արմինե Թոփչյանին, իսկ նա մերժել առանց հիմնավորումի): Դպրոցների ղեկավարները պետք է իրենց կայքերը դարձնեն ավելի աշխատող, ավելի որակով, հետևեն դասավադողների և սովորողների կայքերին և այդ ընթացքում առաջարկություններ ներկայացնեն առաջին էջի խմբագրին: Ուսումնական կենտրոնների ղեկավարները պետք է ակտիվացնեն իրեն կենտրոնների բլոգների աշխատանքը, հետևեն դասավանդողների և սովորողների բլոգներին և առաջարկություններ ներկայացնեն առաջին էջի խմբագրին: Դասավանդողը պետք է վարի իր բլոգը, հետևի սովորողների բլոգներին, ամսագրերին և առաջարկություններ անի դպրոցի ղեկավարին կամ առաջին էջի խմբագրին:

Սուսան Մարկոսյան

Կարո՞ղ են առաջին էջում մուտք ունենալ՝  

  • դպրոցի ղեկավարը՝ օրը մեկ նյութով (շատ հղումներով) ամփոփելու դպրոցի, դպրոց-ճամբարի, կրթական ծրագրի ղեկավարի իր օրը, նախաբանով, պարզաբանով.
  • ամսագիր-նախագծերի ղեկավարը՝ մեկ նյութով (շատ հղումներով) ներկայացնելու նախագծերում նոր հրապարակումներից ընտրված նյութեր.
  • առանձին նախագծերի ղեկավար ուսուցիչները՝ նախագծի իրականացման արդյունք ուսումնական նյութերը, լուսաբանումը ներկայացնելու շաբաթական մի փաթեթով։ 

 

Քրիստինե Շահբազյան

Հյուսիսային դպրոց-պարտեզի մի խումբ դասավանդողներով  կայքի գլխավոր էջի հետ կապված մի քանի դիտարկում ենք արել:

 1. Կայքը դարձել է գրավիչ ու հետաքրքիր, չնայած  ենթակայքերի շատ լավ նյութեր  հաճախ մնում են ստվերում:
2.  Ավելի շատ տեղ են գտնում ռադիոնյութերը, հոդվածները և անհատական պատումները, քան սովորողների ստեղծած մի քիչ անորակ ուսումնական նյութերը:
3. Ավելի քիչ են կրտսեր դպրոցների և պարտեզների տեսանյութերը:

Շնորհակալություն տիար Բլեյանին: Բոլոր նրանց, ովքեր ժամանակ գտան և մեկնաբանություններ գրեցին, ովքեր մասնակցեցին այսօրվա քննարկմանը: Ես, այդուհանդերձ, մնում եմ իմ կարծիքին, թեև կուզեի սխալված լինել: Ժամանակը ցույց կտա...

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский