Չեմ վախենում ունեցածս բաժանելուց. չէ՞ որ ամեն օր նորն է ստեղծվում

Հեղինակ: 

2017-2018 թթ.սեպտեմբերից մինչ այսօր Արևելյան դպրոցի նախակրթարանում վերապատրաստում են անցել նախադպրոցական հաստատություններում աշխատող 50-ից ավելի տնօրեններ, դաստիարակներ: Իմ խմբում այն տպավորությունն էր, կարծես տունդ ամեն օր հյուրեր են գալու: Իրականում, եթե տունդ մարդ է գալիս, մտածում ես` ինչ հյուրասիրես, իսկ խմբում` ամեն օր ինչ ծրագրեր, մեթոդներ մատուցես, որպեսզի հյուրերն էլ մասնակցելով (համըտեսնելով) զգան և հասկանան 2-4 տարեկանների ծրագրի կարևորությունը: Վերապատրաստող դաստիարակի դերում հայտնվելը մեծ պատասխանատվություն է պահանջում: Բանականությունս ինձ համոզում էր, որ ես իմ աշխատանքն եմ անում, բայց հոգիս անհանգիստ էր: Հետո` վերապատրաստվողների հետ շփվելով` հասկացա, որ մանկապարտեզում աշխատող մարդիկ են՝ նույն բնագավառից, պարզապես մեր մեթոդներն ու ծրագրերն են տարբեր:
2-5 տարեկանների կարողությունների և հմտությունների զարգացում. նպատակը նույնն է, բայց ճանապարհներներն են տարբեր: Մեր ծրագրերն արահետներ ունեն` քայլել, վազել, բլբլալ, ուտել, շոշափել, բացահայտել, ստեղծագործել, տրամաբանել, մտածել, խոսել, պատմել, իսկ այլ պարտեզների ճանապարհը կարճ է` նկար տեսնել, դաստիարակի խոսքը կրկնել և անգիր անել: Ինձ համար անսպասելի էր, որ խմբում ցանկացած գործունեություն վերապատրաստվողների համար նորություն էր: Բայց հետո հասկացա, որ կարիք չկա զարմանալու, որովհետև մեր ծրագիրը հեղինակային է և ստեղծագործական: Այո՛, ես իմ խմբում շատ եմ դիտարկում երեխաներին: Այդ դիտարկման շնորհիվ էլ, լինի դա ձեռքի շարժում, որ կարող ես երգի, պարի ժամանակ խաղալ, թե մեկ բառ` ծիծաղկոտ կամ լացկան, որով կարող ես բնութագրել նրան, ինչու չէ, «կծան» բառից հեքիաթ հորինել, թատրոն խաղալ ծնվում է ծրագիրը: Ուրախ էի, որ բոլոր աշխատող դաստիարակներն ընկերացան իմ խմբի երեխաների հետ:
Բաց ու լուսավոր խմբասենյակում կար սեր, հոգատարություն, ուշադրություն, որտեղ իրականացնում էինք կրթական ծրագրերի փոխանակում և առողջ քննարկում:

Վերապատրաստվող դաստիարակներից մեկն անհանգստացած ասաց.
- Դուք ազատ եք ձեր աշխատանքում, այդ պատճառով էլ ժպտում եք, ուրախ եք, երգում, պարում գլուխկոնծի եք տալիս: Ես իմ աշխատավայրում ազատ չեմ, անհանգիստ եմ, պարփակված եմ` ծրագրից դուրս ոչ մի գործունեություն իրականացնելու իրավունք չունեմ:

Իհարկե, ես եմ ծրագիրը մշակում, բայց ես չեմ կարող 2-4 տարեկաններին պարտադրել այն, ինչը երեխաներին դուր չի գալիս, հետաքրքիր չէ, եթե նույնիսկ ծրագիրն է թելադրում: Իսկ հարսանիքի շուրջ որ զրուցում ենք երեխաների հետ, երեխաները, հարսանիք բառը լսելով, ուրախանում են, ոգևորվում, բոլորը հիացած պատմում են հարսանիքի ժամանակ տեսած հետաքրքիր դրվագները: 

Գյումրեցի մի մանկավարժ էլ ճաշի ժամին ասաց. «Վա՜յ, հացն էլ ավելացավ։ Մեզ մոտ յուրաքանչյուր երեխային մեկ կտոր հաց է հասնում»: Հիշեցի իմ խմբի մի երեխայի, որ այլ պարտեզից էր տեղափոխվել: Երեխան մի կտոր հացը ուտելուց հետո ուշադիր նայում էր հացին: Երբ մոտեցա և ասացի, որ հաց ուտի, պատասխանեց.
-Ես իմ բաժինը կերել եմ:

Սովորության համաձայն խմբասենյակը օրվա մեջ մի քանի անգամ օդափոխում ենք. կա՛մ պատուհան ենք բացում, կա՛մ դուռը, նայած թե երեխաները որ տարածքում են խաղում: Հերթական անգամ դուռը բաց թողնելուց մոտ 10 րոպե անցել էր, ժամանակն էր փակելու։ Երեք տարեկան Գրիշան գնաց, դուռը փակեց։ Վերապատրաստվողներից մեկը զարմացած ասաց.
- Վա՜յ, մեր խմբում երեխաները կփախչեին:
Ես էլ կես լուրջ, կես կատակ ասացի.
- Փախչողները շատ են. ով` խմբից, ով` երկրից, մյուսներն էլ աշխատանքից:
- Այո, մենք պարփակված ենք, ազատ չենք, ընտրության հնարավորություն չունենք, լավ չէ,-ավելացրեց վերպատրաստվող դաստիարակը: Ձեր օրը տոն եք սարքում:
Գյումրեցի մանկավարժը իր խոսքը ամփոփեց. «Լսել էինք՝ ազատ, բայց այսքան շատ ազատություն չէինք պատկերացնում» (Տեսնել է պետք.տեսնել

Հիմա էլ ուզում եմ խոսել  «Հայ֊վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով վերապատրաստվող վրացի դաստիարակների մասին: Վրացերեն չիմանալը, կարծում էի, խնդիր կառաջացնի. ինչպե՞ս եմ հաղորդակցվելու: Ռուսերե՞ն… Հայ- վրացական հանրակրթական կամուրջներ….  կրթական բարեփոխում վրացի դաստիարակների հետ… Բայց արի ու տես՝ մեծերով ու փոքրերով միասին սովորում ենք հայերեն և վրացերեն: Բոլորս շրջանաձև նստեցինք և սկսեցինք «Բարևախաղ» խաղալ։ Բարևեցինք թե՛ վրացերեն, թե՛ հայերեն: Հետո Ավետի ծնունդը նշեցինք: Վրացի դաստիարակները սկսեցին երգել «Տարեդարձ է այսօր» երգը: Ծափահարեցինք, շնորհավորեցինք: Արդյունքում մեկ օրում սովորեցինք վրացերեն բարև և շնորհավոր բառերը:
Հետաքրքիր է. շատ ծնողներ հարցնում են` ռուսերեն, անգլերեն սովորո՞ւմ եք։ Իմ պատասխանը եղել է՝ մուլտֆիլմերի միջոցով, տեսնելով, լսելով: Հիմա վստահ կարող եմ ասել, որ ցանկացած օտար լեզու սովորում են շփվելով։ Եթե 2 -5 տարեկանների խմբում հաճախեին այլ ազգի երեխաներ, լեզուների ուսուցումն առողջ զարգացման հիմքում կծնվեր:

Վերապատրաստվողներին իմ ծրագրերը սիրով մատուցել եմ։ Չեմ վախենում ունեցածս բաժանելուց. չէ՞որ ամեն օր նորն է ստեղծվում:

Վերապատրաստումների ժամանակ ստեղծված տեսանյութեր 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский