Հաջողությանը հասնում ենք համառությամբ

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

7-րդ գլուխ

Սկիզբը
Նախորդ հատվածը

Լրիվ հնարավոր է, որ եթե հանգամանքներն այլ կերպ դասավորվեին, ես երբեք չգրեի այս գիրքը, դուք էլ բնականաբար չկարդայիք: Ես կարող էի դառնալ Անգլիայում սպորտ-բարի սեփականատեր և բոլոր ցանկացողներին պատվեի իմ ֆուտբոլային փայլուն կարիերայի մասին պատմություններով: Ես մեծացել եմ լիվերպուլյան մեծ ընտանիքում մի քանի եղբայրների և քույրերի հետ: Հայրս զբաղվում էր սիրողական ֆուտբոլով և բռնցքամարտով, և ինչպես բոլորը մեր բազմանդամ ընտանիքում ցավում էր տեղի ֆուտբոլի թիմի՝ «Էվերտոն»-ի համար: Մեր շրջապատում յուրաքանչյուր ընտանիք երազում էր, որ իր փոքրը խաղա «Էվերտոն»-ում:

Մինչ այն ժամանակը, երբ ես դարձա 4 տարեկան, ամբողջ ընտանիքը համոզված էր, որ մեր տոհմում ֆուտբոլիստը, որ կխաղա «Էվերտոն»-ի կողմից, կլինեմ հենց ես: Ես ուժեղ և ակտիվ տղա էի, ունեի ֆուտբոլային բնածին ընդունակություններ:

Բայց անսպասելիորեն ամեն ինչ փոխվեց: 1954 թվին Եվրոպայում և Ամերիկայում պոլիոմելիտի համաճարակը հասել էր իր գագաթնակետին: Մի անգամ մայրս իմ հետևից եկավ մանկապարտեզ և ինձ գտավ ուժեղ գլխացավից լացելիս: Ես որպես երեխա երբեք շատ չեմ լացել, դրա համար էլ իմ տանջանքները նրան խիստ անհանգստացրին: Բժիշկը եկավ մեր տուն և ասաց, որ գրիպ եմ: Բայց հաջորդ առավոտյան պարզ դարձավ, որ ախտորոշումը սխալ էր: Ես արթնացա ամբողջովին կաթվածահար, ընդհանրապես չէի կարողանում շարժվել:

Հաջորդ մի քանի շաբաթը ես անցկացրի մեր տեղական հիվանդանոցի պոլիոմելիտային մեկուսարանում: Ես շատ ծանր վիճակում էի և բոլորովին չէի զգում ո՛չ ոտքերս, ո՛չ մարմնիս մեծ մասը: Ութ ամիս պառկեցի հիվանդանոցում նույն ձևով կաթվածահար եղած ուրիշ երեխաների հետ: Նրանցից մի քանիսին արհեստական շնչառության ապարատ էր միացված, մի քանիսն ուղղակի չապրեցին:

Շատ դանդաղ վերականգնվեց իմ ձախ ոտքի որոշակի զգայունությունը և, բարեբախտաբար, լիովին վերականգնվեցին ձեռքերիս և ամբողջ մարմնիս մոտորիկան: Միայն աջ ոտքս ամբողջովին մնաց կաթվածահար: Ի վերջո, ես հեռացա հիվանդանոցից 5 տարեկանում շարժասայլակով, երկու օրթոպեդիկ սարքերով:

Հիվանդությունը վերջ դրեց ֆուտբոլային կարիերայի իմ ծրագրերին, չնայած նայելով, թե ինչպես է վերջին ժամանակներում խաղում «Էվերտոն»-ը, մտածում եմ, որ արժեր փորձել բախտը և մտնել թիմ:

Ծնողներիս և ամբողջ ընտանիքիս համար իմ հիվանդությունն ուժեղ հարված էր: Մինչ ես մեծանում էի, անհանգստության գլխավոր պատճառներից մեկն այն էր, թե ինչպես եմ վաստակելու ապրելու համար: Ի սկզբանե հայրս և մայրս խոստովանեցին, որ ես պետք է սովորեմ արդյունավետ օգտագործել իմ այլ շնորհքները, չնայած այդ ժամանակ դեռ անհասկանալի էր՝ ինչ բնագավառում դրանք փնտրել:

Իմ գլխավոր խնդիրը դարձավ հնարավոր լավագույն կրթություն ստանալը: Քանի դեռ դպրոցում էի, ճնշում էին, որ լավ սովորեմ և քննությունները փայլուն հանձնեմ: Հեշտ չէր, քանի որ ես ապրում էի մեծ ու շատ համերաշխ ընտանիքում, ուր միշտ լիքը հյուրեր էին, աղմուկ ու ծիծաղ:

1960-ական թթ սկզբին մենք ապրում էինք Մերսիսայդում*: Ռոք երաժշտությունը, ընդ որում բարձր ռոք-երաժշտությունն ամենուր լսելի էր: Իմ եղբայր Իենը թմբուկ էր նվագում, և նրա խումբն ամեն շաբաթ փորձեր էր անում մեր տանը՝ հենց հարևան սենյակում: Այդ ժամանակ ես, նրանցից բաժանված ընդամենը մի պատով, տանջվում էի հանրահաշվի և լատիներենի ձեռը: Մի կողմից՝ գրքերը, մյուս կողմից՝ երաժշտական ռիթմերը պայքարում էին իմ ուշադրությունը գրավելու համար, ու, ավա՜ղ, այդ պայքարում գրքերն անհուսալիորեն պարտվում էին:

Բայց և այնպես ես հասկանում էի, որքանով որ դա հասանելի է երեխայի հասկացողությանը, որ պետք է մտածեմ իմ ապագայի մասին և ընձեռած հնարավորություններից մաքսիմալ օգուտ քաղեմ: Պարզ էր, որ ֆուտբոլը դադարել էր ինձ համար իրականություն լինելուց: Չնայած երաժշտության հանդեպ իմ ջերմ սիրուն, երաժշտական տաղանդով ևս չէի կարող պարծենալ: Հայրս շարունակում էր կամացուկ վերահսկել իմ առաջընթացը, և ի վերջո ես ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի քոլեջ: Հենց այնտեղ էլ սկսեցին ձևավորվել իմ հետաքրքրությունները, որոնք հետագայում վճռորոշ դեր խաղացին իմ կյանքում:

Չգիտեմ՝ ինչպիսի ֆուտբոլիստ կդառնայի: Բայց հաստատ գիտեմ, որ պոլիոմելիտն իմ առջև ավելի մեծ դռներ բացեց, քան այն միակը, որն ակնհայտ էր, բայց պարզվեց՝ ինձ համար փակ: Իհարկե, ո՛չ ես, ո՛չ իմ հարազատները չէինք հասկանում դա, երբ հիվանդացա: Բայց ծնողներս կարողացան այլ կերպ նայել այս իրավիճակին և անել հնարավոր ամեն բան, որ ես դպրոցում կենտրոնանամ ուսման վրա: Ինձ նույնպես հաջողվեց այլ կերպ նայել հանգամանքներին, որոնցում հայտնվել էի: Մեր միասնական վերաբերմունքն իրավիճակի հանդեպ աղետը վերածեց բոլորովին անսպասելի հնարավորությունների շարքի, որոնք շարունակեցին զարգանալ և բազմապատկվել:

Հաջողությանը հասնում ենք համառությամբ

Ես մի մարդու էլ գիտեմ, որ չկարողացավ ֆուտբոլում հաջողության հասնել, և գնաց բոլորովին այլ ճանապարհով: Վիդալ Սասունը այսօր համաշխարհային վարսավիրական մշակույթի կուռքերից մեկի անունն է: 1960-ականներին նրա հաճախորդները կինոմատոգրաֆիայի աստղերն էին, էլիտայի ներկայացուցիչները և այդ ժամանակների լավագույն ֆոտոմոդելները՝ ներառյալ Մերի Քվանտը, Ջին Շրիմպտոնը և Միա Ֆերոուն: Վիդալ Սասունը վարսավիրության նորաձևության իսկական հեղափոխականը դարձավ: Նրա նորարարությունների թվին են պատկանում «բոբ» կտրվածքը, հնգածայր երկրաչափական կտրվածքը, հունական աստվածուհու ոճով կտրվածքը, որոնք պայթեցրին նորաձևությունը 1950 – ական թվականներին բնորոշ «մեղվի փեթակ» ոճից հետո:

Վիդալը մեծացել է լոնդոնյան Իստ-Էնդեում: Դեռ շատ փոքր էր, երբ հայրը հեռացավ մորից, և տղայի մորաքույրը նրանց ընտանիքը ընդունեց իր հարկի տակ: Վիդալը չորս այլ երեխաների հետ ստիպված եղավ վարձով բնակարաններ փոխել: Բայց գործերն այնքան վատ էին, որ ի վերջո մայրը Վիդալին և եղբորը ուղարկեց մանկատուն, և միայն վեց տարի անց կարողացավ նրանց տուն բերել: Դեռահաս Վիդալը շատ էր ցանկանում ֆուտբոլիստ դառնալ, բայց մայրը պնդեց, որ նա յուրացնի վարսավիրական արհեստը՝ մտածելով, որ դա ավելի ապահով մասնագիտություն է:

«Ես տասնչորս տարեկան էի,-պատմում է նա,- իսկ Անգլիայում, եթե իհարկե դուք արտոնյալ չեք, այդ տարիքում երիտասարդն ավարտում է դպրոցը և սկսում ապրուստի միջոց վաստակել: Ես դարձա հրաշալի մարդու՝ Ադոլֆ Կոենի աշակերտը, ով ապրում էր Ուայտչեպել-ռոուդում: Նա խիստ կարգապահության ջատագով էր: 1942 թիվն էր, պատերազմ: Գրեթե ամեն գիշեր քաղաքը ռմբակոծում էին. Լյուֆտվաֆները Լոնդոնը վերածել էին դժոխքի, բայց մենք չնայած ամեն ինչի, պետք է գայինք սովորելու մաքուր եղունգներով, արդուկված տաբատներով և փայլեցրած կոշիկներով: Այդ երկու տարին, որ անցկացրել եմ Ադոլֆ Կոենի հետ, օգնեցին յուրացնել ամբողջ կյանքի համար ամենաանհրաժեշտ սկզբունքներից մեկը՝ կարգապահության անհարմարությունը:

Դրանից հետո որոշ ժամանակով ես դադար տվեցի, քանի որ դեռ վստահ չէի, որ ուզում եմ վարսավիր դառնալ: Չէ՞ որ իմ սերը ֆուտբոլի հանդեպ չէր կորել: Վերջ ի վերջո ես կոմպրոմիսային որոշում կայացրի՝ վարսավիրությունը խոստանում է հաճելի աղջիկների հետ շփում, և մայրս էլ է պնդում այդ ընտրությունը: Եվ այսպես որոշված է: Սակայն սկզբում իմ առոգանության պատճառով ես չէի կարողանում գործ գտնել այնտեղ, որտեղ թևածում էր իմ երևակայությունը, ինչ-որ տեղ լոնդոնյան Վետ-Էնդայի գեղեցկության մեծ սրահում, ինչպիսին Raymond's-ն էր: Այդպես էր այդ օրերին»:

Երեք տարվա ընթացքում Վիդալ Սասունը առոգանության դասընթացների էր գնում, որ լավացնի իր արտասանությունը և գործ ստանա Լոնդոնի հեղինակավոր սրահներից մեկում: Նա հիշում է.«Գիտեի, որ պետք է ստեղծել սեփական իմիջը, այդ պատճառով երեկոյան ժամերին գեղեցկության սրահներում ուսումնական պարապմունքներ անցկացնելու աշխատանք գտա: Աշխատածս տալիս էի, որ ավտոբուսի տոմս վերցնեի մինչև Վեստ-Էնդ և թատրոն գնայի: Ես հասցնում էի ցերեկային ներկայացումներին, տեսնում մեծագույն դերասաններ՝ Լոուրենս Օլիվյեին և Ջոն Գիլգուդին, ովքեր խաղում էին Շեքսպիրի պիեսներում և փորձում էի կրկնօրինակել նրանց ձայները»:

Նա պարբերաբար հաճախում էր Լոնդոնի գեղարվեստական թանգարանները և ինքնուրույն սկսեց սովորել գեղանկարչության և ճարտարապետության պատմությունը՝ ոգեշնչվելով նրանց հավերժական գեղեցկությամբ: Հետո նա հիշում է.«Ես իսկապես կարծում եմ, որ հենց ինքնակրթությունն ինձ օգնեց գտնել իմ ուղին: Ես զարգացնում էի վարսավիրական արվեստի սեփական տեսլականը: Ձևերը, որ ծնվում էին իմ գլխում, միշտ երկրաչափական էին: Ես ձգտում էի թափանցել էության մեջ, որ առանձնացնեմ կանանց անհատականությունը, այլ ոչ թե նրանց ուղղակի «շատ լավը» դարձնեմ: Գիտեի, որ վարսավիրական արվեստին մոտեցումը կարող է այլ լինել, բայց անհրաժեշտ եղավ ևս ինը տարի և հսկայական ջանք, որ մշակվի այն համակարգը, որն այսօր կիրառում ենք մեր սրահներում»:

1954 թվին Վիդալ Սասունը գործընկերոջ հետ բացեց ոչ մեծ սրահ բարձրահարկ շինության երրորդ հարկում: Շինությունը Բոնդ-ստրիտում էր՝ Լոնդոնի ամենանորաձև փողոցներից մեկում: Վիդալն ասում է.«Բոնդ-ստրիտն ինձ համար ինչ-որ բանով կախարդական էր, որովհետև Վեստ-Էնդում էր: Հենց այնտեղ ես առաջ չէի կարողացել գործ գտնել: Վեստ-Էնդն ինձ համար հաջողության սիմվոլ էր և նշանակում էր, որ ամեն ինչ կստացվի: Ես վճռական էի տրամադրված՝ կամ փոխել վարսավիրության հանդեպ մոտեցումը, կամ թողնել այդ զբաղմունքն ընդհանրապես: Այս մոտեցումն ինձ համար սանրվածքի շքեղության աստիճանի կամ այլ մանրուքների մեջ չէր, այլ սկզբունքորեն նոր կերպարի տեսլականի հարց»:

Իրենց աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում գործընկերները ձեռք բերեցին ընդամենը հիսուն ֆունտ, բայց երկու տարի անց նրանց բիզնեսն այն աստիճանի հասավ, որ կարողացան տեղափոխվել Բոնդ-ստրիտի ավելի հեղինակավոր հատված և մրցակցել Լոնդոնի առաջատար սրահների հետ:

«Վաթսունական թվականներին Լոնդոնը հրաշալի վայր էր: Այնտեղ անհավանական էներգետիկա էր: Մենք չէինք պատրաստվում կրկնել մեր ծնողների ճանապարհը: Օրինակ` ես միշտ փնտրում էի սովորական բաներն անելու նոր մեթոդներ: Մեր շուրջն ամեն բան փոխվում էր` երաժշտությունը, հագուստը, արվեստը: Այդ իսկ պատճառով համոզված էի, որ վարսավիրության հանդեպ մոտեցումը կարող է և պետք է փոխվի»:

Եվ մի անգամ երկար սպասված պահը եկավ` Վիդալի ուշադրությունը գրավեց այն, ինչը պիտի փոխեր և՛ սեփական հայացքները, և՛ ամբողջ աշխարհի վարսավիրական արվեստը: «Մի անգամ շաբաթ օրը մեր տղաներից մեկը չորացնում էր հաճախորդի մազերը` օգտագործելով միայն խոզանակ և չորացնող սարքն առանց բիգուդի: Ամբողջ հանգստյան օրը մտածում էի այդ մասին, իսկ երկուշաբթի օրը հարցրի վարպետից, թե ինչու է նա այդպես արել: Տղան պատասխանեց, որ շտապել է և չի ցանկացել սպասել, մինչ հաճախորդը դուրս կգա չորանոցից: «Շտապել ես, թե ոչ,-ասացի ես,-բայց դու մտածել ես մի բան, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»: Հենց այդպես մենք բացահայտեցինք մազերի չորացումը ֆենի օգնությամբ:

Վիդալ Սասունի կատարած հեղափոխությունը վարսահարդարման մեջ փոխեց վարսավիրական արվեստի ինդուստրիան և ամբողջ աշխարհում կանանց արտաքին տեսքը:

«Ես միշտ մտովի տեսնում էի ձևեր: Հիշում եմ, թե ինչպես 1964 թվին Գրեյս Կրադդինգտոնի համար հնգածայր սանրվածք արեցի, հետո նրա հետ գնացի Փարիզ: Ուզում էի այդ սանրվածքը ցույց տալ նորաձևության ամսագրի խմբագրին:

Գիտեի, որ նոր, յուրահատուկ բան ենք ստացել, բայց պետք էր հետևել, տեսնել սանրվածքի փոփոխութունները: Մենք առաջնորդվում էինք «Հեռացնել ավելորդը» նշանաբանով: Մեր սանրվածքների նկարները սկսեցին հրապարակվել Elle ամսագրում: Սկզբում խմբագիրները հատուկ ուշադրություն էին դարձնում գանգուրներին, բայց նրանց շատ դուր եկավ այն, ինչ մենք ենք անում: Դա հանգեցրեց ֆոտոսեսիաների և շրջագայությունների հետագա աճին: Հետո 1965 թվին ինձ հրավիրեցին Նյու Յորք շուո վարելու, որն անցկացվում էր տեղեկատվական մամուլի աջակցությամբ: Կարծեմ, հինգ թերթից պակաս չէին այնտեղ: Հաջորդ օրը NewYork Times-ի գեղեցկության բաժնում մեզ հիմնական շարք հատկացրին: Թերթերն ու ամսագրերը լի էին մեր երկրաչափական սանրվածքների պատկերներով: Մենք դա արեցինք: Մենք Ամերիկային տվեցինք «բոբ» սանրվածքը»:

1967 թվին Լոնդոնում նա բացեց իր առաջին «Վիդալ Սասունի դպրոցը»: Այսօր այդպիսի դպրոցներ գործում են ողջ աշխարհում: «Ես միշտ ձգտել եմ կիսվել իմ գիտելիքներով»:

Մեր ակադեմիան և կրթական կենտրոնները լի են ստեղծական էներգիայով: Հենց դա է օգնում երիտասարդ մարդկանց ընդարձակել իրենց հնարավորությունների սահմանները: Ես նրանց ասում եմ, որ եթե դուք ունեք լավ գաղափար, իրականացրեք այն: Խորհուրդ հարցրեք, համոզվեք, որ այն իսկապես լավն է, ապա գնացեք ձեր ճանապարհով: Մենք արդեն վաղուց ենք աշխատում, իսկ ինձ համար «երկարակեցությունն ակնթարթ է, որը տևում է հավերժ»:

Վիդալ Սասունը ստեղծեց բոլորովին նոր մոտեցում ոճին ու նորաձևությանը, մարդկանց տվեց գեղեցկության մասին թարմ պատկերացում: Նա ոչ թե ուղղակի օգտվում էր ակնհայտ պատահականություններից, այլ ինքն էր ստեղծում միլիոնավոր նոր հնարավորություններ:

Հնարավոր է, հաջողության հասնելու առավել կարևոր գործոնը համառությունն է: Շատ մարդիկ, որոնց մասին պատմվում է այս գրքում, իրենք կոչման փնտրման ճանապարհին հանդիպել են լուրջ խոչընդոտների, բայց կարողացել են հաղթահարել անսասան համառության օգնությամբ: Առավել վառ օրինակներից մեկը Բրեդ Զդավինսկին է:

Տասնինը տարեկանում Բրեդը տարվեց ժայռ մագլցելով: Երեխա ժամանակ նա ծառեր էր բարձրանում և քարե բարձունքներ, իսկ ժամանակի ընթացքում հաղթահարեց Կանադայի բարձր լեռներից որոշ գագաթներ: Բայց մի անգամ, հուղարկավորությունից տուն վերադառնալիս, նա քնեց մեքենայի ղեկին և ընկավ գրեթե երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող ժայռից:

Այս դժբախտ պատահարից հետո նրա մարմինը ամբողջովին կաթվածահար էր, բայց հոգով մնացել էր լեռնագնաց: Այսօր Բրեդը հիշում է, որ անգամ տանջալից պահերին, երբ անշարժ պառկած սպասում էր օգնության, նա մտածում էր՝ կարող է արդյոք կաթվածահար մարդը զբաղվել ժայռամագլցումով: Բրեդն առողջության վերականգնումից ութ ամիս անց սկսեց  այլ լեռնագնացների հետ այնպիսի սարք մշակելու թեմայով հետաքրքրվել, որը թույլ կտար իրեն սար բարձրանալ:

Իր մի քանի ընկերների և հոր շնորհիվ Բրեդը կարողացավ ստեղծել մեխանիզմ՝ երկու մեծ անիվներով վերևից և ավելի փոքր մեկը՝ ներքևից: Նստելով մի այդպիսի տեղում, նա կարող էր օգտվել փոկանիվների համակարգից, որը ղեկավարվում է ուսերի և ձեռքի մեծ մատների օգնությամբ, ինչը թույլ էր տալիս բարձրանալ մոտավոր մեկ ոտնաչափ մեկ շարժումով:

Այս մեթոդը տանջալիորեն դանդաղ էր, բայց Բրեդի համառությունը վարձատրվեց: Մինչ վնասվածք ստանալը նրա նպատակն էր բարձրանալ Ստավամուս Չիֆը՝ աշխարհի հսկա գրանիտային մոնոլիտներից մեկը երկու հազար ոտնաչափ բարձրությամբ: 2005-ի հուլիսին նա հասավ իր նպատակին:

Մենք մեր ձեռքերով ձևավորում ենք մեր կյանքի հանգամանքներն ու իրականությունը: Մենք կարող ենք փոխել այն կամ ազդել նրանց վրա: Այն մարդիկ, ովքեր գտել են իրենց կոչումը, ավելի մեծ հնարավորությամբ են օժտված  հստակ պատկերացում կազմելու իրենց կենսական նպատակների և նրանց հասնելու ուղիների մասին: Նրանք գիտեն, որ անձնական կրքերն ու ընդունակությունները շատ կարևոր են, բայց նաև գիտեն, որ մեր կենսական դիրքորոշումը, մեր վերաբերմունքը կատարվող իրադարձություններին և մեր հանդեպ առանցքային դեր են խաղում կյանքում մեր տարերքը գտնելու կամ նրանում մնալու հարցերի պատասխանների մեջ:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 
Լուսանկարի աղբյուրը

*Ծիսական և մետրոպոլյան կոմսություն Անգլիայի արևմուտքում: Կազմված է 12 քաղաքից,  որոնք տեղադրված են Մերսիի գետաբերանի ափերին: Փաստացի հանդիսանում է մեգապոլիս՝ ներառյալ Լիվերպուլը և մոտակա բնակավայրերը: Խոշորագույն քաղաք  և կենտրոն Լիվերպուլը:

Համար: 

Կարծիք

Կյանքը նման է հետաքրքրաշարժ վեպի,որի ընթացքը շատ դժվար է:Երբեմն, մեր կյանքի ընթացքը փոխվում է անսպասելի դժվարությունների կամ հուսահատությունների պատճառով:Անակնկալները անսպասելիորեն հայտնվում են մեր կյանքի ճանապարհին:Մենք ինքներս էլ չգիտենք ինչ կպատահի վաղը,որտեղ կլինենք մի քանի տարի անց և ինչ անելիս կլինենք:Կյանքի անորոշությունը ոմանց համար առաջացնում է վստահության պակաս,վախ ապագայի հանդեպ,որը տարբեր ձևերով է արտահայտվում:Ոմանք չեն համարձակվում պարտավորություն վերցնել՝ վախի կամ անհաջողության հանդիպելու պատճառով,անգամ,երբ լավ հնարավորություններ են ի հայտ գալիս:Բացի վախի, կասկածի և ինքնաբավարարման ճանապարհից կա այլ ճանապարհ,որը կյանքում բերում է խաղաղություն,վստահություն և հանգստություն:Մենք չենք կարող վերահսկել մեր կյանքի բոլոր իրավիճակները:Եվ լավ,և դժվար բաներ կարող են պատահել,որոնք մենք երբեք չենք ակնկալել:Բայց ես հայտարարում եմ,որ մենք վերահսկում ենք մեր անձնական երջանկությունը:Մենք մեր անձնական երջանկության ճարտարապետներն եք:Մեր երջանկությունը,իրականում,մեր կյանքի հանգամանքների արդյունքը չէ:Ավելի շուտ դա մեր սկզբունքների արդյունքն է,որոնց վրա մենք հիմնում ենք մեր կյանքը: Այդ սկզբունքները մեզ երջանկություն կբերեն,անկախ անսպասելի դժվարություններից և անակնկալներից,որոնց մենք,անշուշտ,կհանդիպենք:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский