Սովորողի տնային ուսումնական աշխատանք. այլոց փորձի ուսումնասիրություն

Կրթահամալիրի օտար լեզուների ուսումնական լաբորատորիան ուսումնասիրել է հանրակրթական դպրոցներում տնային աշխատանքների հանձնարարման այլոց փորձը: Առաջին անգամ է, որ կրթահամալիրում նման ուսումնասիրությունը արվել է թիմային աշխատանքով: Օտար լեզուներից  հայերեն հոդվածներ են թարգմանել Իրինա Ապոյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Աննա Գանջալյանը, Լիանա Ասատրյանը (անգլերենից), Էլինա Սիմոնյանը (ռուսերենից), Նարինե Բարսեղյանը (իսպաներենից), Աննա Մարությանը (ֆրանսերենից):

Թարգմանված բոլոր հոդվածներում նշվում է, որ տնային աշխատանք հանձնարարելու նպատակահարմարության մասին տեսակետների գերակշռող մեծամասնությունը բևեռացված է՝ կողմ և դեմ տեսակետներով, և ամենահետաքրքիրն այն է, որ դրանք ընդհանուր առմամբ իրարամերժ լինելով՝ չեն կարող կամ չեն էլ ուզում կասկածել հակառակ բևեռի մի որևէ տեսակետի իսկությանը: Օրինակ՝ ո՞վ կարող է կասկածել այս տեսակետի ճշմարտացիությանը. «Տնային աշխատանքները լավ են նախապատրաստում միօրինականացված հարցաշարերով քննություններին», իսկ ո՞վ կարող է ընդդիմանալ այս տեսակետին. «Տնային աշխատանքը կրճատում է երեխայի խաղալու ժամանակը և կարող է սթրեսի աղբյուր լինել»: Յուրաքանչյուր տեսակետ իր կողմն է քաշում, ինչպես Իվան Կռիլովի «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» հայտնի առակում, և կրթության «աներևույթ հրճվանքը» մի իսկական՝ ֆիզիկական մարմնով, ծանր, բեռ է դառնում: Շատ քիչ են երկու կողմերի փոխզիջումներով գտնված, հավասարակշռված վիճակն արտահայտող այն տեսակետները, որոնց կիրառմամբ կրթության իրականացումը թեթև ու հաճելի է դառնում, որի դեպքում բավարարվում են հետազոտական աշխատանք սիրող օժտված սովորողները, ներառվում են կրթական հատուկ պայմանների կարիք ունեցողները, անխոնջ կատարողներն ու ստեղծագործողները, գեղարվեստի ու երաժշտական ձիրք ունեցողները:

Ստորև ներկայացվում են բազմալեզու հոդվածների թարգմանություններից առանձնացված երկու հակադիր տեսակետները:

Տնային աշխատանքի հանձնարարումը պաշտպանող տեսակետներ

  • Որոշ հետազոտողներ ամուր կապ են տեսնում տնային աշխատանքի և ակադեմիական հաջողությունների միջև: Դյուքի համալսարանի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Հարիս Քուփերը 2006 թվականին «Արդյո՞ք տնային աշխատանքը լավացնում է ակադեմիական նվաճումները» թեմայով համեմատական վերլուծություն է արել, որը ցույց է տվել, որ տնային աշխատանքը կարող է լավացնել սովորողների դասարանական հարցաշարերից ստացած գնահատականները: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն սովորողները, որ տնային աշխատանք էին կատարել մաթեմատիկայից, անգլերենից, Ամերիկայի պատմությունից և հասարակագիտությունից, ավելի լավ արդյունքներ էին ցույց տվել հարցաշարերից, քան նրանք, ովքեր տնային աշխատանք չէին կատարել:
  • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս ծնողներին մասնակցելու իրենց երեխաների կրթությանը:
  • Տնային հանձնարարությունը հնարավորություն է տալիս ուսումնական առարկան ուսումնասիրել սովորողին հարմար արագությամբ: Ոչ բոլոր երեխաներն ունեն միևնույն ընդունակությունը՝ ընկալելու դասարանում տրված տեղեկատվությունը:
  • Դպրոցական հանձնարարությունները կարող են օգնել սովորողներին՝ զարգացնելու իրենց պատասխանատվության զգացումը և սեփական ժամանակի ճիշտ կառավարման կարողությունը:
  • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս սովորողներին զարգացնելու հետազոտական կարողությունները և օգնում է ավելի խորը հասկանալու ուսումնական առարկաների որոշ հասկացություններ, ինչը հնարավոր չի լինում անել դասարանում:

Տնային աշխատանքի հանձնարարման դեմ տեսակետները

  • Տնային աշխատանքը հանգեցնում է նրան, որ աշխատանքը գերարժևորվում է՝ ի վնաս անձնական և ընտանեկան կյանքի բարեկեցության:
  • Տնային աշխատանքը անարդար է, որովհետև տնտեսապես թերապահովված սովորողները չեն կարող ուսումնական աշխատանքը կատարել նույն պայմաններում և նույնպիսի աջակցությամբ, ինչպես ավելի հարուստ ընտանիքների երեխաները:
  • Չափազանց շատ դպրոցական հանձնարարությունները կարող են մեծապես կրճատել խաղալու, սպորտով զբաղվելու կամ էլ ընկերների և ընտանիքի անդամների հետ պարզապես շփվելու ժամանակը: Տնային աշխատանքը խանգարում է նաև կենցաղային աշխատանքների մեջ երեխաների ներգրավվելուն: Այս ձևով ժամանակի ընթացքում երեխան մեծանում ու դառնում է ինքնամփոփ, եսասեր, անկարեկից ու անհետաքրքիր անձնավորություն:
    (Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, մի առիթով ասել է. «Մի՛ արհամարհեք լավ չսովորող ձեր դասընկերոջը: Կգա ժամանակ, որ դուք ստիպված կլինեք դիմելyu նրան՝ աշխատանքի ընդունվելու խնդրանքով»):
  • Փորձարարական կրթության ամսագրի 2013-ի 81-րդ համարում հրապարակված Մոլլի Գելովեյի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնային աշխատանքը երեխաների համար կարող է սթրեսի և ֆիզիկական առողջական խնդիրների աղբյուր լինել: Այս նույն տեսակետն են արտահայտել նաև ամերիկյան «Դպրոցական ոլորտ» կայքի փորձագետները:
  • Տնային աշխատանքի ոչ ճիշտ ընտրությունն ու ձևակերպումը կարող են հանգեցնել այն բանին, որ սովորողները սկսեն ատել այդ ուսումնական առարկան:

Կողմ և դեմ տեսակետներն արտահայտելուց հետո գրեթե բոլոր փորձագետների եզրակացությունները վերջանում են մի խորիմաստ խորհրդով, որը մոտավորապես այսպիսին է. «Սովորողներին անպայման պետք է տրվի որոշակի տնային առաջադրանք, բայց ոչ այնքան, որ նրանք լիովին կտրվեն իրենց սոցիալական ապրելակերպից։ Չենք կարող հերքել, որ տնային առաջադրանքը կարող է զարգացնել սովորողի ակադեմիական հմտությունները, այնուամենայնիվ, ուսումից բացի կյանքում ուրիշ կարևոր բաներ էլ կան։ Եթե որևէ մեկը ի վիճակի է գտնել կատարյալ հավասարակշռության բանալին, ապա նահաջողակ մարդ դառնալու ճանապարհին է»։ Նման եզրակացությունները չեն կարող որևէ առաջընթաց ապահովել:

Փորձագետների նման եզրակացություններից հետո նորից ու նորից համոզվում ենք, որ որոնումների ուղղությունը պետք է փորձագետներից, կրթության պետական կազմակերպիչներից, մանկավարժական գիտությունների դոկտորներից ու պրոֆեսորներից շեղել դեպի դասավանդողը՝ այն մարդը, ով անմիջապես է առնչվում սովորող երեխաների հետ և տնային աշխատանք է տալիս նրանց: Ինչպիսի՞ն են այդ տնային աշխատանքները: Կա՞ առաջընթաց հենց «շփման գծում»: Այստեղ անտեղի է նույնիսկ Ֆինլանդիայի օրինակը բերելը՝ վկայակոչելով Սին Քաֆլենի – «Why do Finnish pupils succeed with less homework? (Ինչու՞ են ֆին աշակերտները հաջողություն ունենում ավելի քիչ տնային աշխատանքներով)» հոդվածը BBC News-ում: Հոդվածում համեմատվում են Ֆինլանդիան և Միացյալ Թագավորությունը: Նշվում է, որ Ֆինլանդիայում երեխաները 150 ժամով ավելի քիչ զբաղվածություն ունեն դպրոցում, ավելի երկար արձակուրդներ, շատ ավելի քիչ տնային աշխատանք, բայց PISA-ի արդյունքներով ավելի բարձր տեղ են զբաղեցնում: Իր հոդվածում Սին Քաֆլենը չի գրում այն մասին, որ Ֆինլանդիայում մինչև 9-րդ դասարանը ներառյալ սովորողները պարտադիր երկարօրյա ռեժիմով են դպրոց հաճախում, որտեղ նրանց տալիս են անվճար երեքանգամյա սնունդ և կազմակերպվում է դասերի պատրաստում բարձրակարգ մասնագետների ղեկավարությամբ: Այստեղ է թաքնված տնային աշխատանքների բացակայության գաղտնիքը: Ֆինլանդիայում հիմնական դպրոցի յուրաքանչյուր երեխայի կրթության վրա պետությունը ծախսում է տարեկան մոտ $ 13000:Այս օրինակը մեզ համար չէ՝ անհասանելի է:

Ֆրանսիայի օրինակը նույնպես վերևից է գալիս՝ երկրի նախագահից և կրթության նախարարից: Այս տարվա ամռանը որոշվել է, որ բոլոր կրտսեր և միջին դպրոցներում բացվելու են տնային աշխատանքի ակումբներ, որտեղ ուսուցիչները, պետության կողմից հավելյալ վարձատրումով, օգնելու են բոլոր այն սովորողներին, ովքեր չեն կարողանում ինքնուրույն կատարել տնային հանձնարարությունները: Այսպիսով, Ֆրանսիայում նույնպես սովորողները տուն են գնում տվյալ օրվա բոլոր հանձնարարությունները կատարած: Ֆրանսիայի օրինակը նույնպես անհասանելի է Հայաստանի համար, քանի որ այդ զարգացումը կրթության համար հատկացված ֆինանսական ծախսերի ավելացման հետ է կապված:

Ելնելով այս ամենից՝ որոնումները մեզ տանում են այլ երկրներում գործող անհատ հեղինակ-մանկավարժների փորձի ուսումնասիրման ուղղությամբ: «Մանկավարժի սենյակ» կայքում հրապարակված է Քեթի Սլութերի «Why I don’t assign homework (Ինչու տնային աշխատանք չեմ հանձնարարում)» հոդվածը: Քեթի Սլութերը անգլերենի փորձառու գործող ուսուցիչ է Արևմտյան Միչիգանում: Նա Ամերիկայում անգլերեն դասավանդողների ազգային խորհրդի անդամ է: Նրա կարծիքով տնային աշխատանքը ուսուցիչների, աշակերտների և ծնողների միջև հավերժ պայքար առաջացնող իրողություն է: Նա գրում է, որ Ֆեյսբուքյան իր էջում ծնողներն անընդհատ դժգոհում են, որ տնային աշխատանքները անհիմն շատ են ու բարդ: Թվում է, թե տնային աշխատանքը անեծք է դարձել բոլորի համար: Ուսուցիչները չեն սիրում դրանք ստուգելն ու գնահատելը, սովորողները չեն սիրում դրանք կատարելը, ծնողներն էլ չեն սիրում անընդհատ խնդրել իրենց երեխաներին, որ տնային աշխատանք անեն: «Ուրեմն, ինչո՞ւ ենք տալիս տնային աշխատանք», հարցնում է Քեթի Սլութերը: Երկար ժամանակ նրան տանջել է ինքն իրեն տված այս հարցը. «Տնային աշխատանք չկատարելը բացասական ազդեցություն ունենու՞մ է այդ դասարանի սովորողների համար սահմանված գիտելիքների և կարողությունների չափորոշչային պահանջներին համապատասխան կրթություն ստանալու վրա, թե՞ միայն անպատասխանատվության զգացում է ձևավորում: Արդյո՞ք իրականում տնային աշխատանք չկատարող սովորողները «վատն» են, իսկ կատարողները՝ «լավը: Եվ եթե իմ սովորողների մեծամասնությունը չի կատարում տնային աշխատանքը, ինչի՞ համար է դա»: Այս մտքերն են Քեթի Սլութերին հանգեցրել այն որոշմանը, որ պետք է շատ քիչ տնային աշխատանք տալ սովորողներին: Նա այն կարծիքին է, որ յուրաքանչյուր տնային աշխատանք պետք է ունենա իր նպատակը: Եթե դա սոսկ տանը աշխատելուն է ուղղված, ապա դա ավելի վնասակար է, քան՝ օգտակար: Աստիճանաբար Քեթին սկսեց տալ և գնահատել միայն այնպիսի տնային աշխատանք, որով որոշվում էր, թե արդյոք սովորողների գիտելիքներն ու կարողությունները համապատասխանում են չափորոշչային ինչ-որ մի կետի:

Քեթի Սլութերի առանցքային մտքերից մեկն էլ այն է, որ դպրոցն այն վայրը չէ, որտեղ պիտի «բռնացնեն» սովորողին մի որևէ գիտելիք կամ կարողություն չունենալը: Էլ որտե՞ղ, եթե ոչ դպրոցում, ուսուցչի ղեկավարությամբ պետք է սովորողը ձեռք բերի այդ գիտելիքն ու կարողությունը: Օրինակ՝ Շեքսպիրի «Մակբեթը» գրականության ծրագրային նյութ է Ամերիկայի ավագ դպրոցներում, և քանի որ այդ գործը բավականին բարդ է լեզվական առումով, Քեթին այն չի հանձնարարում տանը կարդալ: Նա կազմակերպում է դասարանական բարձրաձայն ընթերցումներ՝ դադարներով և մեկնաբանություններով: Ընթերցելու, մեկնաբանությունների և քննարկումների ընթացքում Քեթին խորհուրդ է տալիս իր սովորողներին գրի առնել որոշ բացատրություններ հենց գրքի լուսանցքներում: Վերջում այդ օրվա հանձնարարությունը լինում է միայն ընթերցված և ուսուցչի կողմից մեկնաբանված հատվածների՝ լեզվական առումով բարդ բառակապակցությունների և փոխաբերական իմաստներով օգտագործված բառերի բացատրությունները գրելը: Դասերից հետո Քեթին դպրոցի ընթերցասրահում միշտ հասանելի է իր սովորողների համար: Սովորողները մոտենում են նրան, հարցեր տալիս և կատարում իրենց հանձնարարությունը: Տանն այլևս ոչինչ չի մնում անելու: Այս հանձնարարությունների կատարման համար Քեթին որևէ գնահատական չի նշանակում: Սովորողները գիտակցում են, որ իրենք սովորում են, այլ ոչ թե իրենց գիտելիքներն ու կարողություններն են ստուգվում:

Դասերից հետո սովորողներն ազատ են իրենց ժամանակը տնօրինելու հարցում: Մեկը դասերից հետո պետք է հաճախի երաժշտական պարապմունքի, մյուսը՝ խնամի իր փոքր եղբորը կամ քրոջը, մինչ մայրը աշխատում է երկրորդ հերթափոխում, մի երրորդն էլ պետք է սպորտային պարապմունքի հաճախի: Որևէ մեկը չի պատժվում հանձնարարությունը չկատարելու համար: Ուսումնական գործընթացն անցնում է առանց հոգեբանական սթրեսների: Որոշ ժամանակ անց, երբ անհրաժեշտ է լինում գնահատել սովորողի գիտելիքներն ու կարողությունները, Քեթին՝ գիտենալով իր սովորողների անհատական կարողությունները, տարբերակված հանձնարարություններ է տալիս բոլորին, որոնց կատարումից ելնելով նա որոշում է իր սովորողների լեզվական մակարդակը: Գնահատականը չի լինում թվանշաններով՝ 1, 2, ...10, այլ լեզվական կարողությունների շարադրմամբ: Այս դեպքում և՛ սովորողը, և՛ նրա ծնողները գոհունակությամբ, առանց սթրեսների են ընդունում ստացված գնահատականը: Չէ՞ որ իրենք են տնօրինել իրենց կյանքի ժամանակը՝ ըստ իրենց կարևորած առաջնահերթությունների:

Մեկ այլ ուսուցիչ՝ ԱՄՆ Օհայո նահանգի Հարավային Յուքլիդ քաղաքից Մարկ Բարնեսը, հինգ հիմնավորմամբ է ներկայացնում տնային աշխատանք չտալու իր ուսուցչական աշխատանքի փորձը: Հիմնավորումները նա հետհաշվարկով է ներկայացնում.

5. Փաստորեն, տնային աշխատանքը ուսումնական նյութը անգիր անելու համար է, բայց արդյո՞ք մեզ պետք է որևէ բան անգիր սովորել սմարթֆոնների մեր այս դարում:
4. Տնային աշխատանքի կատարումը որևէ կապ չունի պատասխանատվության զգացում դաստիարակելու հետ: Պատասխանատվության զգացումը հիմնվում է ինքնավարության վրա: Ի՞նչ ինքնավարության մասին կարող է խոսք լինել, եթե ինչ-որ մեկը քեզ ասում է, թե ինչ անես, երբ անես, ինչ չափով անես և երբ վերջացնես: Տնային աշխատանքով միայն հեզություն են դաստիարակում:
3. Տնային աշխատանքը ոտնձգություն է անում շատ ավելի արժեքավոր բաների նկատմամբ, որ կապված է ընտանիքի, խաղալու հետ:
2. Ես կարող եմ ուսումնական թեման իմ աշակերտներին սովորեցնել դպրոցի դասին հատկացված ժամանակում: Հոգնած ուսուցիչների լաց ու կոծ եմ համարում այս պնդումը. «Ես չեմ կարող բոլոր չափորոշիչներին համապատասխան ուսում տալ իմ աշակերտներին առանց տնային աշխատանքի»: Ուսումնական պարապմունքի ընթացքում դասախոսության փոխարեն ներգրավող գործունեություն և որքան հնարավոր է քիչ ստուգողական հարցաշարեր. սա թույլ է տալիս ուսուցիչներին անցնելու ամբողջ ուսումնական նյութը դասարանում, և վերացնում է տնային աշխատանքի կարիքը:
1. Սովորողները չեն սիրում տնային աշխատանքը:
Ես ուզում եմ իմ սովորողների մոտ ուսման ծարավ առաջացնել: Ուզում եմ, որ նրանք հաճույքի և հետազոտելու համար կարդան: Ուզում եմ, որ նրանք շարունակեն սովորելը իրենց ընտրությամբ: Եթե բռնանամ նրանց վրա՝ ստիպելով, որ նրանք զբաղվեն մի գործունեությամբ, որ իրենք չեն ընտրել. նրանք կատեն այդ գործունեությունը: Եթե ես պատժեմ նրանց մի որևէ գործունեություն չանելու համար, որ իրենք չեն ընտրել, նրանք էլ ավելի կատեն սովորելը: Իմ գործընկերներն ինձ ասում են, որ տնային աշխատանքը ուսուցման անբաժանելի մասն է: Ես դա չեմ ընդունում: Իսկ ո՞րն է ձեր տեսակետը:

Մարկ Բարնեսի հոդվածը հրապարակվել էր մանկավարժների մասնագիտական սոցիալական կայքում և այլ ուսուցիչների 22 ծավալուն արձագանքներին պատասխանելուց հետո Մարկը խորհուրդ է տվել քննարկումը շարունակել Twitter-ի իր էջում:

Իսկ ի՞նչ են կարծում այս կարևոր հարցի մասին մեր կրթահամալիրի դասավանդողները, սովորողներն ու նրանց ծնողները: Արդյո՞ք լիիրավ գործում են մեր կրթահամալիրի ուսումնական պլանների պարզաբանումներում և ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգերում տնային աշխատանքի մասին դրույթները: Արդյո՞ք այս հարցը Հայաստանում նույնպես կդառնա հանրային քննարկման առարկա, ինչպես դա եղավ Իսպանիայում, որտեղ 2015 թ. երեք երեխաների մայր Եվա Բայլերը նախաձեռնեց Իսպանիայի կրթության նախարարությանն ուղղված ստորագրահավաք՝ տնային հանձնարարությունների վերացման պահանջով՝ հավաքելով 200000 ծնողի ստորագրություն: Իսպանիայի կառավարությունը չի ընդունում հանրակրթական դպրոցներում տնային աշխատանքների վերացման որոշումը, քանի որ չի կարող Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նման լուծումներ առաջարկել: Հայաստանում կա՞ն այս հարցը բարձրացնողներն ու դրա լուծումներն առաջարկողները:

Օգտագործված աղբյուրներ

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский