X. Ոչ իր տեղում, Հարվարդ, 1909-1910

Հեղինակ: 

Նախկին հրաշամանուկը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

1909թ. աշնանը Հարվարդի նախագահ Էլիոտը ազատվեց աշխատանքից և նրան փոխարինեց Աբոտ Լոուրենս Լոուելը: Ես գնացի Ուինտրոպ՝ արարողության, որի ժամանակ համալսարանի շենքի դիմաց բաց երկնքի տակ շնորհվում էին պատվավոր աստիճաններ, և ինձ դուր եկավ ակադեմիական ճոխ միջոցառումը:

Այն ժամանակ չէի հասկանում, և կարծում եմ, միայն քչերն էին հասկանում, որ Էլիոտի հեռանալը համընկավ մեծ դարի վերջի և քիչ նշանակալի դարի սկզբի հետ: Հնարավոր է, որ Էլիոտը սահմանափակ անձնավորություն էր, ինչը բնորոշ էր Նոր Անգլիայի բնակչին, սակայն նրա հայացքը աշխարհին գիտնականի և աշխարհի քաղաքացու հայացք էր: Լոուելը նվիրված էր Հարվարդին և ցանկանում էր այն հասանելի դարձնել միայն կառավարող դասի համար:

Լոուելի ղեկավարումը շուտով սկսեց լավ ազդել ֆակուլտետի անդամների բարօրության վրա, և հայրս նրանց շարքում էր, ովքեր լավ պատճառ ունեին շնորհակալ լինելու նախագահին ֆինանսական ապահովման համար: Սակայն այդ երախտագիտությունը դառնահամ էր: Եթե Լոուելը պրոֆեսորներին հարստացրեց, միայն այն պատճառով, որ ցանկանում էր, որպեսզի նրանք լինեին հարուստների կողմնակիցները: Նա ցանկանում էր, որ նրանք խուսափեին հասարակ մարդկանց ընկերությունից և ընկեր փնտրեին մեծ բիզնեսին և արտադրական շրջանակներին պատկանող մարդկանց շրջանում:

Սկզբում իմ ծնողներն էլ չէին գիտակցում, որ առատության եղջյուրը, որով նախագահ Լոուելը օժտել էր ֆակուլտետը, իր մեջ սուր սայր էր թաքցնում: Շատ տարիներ անց, երբ հայրս թոշակի անցնելիս նամակ ստացավ, որը գրված էր այնքան անքննելի, որպես իր պարտականությունները վատ կատարող խոհարարուհուն տրվող նամակ, պրոֆեսոր Լոուելը՝ այդ քայլող բարեգործը, հորս և մորս աչքում դարձավ չար հրեշ: Բայց նա ոչ բարեգործի կերպար էր, ոչ էլ հրեշի: Նա բավականին միջակ մարդ էր, որը արտաքին փայլ ուներ և կապվածություն կոմֆորմիստներին, նվիրված էր իր սոցիալական դասին և գրեթե անտարբեր մնացած ամեն ինչի նկատմամբ:

Նրա նախագահության առաջին տարիներին ես բավականին հաճախ էի մասնակցում Քվինսի փողոցի վրա գտնվող նախագահական տանը քոլեջի ուսանողների համար կազմակերպվող խստաբարո և պաշտոնական երեկույթներին: Մենք սովորում էին թեյի բաժակը ծնկներիս պահել և լսել տիկին Լոուելի պատմությունները, որտեղ նա հիշում էր մեծ սառնամանիքի մասին, որը հեռավոր մի տարի Բոստոնի ծովածոցը պատել էր սառույցով: Նախագահն արտասանում էր obiter dicta[1], որն արագ փոխանցվում էր կառավարության և ադմինիստրացիայի տեսադաշտի մի ծայրից մյուսը և կրում էր նրա սիրելի գաղափարը, որ եթե կառավարությունը պետք է օգտագործի փորձագետներին, թող նրանք լսելի լինեն, բայց ոչ տեսանելի: Նա սիրողական քաղաքագետի գովքն էր անում, մարդու, որ կարող էր ամեն ինչ մասին լավ դատողություններ անել, սակայն որի գլխում բովանդակային որևէ տեղեկություն չկար:

Հարվարդում կիսմայակը սկսվելու էր Քեմբրիջի մեր նոր բնակարանը տեղափոխվելուց մի քանի օր հետո: Ես տասնհինգ տարեկան էի, և որոշեցի ուժերս փորձել կենսաբանության դոկտորի աստիճան ստանալու համար:

Հարվարդում աշխատանքի առաջին հիշողություններս կապված են այն բանի հետ, թե ինչպես էի Քեմբրիջի Ֆրեշ Փոնդ արգելոցի լճակում տիզ հավաքում՝ հյուսվածքաբնության իմ դասախոսության համար: Հյուսվածքաբանության իմ դասընթացը շատ խառնաշփոթ սկսվեց, և դրա շարունակությունը տապալման էր նման: Փափուկ հյուսվածքների հետ նուրբ գործողություններ կատարելու հմտություններ չունեի, ինչպես նաև կարգի սովորություն, որն անհրաժեշտ է ցանկացած բարդ աշխատանք համապատասխան ձևով կատարելու համար: Ես կոտրում էի ապակիները, իմ հատույթները փչացնում պատահական կտրվածքներով և չէի կարողանում ճշգրիտ հետևել բջիջների լիզիսի և ամրացնելու, ներկելու, չորացնելու և հատույթներ ստանալու բծախնդիր կարգին, ինչը պետք է անթերի անի յուրաքաչյուր գործիմաց հյուսվածքաբան: Ես համակուրսեցիներիս և ինձ համար խոչնդոտ էի դարձել:

Իմ անշնորհքությունը և անկարողությունը մի քանի գործոններից էին առաջացել: Հավանաբար, ձեռքերի ճարպկության զգալի թերություն ունեի, որը գալիս էր գենոմի ձևավորման ինչ-որ հատուկ պատճառով, բայց, ամեն դեպքում, դա ամբողջը չէր: Կարևոր նշանակություն ունեցող մյուս գործոնը աչքերս էին. չնայած տեսողությունս կանոնավորված էր համապատասխան ակնոցով, և աչքերս գործնականում չէին հոգնում, բայց կարճատեսության հետ ուրիշ անհարմարություններ են կապված, որոնք անմիջականորեն կարող է չնկատել միջին մարդը: Ձեռքերի ճարպկությունը չի կարող կապվել միայն մկանների զարգացվածության և տեսողության հետ: Այն կախված է ամբողջ շղթայից, որը սկսվում է աչքերից, շարունակվում է մկանների գործողություններով և հետո այդ մկանային աշխատանքի արդյունքը աչքերով տեսածրելով: Եվ ոչ միայն մկանային և տեսողական ազդակների կատարելության անհրաժեշտություն է առաջանում, այլ նաև, որպեսզի այդ երկուսի միջև փոխադարձ կապը լինի ճշգրիտ և մշտական:

Եվ ահա, հաստ ապակիներով ակնոցով տղան պատկերները զգալի անկյունով թեքված է տեսնում քթին դրած ակնոցի յուրաքանչյուր աննշան շեղման դեպքում: Սա նշանակում է, որ տեսողական ազդակի և մկանային ազդակի միջև փոխադարձ կապը ենթարկում է մշտական վերակարգավորման, այնպես որ նրանց միջև բացարձակ համաձայնեցումն անհնար է: Սա էլ անշնորհքության աղբյուր է, որը մեծ դեր է խաղում, բայց ակնհայտ չէ:

Իմ անշնորհքության մի ուրիշ աղբյուր էլ ավելի շուտ հոգեբանական բնույթ ունի, քան ֆիզիկական: Սոցիալապես դեռ շրջապատին հարմարված չէի և հաճախ անզգույշ էի, քանի որ երբեմն բավականաչափ չէի գիտակցում սեփական գործողություններիս հետևանքները: Օրինակ, մյուս տղաներին հաճախ էի հարցնում, թե ժամը քանիսն է, մինչդեռ կարող էի սեփական ժամացույց ձեռք բերել, և ի վերջո նրանք ինձ ժամացույց նվիրեցին: Իմ այդ վարմունքը հեշտ կլինի ընկալելը, եթե հաշվի առնենք, որ չնայած ծնողներս առատ վճարում էին իմ բոլոր անձնական ծախսերի համար, բայց ես դեռ չէի վարժվել տված փողը շաբաթվա ընթացքում ճիշտ բաշխել:

Էլի հոգեբանական մի արգելք կար, որ ստիպված էի հաղթահարել, անհամբերությունը: Այդ անհամբերությունը մտքիս արագության և ֆիզիկականիս դանդաղկոտության արդյունքն էր: Ես ավարտը շատ ավելի շուտ էի տեսնում, քան կարող էի հաղթահարել բոլոր փուլերը, որ ինձ այնտեղ կհասցնեին: Երբ գիտական աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է բծախնդիր և ճշգրիտ աշխատանք, ինչը միշտ ուղեկցվում է պրոցեսի զարգացումը գրանցելով, ինչպես գրաֆիկորեն, այնպես էլ նկարագրությամբ, անհամբերությունը շատ մեծ թերություն է: Թե որքան մեծ թերություն էր իմ անշնորհքությունը, չգիտեի, մինչև չփորձեցի: Ես կենսաբանությամբ սկսեցի զբաղվել ոչ այն պատճառով, որ այն համապատասխանում էր նրան, ինչով ես կարող էի զբաղվել, այլ որ դա այն էր, ինչով ես ցանկանում էի զբաղվել:

Այն, որ ինձ շրջապատող մարդիկ ինձ համոզում էին չզբաղվել կենդանաբանությամբ, ինչպես նաև այնպիսի գիտական գործունեությամբ, որտեղ փորձը և դիտարկելը կարևոր բաղադրիչներ էին, անխուսափելի էր: Այնուամենայնիվ հետագայում ես արդյունավետ աշխատեցի ֆիզիոլոգների և ուրիշ լաբորատոր գիտնականների հետ, որ ավելի փորձված փորձարարներ էին, քան ես, և ինձ հաջողվեց իմ որոշակի ներդրումն ունենալ ֆիզիոգիայի ժամանակակից հետազոտություններում:

Գիտնական դառնալու համար շատ ճանապարհներ կան: Ամբողջ գիտությունը հենվում է դիտարկումների և փորձի վրա, և կատարյալ ճշմարտություն է, որ ոչ մեկը չի կարող հաջողության հասնել, եթե չի հասկանում դիտարկելու և փորձեր կատարելու հիմնական մեթոդները և կարևորությունը: Բայց դիտարկումները սեփական աչքերով կատարելու և փորձերը սեփական ձեռքերով կատարելու բացարձակ անհրաժեշտություն չկա: Դիտարկելիս և փորձ կատարելիս տվյալների հավաքում է կատարվում, և այդ տվյալները պետք է դասավորել տրամաբանական կառույցում, իսկ փորձերը և դիտարկումները, որոնց միջոցով այդ տվյալները կարող են ստացվել, պետք է այնպես կատարվեն, որ բնությունը ուսումնասիրելու համապատասխան ձև լինեն:

Կատարյալ գիտնականը, անկասկած այն մարդն է, որ կարողանում է ճիշտ հարցադրում անել և ճիշտ կազմակերպել հետազոտությունը: Չկա այնպիսի մարդկանց պակաս, որ կարող է նման ծրագրեր առավել արդյունավետությամբ իրականացնել՝ չունենալով, հնարավոր է, անհրաժեշտ խորաթափանցություն խնդիրը ձևակերպելու և փորձարարական աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար. գիտության մեջ ավելի շատ են հմուտ ձեռքերը, քան հմուտ գլուխները, որոնք կարող են դրանց ղեկավարել: Հետևաբար, չնայած անշնորհք և անփույթ գիտնականը այն տեսակը չէ, որը կարող է գիտության մեջ հսկայական գործ անել, համենայնդեպս նրա համար էլ այնտեղ գործ կգտնվի, եթե նա ընկալող է և կարողանում է դատողություններ լավ կատարել:

Ամենևին դժվար չէ բազմաշնորհ գիտնականին ճանաչելը, ում առանց կասկածելու կարելի է այդպիսին կոչել: Եվ դասավանդողի խնդիրն է այն ուսանողին ճանաչելը, որ հետագայում կարող է դառնալ լաբորատորիայի աշխատակից և կկարողանա փայլուն կերպով կյանքի կոչել ուրիշներին պատկանող ռազմավարությունները, և նրան, որ ֆիզիկապես անշնորհք լինելով՝ օժտված է ինտելեկտով, ում գաղափարները կարող էին ուղղորդել առաջիններին և օգնել նրանց: Երբ Հարվարդի ուսանող էի, ինձ դասավանդողները չկարողացան ընդունել, որ ես, չնայած իմ սարսափելի թերություններին, կարող էի ինչ-որ ներդում ունենալ կենսաբանությունում:

Սակայն պրոֆեսոր Ռոնալդ Թեքսերը, որ հիմա կենդանի չէ, բացառություն էր: Ես նրա մոտ ուսանում էի սպորային բուսաբանության դասընթաց: Դասախոսությունները բծախնդիր և մանրամասն հետազոտություններ էին ջրիմուռների և սնկերի, մամուռների և պտերների և նրանց ցեղակից բույսերի անատոմիայից և ֆիլոգենետիկայից: Սովորաբար ուսանողից պահանջվում էին մանրամասն գրառումներ և այն գծագրերի պատճենումները, որ պրոֆեսորը նկարում էր գրատախտակին: Լաբորատոր աշխատանքը կամված էր կենդանի բույսի մանրամասն դիտարկումից և ուրվանկարելուց և սպորային հյուսվածքների հատվածք ստանալուց: Իմ լաբորատոր աշխատանքը ավելի քան վատն էր, անհույս էր: Սակայն այդ դասընթացից ես B+[2] գնահատական ստացա՝ առանց որևէ գրառում պահպանելու:

Ուսանողը պետք է կարողանա գրառումներ անել, բայց ես այդպես էլ չհաջողեցի այդ գործում:

Կարծում եմ, որոշակի հակասություն կա դասախոսության գրագետ գրառումն իրականացնելու և նյութը պատմելուն զուգահեռ այն հասկանալու համար ուսանողի ուշադրությունը գրավելու միջև: Ուսանողը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջև, և դրանցից յուրաքանչյուրը իր առավելություններն ունի: Եթե ուսանողն ինձ նման է, և տեսողության և գրելու հմտության նման դժվարություն ունի, ինչը նրա գրառումները դատապարտում են անավարտության և հետագայում դրանք ուսումնասիրելու դժվարության, նա կարծես փորձում է երկու աթոռի նստել: Եթե նա որոշում է գրառումներ անել, իրեն դատապարտում է հիմնական գաղափարն ընկալել չկարողանալու, և դասընթացի վերջում չի ունենա ոչինչ, բարցի անվերծանելի կարակուլներից: Բայց եթե նա ինձ նման լավ հիշողություն ունի, նրա համար ավելի լավ է գրառումների մասին չմտածել, իսկ դրա փոխարեն միտքը կենտրոնացնել նյութի վրա՝ դասախոսի կողմից այն շարադրելուն զուգընթաց:

Համեմատական կառուցվածքաբանության իմ դասընթացը միջանկյալ էր հյուսվածքաբանության և բուսաբանության միջև: Իմ նկարները սարսափելի էին, բայց ես լավ էի հասկանում գործի էությունը: Ես միտում ունեի, ինչպես Քինգսլին, աշխատանքում շտապելու՝ առանց մանրուքներին ուշադրություն դարձնելու: Ի դեպ, ինձ համար դա բնորոշ միտում էր ամբողջ կյանքիս ընթացքում: Եվ դժվար չէ բացատրելը, թե ինչու: Ես շատ արագ էի ընկալում գաղափարի էությունը, բայց ֆիզիկապես չափազանց դանդաղկոտ էի: Եվ սեփական մտքերի ետևից ֆիզիկապես հասնելը կամ գաղափարներիս ընթացքը դադաղեցնելը, որպեսզի համապատասխանեին իմ ֆիզիկական հնարավորություններին, ինձ համար դժվար էր:

Ինձ համար ֆիզիկապես վերականգնվելու միջոց գտա մարմնամարզական դահլիճում: Ես ընդունվեցի գեղարվեստական մարմնամարզության դասարան, որտեղ սովորական մարզական վարժությունները զուգակցվում էին ժողովրդական հանդարտ պարերի հետ: Ես փորձեցի բասկետբոլ խաղալ ցածրահասակների խմբում, որոնք կազմակերպվում էին մարմնամարզական դահլիճի ցոկոլային հարկում, բայց սպորտի այդ շարժուն և անկանոն ձևում ակնոցով ոչինչ չէի կարող անել, իսկ առանց ակնոցի անօգնական էի:

Շատ երջանիկ ժամեր եմ անցկացրել Հարվարդի «Յունիոնի» գրադարանում: Այն վերջերս էր ստեղծվել իշխանությունների բարեգործության հաշվին որպես «club des sans club»[3] և Հարվարդյան ընտրյալների ակումբների դեմ բողոք էր: Լոուլեի նոր ռեժիմի պայմաններում այդ ակումբը սկսեց խամրել: Այն ժամանակների կարևոր հոսանքներից էր նոր հակահրեականությունը, և իշխանություններն սկսեցին մտածել numerus clausus[4] տեսանկյունից: Ինչ-որ տեղից սկսեցին խոսակցություններ տարածվել, որ «Յունիոնը» դարձել է հրեաների և այլ ոչ ցանկալի տարրերի շտաբ-բնակարանը: Այդ խոսակցությունները մեր տանն էլ արձագանք գտան: Մայրս ինձ հարցուփորձ էր անում «Յունիոնի» հրեական ուղղվածության մասին և սկսեց ակնարկներ անել, որ հավանաբար ավելի լավ կլինի, որ ինձ այնտեղ այդքան հաճախ չտեսնեն: Քանի որ ուրիշ տեղ չունեի գնալու, որտեղ կարող էի հասարակության մեջ ժամանակ անցկացնել, այս բոլոր հարցերը ինձ խիստ տխրեցնում էին:

Այնպես եղավ, որ 1909թ. Հարվարդում եղավ annus mirabilis [5]: Ես որպես ուսանող ընդունված հինգ հրաշամանուկներից մեկն էի: Դրանք էին Ու. Ջ. Սայդիսը, Ա.Ա. Բերլը և Սեդրիկ Ուինգ Հութոնը: Ռոջեր Սեշենսը, երաժիշտ, Հարվարդ ընդունվեց մեկ տարի ուշ, երբ տասնչորս տարեկան էր: Ես համարյա տասնհինգ տարեկան էի, և առաջին կուրսի ուսանող-ասպիրանտ էի: Ու. Ջ. Սայդիսն ընդունվել էր քոլեջ որպես առաջին կուրսեցի: Նա հոգեբույժ Բորիս Սայդիսի որդին էր, որը կնոջ հետ միասին մասնավոր հոգեբուժական հիվանադանոց էր բացել Պորտմուտում, Նյու Հեմփշիր նահանգում: Ինչպես և հայրս, Բորիս Սայդիսը ռուսական հրեա էր, և հորս նման, ուներ իր անխախտ համոզմունքները երեխաների դաստիարակության վերաբերյալ:

Պատանի Սայդիսը, որ այդ ժամանակ տասնմեկ տարեկան էր, շատ հետաքրքիր և պայծառ տղա էր: Նա հիմնականում մաթեմատիկայով էր հետաքրքրվում: Լավ հիշում եմ այն օրը Հարվարդի մաթեմատիկական ակումբում, որտեղ Գ.Ս. Էվանսը, Կալիֆոռնիայի համալսարանի մաթեմատիկայի բաժամունքի նախկին ղեկավարը և ամբողջ կյանքում Սայդիսների ընտանիքի բարեկամը, տղային աջակցում էր, որպեսզի նա ելույթ ունենա քառաչափ կանոնավոր պատկերների խնդրի մասին: Նման զեկույցը պատիվ կբերեր առաջին կամ երկրորդ կուրսի ցանկացած տարիքի ուսանող-ասպիրանտի, չնայած նրա ելույթում քննարկվող ամբողջ նյութը հայտնի էր և հրապարակված: Թեման ինձ հայտնի էր շնորհիվ Է. Կ. Ադամսի՝ Թաֆտսի իմ ընկերոջ: Ես վստահ եմ, որ Սայդիսը թույլտվություն չի ունեցել արդեն գոյություն ունեցող աղբյուրներից օգտվելու, և որ ելույթը շատ խելացի տղայի աշխատանքի փառավոր ավարտն էր, որը նա կատարել էր առանց կողմնակի օգնության:

Եվ իհարկե, անկասկած, Սայդիսը երեխա էր, որ զգալիորեն ետ էր մնացել իր հասակակիցներից հասարկական զարգացման և հասարակությունում հարմարվելու առումով: Ես, բնականաբար, ընդօրինակելու հարմար նմուշ չեմ, եթե խոսքը հասարկության մեջ վարքի կանոնների մասին է, բայց նույնիսկ ինձ համար էր պարզ, որ նրա տարիքի ուրիշ ոչ մի երեխա չէր քայլի Բրեդլի փողոցով՝ խոզի կաշվից պայուսակը այս ու այն կողմ թափահարելով, առանց սանրվելու և կեղտոտ հագուստով: Նա երեխա էր, որը ուներ մեծահասակ Դր. Ջոնսոնին [6] հատուկ բոլոր քմահաճույքները:

Մանկության տարիներին Սայդիսի անունը հաճախ էր երևում մամուլում: Երբ Սայդիսը Հարվարդում մեկ-երկու տարի սովորելուց հետո Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Ռեյեի ինստիտուտում աշխատանք ստացավ իր ընկեր Էվանսի շնորհիվ և օգնությամբ, նշանակալի օր էր թերթերի համար: Նա չհաջողեց հասունության և տակտի բացակայության պատճառով, ինչը այդքան անհրաժեշտ էր այդ անհնարին խնդիրը լավ կատարելու համար: Հետագայում, երբ նա արմատականների ինչ-որ ցույցի ժամանակ պաստառ էր տանում և ձերբակալվեց, թղթակիցները գրեթե երջանիկ էին:

Այդ դիպվածից հետո Սայդիսը կոտրվեց: Նա այնքան խորը վիրավորանք էր զգում ընտանիքի հանդեպ, որ նույնիսկ հոր թաղմանը չմասնակցեց, նա նեղացած էր մաթեմատիկայից, գիտությունից և կրթությունից: Դրանից բացի նրա մեջ ատելություն բորբոքվեց այն ամենի նկատմամբ, ինչը նրան այնպիսի վիճակում կդներ, որ ինքը պետք է պատասխանատվություն կրեր կամ որոշում կայացներ:

Շատ տարիներ հետո նրան հանդիպեցի, երբ թափառում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջանցքներում: Գիտական առաջընթացը նրա համար փակված էր: Նա խնդրում էր ուղղակի, որ իրեն աշխատանք տան, որպեսզի կարողանա հաց վաստակել՝ հաշվողի սովորական աշխատանք, և խնդրում էր նաև, որ իրեն իր սիրած գործով զբաղվելու՝ աշխարհի տարբեր ծայրերից տրամայի նկարով նամականիշներ հավաքելու հնարավորություն տրվի: Նա ժանտախտի նման վախենում էր իր անունը մամուլում հայտնվելուց:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին մոտ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում շատ աշխատանք կար կապված հաշվումների հետ: Այնպես որ Սայդիսի համար աշխատանք գտնելը դժվար չէր, չնայած միշտ ցանկություն կար նրան ավելի հետաքրքիր և պատասխանատու աշխտանք առաջարկելու, քան այն, ինչ ինքն էր նախընտրում: Նրա աշխատանքի մասին հաշվետվությունները բազմազանությամբ չէին տարբերվում: Այն շրջանակներում, որ ինքն էր իր համար որոշել, նա աշխատանքը կատարում էր չափազանց արագ և գործիմաց հաշվող էր: Նրան հաջողվեց նույնիսկ իր արտաքին տեսքում հասնել որոշակի խնամվածության, նա հանգիստ, կարգապահ աշխատող էր: Մեզ հետ նա ինչ-որ չափով պաշտպանված էր, բոլորս գիտեինք նրա կյանքի պատմությունը և հարգում էինք նրա անձնական կյանքը:

Կարծում եմ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հետ Հարվարդում ծանոթացա, բանիմաց հոգեվերլուծաբանի օգնությունը, ինչ հիմա ամենուր հասանելի է, կարող էր փրկել Սայդիսին, և նա կյանքում ավելի օգտակար և երջանիկ աշխատանք կաներ: Նույնչափ վստահ եմ, որ նրա հայրը, հենց այն պատճառով, որ հոգեբույժ էր և զբաղված էր մանր տառատեսակով տպագրված հոգեբանական քարտեզ կարդալով, չկարողացավ տեսնել հսկայական տառերով գրված իրեն ուղղված գիրը: Բացարձակապես հասկանալի էր, որ այն բանի համար, ինչ հետագայում Սայդիդի հետ կատարվեց, մեծ չափով պատասխանատու էր նրա հայրը:

Աչք չփակելով ծեր Սայդիսի անմտության վրա` անհրաժեշտ է գոնե հասկանալ այդպիսի անմիտ վերաբերմունքի պատճառը: Պատկերացրեք հրեա, որը ազատվել է այն հետապնդումներից, որոնց ենթարկվել է Ռուսաստանում, հպատակագրվել է հողի, որը դեռ չի որոշել, թե կցանկան նրան ընդունել։ Պատկերացրեք նրա հաջողությունները, որոնք մի քիչ ավելին էին, քան նա երեխա ժամանակ կարող էր պատկերացնել, բայց բավարար չէին իր ցանկություններն իրականացնելու համար: Պատկերացրեք խելացի տղայի, ում ճակատագրով կանխորոշված է ավելի մեծ հաջողություն, որը շատ ավելի գերազանցում է իր ծնողներին բաժին հասածը: Իսկ հիմա պատկերացրեք հրեական թալմուդյան կրթության սովորույթը, որը Մենդելսոնի ժամանակներից ընդգրկված էր աշխարհիկ կրթությունում և բաց էր ամբողջ աշխարհի համար, և պատկերացրեք օրթոդոքսալ հրեական ընտանիքի՝ սեփական որդիներից մեկին մեծ րաբբիի դերում տեսնելու պատվախնդրությունը և այն զոհողությունը, որին գնում է ընտանիքը ցանկալիին հասնելու համար:

Ես հակված չեմ անունս ընդգրկելու այն մարդկանց ցուցակում, ո» մեղադրանքերի շարան է թափում Բորիս Սայդիսի հասցեին: Ես մի գրողից նամակ ունեմ, որը մեկ օր անցկացնելով այս հարցին վերաբերող նյութերի հետ ծանոթանալու համար, վստահ էր, որ հայրը մեղավոր է ծանրագույն հանցանք կատարելու մեջ, որի համար նախատեսվում է մահապատիժ, և այդ հանցագործությունը գիտնականի դիրքորոշման արդյունք էր, որ այնքան էր նվիրված գիտությանը, որ համարձակվեց հոգեկան կենդանահերձում անել սեփական երեխային: Կարծում եմ, որ այս դատողությունները կշռադատված չեն, և նրանց պակասում է կարեկցանքը և ցավակցությունը, որոնք իսկական մեծ գրողի հատկություններ են:

Տեղին եմ համարում Սայդիսի կյանքն այսքան մանրամասն քննարկելը, քանի որ նա «Նյույորքերը» «New Yorker» ամսագրում հրապարակված մի դաժան և անբողջովին անարդարացի հոդվածի առարկա էր դարձել: Մի քանի տարի առաջ, երբ չնայած հաջողություններից հեռու՝ Սայդիսն անկախ կյանք էր վարում և աշխատում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, մի ձեռներեց լրագրող կախվել էր նրա կյանքի պատմությունից: Կարծում եմ, նրան հաջողվել էր ձեռք բերել Սայդիսի վստահությունը: Սայդիսը, որ վերջին տարիների ընթացքում պարտություն էր կրել, բայց մնում էր գոյության համար արժանի մարտիկ, գամված էր անարագանքի սյանը՝ որպես մի այլանդակ, հիմարներին զարմացնելու համար:

Արդեն քառորդ դար էր, ինչ նա դադարել էր օրվա նորություն լինելուց: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան սխալ էր արել, դա իր հայրն էր, որն արդեն մահացել էր, և հոդվածը միայն խորացրեց որդու հանդեպ գործած անարդարությունը: Հրաշամանուկի հարցը նույնիսկ հասարակական մամուլում կենսահույզ հարց չէր և երկար տարիներ վեր չէր հանվել, մինչև որ դա արեց «Նյույորքերը»: Եվ չեմ հասկանում, թե այդ հոդվածի հեղինակն ու ամսագրի խմբագիրներն այսքանից հետո ինչպես կարող են արդարանալ՝ հայտարարելով, որ ճանաչված մարդկանց արարքները մամուլում քննադատական դիտողություններ անելու առարկա են:

Երևի «Նյույորքերի» աշխատակիցներից ոմանց «գխում շիլափլավ է»: Շատ գրական շրջանակներում ինտելեկտուալների նկատմամբ վատ վերաբերմունք կա: Կան զգայուն հոգիներ, որոնք գիտությանն են մեղադրում բոլոր դժբախտությունների համար և ուրախանում են, երբ առիթ է լինում քննադատելու բոլոր մեղքերի համար: Ավելին, հրաշամանուկների գոյությունը ոմանց կողմից որպես վիրավորանք է ընդունվում: Եվ ի՞նչը կարող էր այդ դեպքում հոգեկան ավելի լավ փքահան միջոց լինել, քան հոդվածը, որ փորփրում էր ծեր Սայդիսի գործերը՝ այդ ընթացքում վիրավորելով հրաշամանուկին և ցուցադրելով գիտնականի, հրաշամանուկ ստեղծողի զանցանքը: Այդ հոդվածի համար պատասխանատու պարոնը հաշվի չէր առել այն փաստը, որ Ու. Ջ. Սայդիսը ողջ էր, և այդ հոդվածը կարող էր նրան խորպես վիրավորել:

Սայդիսը «Նյույորքերի» դեմ հայցով դիմեց դատարան՝ իրեն պատճառած բարոյական վնասի համար: Դատարանները քննադատելն իմ գործը չէ, և ես բավականաչափ չեմ տիրապետում օրենքներին, որպեսզի կարողանամ այդ գործը նկարագրել: Սակայն, կարծում եմ, որ գլխավորն այն էր, որ վնասի փոխհատուցում ստանալու համար հայց ներկայացնելիս, որտեղ որոշակի պնդումներ անվիճելի են, և որտեղ մտահոգությունը արտահայտվում է միայն հոդվածի ծաղրական տոնով, անհրաժեշտ է ապացուցել այնպիսի վնասի առկայությունը, որը տուժող կողմին կխանգարեր իր մասնագիտական գործունեությունը իրականացնելիս: Բայց Սայդիսը մասնագիտություն չուներ, և նման վնասն ապացուցելը հնարավոր չէր: Նա ընդամենը օրավարձու աշխատող էր, և ճիշտ էր, որ նման ոչ մի քննադատություն չէր կարող նրան այդ աշխատանքից զրկել կամ նվազեցնել նրա աշխատավարձը: Սա այն դեպքը չէր, երբ հոգեկան տաառապանքն իրավական վեճի նյութ է դառնում: Այսպիսով, «Նյույորքերը» շահեց այս դատը:

Երբ մի քանի տարի հետո Սայդիսը մահացավ, հիշում եմ, թե ինչ ցնցում ապրեցինք: Փորձեցինք հիվանդանոցում պարզել, թե որ հիվանդությունն էր մահվան պատճառը: Բայց մենք հարազատները չէինք, և հիվանդանոցի ղեկավարությունը համպատասխանորեն լռեց: Մինչ օրս էլ չգիտեմ նրա մահվան պատճառը:

Այս թեման մի անգամ էլ բարձրացվեց, 1952թ. մարտին բոստոնյան Սանդի Հեռալդի «Այս շաբաթ» («This Week») ամսագրում: Այն կոչվում էր «Դուք կարող եք ձեր երեխային հանճար դարձնել», և գրված էր Ուիլյամ Ջեյմս Սայդիսի մոր հետ հարցազրույցի հիման վրա: Լրագրողական տեսակետից այն սովորական միջակ աշխատանք էր, որը ո՛չ լավ էր, ո՛չ վատ հայտնի նկարազարդ ամսագրերի կիրակնօրյա հավելվածում հրապարակվածներից: Իսկ հասարակական արժեք ունենալու տեսանկյունից, այն հազիվ թե ուշադրության արժանի էր:

Մեծ հաշվով Սայդիսի անհաջողությունը նրա ծնողների անհաջողությունն էր: Բայց մի բան է մարդկային սովորական թուլության համար կարեկցելը, և լրիվ այլ բան՝ հասարակության առաջ մարդկային կյանքի փլուզումը գովազդել, կարծես դա հաջողություն լինի: Եվ այսպես, դուք կարող եք ձեր երեխային հանճար դարձնել, այնպես չէ՞: Այո, կարելի է մաքուր կտավը Լեոնարդոյի ստեղծագործություն դարձնել, կամ թղթերի կույտը՝ Շեքսպիրի դրամա: Հայրս կարողացավ ինձ տալ այն, ինչ ուներ՝ իր անկեղծությունը, միտքը, կրթությունը և կիրքը: Այս հատկությունները ամեն փողոցի անկյունում թափված չեն:

Գալատեյայի համար Պիգմալիոն էր պետք: Ի՞նչ մեծ բան է անում քանդակագործը, քան մարմարի կտորից ավելորդ մասերը տաշելը, իսկ հետո քանդակը կենդանացնում է իր մտքով և սիրով: Բայց եթե քարը ճաքեր ունի, այն կփշրվի քանդակագործի մուրճի հարվածներից: Այնպես որ, ով համարձակվում է իր սեփական հոգուն նմանվող մարդկային հոգի կերտել, պետք է վստահ լինի, որ իր կերպարն արժանի է, որ իր նման նորը ստեղծվի, որ աճող ինտելեկտի ձևավորման ուժը մահվան ուժ է, ինչպես նաև՝ կյանքի ուժ: Ուժեղ դեղը նաև ուժեղ թույն է: Եվ այն կիրառելու համարձակված բժիշկը պետք է վստահ լինի, որ ինքը գիտի, թե ինչպես չափը որոշի:

Շատերի համար Հարվարդում 1909-1910թթ սովորող վաղ զարգացած երեխաների խումբը ցնցող էր, քանի որ մենք մեկուսացած խումբ չէինք. ինչ-որ բանով նման էինք, ինչ-որ բանով՝ տարբեր: Մեզանից գոնե երեքը այնպիսի ընտանիքներից էին, որտեղ պատվախնդիր հայրեր կային, բայց այդ երեխաների հայրերն էլ իրար նման չէին, և նրանց հավակնություններն էլ տարբեր էին: Հայրս ամենից առաջ գիտնական էր և ցանկանում էր, որ ես գիտության մեջ հայտնի դառնամ: Այդ հարցում նա իր պարտքը շատ լուրջ կատարեց, և հսկայական, հնարավոր է, չափից շատ ժամանակ ծախսեց իմ ուսուցման վրա: Բերլի հայրը ցանկանում էր, որ որդին հաջողակ իրավաբան և պետական գործիչ դառնա: Նա հսկայական մասնակցություն ունեցավ Բերլի ուսուցման վաղ շրջանում, բայց չեմ կարծում, որ նույնքան ջանք թափեց, երբ Բերլը Հարվարդի համալսարանի ուսանող էր: Սայդիսի հայրը մասնագիությամբ հոգեբան և հոգեբույժ էր: Արդեն ասել եմ, որ ցանկանում էր՝ իր որդին հայտնի դառնա գիտության ասպարեզում, բայց թե ո՛ր բնագավառում՝ չեմ հիշում: Հիշում եմ, որ Սայդիսը որդու կրթության գործում նմանատիպ մասնակցություն ունեցավ, ինչպես և հայրս: Չեմ կասկածում, վաղ մանկական տարիքում Սայդիսը եղել է ծնողական խիստ խնամակալության տակ: Բայց երբ առաջին անգամ հանդիպեցինք, նա տասնմեկ տարեկան էր, տարվա մեծ մասը միայնակ էր ապրում Քեմբրիջի կահավորված բնակարանում, և այնտեղ նա ուներ մտերիմներ և մի քանի մոտիկ ընկեր:

Ես ոչինչ չգիտեմ իրենց ընտանիքների հետ Հութոնի և Սեշենսի հարաբերությունների մասին: Ենթադրում եմ, որ դա մասամբ այն պատռճառով էր, որ այնտեղ այնպիսի բան էլ չկար, որ պետք էր իմանալ, և նրանց ընտանիքները այնպես հիմնովին և ամբողջական չէին զբաղվել նրանց դաստիարակությամբ, ինչպես արել էին մեր ընտանիքները: Կարծում եմ, որ այդ տղաներին հնարավորություն էին տվել սեփական պաշարներն օգտագործելու, և որպես արդյունք, նրանք այնպիսի ճնշման չէին ենթարկվել, ինչպես մենք:

Հիշում եմ տասնչորսամյա Բերլին, երբ նա առաջին անգամ ինձ այցելեց՝ չափազանց կոկիկ, ձեռքին փոքրիկ մանկական ձեռնոցներն ու պաշտոնական այցեքարտը: Սա բոլորովին նոր երևույթ էր ինձ համար, գիտության ոլորտում իմ վաղ զարգանալու պատճառով ո՛չ ես, ո՛չ ծնողներս բավական չափով չէինք գիտակցում, որ ես դեռ տասնհինգ տարեկան չկայի: Ես նաև ֆիզիկապես էի վաղ զարգացած, և սեռական հասունության սկիզբը անցած փուլ էր, իսկ այդ պատանյակը, լինելով գրեթե իմ հասակակիցը, ինձանից հինգ տարի փոքր էր երևում: Ես նեղվեցի՝ տեսնելով այդ դեռահասի՝ վարքի կանոնների այդպիսի իմացությունն ու ձևերը:

Սայդիսը տրամվայի նկարով նամականիշներ հավաքելու սովորություն ուներ, Բերլն էլ իր սովորությունն ուներ: Նրան հետաքրքրում էին Բոստոնի ստորգետնյա տարբեր անցումներ, ինչպես մետրոն, կեղտաջրերի խողովակները և տարբեր ստորգետնյա ապաստարաններ. մասնավորապես, նա մեզ ծանոթացրեց այն ռոմանտիկ ստորգետնյա անցման հետ, որը վերաբերում էր գաղութացման վաղ շրջանին և անցնում էր այն տեղի տակով, որտեղ Պրովինս հին տունն էր: Աղյուսները եկուսուկես դար առաջ էին պատրաստված, և մենք երկուսով, տրվելով մեզ հատուկ տղայականությանը, գեղարվեստական նմանակության ծրագիր մշակեցինք, որով պետք է այդ պատի մեջ թաքցրած փաստաթուղթ գտնեինք՝ Շեքսպիրին պատկանող:

Այն ժամանակից, ինչ Բերլն ավարտեց քոլեջը, և նրան էլ չեմ հանդիպել: Նա դարձավ երիտասարդ փաստաբանների և պետական գործիչների այն խմբի անդամ, որը խրախուսվում էր Ֆելիքս Ֆրանկֆուրտերի կողմից և տաղանդների հարուստ աղբյուր էր: Բերլի վերելքը շատ արագ եղավ, և դա զարմանալի չէր, քանի որ նրա հավակնությունները համընկնում էին նրա տաղանդի հետ: «Նյույորքերն» իր ընթերցողներին նրա անձնային և մասնագիտական որակներն էլ ներկայացրել էր ոչ հարգարժան տոնով: Բայց ես Բերլին անհարգալից ներկայացնելու համար այնպիսի զայրույթ չզգացի, ինչպես Սայդիսի դեպքում: Բերլը հասարակական գործիչ էր և բավականին իշխանություն ուներ: Նրա անձը և արարքները հետաքրքրում էին հասարակությանը և կարող էին արդարացի քննադատության ենթարկվել պայմանով, որ լրագրողական էթիկայի որոշակի կանոններ պահպանվում են (չեմ կարող ասել, որ «Նյույորքերը» խախտել էր): Սայդիսը հասարակական կյանքից դուրս էր, և այդ պատճառով էլ շատ դաժան էր նրան նորից հասարակության դատին ներկայացնելը:

Մենք՝ տասնմեկից տասնհինգ տարեկան հինգ տղաներս, բնականաբար չէինք ձգտի միմյանց հետ ընկերության, եթե չլինեին այն հատուկ հանգամանքները, որոնցում մեզ դրել էին: Արդեն ասել եմ, որ իմ և Բերլի միջև հարաբերությունները չստացվեցին մեր հենց առաջին հադիպումից, և մեր պաշտոնական ծանոթությունից հետո մենք հազվադեպ էինք խոսակցության թեմա գտնում: Հետո սովորաբար միասին կեգլի էինք խաղում մարմնամարզության դահլիճի ներքևի հարկի կեգելբանում, և մեկ կամ երկու անգամ քայլել ենք Բոստոնով: Բերլի ինձ մի քիչ պատմեց ստորգետնյա անցումներով իր հետաքրքրվածության մասին, և, ինչպես արդեն նշեցի, մենք նախագծում էին համատեղ մասնակցել գրական նամանակությանը: Բայց մեր բարեկամական հարաբերությունները երկար չտևեցին, քանի որ չկար մի այնպիսի բան, ինչի վրա դրանք հենվեին:

Սայդիսը շատ փոքր էր, որպեսզի իմ բարեկամը դառնար, և չնայած միասին հաճախել ենք աքսիոմատիկ մեթոդի դասընթացի, և նրա աշխատանքը իմ հարգանքն է առաջացրել, չափից ավելի արտառոց: Խուտոնն իմ շատ լավ ընկերն էր, և նրան ամենալավը գիտեի այդ խմբից: Ես երբեմն այցելում էի նրան Դիվայն Հոլում, նա ինձ վրա հաճելի մարդու տպավորություն էր թողել: Նրա ապագան խոստումնալից էր թվում, բայց նրա կյանքը ողբերգականորեն կտրվեց կույրաղիքի պատճառով, երբ համալսարանն ավարտում էր:

Ինչ Սեշանսին է վերաբերում, մենք մեկ կամ երկու անգամ ենք հանդիպել: Մեր չափազանց տարբեր հետաքրքրությունները թույլ չտվեցին ընդհանուր լեզու գտնել:

Այսպիսով, մեր խմբում այնքան էլ չգիտեինք միմյանց, և առանձնապես չէինք էլ ձգտւմ իրար: Պահ կար, որ փորձեցի բոլորիս միավորել հրաշամանուկների մի ակումբում, բայց գաղափարն անհեթեթ էր, քանզի մեզ միավորող մի բան չկար, որ միմյանց հետ հաճույք ստանալու հնարավորություն կտար: Մեր գիտական խնդիրների հարցերով շփվում էինք մեզանից տարիքով ուսանողների հետ, իսկ մեր մանկական և պատանեկան հետաքրքրություններով՝ հասակակիցների հետ, որոնք դեռ դպրոցում էին սովորում, բայց առանձնանում էին իրենց կարողություններով: Մեզանից յուրաքանչյուրի դեպքում, պետք է նշել, մյուս մարդկանց հետ մեր հարաբերություններն ավելի լավ էին դասավորվում, քան մեզ նմանների հետ: Մենք տարբեր էինք: Գործնականում ընդհանուր ոչինչ չունեինք, և որպես խումբ՝ մեզ միավորում էր միայն մեր մտավոր վաղ զարգացումը: Իսկ դա չէր կարող ավելի ամուր հիմք լինել, քան ակնոց դնելը կամ արհեստական ատամ ունենալը: Լուիզ Բեյքերն իր «Վտանգի մեջ» («Out on a Limb») սրամիտ գրքում ցույց է տալիս, որ երկու աղջիկների միջև, որոնցից յուրաքանչյուրը կորցրել էր մեկ ոտքը, ամենևին պարտադիր չէ, որ ընկերական հարաբերություններ առաջանան, և իմ փորձն էլ ինձ համոզում է, որ ընկերության առաջացման համար վաղ զարգացում ունեցող երեխաների մի խմբում սովորելը հիմնավոր առիթ չէ, ինչպես և հաշմանդամությունը:

Հարվարդում սովորելու առաջին կիսամյակի վերջում արդեն կասկած չէր մնացել, որ ինձ հազիվ թե կենսաբանի ապագա սպասեր: Ինչպես սովորաբար, որոշումը հայրս կայացրեց: Նա եկավ այն եզրակացության, որ իմ իսկական կոչումը ցույց է տալիս փիլիսոփայությունում այն հաջողությունը, որին հասել էի Թաֆտսում սովորելու ժամանակ: Ես պետք է փիլիսոփա դառնայի. և պետք է դիմում գրեի Քորնելի համալսարանի փիլիսոփայության Սեյջի բաժամունքի ասպիրանտուրան ընդունվելու համար, որտեղ էթիկայի բաժանմունքը ղեկավարում էր պրոֆեսոր Ֆրենկ Թիլին՝ հորս հին ընկերը դեռ Միսսուրիում ապրելու ժամանակներից։ Մեր ընտանիքում միջոցների անբավարար լինելու և մեծացող երեխաների կարիքների տեսանկյունից կարելի է հասկանալ, որ ինձ համար անթույլատրելի էր մասնագիտություն ընտրելիս սխալվելը, բայց ինքնուրույն որոշելու և սեփական որոշման հետևանքները հաղթահարելու իրավունքից զրկվելը ինձ երկար տարիներով շեղեց։ Դա արգելակեց սոցիալապես և բարոյապես զարգանալու իմ ընթացքը և դարձավ խոչնդոտ, որից մասնակիորեն միայն կարողացա ազատվել՝ հասնելով միջին տարիքի:

Սակայն, ես չէի ցանկանում Հարվարդից հեռանալ: Սկզբում այնտեղ այնքան էլ լավ չէի զգում: Հարվարդը ինձ վրա շատ բարեմիտ հաստատության տպավորություն թողեց: Նման մթնոլորտում հրաշամանուկը որպես հադգնություն էր կարծես դիտվում աստվածների նկատմամբ: Եվ այն, որ հայրս հրապարակայնորեն հայտարարեց իմ կրթության վերաբերյալ իր համոզմունքների մասին, առաջացրեց նրա գործընկերների թշնամանքը, ինչը իմ վիճակը ավելի ծանրացրեց:

Ես հույս ունեի գիտական կյանքում ազատություն ձեռք բերել համակուրսեցիներիս շրջանում: Եվ, իսկապես, հանդիպեցի այնպիսի մարդկանց, որ սիրով քննարկում էին գիտական հարցեր և բառացիորեն պայքարում իրենց համոզմունքների համար: Բայց Հարվարդի դրվածքի համաձայն միայն նա կարող էր լինել հարվարդյան կատարյալ ներկայացուցիչ, ով հասարակության մեջ բարեկիրթ վարքի հետ ուներ ազնվայրական անտարբերություն, շինծու սառնություն, գիտական հանգստություն: Երեսուն տարի հետո ես ավելի շուտ ցնցում ապրեցի, քան զարմանք այն չոր, զգայական և գիտական ամլությունից, մինչև ուր կարողացել էին իջնել այդ գիտնական այրերից մի քանիսը:

Ուսումնական տարվա վերջում հայրս մի վճիռ կայացրեց, որի համար նրան հավերժ շնորհակալ կլինեմ: Նյու Հեմփշիր նահանգի Սենդվիչ տարածքում նա ամռանը մեր ընտանիքի համար վարձակալեց Թամարաք առանձնատունը: Մինչև այսօր Սենդվիչն ինձ համար մնացել է ամառային հանգստավայր և հատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում, քանի որ տեղակայված է հիանալի վայրում, սարերից ոչ հեռու, որտեղ կարելի է քայլել և քերծերը մագլցել, ինչպես նաև այնտեղ բնակվող մարդկանց արժանապատվության, զսպվածության և բարյացկամության պատճառով: Ես երբեմն ոչ երկար զբոսանքներ էի անում դեպի Թամվորթ կամ Սենդվիչի կենտրոն՝ վերադարձին կանգնելով հարևան տների ետնամուտքերի մոտ, որպեսզի զրուցեմ, մի բաժակ ջուր կամ կաթ խմեմ. երբեմն հայրս քույրերիցս ավագի և ինձ հետ լեռնային արահետներով բարձարնում էր Ուայթֆեյս կամ Պասակոնավեյ: Մի անգամ հայրս, քույրս, Հարոլդ Քինգը և ես վերցրինք վրանը և մեր ուսապարկերը և ուղևորվեցինք երկարատև արշավի Պասակոնեվեյ հովտով, որտեղ գրեթե մեկ շաբաթ անցկացրեցինք՝ վեր բարձրանալով երկաթգծով դեպի Լիվերմոր անապատում Քոմպ Սիքսի մնացորդները, հետո իջնելով փայտամթերման Լիվերմոր գյուղակը, այնտեղից դեպի Նոտչենսկյան ճանապարհը և նորից վեր Քրոուֆորդ ճանապարհով, որը տանում է դեպի Վաշինգթոն գագաթը: Այնտեղից իջանք Բութս Սպուր բարձունքներով դեպի Տակերմանս Ռավին և Պինկհեմ Նոթչ, Ջեքսոն, Ինտերվեյլ և Տամվորտ: Վերադառնալով՝ իմացանք, որ Ուիլյամ Ջեյմսի տան մոտավ անցել էինք նրա մահվան օրը:

Հիմա ես ժամանակը անց եմ կացնում Նոր Անգլիայում. Ձմեռները՝ Բելմոնտում (Մասաչուսեթս նահանգ), ամառները Սենդվիչում՝ Նյու Հեմփշիր նահանգ, եթե չեմ մեկնում ճանապարհորդության աշխարհի որևէ երկիր: Եվ չնայած ժամանակի մեծ մասը քաղաքում եմ անցկացնում, ամեն դեպքում ամենուժեղ կապվածություն զգում եմ իմ գյուղական տանը: Նոր Անգլիայի բնակիչը սովորաբար չի խոսում, թե ծնունդով որտեղից է՝ գյուղից, թե քաղաքից, բայց գյուղական բնակչի զսպվածությունը մեծ չափով հարգանք և հպարտություն է արտահայտում: Նյու Հեմփշիրի ագարակատերը առօրյայում զգում է իր նախնիների ներկայությունը, և այդ զգացողությունը ծնվում է, երբ մշակում է նույն հողը, որը և նրանք, ապրում է նույն տանը, որտեղ և նրանք, և հաճախ օգտագործում է նույն գործիքները: Բայց ամեն դեպքում տոհմի պատմական շարունակության զգացողությունը չափազանց անձնական է, որպեսզի ցուցադրվի հյուրերի առջև: Նոր Անգլիայի քաղաքացի բնակչի համար ընտանիքը մարդու սեփականությունն է. գյուղի բնակչի համար մարդը ընտանիքի շարունակականության միջանկյալ փուլ է: Եթե գյուղացին զսպված է, դա այն պատճառով, որ մտածում է, որ ձեզ համար ամենակարևորը ձեր սեփական գործերն են, ճիշտ այնպես, ինչպես նրա համար ավելի կարևոր գործ չկա, քան իր սեփականը, և սպասում է, թե երբ նշան կանեք, թե դեմ չեք նրան լսելուն: Նա սպասում է, որպեսզի զննի ձեզ, բայց ձեզ էլ հնարավորություն տալիս իրեն զննելու: Բայց միշտ ձեզ ընկալում է որպես անձ ամբողջությամբ, այլ ոչ որպես վերացական գործատուի կամ հաճախորդի տեսքով: Եվ առանց ձեզ հետ հինգ-տասը րոպե բամբասելու, ուղղակի ինչպես մարդը մարդու հետ, որոնց միջև ավելի կարևոր փոխհարաբերություններ են, քան վաճառողի և գնորդի միջև, նա ձեզ հետ ոչ մի գործնական խոսակցություն չչի սկսի: Նա ձեզանից նվեր կընդունի, բայց թեյավճար չի վերցնի, կհյուրասիրվի ձեր սիգարետից, բայց ձեր փողը չի վերցնի: Կարճ ասած, նա ձեզ դուր է գալիս, թե ոչ, իսկ ավելի շուտ՝ դուր կգա, դուք կարող եք և պետք է հարգեք նրան, քանի որ նա հարգում է ինքը իրեն:

Մեր ընկերներից շատերը սարերում էին ապրում: Մեր հարևան պրոֆեսոր Հայսլոփը արտասովոր և հետաքրքիր մարդ էր, որ հայտնի էր հոգեբուժության բնագավառում իր հետազոտություններով: Նրա առանձնատանը շատ հետաքրքիր ժամեր ենք անցկացրել վառվող բուխարու առաջ. այդ տանը, որ սկզբում որպես հավանոց էր կառուցվել, լսում էինք նրա սարսափելի հեքիաթները հոգեգեշերի և ուրվականների, միստիկական աղմուկի և մեդիումների մասին: Այդ տունը պատկանում էր պարոն Հուգին Ֆիլադելֆիայից, ում ընտանիքի երրորդ սերունդը դեռ ապրում էր այդ շրջանում: Հուգի որդիները, երիտասարդ Հայսլոճը և ես բեյսբոլի ոչ պաշտոնական թիմում էինք, որի անդամներ էին նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դագալդ Ջեքսոնի որդին, նախկին նախագահ Գրոուվեր Էլիվլենդի երկու որդիները և Ֆինլիների մեկ կամ երկու տղաները Նյու Յորքից: Մյուս խաղացողների անունները չեմ հիշում: Մենք սովորաբար մարզվում էինք Ֆինլի տան մոտ գտնվող ոչ շատ հորիզոնական դաշտում, և մարզումը, որպես կանոն, ինձ համար նշանակում էր զբոսանք հինգ մղոն այնտեղ և ետ: Մենք երկու խաղից ավելի չխաղացինք, և երկուսն էլ անփառունակ պարտվեցինք: Ես թիմի փոխարինող խաղացող էի: Կարծում եմ, որ ոչինչ ավելի ճշգրիտ չի արտահայտի որպես մարզիկ իմ իրական կարգավիճակը:

Թարգմանություն ռուսերենից 
Լուսանկարի աղբյուրը

[1] Obiter dicta (լատ.) Ի միջի այլոց։ Դատական խոսքում՝ դատարանի կարծիքները իրավունքի հարցերի վերաբերյալ, որոնք անմիջականորեն չեն վերաբերում քննության առարկա գործին։
[2] B+ (ամեր.) «Լավ գումարած»։
[3] Club des sans club (ֆր.) Ակումբ՝ ակումբ չունեցողների համար։
[4] Numerus clausus (լատ.) Քանակության սահմանափակում։
[5] Annus mirabilis (լատ.) Հրաշալի տարի։
[6] «Դր. Ջոնսոն» - Սեմյուել Ջոնսոն՝ բրիտանացի գրող, բառարանագիր։

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский