Մասնագիտական փորձի քսակը լցնելը առաջնային է

Ուզում եմ պատմել 2016-2017 թթ իմ գործունեության մասին՝ ի՞նչ եմ արել մասնագիտական կրթության՝ քոլեջում նախադպրոցական մանկավարժության 3-րդ կուրսում:

Սեպտեմբեր ամսից արդեն որոշվեց, որ նախադպրոցականի ուսանողներն իրենց փորձառությունն անցկացնելու են կրթահամալիրի նախադպրոցականների խմբերում: «Ինչպե՞ս,- մտածում էինք բոլորս,- դժվար կլինի, չենք կարողանա, ի՞նչ ենք անելու…»: Դե, իհարկե, այդ լուրը մեզ նաև շատ դուր եկավ, քանի որ արդեն ոչ թե կլսեինք, թե ինչ են անում երեխաները, այլ կտեսնեինք ու մասնակից կդառնայինք:
- Չէ՞ որ մասնագիտական փորձի քսակը լցնելը առաջնային է,- ասում էր տիկին Աիդան: Առաջին իսկ օրվանից, երբ աշխատանքային նախագծերով ներս մտանք խումբ որպես ուսանող-դաստիարակ, մեր անհանգստությունը մնաց հետևում, որովհետև գիտեինք մեր անելիքը. մնում էր աշխատանքը կատարել սիրով և համբերությամբ՝ լսելով ավագ ընկեր դաստիարակներին, որ ամեն րոպե մեր կողքին էին:

Ամեն րոպե խմբում լինելը, ուսանողին տալիս է զարգանալու, ինքնահաստատվելու, ինքնուրույն դառնալու, ազատ մտածելու, անկաշկանդ լինելու, հմտանալու, կարողությունները զարգացնելու փորձ: Իսկ հիմա մեր երկրին պետք են այդպիսի մարդիկ՝ փորձառու, ինքնավստահ, ովքեր գիտեն՝ ինչ են անելու, ոչ թե տեսել են և լսել, այլ գիտեն հենց իրենց փորձով, իրենք են ստեղծել, իրենք են սովորեցնում: Գիտեք՝ ինչ մեծ հպարտություն է զգում ուսանող-դաստիարակը, երբ ծանոթ կամ անծանոթ մեկը հարցնում է՝ ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում, ու նրան պատմում է, որ երեխաների հետ է աշխատում, այո՛, աշխատում, ու այն մեծ աշխատանք է:

Երեխաներն էլ օգնում են մեզ, իրենց սիրով, իրենց ժպիտներով, օգնում են, որ դու ավելի շատ սիրես, սիրով աշխատես: Նրանք քեզ չեն նայում՝ որպես մեծ դաստիարակ, նրանք մեզ նայում են որպես իրենց ընկեր, իրենց հետ խաղացող, երգող, շատ հաճախ իրենց նման խոսող, իրենց նման քայլող, այ, այդպիսին է ուսանող-դաստիարակը: Նրանք գիտեն, որ մենք իրենց նման ենք, իրենցից չենք տարբերվում, դրա համար էլ երբ սկսում են հաշվել, թե քանի հոգի են մնացել, միշտ ինձ էլ են հաշվում, չէ՞ որ ընկեր Աղունն էլ է իրենց ընկերը: Նրանք ազատ են մեզ հետ, անկաշկանդ, մեզ հետ կապված հումորներ են անում, օրինակ՝ մի քանի դեպք պատմեմ, որ պատահել է 6 տարեկան քոլեջիկների խմբում:

Գոռը տուն գնալիս փողոցում մի սպիտակ աղավնի է տեսել, ու բղավել՝ «Սպիտակ ընկեր Աղունը»։ 

Սկզբում Անգելինան չէր հիշում իմ անունը, ինձ դիմում էր՝ «Ընկեր Փիրուզի հետինը»։

Սոֆին մի օր հարցրեց.
- Բա՞ ընկեր Աղունը խի՞ չի ամուսնանում:
Սամվելն էլ կտրուկ պատասխանեց.
- Ինքը հինգ տարեկան ա, մեր նման փոքր ա, չի կարա ամուսնանա:

Բազմազան ու տարբեր հարցեր, զրույցներ ամեն օր կան խմբում:

Ուսումնասիրելով 5 տարեկանների գործունեությունը ՝ սկսեցի ավելի հստակ աշխատանքային նախագծեր ներկայացնել, որոնք միշտ օգնում էր կազմել տիկին Աիդան: 

Մի փոքր դժվար է կտրել երեխային իր սեփական միջավայրից, իր խաղից, իր գործունեությունից և տանել դեպի ավելի լուրջ աշխատանքի, բայց դա ստացվեց խաղի միջոցով, խաղալով սովորեցինք, խաղալով պատմեցինք՝ հասնելով մեր նպատակին՝ զարգացնել երեխայի բանավոր խոսքը, մտածողությունը, երևակայությունը, տրամաբանությունը, ստեղծագործելու կարողությունը, զարգացնել ֆիզիկական կարողությունները, կոփել նրան նախավարժանքների, բակային խաղերի, հեծանվային ուսուցման միջոցով:

Ամեն անգամ ինչ-որ թեմայից խոսելիս երեխաները կարողանում են իրենց կարծիքը արտահայտել անկաշկանդ, փորձում են իրենց ընկերոջ միտքը շարունակել, հարցեր տալ ու պատասխաններ ստանալ: Ճիշտ է՝ սկզբում դժվար էր. բայց շարունակական աշխատանքների շնորհիվ նրանք հստակ կարողանում են հարցեր տալ, առաջարկներ անել և պահանջել պատասխաններ:

Ներկայացնեմ հինգ տարեկանների հետ կատարած նախագծերը և արդյունքները՝

Խմբերում գործունեության հետ մեկտեղ ուսանողներով տիկին Աիդայի հետ ստեղծեցինք «Ճնճուղ» թատրոնը։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչու հենց «Ճնճուղ»։ Ասեմ։ Երբ կատարում էինք «Ճնճղկներ» երգ-խաղը, պետք էր մի անուն, որով կարողանայինք ներկայանալ, իսկ հենց առաջին անունը, որը հետաքրքիր էր և յուրօրինակ, «Ճնճուղն» էր, այդտեղից էլ առաջացավ մեզ հարազատ «Ճնճուղը»՝ ճնճուղներիս խումբը:

«Ճնճուղ»-ի կատարած նախագծերն են՝   

Ամփոփելով դաստիարակի ուսուցման նոր կազմակերպումը՝ ասեմ, որ ուսանող-դաստիարակ լինելով՝ ես ավելի ինքնավստահ դարձա սեփական անձի և կարողությունների հանդեպ, դարձա ավելի նախաձեռնող, ունեցա հետաքրքիր և ամբողջական փորձ:

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский