Վերելք է, անընդհա՞տ վերելք...

Հրաշալի ավանդույթ է նոր սեբաստացիներին Արագածի խառնարանում մկրտելը: Մե՜ծ խումբ է՝ մոտ 50 սովորող և մոտ 7-8 կրթահամալիր աշխատանքի դիմած երիտասարդ մասնագետներ: Բարձրանում ենք տիար Գևորգի իմաստուն առաջնորդությամբ: Վերելք է, անընդհատ վերելք… Թվում է, դե, քայլում ես, էլի, ի՞նչ է եղել, ճանապարհն էլ դժվար չէ, դժվար հաղթահարելի տեղեր գրեթե չկան…

Պատանիների մի խումբ սկսեց հետ ընկնել, գնալով դանդաղեցրեց քայլքը և… ավելի ու ավելի հաճախ է նստում, ավելի ու ավելի դժվարությամբ է կանգնում քայլելու համար… Ետ մնացողների մի խմբի հետ Վարդն էր Հայրյան՝ 8-րդ դասարանցիների կազմակերպիչը, 10-11-րդ դասարանցի մի խումբ հետաքրքիր աղջիկների հետ՝ ես: Տիար Գևորգն այս անգամ ետևից չի կարող գալ (սովորաբար ինքն է վերջապահը լինում). պետք է առաջինը հասնի խառնարան, որ մկրտի առաջին անգամ Արագածի հարավային գագաթը բարձրացողներին: Ետ մնացողների խումբը բավականին մեծ է, ուսուցիչներս՝ քիչ: Հայացքով փնտրում եմ մեր երիտասարդ մասնագետներին: Ո՞ւր մնացին մանկավարժական նորամուտ նշող մեր գործընկերները:

Չե՞ն նկատում հետ մնացող, թուլացող, օգնության կարիք ունեցող մարդ-սովորողին, գնում են իբր ժամ առաջ Արագածը նվաճելո՞ւ: Որ ի՞նչ, ո՞րն է բարձունքը, ի՞նչն ես նվաճում: Մենք ճանապարհին սովորողների հետ խոսում ենք իրար օգնելու, ընկերոջը մենակ չթողնելու, առաջ չանցնելու մասին, այն մասին, որ չկա նվաճում, եթե թիկունքում օգնության կարիք ունեցող մարդուն չես նկատել, որ ամենամեծ բարձունքը հոգատարությունն է կողքինիդ նկատմամբ… Կրթահամալիր աշխատանքի դիմած մեր երիտասարդ ընկերներ, քո սովորո՞ղն է, քե՞զ հետ է եկել, ճանաչո՞ւմ ես, թե չէ… էս ամենը կապ չունի օգնության կարիք ունեցողին նկատելու, կողքին կանգնելու, ձեռքը բռնելու, ոգևորելու, առաջ մղելու, թվում է, թե բնական-մարդկային դրսևորման հետ… Իսկ սովորողների վարքի մեջ էնպիսի՜ հուզիչ դրսևորումներ կային: Ամբողջ ճանապարհը 10-րդցի Ռիման Սվետլանայի ձեռքը բռնած անցավ: Մեր արաբ սովորող Ռաշիդը վերցրել էր աղջկա ծանր ուսապարկը։ Խումբը անընդհատ կանգնում էր, որ Նվերը հետ չընկնի… Եվ էս ամենը՝ հումորի, կատակի, ծիծաղի ուղեկցությամբ:

Չէ, չեմ մեղադրում որևէ մեկին, բայց ակնհայտ է, որ մեզանում կրթությունը մարդասիրական չէ, որ մեծ ու շատ կարևոր բաց կա մեր կրթական համակարգում, որը փորձ էլ չի արվում լցնելու, և անիմաստ է դարձնում  կրթական մնացած բոլոր ճիգերը: Գիտե՞ք, իմ 10-րդցի վերելքի ընկերներին կրթահամալիրում ամենաշատը զարմացրել էր ուսուցիչ-սովորող հարաբերությունը: Զարմանում էին՝ ի՜նչ լավ եք զրուցում ձեր սովորողների հետ, ի՜նչ լավ եք ընկերություն անում: Զարմանում էին, որ մեզ՝ ուսուցիչներիս անունով են դիմում, ոչ ազգանունով: Ասում էին, որ դա էլ է մտերմություն ստեղծում, առավել մարդկային դարձնում հարաբերությունները:

Ի վերջո, բոլորս հասանք գագաթին: Մենակ Տիգրանը մի փոքր մաս չբարձրացավ: Վարդուհին նրան Արագածից արդեն իջնող խմբի հետ ապահով ներքև ուղարկեց, իսկ ինքն իր խմբի հետ հասավ խառնարան:

Վերադարձող երթուղայինի մեջ մեր նորաթուխ մանկավարժները ուսուցչի խստությամբ ուզում էին սաստել ոգևորված սովորողներին: Փորձում էին սովորողների մոտ կարեկցանք առաջացնել՝ ասելով, որ իրենց գլուխը ցավում է, իրենց մեջ վատ զգացող կա: Լուռ հետևում եմ տեսարանին: Ո՛չ մի վերաբերոմունք սովորողների կողմից: Ապրումակցումը՝ զրո: Գնալով զայրույթը երիտասարդ մասնագետների մեծանում է: Սովորողների կողմից՝ ոչ մի զսպվածություն: Գիտեմ, որ Վարդը մի հայացքով կարող է կարգի հրավիրել իր ընկերներին: Բայց անհաղորդ նստել է: Ավելի ուշ, արդեն տան ճանապարհին պոռթկաց. «Ի՞նչ իրավունքով էին խոսում էրեխեքիս վրա: Որ նույն Սրապն ու Վարդանը սրտի ու սրտխառնոցի դեղի կարիք ունեին, ո՞ւր էին: Հիմա ինչի՞ պիտի լսեն իրենց»:

Կարևոր բան է: Էդպես է նաև ուսումնական մյուս գործերում: Եթե դեսպոտիզմը, վախի գործոնը (թվանշանի, նույն դասարանում թողնելու, վիրավորանքի, թե մի այլ ձևի) դուրս են մղվում կրթական համակարգից, մնում է ապրումակցումը, յուրայնացումը, միով բանիվ՝ մարդասիրությունը՝ իր բոլոր բաղկացուցիչներով: Հակառակ դեպքում՝ էլ ի՞նչ ենք ուսուցանում, էլ ի՞նչ ուսուցում կյանքով ու կյանքի համար:

Աղբյուրը՝ ուսուցչի օրագիր

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский