Տնային աշխատանք. կամ լավ է, երբ ընտրության հնարավորություն ունես

Տնային առաջադրանքներ հանձնարարելու խնդրի մասին, ինչպես ցույց տվեց նաև մեր օտար լեզուների ուսկենտրոնի արած ուսումնասիրությունը, տարաձայնություններ,  ամենատարբեր մոտեցումներ,  երբեմն իրար ծայրահեղորեն հակասող կարծիքներ՝ ինչքան ասես:  Կարծում եմ, բոլոր այսպիսի մանկավարժական բանավեճերի հիմքում ընկած է կողմերի դավանած մանկավարժությունը: Ի՞նչ է տնային առաջադրանքը, ի՞նչ ակնկալիք ունենք մենք՝ որպես դասավանդող, ծնողը՝ որպես պատվիրատու, սովորողը՝ որպես այդ գործընթացի ամենակարևոր միավոր: Ցավոք, սովորաբար մանկավարժական բանավեճերից դուրս է մնում հատկապես սովորողը, չնայած այն պարզ ճշմարտությանը, որ մանկավարժական բոլոր խնդիրներն էլ ի վերջո ուղղված են սովորողին:

Գովազդ եթերում: Արթենի Ջանիկյան

«Ես կարծում եմ, որ  Ավագ դպրոցի սովորողը իրավունք ունի որոշում կայացնելու՝ կատարե՞լ տնային աշխատանք, թե՞ ոչ: Դպրոցում կան երեխաներ,  որոնք զբաղվում են ինքնակրթությամբ, և նրանք կարիք չունեն կատարելու տնային աշխատանք»: Էլեն Կարապետյան, 10-րդ դասարան
«…Չափից շատ հանձնարարվող տնային աշխատանքը մեզնից շատ ժամանակ է խլում, և մենք չենք կարողանում զբաղվել մեր նախասիրությամբ, լրացուցիչ որևէ նյութ կամ գիրք կարդալ: Ազատ ժամանակ համարյա շատ քիչ ենք ունենում, չենք կարողանում ճիշտ ու հստակ  օգտագործել  մեզ հասանելի ժամանակը մեր անձնական զբաղմունքների համար»: Ռիմա Սիմոնյան, 10-րդ դասարան
Եվ սա մեր կրթահամալիրում, որտեղ գործող ուսումնական պլանում նշված է, որ կրթահամալիրի սովորողը կարող է ընտրել տնային հանձնարարությունների ծավալը, և որ այն համարվում է լրացուցիչ կրթություն: Մեզ մոտ էլ են դասավանդողները դժվար համակերպվում սովորողի տնային աշխատանքի ծավալ ընտրելու իրավունքի հետ:
Ես ուսպլանով ամրագրված այս կետը համարել և համարում եմ մեր մանկավարժական ձեռքբերումը և սիրով եմ տալիս սովորողին այդ հնարավորությունը: Անցած տարիներին նշում էի ինձ մոտ, թե սովորողներից ով է ընտրել տնային առաջադրանքներ՝ որպես լրացուցիչ կրթություն: Որից հետո հետևողականորեն տնային հանձնարություն ընտրած սովորողից պահանջում էի այդ աշխատանքը: Բայց լինում էր այն, ինչ լինում է սովորաբար. անողն անում էր, չանողն էլ չէր անում: Ի՞նչ էր տալիս այդ լարումն ինձ կամ սովորողին, երևի թե ոչինչ: Հատկապես, որ գիտեմ՝ Միջին դպրոցում տնային առաջադրանքների ծավալը հիմնականում ծնողն է ընտրում: Իսկ դրանց կատարման-չկատարման համար պատասխան է տալիս սովորողը: Դա ինձ անարդարացի և ոչ տրամաբանական թվաց: Եվ ես դադարեցի նախատել սովորողին տնային աշխատանքը չկատարելու համար: Ընդհանրապես, հիմա ես ավելի շատ աշխատում եմ խրախուսման, ոգևորման մեթոդով, քան նախատման և պատժի: Եվ ասեմ, որ այդ մեթոդը անհամեմատ ավելի լավ է գործում, քան նախորդը: Համենայն դեպս`լարումը դուրս է գալիս, որն այնքան խանգարում է ուսումնական գործընթացում, իսկ տանը աշխատողների թիվը ավելի քիչ չի լինում, քան նախորդ մեթոդի դեպքում էր:

Ընտանեկան նախագիծ: Շուշան և Արփի Փաշինյաններ

Հիմա խոսեմ լրացուցիչ կրթության՝ տնային առաջադրանքների բովանդակության և հանձնարարման կերպի մասին: Ես հնարավորին չափ անհատականացրել եմ այդ գործունեությունը: Որպես լրացուցիչ կրթություն՝ սովորողներին առաջարկում եմ նախագծեր և այդ նախագծերի մեջ ընդգրկել եմ այն բոլոր հնարավոր լեզվական ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրել սովորողների խմբերին:
Յուրաքանչյոր սովորող տանն ինքն է ընտրում, թե այդ օրը հատկապես ինչ լեզվական աշխատանք է ուզում անել՝ շարադրել մտքերը որևէ թեմայո՞վ, թարգմանությո՞ւն անել, գրականությունից որևէ բանաստեղծություն ընտրել, ձայնագրվե՞լ, թե՞ մի այլ աշխատանք անել:

Ընթերցում է Սաթինե Տեր-Պետրոսյանը:

Կան սովորողներ, որ սիրում են գործնական քերականության առաջադրանքներն անել: Ինչո՞ւ ոչ: Չնայած հետաքրքիր դիտարկում անեմ`այդ սովորողների թիվը քիչ է, կարելի ասել`եզակի սովորողներ են երբեմն-երբեմն ընտրում այդ աշխատանքը: Երևի թե ստեղծական-նախագծային գործունեությունը առավել գրավիչ է սովորողների համար: Ինչևէ,  կարևոր է, որ պահպանվում է նաև այսպիսի աշխատանք նախընտրող սովորողի ընտրության իրավունքը:  Արդյունքում՝ սովորողը տանը կատարում  է  իրեն առավել հոգեհարազատ, իր նախասիրությամբ աշխատանք: Եվ փորձն էլ ցույց է տալիս, որ շաբաթվա ընթացքում  սովորողը հաճախ փոխում է իր ընտրած լեզվական աշխատանքը՝ մի նախագծից անցնելով մյուս նախագծի կատարմանը: Բերեմ մի օրինակ: Արթենի Ջանիկյան, 6-րդ դասարան: Սրանք Արթենի Ջանիկյանի լրացուցիչ կրթության նախագծերն են`տնային աշխատանքները.

Այսպիսի լրացուցիչ կրթության նախագծի արդյունք են  10-րդ դասարանցիների «Թարգմանություններ» ամսագիրը, , «Մանրէ» պատանեկան ամսագիրը, 6-րդ դասարանցիների «Թարգմանում ենք» ամսագիրը,  «Չաչանակ» մեդիաբլոգի  շատ նյութեր, «Լուսատիտիկ» ամսագիրը, «Կարդացեք և լսեք մեզ»: 

Լրացուցիչ կրթության նախագծային այսպիսի մեթոդը լիովին արդարացված է: Սովորողները սիրով են զբաղվում իրենց նախասիրած լեզվական գործունեությամբ: Դասարանում կատարում են հիմնականում խմբային նախագծային աշխատանք, իսկ տանը հնարավորություն ունեն անելու անհատական, նաև ընտանեկան նախագծեր:
Եվ այսպիսի ուսումնական աշխատանքը  հետաքրքրքիր է և իրենց համար, և ինձ համար:

Ընտանեկան նախագիծ: Կարինեի հարցազրույցը իր եղբոր հետ:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский