Այսպիսի սրընթաց ամիս...

Հեղինակ: 

Հոկտեմբերը կրթահամալիրի տնօրենի օրագրում

Նախագծերով ուսուցում

Հազիվ ճանապարհ ենք ընկել… Շրջանցել նախագծային ուսուցումը՝ որպես հանրակրթության մեթոդ, որպես գործուն մարդու ուղղորդում… կնշանակի շեղել նորից…

Երևանցու և իր բնակավայրի հարաբերությունների կարգավորման ծնունդ եղավ «Կրթական պարտեզ» նախագիծը… Ավելորդ չէ սովորող-ուսուցչով սեբաստացիական օրերի-տոնի հայացքով չափել նախագծով ձեռք բերածը…

Պարտիզապուրակային աշուն

Հոկտեմբերյան օրացույցում մեր բացեր գտնելու լավագույն միջոցը այն վռազ լրացնելն է… Բնագիտության-շրջակա միջավայրի, տեխնոլոգիայի, ընտրության դասընթացի շուրջ, յուրաքանչյուր սեբաստացի սովորող թե ուսուցիչ օգնում է ոչ միայն ձևավորել հոկտեմբերյան անելիքը, այլև իրագործել այնպես ցցուն, որ «Բարեկամություն» ճամբարի, «Մուտք կրթահամալիր» ջոկատների նոյեմբերյան առաջին օրերին մեր աչքը կանաչով շոյելու, մեր աչքը խոթելու բան ունենան… Այս կաթիլային ոռոգում-անձրևը ձեզ չի՞ ոգևորել, համակել պարտիզպանի գործով… Կհասցնի՞: Սկսեք հենց այսօր, հենց հիմա… Հոկտեմբերն այս սրընթաց է, մեր Վահանի պես ու հասուն-հասուն… հիացման արժանի…

Դուք իմացա՞ք, որ երեկ ես կարևոր մեկ ժամ Անահիտ Եղյանի «Կոմպոստ» նախագծով պարապմունքին էի մասնակցում Հյուսիսում՝ 4-5-րդ դասարանցիների մոտ՝ դրանից առաջ և հետո մեկ ժամ Լուսինե Ալեքսանյանի հետ փնտրելով նախագծում ընդգրկված  յուրաքանչյուր սովորողի հրապարակումները սովորողի և ուսուցչի անհատական բլոգում, զրույցում սովորողի հետ կոմպոստի բովանդակության մասին: Ի՞նչ կա, ի՞նչ տեսա. այսպե՞ս պիտի լիներ… Հոկտեմբերը մեր օրացույցով ուսումնասիրությունների ամիս է. կհանդիպենք։

Ուսումնական նախագծային փոքր-մեծ լուծումների, պարտքերի մարման, մարդկայնացման, հայրենիի-մայրենի անապատացման դեմն առնելու ինչպիսի՜ հնարավորություն է, համերաշխության-ստեղծականության-գեղագիտության ինչպիսի ցուցադրություն, պլեներային աշխատանք այս հոկտեմբերը… Որևէ մեկը առանց իր սկսածին աջակցության չի մնա… Երեկ իր նրբանկատությամբ հիացրեց մեր լավ բարեկամը Գերմանիայից՝ պարտիզապուրակայինի մեր գործընկեր-մասնագետ Գերդ Քյոհլերը, որ Հայփոստով Գերմանիայի Միթվայդա քաղաքից գործիքների մի գեղեցիկ արկղ էր ուղարկել։ Որքա՜ն կարևոր է, որ պարտիզապուրակային կյանքի կազմակերպումը սիրուն դարձնի մեր կյանքը ներսում-դրսում, որքա՜ն արվեստ կա սրանում… երաժշտական լաբորատորիայի երեկվա համերգի, երաժշտական կենտրոնի այսօրվա ներկայացման, վաղվա մեր Կոմիտասով Մաշտոցին այցին պատշաճ, ու որքա՜ն հավատ… Դո՛ւրս եկեք, դուրս բերեք ձեր ճաշակը, սերը, ջանքը դպրոցական պարտեզ, լսո՞ւմ եք, մեծով-պստիկով, ներսով-դրսում, թե չէ ես ձեզ չեմ հասկանա ու կնեղանամ…

Որքա՜ն բան է փոխվել մեր աշխարհում․ չդանդաղենք, բահը, փոցխը, ցնցուղը ցած չդնենք ևս երկու-երեք շաբաթ… ու կունենանք ամբողջական պատկեր մի «Կրթական պարտեզ» նախագծով, կրթահամալիրով մեկ։ Այսպես բարեկարգ, կանաչ անցումներով, կանաչող լանջերով, մուտքերով-սահմաններով քայլենք դեպի մեր Տոնը ծիսական․․․

Նոյեմբերի մեջ անցկացնելու ենք նաև «Ագարակի օր» պարտիզապուրակային ստուգատեսը կրթահամալիրային… Գործիքներով-լուծումներով-կենդանիներով-խնամքով, սեբաստացի ֆաունա-ֆլորայի խնամքով… Նոյեմբերի օրացույցը և այսպես է լցվում-կազմվում, կամ մեր օրացույցը ուսումնական այսպես ծիսական-փոխանցվող-կարգապահ է դարձնում մեր կյանքը-գործունեությունը կրթահամալիրում… Իսկ մեր ուսումնական ագարակի՝ բոլոր սովորողների ուսումնական կենտրոնը դառնալու միակ ճանապարհը Ագարակ մտնելն է ագարակատիրոջ սրտացավությամբ, խնամքով, խնամքի համար անհրաժեշտ հմտությունների յուրացմամբ…

Իսկ ազգագրական գոտիների ձևավորումը Մայր դպրոցում՝ հայրենագիտական-ազգագրական սրահի վերաբացումով, պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ, և Ագարակում՝ հին սեբաստացի-հարևան Աբրահամ Հովհաննիսյանի, շաբաթվա կարևորներից էր․․․ Ագարակը մեր պատրաստվում է հաջորդ շաբաթ, որպես ուսումնական կենտրոն, դիմավորել կրթահամալիրի նախակրթարանների 2-5 տարեկաններին, իրենց ծնողներով, դաստիարակներով․․․ Սկսել ենք թոնրատան, խնոցու կազմակերպումը․․․ իսկական, որ վերջում սաները մեր իրենց ձեռով թխած լավաշն ու կարագը ճաշակեն․․․ Այսպիսի նախաձեռնությունները-գործերը, որպես «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»-ի ծիծեռնակներ, կարևոր են սեբաստացիական աշխարհը մեր բորբոքելու-խառնելու, Տոնին պատրաստության հավես-անսովորություն փոխանցելու համար։ Նոյեմբերի 13-18-ի օրերը, խոստանում եմ իմ գրում, դրան նախորդող այս շրջանը՝ պատրաստությունը, ավելի հետաքրքիր-մարդկային-հուզական-կոնկրետ պիտի լինի, ինչպես թատրոն լաբորատորիայում մոնոներկայացման մասնակիցների ապրածները․․․

Ճամփորդություն՝ գումարած...

Մեկ ամիս «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբին՝ իր մաեստրո Հարություն Թոփիկյանով, «Սեբաստիա» համերգասրահի իր փորձով, չէի տեսել… Ե՛վ կարոտել էի, և՛,  մամա ջան, որքա՜ն էր մեծացել երգչախումբը, Վահանի նման… հասուն-շփվող դարձել։ Հիացա, արժանի ենք, այնքան հեշտ պայմանավորվեցինք հոկտեմբերի 7-ի «Կոմիտասով, պարերգով այց Մաշտոցին» համերգի, դեպի Քասախի կիրճ, Օշական, Քասախի հովտով սրտաբաց-բաց թափառումի մասին, որ ծրագիրը, ձեր առաջ, յուրաքանչյուրիդ մասնակցության տեղ ունի… Վաղուց մեր երգչախմբի շուրջ բրոյի-բրոյի չենք հավաքվել, մանկականով, պատանեկանով, ուսանողականով, ջիգյարով… Կարոտել ենք… Համեցեք, հոկտեմբերի 7-ին ժամը 9.00-ից, Սուրբ Երրորդության եկեղեցուց սկսում ենք սեբաստացիական կարոտով՝ ուսուցչական տոնական երթի հեղինակային մանկավարժության… Սեպտեմբերի 25-ից օրացույցով ամեն տարի բոլորիս տուն մտնող Կոմիտասյան օրերի ավելի պատշաճ ամփոփո՞ւմ, ավելի լավ նվե՞ր մեր Ուսուցիչներին… Տեսնենք՝ կիրճում ո՞ւմ եմ կորցնելու…

Ճամփորդությամբ ուսուցման ներկայացումը «Օշական՝ Մաշտոցին այցի, Կոմիտասով, պարերգով» ուսումնական նախագծի ցուցադրությամբ․․․

Ճամփորդությամբ ուսուցման ներկայացումը խիտ, խիտ, սրանից էլ խիտ մի օր էր։ Երեկ՝ շաբաթ օրը, առավոտյան 9-ից երեկոյան 7-ը․․․ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու բարձունքով-էջքով, Աշտարակի հին կամրջով, ձորով, հին ջրաղացով, Քասաղի ափին դադարումով, Կարմրավորի բակում պարերգերի շարքով, Աշտարակի գործընկեր դպրոցների-պարտեզների հետ մեր շփումով, քահանայի օրհնությունով, Աշտարակի անուշով․․․ Քայլքով,  Սուրբ Մարինե եկեղեցում հոգևոր երգերի, նորից պարերգերի շարանով․․․ Տեղ չեք գտնի ուրիշ մի բանի, ու տեղն էլ՝ ոտի վրա, բրդուճով, ողջ ճամփան էլ մաքրելով անընդհատ․․․

Այսքանը՝ օրվա առաջին կեսին, մինչև Օշական չմտած՝ Այբուբենի հուշարձանի մոտ երգում ենք «Այբ, բեն, գիմ» մեր ստեղծած խորհրդով․․․ Իսկապես, ձեզ (ո՞ւմ) չի՞ զարմացնում Կոմիտասի «Այբ, բեն, գիմ»-ը․․․ Ա՜յ քեզ ազգային աղոթք, երգով օրհնություն․․․ Որքա՜ն զվարթություն կա այս մի ասերգի մեջ, որքա՜ն խիտ, խիտ, այսքա՜ն խիտ ու խրոխտ պատմություն․․․ մեր շաբաթ օրվա պես, ողջ շաբաթվա պես. տեղ չի թողնված․․․ Իսկ օրը ես սկսել էի մեկ ժամ շուտ, շինարարների-ճիմապատողների հետ, կատարած աշխատանքի զննումով և առաջիկա շաբաթվա անելիքով․․․

Քասաղի կիրճը՝ Սուրբ Մաշտոց եկեղեցու ձորի մոտ, իմ սիրած տեղանքներից է, որտեղ դադարը-նստոտելը Քասաղի ափին, անցումը՝ համերգով, եկեղեցում շարականներով, այսպիսի լիքը-լսող դահլիճ եկեղեցին տարին քանի՜ անգամ է ունենում, համերգով եկեղեցու դպրատան սրահում, օդափոխված, մինչև վերջ բացված պատուհաններով, թարմ օդով Քասաղի կիրճից-ջրից եկող․․․

Այսպիսի՜ ուրախություն՝ պարերգ. Կոմիտաս ենք կարդում, երգում, պարում, փոխանցում, բարձրացնում վեր, վեր, էլ ո՜ւր․․․ Այսպիսի ծիսական փոխանակում՝ մանկավարժության, ուսուցման մեթոդի, տարին քանի՜ անգամ է լինում․․․ Ի՞նչ եմ հրահրում, զարթնեցնում, առաջացնում․․․ Իմ հընթացս կյանքի, այսքան խի՜տ-խի՜տ մի քանի վաթսուն տարվա շրջան անխտիր կատարման գործերով լեցուն ժամանակի մեջ էլ ի՞նչ եմ ուզում անկատար-դրժած թողած խոստումներից բերել-խցկել, որ ի՞նչ․․․ Չի տեղավորվում, լսո՞ւմ ես, տիա՛ր Բլեյան․․․

***

 «Հրազդան-Քասախ» ճամփորդությամբ ուսուցում զույգերը ո՛չ երկվություն են առաջացնում, ո՛չ էլ զուգադիպություն են կամ արհեստական անցումներ… Եվ հեծանիվն ընդարձակում է ճամփորդի մեր ազատությունը, սովորելու-ճանաչելու-ընդհանրություններ անելու մեր հնարավորությունները…

Անցած կիրակի օրը Երևանից դուրս, նրան կպած Փարաքար-Մուսալեռ բնակավայրերի՝ Էջմիածնի խճուղու երկարությամբ տների դիմաց աղբի տոպրակներ են… Երևի աղբի մեքենայի օրը-ժա՞մն էր… Տգեղ տեսարան… Մի՞թե այդքան երկար ճանապարհ պիտի անցնի, մինչև փողոցային աղբահանումը՝ հայտնի-ծածկվող-միանման աղբարկղերով, Երևանից հասնի մինչև Էջմիածին… Էջմիածին քաղաքի տոնին մեզ կանչում էին, բայց չհասանք-չշեղվեցինք մեր կիրակնօրյա հեծանվաերթից… որ այն հոկտեմբեր-նոյեմբերին լինի պարբերական… Ասել է, թե Էջմիածին ավելի խաղաղ մի կիրակի մի խմբով կմտնենք… Հեծանվի քաղաքային մշակույթը, կրկնում եմ, առաջինը կարող է Էջմիածինը բերել…

Տխուր-շատ տխուր տպավորություն թողեցին առուները-ջրանցքները Էջմիածին-Արմավիրի ողջ ճանապարհով՝ Փարաքար-Մուսալեռ-Դաշտ-Շահումյան, Օշական բնակավայրերում… Հրազդանի, թե Քասաղի ջրերի նկատմամբ այդ վերաբերմունքը վայրի է, մերժելի, չունի արդարացում-բացատրություն… Եվ «Գետը համայնքում» նախագծով սենսեյ Հայկուհու Շադրլու  ջրանցքի և նախագծի համակարգող Քնարիկ Ներսիսյանի հետևողական-սրտացավ ուսումնական աշխատանքը, որ Հայաստանի կառավարության հանձնաժողովի, «Մաքուր Հայաստան» նախագծի ուշադրության հարց է դառնում արդեն երկրորդ անգամ, մեկ՝ Հայկուհի Հովհաննիսյանի, պատմել եմ, երեկ էլ՝ Քնարիկ Ներսիսյանի ներկայացմամբ, նախագծի փնջային հավաքներով նորանոր համայնքների-դպրոցների ընդգրկումը-ակտիվացումը անընդհատ ջանքեր են ենթադրում յուրաքանչյուրից, հեծանվի վրա ոտքով, շաբաթ, թե կիրակի, հոկտեմբեր, թե նոյեմբեր…

Իսկ Էջմիածնի կողմից, թե Աշտարակի՝ Օշական գյուղ մուտքերը դիմավորում են աղբանոցի վերածած Քասաղի լանջերով ու հովիտներով՝ աջ թե ձախ ափերին գետի… Այսպես, աղբի հետ՝ գետերում, թե նրանց հովիտներում, մեր բնակավայրերում… մեր մեջ, ուզում են մեզ որպես անշարժի՞, թե՞ փախստականի ուսուցում պարտադրել պետական կրթական ծրագիրը, համայնքը… Երբեք, սրա այլընտրանքը մենք ենք՝ մեր անհատական պատասխանատվությամբ ու ինքնիրացմամբ, սրանից առաջացած՝ որպես կրթական համայնք-կրթահամալիրի Բանգլադեշ, մեր հեղինակային մանկավարժությամբ՝ ուսումնական նախագծերով ուսուցում, ճամփորդությամբ ուսուցում, որպես հավեսի մանկավարժության կյանք: Այս խնդիրները, որ միասին սեբաստացի հեծանվախմբով արձանագրեցինք, հետո ի՞նչ եղավ, խմբի ո՞ր անդամի անհատական պլան մտավ նախագծային ուսուցում դարձավ, ի՞նչ գործողություններ հետևեցին։ Տեսանք ու վե՞րջ։

***

Ճանապարհը մեկօրյա, որ իմ նախաձեռնությամբ, տիար Գևորգի նախագծով անցանք շաբաթ օրով, կարող է լինել հանրակրթական պարտադիր ճամփորդությամբ ուսուցում՝ Երևանից, Սուրբ Երրորդության եկեղեցուց, Էջմիածին-Արմավիրով, Դաշտադեմի ամրոցով (Քաղենիի ամրոց), Թաթուլ գյուղ չհասած, Արտենի սարի վերելքով… Արտենի, քանի որ շուրջ բոլորդ Հայաստան է. ինչպե՞ս կարելի է բաց թողնել երկժամյա վերելքի-երկժամյա վայրէջքի հայրենական համապատկերները… Տեսեք, աշխարհագրության այսպիսի դասընթացներով կարելի է և պետք է կազմել Հայաստանի աշխարհագրության դասընթացը ամբողջական, որպես ճամփորդություն… Հետո Թալին քաղաքով, Թալինի եկեղեցով, ուր ես արմանք-զարմանք ու թևաթափություն եմ ապրում, որքան պիտի այս բացառիկ հոգևոր մշակութային արժեքը քանդվի, որով՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ. դեռ հպարտանու՞մ ենք: Թալին-Երևան խճուղով, նշանավոր Արուճին՝ գյուղին, տաճարին ձեռքով անելով, խոստումով՝ մենք դեռ կվերադառնանք…

***

Այսպիսի մի  հանրակրթական ճամփորդություն՝ Մարմարիկի հովիտով, անցած շաբաթ ձեռնարկեցին Հյուսիսի-Արևմուտքի մեր 4-5-րդ դասարանցիները հայրենագետներ Սոնա Փափազյանի ու Քրիստինե Շահբազյանինախաձեռնությամբ ու նախագծով։ Այսպիսի մի ճամփորդություն է, ընթանում է, չի դադարում, Օշականի ուխտը՝ կրթահամալիրի Բանգլադեշով, Էջմիածնի խճուղով Օշական, Դիդի Կոնդի բարձունքով, Քասախի կիրճով, Աշտարակ քաղաքով-Աշտարակի խճուղով… Այս դասընթացի մշակումով-տեսանկարահանումով հայրենագիտական՝ հեղինակային բովանդակություն է ստանում հանրակրթությունը՝ ազգագրական-հնագիտական, վայրի բնության ու մշակութային արժեքների բաղադրիչներով… Իրական բովանդակություն, իրական Հայաստան, բնապահպանությունը ունենալով առանցք ուսուցման՝ որպես չվնասելով ճամփորդելու կարողություն՝ հայրենիի վերքերը ճանաչելով, կարողանալով խնամել-բուժել՝ վերականգնել խոցված հայրենին: Ճամփորդել Կոմիտասով, Չարենց-Թումանյան-Տերյան կարդալով, պարերգով… աղոթքով՝ խոնարհված ու չխոնարհված եկեղեցիներում, ամեն հնչող շարական աղոթք է, ու ճամփորդությունը՝ ուխտ…

***

Շաբաթ օրվա կրթամշակութային թափառումը մեր սեբաստացիական երգչախմբով թերապիա էր իսկական․շնորհակալ եմ․․․ Արուճի-Մաստարայի-Թալինի Կաթողիկեի աստվածային այս տաճարները կառուցած ժողովուրդն եմ փնտրում ամենուր՝ գյուղապետի, թե դպրոցի ուսուցիչ-տնօրենի, ծանոթ-անծանոթ գյուղաբնակ-քաղաքաբնակի տեսքով․․․ Մեր Թալինը, մի՛ մոռացեք, քաղաք է․․․ Չե՞մ գտնի․․․ Այս տարածքը-երթուղին ես ընտրել եմ ո՛չ պատահական, ոչ միայն աշխարհագրական մոտիկությամբ․․․ Դեռ քանի՜ անգամ, տարբեր զարգացումներով կվերադառնամ․․․ Արուճով, աղբյուրներով, բերդով հին պիտի քայլեմ։ Մաստարայից վեր, դեպի յոթ գյուղեր ձգվող Մաստարայի սելավ գետը՝ իր առուներով, լճերով, բարձունքներով, եկեղեցիներով․․․ զուլում-անկրկնելի աշխարհ է. առանց վրանի-արշավախմբային թափառումի չի լինի․․․ Իսկ Թալինի Կաթողիկեին, ինձ խեթ նայող Արտի սարին պարտք ունեմ․․․

***

Գորիսի նշանավոր  Կոռնիձոր գյուղին, ուր ես եղել եմ 1991-1992-ին, պարտքեր ունենք, կամուրջներ հաստատենք, սկսենք ճանաչելը ապրող-աճող այսօրվա գյուղը՝ իր հաջողություններով-խնդիրներով․․․ Տիգրանյան Աշոտի նախագիծը կամբողջանա Վարդան Կարապետյանի՝ իմ էլ․փոստում գիշերով հայտնվածով, որը ենթադրում է հեղինակային կրթական ծրագրով համակված թարմ մի տարատարիք խումբ․․․ Ինձ ոգևորում է և Վահրամ Թոքմաջյանի, իր սովորողների` Դավիթ Բեկի մասին նախագծային ուսումնական ֆիլմի ստեղծումը։ Ե՞րբ, եթե ոչ հոկտեմբերին, Գյումրիում մեր հանրակրթական կամուրջների ներկայացումը, և իհարկե, փնջային հավաքները «Գետը բնակավայրում»նախագծով։

***

Մարթա Ասատրյան դպրոցի ղեկավարի, էկոհայրենագիտական ակումբի «Հանքարդյունաբերությունը հարավային Հայաստանում՝ Ամուլսարից մինչև Քաջարան» ճամփորդական հայտը, մեկնում են հոկտեմբերի 6-ին, վերադառնում՝ 8-ին, գիշերը՝ ժամը 21.00, 1-ին օրը գիշերում են Խնձորեսկում՝ Ջուլի Սիմոնյանի հարազատների տանը, 2-րդ օրը՝ Ջակատենում, Միլենա Թևատրոսյանենց տանը… Կարդացեք եռօրյա ճամփորդության բովանդակությունը. իսկական ճամփորդությամբ ուսուցում, հեղինակային մանկավարժության տպավորիչ դրվագ՝ իր ընտրությամբ դասընթացի և լրացուցիչ կրթության բաղադրիչներով… Ուշադիր հետևում եմ բնապահպանական-ուսումնահետազոտական-ճանաչողական-քաղաքացիության այս երթին… ձեր կանգառներին՝ Ամուլսարում, Շաքիի ջրվեժում, Քաջարանում… Շամբի ջրամբարում… Բարի վերադարձ կրթահամալիրի Բանգլադեշ…

***

Գագիկ Ներսիսյանը զանգեց… Երևանում է, այսօր-էգուց: Անհրաժեշտ է, որ հոկտեմբերյան օրացույց մտած՝ Շուշի տեխնոլոգիական համալսարանում ավագ դպրոցի-քոլեջի առաջին ուսումնական փորձառության (ճամփորդությամբ ուսուցումը մեթոդ է հեղինակային) շուրջ պայմանավորվածությունների գանք, որ կդրվեն հոկտեմբեր 28-ին մեկնարկող ուսումնահետազոտական ճամփորդության մեկնարկի հիմքում… Ընտրյալ խումբ՝ և՛ ավագ դպրոցի-քոլեջի սովորողների, և՛ դասավանդողների: Քոլեջում 2017-2018 ուստարում բացված նոր մասնագիտությունը՝ վայրի բույսերի վերարտադրություն-հավաքում-մթերում… անխափան-հեռանկարային շարունակություն ունի կրթահամալիրով մեկ, որպես ուսումնական ամբողջական նախագիծ՝ իր բաղկացուցիչներով, ընթացքի մեջ, բոլոր դժվարություններով հանդերձ…  Մեր հայրենագիտությունը, որպես ուսումնական ծրագիր, մեր ճամփորդությամբ ուսուցումը՝ իր «Բարձունքի նվաճում», «Հոգևոր Հայաստան», «Գետը բնակավայրում» նախագծերով ուղիղ առնչվում է այսպիսի ճանաչման-հետազոտության-իմացումի-աշխատանքի-առողջագիտության հետ… Չես փախչի… Ո՜ւր փախչես, երբ հոկտեմբերի օրացույցում է ուղևորությունը, որպես ուսումնական գործուղում Շուշիի տեխնոլոգիական համալսարան, երբ 2017-2018 ուստարվա ամբողջական նախագիծ է, մեր կրթական ծրագրի բովանդակության… Կաթիլ-կաթիլ, բայց անընդհատ պիտի լինի սրա յուրացումը, նախագծերով ուսուցման մեր կյանքի կազմակերպումը:

Հայ-վրացական

Հոկտեմբերին Թբիլիսի մենք երկու նախագծային խմբով ենք ներկայանալու՝ անցնող շաբաթում նախադպրոցական կրթության հեղինակային ծրագրով վրացի նոր գործընկերների հետ սկսածը Թբիլիսիում զարգացնելու և մեզ համար նոր՝ «Պատանի հնագետ» նախագծին մասնակցելու․․․

Հեշտ եմ հիմա ճամփորդում. իմ բոլոր ճամփորդություններն ուսումնական են-աշխատանքային. ճամփորդությամբ ուսուցումը կամ ճամփորդությամբ աշխատելը խոսքեր չեն, ինչ-որ բան ծածկելու համար… Ճամփան-ճամփորդը-ճամփորդությունը՝ քայլքով, որպես արշավ, հեծանվով… եթե ճար չկա-ճանապարհը երկար է՝ մեքենայով, ինչպես Գյումրիի դեպքում… Մեկ օր ունեի. աշխատանքային մեկ օր՝ երկուշաբթին այս, անցկացրի իմ ընկերներ Յուրայի, Կարինեի ու Սյուզիի հետ` Գյումրիում… Ճանապարհին խոսք ու զրույցի փոխանակումով, Գյումրիում՝ հանդիպումներ-քննարկումներով, պայմանավորվածություններով։ Գյումրիում խիտ աշխատեցինք՝ քիչ է, ժամանակ գտանք, օգտվեցինք Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ, իմ բարեկամ, հին գործընկերոջ որդի Հրայր Կարապետյանի սիրալիրությունից ու քայլեցինք կառուցվող Գյումրիի մի հատվածով… «Հայ վրացական հանրակրթական կամուրջներով» Գյումրի-Շիրակի հետ մենք հաստատում ենք հեռահար կրթական կապեր, Գյումրին հաստատում որպես կարևոր գործընկեր հայ վրացական մեր հարաբերություններում ողջ ծավալով: Գործընկերային, կրթահամալիրի ուսումնական օրացույցով կարգավորված կապեր, փոխանակումներ, վերապատրաստումներ, մանկավարժական փորձառությունների պայմանավորվածություններով էին հագեցած մեր հանդիպումները Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի՝ Շիրակի կրթության վարչության երկարատև ղեկավարի ու նրան փոխարինած, Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Հրայր Կարապետյանի հետ… Սա այն դեպքն է, որ երեք պատասխանատու-կարող կողմերով մեր ողջ կապիտալը՝ մարդկային հարազատությունով-իրար լավ ճանաչելով, վստահության հուսալի խարիսխ ենք դարձնում հեռահար, համատեղ նախագծերի, գործընկերային կապերի համար… Գյումրի-Շիրակի ընդարձակվող-բնական կապերը Ջավախքի հետ, նոր որակի, թափով կառուցվող միջպետական ճանապարհը, Բավրայի նոր մաքսակետի գործարկումը, ջավախքցի ուսանողների որոշակի թիվը Շիրակի համալսարանում, ծնունդով Ջավախքից՝ հայտնի գյումրեցիների պատրաստակամությունը աջակցելու վրացերենի ուսուցմանը Գյումրիում… Հատկապես, որ ունենք նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի աջակցությունը։ Մնացածը գործ է, որ պիտի բարեխիղճ արվի. հոկտեմբերի 13-ի մեր համերգ-ներկայացմամբ չի ավատվում, այլ սկսվում է։

Հայ-վրացական կամուրջների նախագծով մեր ներկայացում-համերգը կարևոր-կոնկրետ-հաշվարկված հանգրվան է, որպես «Լավ սկիզբը գործի կեսն է» ժողովրդական խոսքով մեկնարկ… Եվ կարևոր է, որ սրա գիտակցումը-պատրաստակամությունը ես տեսա Գյումրիում (սրա հետևից ենք հենց եկել), տեսա երեկ կրթահամալիրում, սրա ուժը կա մեր նախագծի գործընկեր, ծնունդով գյումրեցի Հովհաննես Մանուկյանի գործողություններում… Խոսքից գործի ճանապարհի կարճումն ավելի առաջ կընկնի, քան Երևան-Գյումրի-Բավրա-Ախալքալաք-Թբիլիսիի ավտոճանապարհի արդիականացումը… Բանն ասելը չէ, որքան էլ կարևոր լինի, բանն ապացուցելն է… Գործից կտեսնենք:

Տոն, որ միշտ մեզ հետ է, որպես …. նախագծային ուսուցման հավեսի մանկավարժություն… Ստացվեց. սա այն դեպքերից-օրերից-նախագծերից է, որ ես գոհ եմ, «Օր Գյումրիում. հայ-վրացական հանրակրթական կամուրջներով նոր հարթակ» հավաքի 40-ի չափ տարատարիք սեբաստացի սովորող-ուսուցիչ, 2018-ի ուսումնական տարվա օրացույցով կսպասեն այսօրվան… Կա այդպիսի, որոշում չասեմ, Տիարի առաջադրանք-առաջարկ հայ-վրացական հանրակրթական կամուրջով բոլոր մասնակիցներին, Երեւանում, Թբիլիսիում, Ախալքալաքում, թե Գյումրիում, 2018 թ. հոկտեմբերի 13-ի հավաքը, մեր հայ-վրացական հանրակրթական բարեկամության 10-րդ տարում, անցկացնել Գյումրիի նշանավոր «Սեւ բերդում», որ բերդի բարձունքից աշխարհի չորս կողմը տարածվի մեր ուղերձը մեր բոլոր հարեւաններին-գործընկերներին, հյուսիսում, հարավում, արեւելքում, արեւմուտքում։

Կամերային երաժշտության տանը վրաստանցի երաժիշտներով կիրակնօրյա համերգի տպավորությունը կմնա մինչև սեբաստացիական երգչախմբի հետ մեր թափառում-ելույթները, մինչև շաբաթ օրվա կամերայինի համերգը կամերայինում… Երեկ ճանապարհում էինք վրաց երաժիշտներից երկուսին՝ կլարնետահար Դմիտրի Բոկոլաշվիլուն և կոմպոզիտոր Հովհաննես Համբարձումյանին, ովքեր գոհ էին գեղարվեստի հարթակ-կացարանում անցկացրած օրերից… Եվ այսպիսի համագործակցությունը՝ համերգ-ներկայացումների, համերգ ցուցադրությունների կազմակերպումը, վստահ եմ, մեր Գեղարվեստի հարթակի խմբագրումն է, նրա մաքրված ճանապարհը… Ինչպես և սովորողների հետ, ծնողական-ուսուցչական համայնքով համերգների մասնակցությունը… Նման համերգների կազմակերպում-մասնակցությամբ, նաև ֆիլմերի դիտումով, հանրային քննարկումներով ու մանկավարժական-հանրային խնդիրներով բանվեճերը դարձնելով իր գործը՝ կրթահամալիրում, կրթահամալիրից դուրս, որքա՜ն ազնվանում է մեր մանկավարժությունը, վերադառնում կամ հաստատում շարունակ իր նպատակը՝ մշակույթ (կուլտուրա) փոխանցելը…

Չընդունել Վրաստանի ԿԳ աշխատողների ազատ արհմիութան՝ մեր երկարատև գործընկերների հրավերը՝ նոյեմբերի 6-ից 8-ը կրթահամալիրի հեղինակային մանկավարժության կլոր սեղանը Թբիլիսիում կազմակերպելու մասին, չենք կարող. մենք սրա իրավունքը ձեռք ենք բերել հայ-վրացական հանրակրթական կամուրջներով 2009-ից… Մեր գործընկեր՝ Թբիլիսիի Գլդանի շրջանի ուսումնատեխնիկական քոլեջում կգործի կլոր սեղանը, ամեն օր կրթահամալիրի հեղինակային ծրագրով մենք կունենանք ուսումնական հեղինակային գործունեություն՝ տեխնոլոգիական հանրակրթության կազմակերպման ցուցադրումով… Հոկտեմբերի 17-ին «Պատանի հնագետ» ծրագրով Թբիլիսի մեկնող  սեբաստացի սովորողների և ուսուցիչների խմբի համար սա նաև մեր այս «Կլոր սեղան»-ին պատրաստվելու առաջադրանք է: Մինչև վաղը մենք կհասցնենք աշխատանքային հանդիպում ունենալ Մեդիակենտրոնում… Նախագծային ուսուցումը ենթադրում է այսպիսի բաց, համերաշխ, մոբիլ-ստեղծական անընդհատ գործունեություն… գաղափարի շուրջ համախմբումով: Գաղափար ասածը առաջարկն է՝ կոնկրետ ուսումնական խնդիր միասին լուծելու, փոխելու մեր կյանքը, դառնալու զորեղ՝ անընդհատ սովորելով և սովորեցնելով…

Եվ էլի...

2017-ի հուլիսին Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարում կայացել էր Հերմինե Անտոնյանի, Մարգարիտ Սարգսյանի ջոկատի հանդիպումը բուլղարացիների հետ, ընկերացել-հավանել են, այնքան, որ ոգևորվել են մերոնց հրավերով, և ահա Բուլղարիայի Սոֆիա քաղաքի «Զվերեց» պարային խմբով գալիս են կրթահամալիր, համատեղ ազգագրական-ուսումնական ճամբարի… Սրանից էլ լավ նոր ճակա՞տ մեր ազգագրագետ Արգամ Երանոսյանի համար… Ինքնաթիռի տոմսերն էլ հոկտեմբերի 30-ի համար մեր բուլղար ընկերներն առել են… Ստեփանակերտի պատանիներն էլ են ուզում մասնակցել մեր ճամբարին… Համեցեք, բայց ուսումնական-ազգագրական կամ որպես կրթական փոխանակում սովորողը սովորողին: Մնաց ստանանք Վրաստանի և Գյումրիի ազգագրագետ պատանիների մասնակցության հաստատումը…

Իսկ Ջանի  Ռոդարին հիշեցնում է. «Գաղափարները ծիրան չեն, որ միշտ հունիսին հասունանան»… Հենց հասունացավ-առաջացավ-օրակարգային դարձավ գաղափարը, որպես լուծվելիք խնդիր, պիտի սկսվի դրա իրագործումը՝ ուսումնական աշխատանքի բովանդակությունը-ձևը, կազմակերպումը … Թե չէ կթթվի, կասեր իմ եղբայր Ստեփանը… Իսկական ճամբար ազգագրական-ուսումնական, էթնիկ երգով-պարով-ներկայացումով, թանգարանային-լաբորատոր-ճամփորդական գործունեությամբ…

2018-ի կառավարական երեք խոշոր միջոցառումները՝ Էրեբունի-Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության կամ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը, Հայաստանում ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովի կազմակերպումը, ինչպե՞ս բերենք հանրակրթություն՝ հեղինակային մանկավարժությամբ հանրայնացնելով սրանք, սրանով նպատակային դարձնելով ծախսվող նյութական ու մարդկային ռեսուրսները… Սրա այլընտրանքը ո՞րն է. մեկուսացումը պետական կյանքից, թե պետական միջոցառումներին որևէ մակարդակի իշխանության կողմից քշվելով… Խնդիր է, որ կիրակի օրով ինձ զբաղեցրեց այն չափով, որ ահա գիր եկավ-պատում դառավ… Իմը, գիտեք, ապրող մարդն է, հայրենին՝ մեզանից լուծում պահանջող խնդիրներով… Ինչպե՞ս այս միջոցառումների ուժանյութը ուղղել մարդու առօրյային…

Մայրենիի

Թերթում եմ Անիի և ընկերների բլոգ-ամսագիրը, հալալ է բոլոր սեբաստացի ուսուցիչներին, որ ջանասեր հարթում են հազարավոր տարատարիք սովորողների ճանապարհ դեպի ինքնորոշման-ազատ խոսքի-մտքի թռիչքի հարթակներ՝ ուսումնական անհատական ու խմբային բլոգներ… Երաժշտությունը որ կա՝ որպես աղավնի խաղաղության, մեր հեղինակած մանկավարժությունը բուն իմաստով, խորքում թռիչք են դեպի միտք… դեպի կատարելություն… Եվ որքա՜ն մարդասիրական հասուն է Անի Արղությանի բլոգի խորագիրը՝ Բաց թողեք ձեր մտքի թռիչքը… Հոկտեմբերի 5-ի օրով, ուսուցիչների միջազգային օրվա առիթով, նվեր-կոչ է հենց ուսուցիչներին ուղղված… Հուզեց ինձ… «Մի ճամփորդ կա իմ մտքում, մի թափառող ճամփորդ, որ կայուն կանգնած է, բայց միևնույն ժամանակ երգում է, սիրում, հիշում, կարոտում: Նա ամեն երևույթը իմ երգի միջոցով վերածում է հուշերի, մի ալբոմի, որը չի ավարտվում, որի թերթերը անվերջ կթերթեմ և չեմ հոգնի, քանի որ  իմ երգը միշտ ինձ հետ է, հնչում է, հնչում և հնչում…»։

Սա՝ բլոգային-նախագծային ուսուցումը, հենց դրա համար էլ ստեղծված է՝ ուսուցչի-սովորողի-ծնողի մտքի թռիչքի:

Հիմա գանք մեր պատանեկան «Լապտեր» ամսագրին Ավագ դպրոցի. հա՛մ կարդում, հա՛մ սցենար եմ դարձնում կարդացածս, ո՞ւմ համար, թատրո՛ն լաբորատորիա, ո՞վ է հաջորդը, «Տանիքից» իջեք «Հարթակ», թե «Իրադարձությունների կենտրոն» գեղարվեստի… Վերնագրի խնդիրը չկա, մեծ է ընտրությունը… Ասենք՝ «Եվ դու դա գիտես» լինի մոնոներկայացման պայմանական անունը, ըստ Գոհար Հովհաննիսյանի…  Շուշան Եփրիկյանի «Անվերապահ սիրո» ֆրազներից յուրաքանչյուրը կարող է լինել, օրինակ այս մեկը՝ «Ես սիրում եմ քեզ, և դա ինձ բավական է»… Կամ Մերի Երանոսյանի «Ներսումդ իմ անունն է»… Տեսեք՝ ինչ դիտարկում ունի այս եթերային, երկա՜ր, շարունակ բարձրի ձգտող աղջիկը… «Կոկորդիցդ կախ են ընկնելու չասած բառերդ ու իմ չարտասանած անունը: Խեղդելու են քեզ»: Կամ Հուրիի «Փոթորիկը»՝ «Ի վերջո փոթորիկները մեզ սովորեցնում են ավելի հանգիստ ապրել՝ մեր կյանքը փոխելով»: Դիանա Տատինցյանին բաց եմ թողնում… հազիվ իջել է բեմից… Աստղ Կիրակոսյանին պատկերացնո՞ւմ եք՝ հավատարիմ իր մոնոներկայացման անվանը «Ես չխոսեմ» (Աստղը չխոսի՞…)՝ «Ամեն բանի մասին խոսել ես: Ամեն բան ասել ես: Խոսելու բան էլ չկա, ու պատճառը այն է, որ մենախոսում ես»: Ու հիմա… ի՞նչ՝ չի՞ հարցներ Դիանա Տատինցյանը… Այսպիսով ո՛չ սցենարի, ո՛չ գրավիչ վերնագրի խնդիր կա, ո՛չ բեմի. ընտրի՛ր… Ո՛չ խաղացողի. ուզում ես՝ մեկ-մեկ, ուզում ես՝ խմբով… Վեցը՝ մեկը մեկից… փախած… Օրն էլ՝ օրացույցով թող որոշվի մեր տոնի… Մնում է այս ճամբարային օրերին «Լապտերի» խմբագիր Նունե Մովսիսյանն ու Քնարիկ Ներսիսյանը ստեղծագործական այս խմբով հավաքվեն «Հարթակում»՝ սեղանի շուրջ… Նոյեմբերի օրացույցը լրացնելու, ներկայացման օրը որոշելու  համար Տիար լինե՞լ է պետք՝ լինեմ-մնամ: Բայց ձեր օրացույցն է… Ասեք։  

Այսքան հասուն-անհատական կենսափորձով-ինքնարտահայտման ուժով պատանիների, նրանց խմբագիր-խորհրդատու ուսուցիչների ուսուցման միջավայրը հենց լաբորատորիան պիտի լինի, նախագծային ուսուցման կազմակերպման այս ձևը… Ու այստեղ չենք կարող մոռանալ մյուս լաբորատորիաներում ներառված, թե լաբորատոր ուսուցումից դուրս մնացած սեբաստացիներին՝ սովորող թե ուսուցիչ… Ինչպես ճամփորդությամբ ուսուցումը, այնպես և լաբորատոր գործունեության հարթակները՝ ներկայացումներ, ելույթներ, համերգ-ցուցադրություններ, նաև դրա համար են՝ դրսում որևէ մեկին չթողնելու, ներառելու… Սրանով հանրակրթության խնդիր է նաև հանդիսատես-մասնակցի կրթումը:

Մարզական

Սենսեյ սիրելի Հայկուհու այս շարքը ուսումնական հավանում եմ-հետևելու եմ, աջակցելու եմ սրա՝ որպես հանրակրթական ուսումնական նախագիծ, շարունակություն-զարգացմանը, տեխնիկական խնդիրների լուծմանը․․․ Մեր բաց-գրավիչ-հիգիենիկ-համապատասխան մարզասրահները՝ թե՛ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, թե՛ քոլեջի նախակրթարանում, թե՛ Մայր դպրոցում, հենց էս օրվա համար են ստեղծված․․․ Զարգացում ասելով՝ նկատի ունեմ բոլոր 2-5 տարեկանների, «Իմացումի հրճվանք» ծրագրով 1-3-րդ դասարանցիների ամենօրյա մարմնամարզական պարապմունքները, սիրում եմ այս բառը՝ գլուխկոնծիները, սրանց բերած առողջացումը, ամենօրյա մարմնամարզության բացօթյա-ընտանեկան-երկարօրյա կազմակերպումը․․․ Սենսե՛յ, մենք քեզնով հիանում ենք․ նախագծի անընդհատությունն ապահովիր  և սեբաստացիների արձակուրդներին, «Ուսումնական աշուն» նախագծով։ Խնդրում եմ։

***

Անձնական-անհատական, անպայման ճամփորդական հեծանիվը պարտադիր է… սեբաստացիներ, բոլոր կարգի ու տարիքների, ինձ լսեք, ես ձեզ օգնեմ 2017-2018 ուստարում հարմար մեկը ընտրեք… ինչպես պարտադիր է արշավականի ուսապարկը-քնապարկը, վրանը՝ մեկ ու մեջ, անհատական այլ պիտույքներ՝ քայլքով ճամփորդության-հեծանվի, խառը-միասին… Հեծանիվն ընդարձակում է ճամփորդի մեր ազատությունը, սովորելու-ճանաչելու-ընդհանրություններ անելու մեր հնարավորությունները… 

Ընտանեկան

Օրացույցը և իր ուսումնական նախագծերը իմ կիրակնօրյա աշխատանքի ողջ բովանդակությունն են կազմել, կիրակի, որ ընտանեկան-ընթերցողական եղավ նաև Արմինեի ու Դավթի համար։
– Սեբաստացի ընտանիքի  խաչն է,- ճիշտ է դիտարկումը Արմինեի:

Ընտանեկան աշխատանքնե՞ր, թե՞ ընտանիքով ուսումնական աշխատանքներ. Դավիթ Բլեյանին Լուսինե Փաշայանի առաջադրանքներին ես ու Արմինեն, Տաթև քույրիկը ուշադիր հետևում ենք… Մեր հեղինակային մանկավարժությունը չի կարող ամեն օր տուն չմտնել ամեն սովորող սեբաստացու հետ՝ բարձր տրամադրություն, միտք, ճաշակ… միասին գործելու հավես պարգևելով ընտանիքին, որպես Անի Արղությանի խաղաղության աղավնի… Այս բացառիկ կարգավիճակը, որ մենք ընտանիքում և դպրոցում ունենք՝ մանկավարժության հեղինակների կարգավիճակը, չի կարող առավելագույն գործուն-ստեղծական-համերաշխ չդարձնել մեզ, ծնող, սովորող, տարատարիք մանկավարժական աշխատող, փոխադարձ հարգանքի խարիսխով մշտական քննարկման-բանավեճի ռեժիմում…

Երկարացված օրվա կազմակերպումը փոխվում է

Եվ երկարօրյա ուսումնական ճամբարը չի ստեղծված՝ թաքուն թե բացահայտ կատարելու համար առարկայական ուսուցչի կամ այլ ծնողի՝ մեզ համար անընդունելի հանձնարարությունները, այդ թվում՝ դասապատրաստումներ… Սրա համար երկու ճակատ էր առանձնացված երեկվա միասնական սեմինար պարապմունքներին՝ երկարօրյա ծրագրով ուսումնական ճամբարը՝ ճամբարի կազմակերպիչ մանկավարժական աշխատողների, և նախագծերով ուսուցումը՝ կրթահամալիրի մյուս մանկավարժական աշխատողների մասնակցությամբ… Ինքը, փաստը, հարգանք է առաջացնում. ամեն չորեքշաբթի ժ. 12.00 և 15.15, Մայր դպրոցում, նախօրոք հրապարակված օրակարգով բաց-միասնական պարապմունքներ են: Համեցեք, հոկտեմբերի 11-ի պարապմունքները ներկայացված են…

Երկարօրյա ուսումնական ճամբարներն իմ թիրախում են, ես բաց չեմ թողնի. այս խողովակներով ամեն օր 500-ի չափ 1-ից 7-րդ դասարանցիներ, ժամը 13.30-17.00, չեն կարող այլ մանկավարժական միջավայրում գտնվել, այլ գործունեությամբ զբաղվել, քան հեղինակային կրթական ծրագրերով որոշվածը… Սրա համար մեր յուրաքանչյուր դպրոց և ընտանիք պիտի համաձայնության գան և՛ սննդի կազմակերպման, և՛ անձնական հիգիենայի, և՛ ինքնակրթության, և՛ լրացուցիչ կրթության (անհատական թե խմբային), այսինքն՝  անվտանգ մանկավարժական գործունեություն կազմակերպման շուրջ, ուսումնական ճամբարում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում-վստահում են, որը փոխօգնության-ինքնավար-նախաձեռնողական-ինքնասպասարկվող միջավայր է…

Աստղա...

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ը, բացակայում էր մեր օրացույցում: Ինչու՞, երբ այդ օրը սկսվեցին մեր աստղագիտություն և ֆիզիկա ընտրած սովորողների ակումբի 2017-2018 ուստարվա բացօթյա դիտարկումները… գիշերումով հայրենագիտական կայանում… Ստացվե՞ց ուղիղ եթեր տանիքից, ինչպիսի՞ զարգացում կունենա աստղագիտությունը՝ որպես մի հանրակրթական ուսումնական նախագիծ բոլոր տարիքների սովորողների համար… Ի՞նչ վճռականությամբ կշարունակի սկսածը Հասմիկ Նալբանդյանը՝ ընտրությամբ գործունեության իր սաների տպավորիչ խմբի հետ… Անհարմար եղանակը կխանգարի մեկ-երկու անգամ… պայծառ օրերը ավելի շատ կլինեն, սրանց բարեհաջող ընթացքին ինչպե՞ս ենք պատրաստ…

Շաբաթ օրը մի երևանյան ընտանիք՝ հայրիկով, մայրիկով, երկու աղջիկներով այցելել էին Մեդիակենտրոն՝ աստղացուցարանային դիտման… Այսպիսի ընտանիքների համար չէ՞ լրացուցիչ կրթության ասվածը… Ո՞վ ունի նախագծային իր սևագրերում աստղացուցարանի նման զարգացում… Էմանուել Ագջոյա՞նը, Հասմիկ Նալբանդյա՞նը, ո՞վ, ովքե՞ր, սովորողների խմբով նաև… Երբ հոկտեմբերի շաբաթների քանակը ընդամենը չորսն է… Լրացուցիչ կրթությունը պոզով-պոչո՞վ է…

Կրթահամալիր միաբանություն

Բարի առավոտ, կրթահամալիր, որ աշխարհ ես դառել, ու այսքա՜ն մարդ՝ փոքր-մեծ, հետաքրքիր ապրում է, կենցաղային ուրույն մշակույթը՝ իր ազգագրությունը ստեղծում… Վկան՝ հենց երեկվա համերգ-ներկայացումը, մինչ որի սկսելը ես անցա մեր Մայր դպրոցի երաժշտականի թևով… Որքա՜ն տպավորվեցի տեսածս համերգ-նախագծային ուսուցման այս ցուցադրական-բաց փուլից՝ ելույթի պատրաստվող խմբերի փորձերից, նախահամերգային աշխույժից, համերգին լցվող սրահից, հոկտեմբերի նախագծերի ճամփորդական շրջանի տեսաներկայացումները ներկայացողների սպասման անհամբերությունից… Բուն համերգը մի համայնքային ապրում է, մեր մանկավարժությամբ-համատեղ կյանքով ձեռք բերվող հավաքանիի … այնպիսին, որ համերգից հետո համերգը չի ավարտվում…

Սեբաստացիական համալրումը, որևէ ձևով, սովորողի՝ մուտքի ճամբար, ուսուցչի՝ վերապատրաստում, կամավորական աշխատանք, մուտքի ճամբար, փոխարինող ուսուցիչ, թե դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարի, մեզանում հետևողական բաց է արվում. վստահեցնում եմ յուրաքանչյուրիդ ու մեկընդմիշտ, զերծ որևէ արտաքին-կողմնակի-անարդար, ոչ մանկավարժական միջամտությունից, համոզիչ: Եվ կարևոր է, որ դպրոցի ղեկավարին փոխարինողը դպրոցի ղեկավարման (հեղինակային մանկավարժության կազմակերպման) փորձառություն-պատրաստության անցնի մինչ գործի իրավական ստանձնումը, էլ չեմ ասում Հայաստանում հանրակրթական հաստատության ղեկավարի համար պարտադիր ղեկավարման իրավունքի հավաստագրի ստացումը…

Ինքը փաստը, որ կրթահամալիրի դպրոցների ղեկավարները խառը մանկավարժական խմբերով երեկ միաժամանակ ներկայացնում էին հոկտեմբեր ամսվա ուսումնական նախագծերը, ո՛չ վերնագրերը, այլ ուսումնական փաթեթներ, որպես նոր բովանդակություն ու ձև՝ կազմակերպում, բաց-մասնակցային տարատարիք-երկարաժամկետ-անձնավորված… Խոսուն է: Մանկավարժական լաբորատորիայում երեկ օրվա վերջում պայմանավորվեցինք առավելագույն աջակցություն ցուցաբերել դպրոցին, տնօրենին,  նախագծի ղեկավար ուսուցչին յուրաքանչյուր նախագիծ դպրոցի կայքում պատշաճ ներկայացնելու համար, որ յուրաքանչյուր շահառուի-ծնողի-մեզանով հետաքրքրվածի առաջ մի հղումով (հպումով) բացվեն մեր ուսումնական ջանքերով, մեր կողմից փոփոխվող-ստեղծվող այս կյանքի մուտքերը…

Կրթահամալիրի քոլեջի ղեկավարումը այն ուղղություններով, որ կրթահամալիրի կանոնադրությամբ իմ գործառույթներում է, շարունակում եմ ես անել։ Երեկ ես քոլեջի ուսանողներին և մանկավարժական աշխատողներին  ներկայացնում էի քոլեջի ուսանողների-աշխատողների ինքնուրույնության, անհատական պատասխանատվության-ինքնավարության, որպես մեր կյանքով առաջացած զարգացման անխուսափելի-ուրախացնող առաջնահերթությունները…

Ունի՞ մեր քոլեջը այս փուլում առանձին ղեկավարի կարիք, երբ մասնագիտական կրթության ուղղությունների (բաժինների) հայտնի պատասխանատուները հաջողությամբ կազմակերպեցին ամառային ընդունելությունը, 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը, սեպտեմբերը, երբ պիտի-կարող են-պատկերացնում են իրենց ուղղություններով մասնագիտական ուսուցման կազմակերպումը՝ իր զարգացումներով… Պայմանավորվեցինք չշտապել. մի նոր լավ ուսուցչի առանց անհրաժեշտ պատրաստության չկտրենք մեզանում այսօր այնքա՜ն պահանջված մանկավարժության իրագործումից… Արտադրությամբ ուսուցումը՝ միջին մասնագիտական կրթությամբ թե նախնական մասնագիտական՝ աշխատողի, արհեստավորի պատրաստումը, խոսքեր չեն միայն, առնչվում են նաև նոր կառավարմանը. ուսանողը-սովորողը, իր անհատական ինքնագործունեությամբ իր կյանքը նախագծելով, իրական պատվիրատուն ու մասնակիցն է մասնագիտական ուսուցման կրթահամալիրային միջավայրի, այստեղ է ուժը չօգտագործված, ու ես վճռական դեպի այս հանքերն եմ ուղղում բոլորիդ ուշադրությունը։ Կրթահամալիրում, բոլոր մասնաճյուղերում ու կրթական ծրագրերով սկսել ենք անուն-ազգանունով ճանաչել-հարաբերվել մեր քոլեջի 200-ին մոտեցող ուսանողներից յուրաքանչյուրին՝ վստահ, որ սրանով մասնակցում ենք քոլեջի կառավարմանը։ Քոլեջի ուսանողը արտադրությամբ, իր մատուցած իրական ծառայությամբ մեր սեբաստացիական շուկայի, պատվիրատուի, գործընկերոջ ներառման-վստահության կարիքն ունի. ինչո՞ւ այսօր լիուլի չստանա…

Ավելին՝ մենք չենք կարող շրջանցել բոլոր տարիքների սեբաստացի սովորողներին՝ 5-6 տարեկաններից մինչև միջին և ավագ դպրոցների, մեծական դավադրություններով… Վստահությունը-ինքնուրույնությունը-հասունությունը պիտի որպես անխախտ երրորդություն հանդես գան սովորողի ուսումնական աշխատանքի ողջ ծավալում և ուղղություններով։ Մեր ուսումնառության պայմանագիրը սովորողի հետ է. ծնողը, որևէ օրինական ներկայացուցիչ չեն կարող ներկայացնել սովորողի իրական շահերը, եթե խորքում չի ճանաչում այսպիսի՝ անձ հաստատող երրորդության անխախտությունը։

Ամեն ուսուցիչ, ով գործող արվեստագետ է՝ մայրենիի, կերպարվեստի, թատրոնի, թե․․․ ազգագրության, ունի հնարավորություն-պարտավորություն՝ իր մանկավարժական լաբորատորիան ստեղծելու․․․ Ասում եմ պարտավորություն, քանզի կրթահամալիրի հոմանիշ է ճանաչված մեր հեղինակած մանկավարժությամբ արհեստանոց-արվեստանոց լաբորատորիան․․․ Վերջին հանդիպման ժամանակ, մեր ազգագրագետ-խորհրդատու Արգամ Երանոսյանը կարևորեց ազգագրական առաջադրանքներում պատանիների լաբորատոր-ստեղծական գործունեությունը, երբ պատանին անգամ յուրացրած ազգագրական նյութի հետ ստեղծական է վարվում նաև․ առանց սրա ի՞նչ յուրացում, ի՞նչ կենդանի մարդ ու հետաքրքիր-ապրող հասարակություն․․․ ի՞նչ հանրակրթություն՝ գերեզմանոց կամ զորանոց․․․

Իրար ասող-օգնող, ինքնաբուխ-ինքնուրույն-իրար հասնող, ուրախ, առանց ուսուցչի-սովորողի լարումի-բռնության, դասարանի ուսումնական սրահում Փաշայան Լուսինեին հանդիպեցի, ում ես առաջարկել եմ ղեկավարել նորաստեղծ մանկավարժական (մասնագիտական խումբը)՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի լաբորատորիան… Այսպիսի խմբեր-աշխատանոցներ որևէ մասնագետի շուրջ էլի կստեղծվեն հեղինակային մանկավարժության զարգացման, մանկավարժական ձեռքբերումների փոխանակման-տարածման այս վճռական՝ 2017-2018 ուսումնական տարում… Յուրա Գանջալյանը սիրով համաձայնեց ստանձնել օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի ղեկավարումը… Ոգևորվեց. առանց ոգևորության ի՜նչ հետազոտական գործունեություն… Օտար լեզվի դասավանդման, դասավանդողների մոտ ուրախացնող փոփոխությունների մասին է խոսում Յուրա Գանջալյանը իր «Առաջընթացը նկատելի էր» հրապարակման մեջ… Երգով լեզու սովորեցնելու առաջին նախապայմանը այդ երգը սիրելն է Ինչո՞ւ այս սիրելը ինձ թվաց որպես սովորեցնելու նախապայման… Այսպիսով, իր նոր ոգևորությամբ, օտար լեզուների կենտրոնի ղեկավարի ծանրակշիռ հայտով,  սկսնակ ուսուցիչներին գործուն օգնելու-նրանց դասավանդման աճի համար անձնային ուրախությամբ Յուրա Գանջալյան ավագներից ավագը մեզանում 2018-ի փոփոխությունների նոր աղբյուր է մատնանշում՝ ջնջելով տարիքի, ծերունական մառազմի սահմանափակումները, անգործության (հանգստի) իրավունքները… Իբր տարիներով վաստակած… Բա ապրելու անընդհատությո՞ւնը, որը և գործելուն-ստեղծելուն է վերաբերում… Ասել է թե՝ նորի աղբյուրը հենց մարդու մեջ է… Լսեցի՞ք, ավա՛գ սերունդ, Յուրայից սկսած, ինձանով վերջացրած… սա է և ձեր՝ կրթահամալիրում պաշտպանված գործելու աղբյուրը՝ գործել փոփոխելով, սիրով սովորեցնել, մեր շուրջ փոփոխություններով ուրախանալ…

Մեր օրակարգում Վահրամ Թոքմաջյանի ամառային առաջարկն է հասարակագիտական լաբորատորիայի կազմակերպման, գուցե ուշ, բայց ոչ ուշացած… Վստահ եմ, որ կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի տրոհումը ուսումնահետազոտական թեմատիկ խմբերի հենց այն լուծումն է, որ հեղինակային մանկավարժության բնական զարգացման պատվերով է գտնված…

Ինչ վերաբերում է հեղինակային մանկավարժությամբ ուսուցչի մանկավարժական-մասնագիտական զարգացմանը, 2017-2018 ուստարում… Կրկնում եմ օրեր առաջ Հերմինե Անտոնյանի-Նվարդ Սարգսյանի նախաձեռնությունների առիթով իմ ասածը, բերելով գիր օրվա, տալով նրան սուրհանդակի ուժ: «Թանկագի՛ն ընկերակից–ուսուցիչ, մի՛ ենթարկվեքոչ մի հեղինակության` թող ձեզ ղեկավարի միայն սեփական փորձը և այդ փորձի վրա խարսխվող սեփական դատողությունը։ Աշխատե՛ք պարզ տեսնել, թե ի՛նչ է նշանակում այս կամ այն խորհուրդը կոնկրետ իրադրության մեջ, որին բախվել եք, փորձարկե՛ք այդ խորհուրդը դասարանում և կայացրե՛ք ձեր վերջնական եզրակացությունը միայն անցկացրած փորձի անաչառվերլուծությունից հետո… Դուք պետք է գիտենաք, թե ո՛ր ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն, ինչը ձեզ անհրաժեշտ է, ուսումնասիրման գործընթացի հետ պետք է սերտորեն ծանոթ լինեք սեփական փորձի` ինքնուրույն ուսումնասիրմանգործընթացում ձեռք բերած և սեփական սովորողների զննումից քաղած փորձի հիման վրա»,- ասում է Փոյան։ Ահա։ Մնաց մի լրացում ասվածին: Մանկավարժությամբ զբաղվողի զարգացման ամենաճանապարհը հետազոտական՝ ինքնուրույն-խմբային նախագծային աշխատանքն է, իրական, ինքդ քո համար, քեզ բավարարում պարգևող:

Նորը՝ մարդու, նրա հայտնության, մեր փոփոխությունն է, մեր ուժի դրսևորումը… 2018-ի ապրիլը պահանջված հարթակ է սրա համար… Նորը, իհարկե լինում է նաև այսպես մեզ մինչ այս անծանոթ երիտասարդ մարդու-մասնագետի-գործչի՝ Սոնա Մանուկյանի տեսքով, ահա հնագետ, որ մանկուց է երազել հնագետ աշխատել, դպրոցում-բուհում սովորել-դարձել է, աշխատում է, պեղումներից է գալիս (կարող եք համոզվել), ու ազգագրագետ Արգամ Երանոսյանի երաշխավորությամբ-միջնորդությամբ երեկ հայտնվեց կրթահամալիրում, օրվա ամենավերջին… Եռանդուն, հմայիչ, աստղով… Որքա՜ն հեշտ պայմանավորվեցինք, ու հոկտեմբերի 17-19-ի թբիլիսյան-մցխեթյան «Պատանի հնագետ» նախագիծն ունի իր մասնագետը պահանջվող, որ այցը սպասված սոսկ ճանաչողական էքսկուրսիա չլինի, ափսոս են մեր միջոցները, լինի մի նոր, երկարատև ուսումնական նախագծի մեկնարկ… Հայաստանում, Վրաստանում… այլուր… Հնագիտություն-ազգագրությունը մեր ճամփորդական ուսուցմամբ հետապնդվող մասնագիտական բնագավառներից է, ու մեր նախագծային ուսուցումը Արգամի, Սոնայի, հնագիտության ու ազգագրության ինստիտուտի, թանգարանների գործընկերությամբ նոր կրթական՝ հասարակագիտական որակներ ձեռք կբերի…

Մեդիայից համահավաքը օվկիանոսների ինչու, ինչպես թաքցնես, թաքնվես… Մեր հնագետ Սոնա Մանուկյանը, տեսեք՝ ինչպիսի խիտ-տպավորիչ մասնագիտական գործունեություն է հասցրել ծավալել, ջրասուզակի PADI միջազգային վկայական էլ ունի… Մեր գործընկեր ազգագրագետ Արգամ Երանոսյանի մասնագիտական գործունեության ամենաթարմ-շոշոփելի վկայականը Կարծախում Ջիվանու թանգարանն է և, երևի, այս տեսազրույցը այնքան տպավորիչ-նշանավոր Գումբուրդո գյուղի մասին… որ շնորհիվ մեդիայի, այս օրերին տասնապատկեց իր հանրաճանաչությունը։ Իմացա, որ Արմանը՝ Երանոսյան եղբայրը մեր, հավաքում է Ջավախքի Թմկաբերդով-Կարծախով-Դամալայով հերթական արշավախմբայինը… Նորացող-իր ողջ հնարավորությունների գործադրման շրջանում հայտնված Ջավախք աշխարհը՝ հայ-վրացական ամբողջականությամբ, օրինականության և քրիստոնեական սիրո ցուցաբերման աշխարհ է… Յուրաքանչյուրս որևէ ուսումնական նախագծով մտնենք այս սքանչելի աշխարհը այսպիսի հավատամքով…

Տեսաք՝ ճամփորդություններով ինչ շուտ ներառվեցին մեր նորեկ սեբաստացիները՝ Աննան Երիցյան, Մնացականյան Մարիամը, Անի Նավասարյանը, Վարդան Կարապետյանը...  Առաջիկա Թբիլիսյան կլոր սեղանի նախագծային խմբերում էլ կլինեն նոր սեբաստացիներ՝ Ծաղիկ Գասպարյանի ու Գայանե Թորոսյանի նման… Նաև փորձի փոխանցման, ինքնավստահության հաղորդման լավագույն միջոց է ճամփորդությամբ ուսուցումը…

Աուդիո-տեսապատում տնօրենի օրագրում 

  1. Հինգ տարեկանների ուսուցման ծրագրի ամենամսյա ստուգատես։
    Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ։
    Մարիամ Բլեյանը իսկական սեբաստացի է։
    Շաբաթվա գլխավոր անելիքը։

  1. Կունենանք իսկական էստրադա կրթական պարտեզում։

  1. Ուսումնական ճամփորդության մեկնարկ Սուրբ Երրորդությունից։

  1. Թափառումով ճանաչման Բանգլադեշում
  • Մայր դպրոցի մարզադաշտերի մուտքից…

  • Բաբաջանյան փողոցի վերնանցումից…

Ուսուցում սրահներում


Էջի լուսանկարը, մեդիանյութերը՝ Արմինե Թոփչյանի։

 

 

 

 

 

 

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский